Գրքեր
9 Փետրվար, Գշ Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր

Սրանք Վարդանանց կրոնական ազատագրական շարժման առաջնորդները, կազմակերպիչները և հրահրիչներն են եղել:

Թեև 9 հոգուց բաղկացած նահատակների այս խումբը տոնացույցի մեջ որպես քահանաներ են հիշվում, բայց նրանց մեջ եկեղեցու բոլոր դասերից ներկայացուցիչներ կան՝ կաթողիկոս, եպիսկոպոս, քահանա և սարկավագ: Սրանց վկայաբանության պատմությունն ընդարձակ է, որը մանրամասնորեն ներկայացնում են Եղիշե և Ղազար Փարպեցի պատմիչները: Մենք պիտի համառոտագրենք այն՝ օգտվելով այս սկզբնաղբյուրներից և «Ազգապատումից»: Նախ ճանաչենք նրանցից յուրաքանչյուրին:

1. ՀՈՎՍԵՓ ԿԱԹՈՂԻԿՈՍ – Հայոց Եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ կաթողիկոսը, և խմբի կազմակերպիչը: Ծնունդով Սյունյաց գավառի Վայոց Ձոր նահանգից էր, Մաշտոցի աշակերտներից և օգնականներից, գործնականում նրա տեղակալն էր, և այդ հանգամանքից ելնելով՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի մահվան ժամանակ, նրա մոտ էր և գրեթե ինքնաբերաբար ու բոլորի համաձայնությամբ կաթողիկոսարանի հոգևոր և եկեղեցական գործերը վարելու համար 440 թ.-ին հաջորդում է նրան: Երբ որոշ ժամանակ հետո մահանում է Սուրմակը, որը վարում էր կաթողիկոսարանի աշխարհիկ և քաղաքական գործերը, իբրև պետականորեն ճանաչված կրոնապետ, 444թ.-ին Հայոց մարզպան Վասակ Սյունիի միջնորդությամբ, Հովսեփի անձի մեջ միացնելով կաթողիկոսական երկու գրծերը, ազգի և պետության կողմից ճանաչվեց որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Հովսեփը եղավ այն առաջին կաթողիկոսը, որը ժողովրդի հասարակ խավից բարձրացավ այդ պատվավոր դիրքին: Հովսեփից առաջ կաթողիկոսներ էին ընտրվում կամ Ս. Լուսավորչի կամ նրա աշակերտ Աղբիանոսի ազնվական տնից: Հովսեփը ավելի վարչական և գործնական մարդ էր, քան գիտնական և ուսուցիչ: Իբրև կաթողիկոս նրա առաջին և կարևոր գործերից մեկը եղավ 444 թ.-ին Շահապիվանի մեջ եկեղեցական ժողով գումարելը, որը մեր առաջին ազգային եկեղեցական ժաղովն էր և որի կանոնները պահպանված են մեր Կանոնագրքի մեջ: Ժողովին ներկա են եղել շուրջ 20 եպիսկոպոսներ, ինչպես նաև՝ բազում «երեցներ, սարկավագներ և բոլոր իշխանները»: Այս ժողովի ընդունած 20 կանոնները վերաբերվում են եկեղեցականների և աշխարհականների բարքերի բարեկարգությանը: Հովսեփ կաթողիկոսը շուրջ տասը տարիների խաղաղ և անդորր շրջան գահակալեց, որից հետո սկիզբ առան կրոնական հալածանքները, որին զոհ գնաց նաև ինքը, ինչպես պիտի տեսնենք հաջորդիվ:

2. ՌՇՏՈՒՆԻՆԵՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՀԱԿ – Քանի որ չի հիշատակվում նրա ծննդյան գավառը կամ գյուղը և միայն «Ռշտունյանց» եպիսկոպոս հիշվելու համար Օրմանյանը եզրակացնում է. «նրա այդ նախարարական, կամ ազնվական տնից լինելը»: Ամենայն հավանականությամբ նա էլ Սահակ-Մեսրոպյան աշակերտներից է եղել: Սահակ եպիսկոպոսի գլխավոր արժանիքներից մեկը պարսկերենի կատարյալ իմացությունն էր, որով դատարաններում և ատյաններում հարցաքննություների ժամանակ թարգմանի դեր է կատարել իր ընկերակիցների համար: Տարիքով ավելի ավագ պետք է լինի Հովսեփ Կաթողիկոսից, քանզի նա իրենից ավելի մեծ է ներկայացնում Սահակին:

3. ԹԱԹԻԿ ԲԱՍԵՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ – Ս. Մեսրոպի աշակերտներից է և հավանաբար Հավսեփ կաթողիկոսի դասընկերն է և նրա հետ ներկա է եղել Մաշտոցի մահվան ժամանակ: Արտաշատի ժողովի մասնակից եպիսկոպոսներից էր, որի ժամանակ ժխտական պատասխան տվեցին Պարսից շահի հրովարտակին, որով առաջարկում էր կրակապաշտ դառնալ: «Կրոնական պայքարի ժամանակ ամենաբուռն պայքարողներից մեկն է եղել, ատրուշան էլ է քանդել, անշուշտ իր գավառի՝ Բասենի մեջ և իբրև ավելի աչքի ընկած մեկը, առանց Տիզբոն հրավիրվելու ու դատաստանի, դատապարտվում է և հեռավոր «Խուժաստան» ուղղարկվում» (Ազգ. 393 էջ): Այսպես, թեև Ղևոնդյանց խմբի հետ չնահատակվեց այս քաջ եպիսկոպոսը, բայց քանի որ նրանց հետ նույն գործունեությունն էր ունեցել և նույն պայքարն էր մղել, նույն հանցանքի համար ձերբակալվել, բանտարկվել և դատապարտվել՝ ուստի արժանապես Ղևոնդյանց նահատակների խմբի մեջ է ներառված:

4. ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ – Իրական և գործնական կազմակերպողը և նահատակների այս խմբի ամենահեղինակավոր անդամը և կրոնական դիմադրության առաջնորդը: Այս իսկ պատճառով, միայն քահանա լինելով հանդերձ, խումբն իր անունով կոչվեց: Տարիքով էլ խմբի ամենատարեց անդամն էր՝ ավելի քան 70 տարեկան էր իր նահատակության ժամանակ: Ծնունդով Վանանդ գավառի Իջաանք գյուղից էր (այսօրվա Կարսի շրջան), բայց հավանաբար պաշտոնի բերումով իր գործունեության շրջանը հարևան Բագրևադ գավառն էր (այսօրվա Դիրադինի և Ազրի-Ըզդրի շրջանը): Ղևոնդը Ս. Սահակի ամենաառաջին աշակերտներից էր, նույնիսկ համարվել է նրա աշակերտների գլխավորը: Ամեն դեպքում մի գործունյա և կարող անձնավորություն էր, խիզախության, նախանձախնդրության և արիության հոգով լի. եռանդուն և կորովի էր, համարձակախոս և հռետոր՝ օժտված առաջնորդելու առողջ ձիրքով: Ս. Սահակի վերջին տարիներին, Բագրևանդում, որպես փոխանորդ, միշտ նրա մոտ էր: Ինչպես որ Հովսեփը Մեսրոպի համար էր, այդպես էլ Ղևոնդը՝ Սահակի: Կեղծուրաց նախարարների դեմ շարժում նախաձեռնելու մեջ, ինչպես նաև Հայոց հողի վրա մազդեզական կրակապաշտությունը հաստատելու փորձին դեմ ելնողների պարագլուխը և առաջնորդը եղավ: Արդարև, երբ մոգերը «եկան հասան Հայոց Աշխարհը» և երբ հայերի մեջ, պարսկական սահմանի մոտ, Անգղ կոչված գյուղում, պարսկական կրոնը տարածելուն ձեռնամուխ եղան, այնտեղ էր Ղևոնդ երեցը, որն անցնելով դիմադրական շարժման գլուխ, փայտերով քարերով և գյուղատնտեսական գործիքներով «ջարդեցին մոգերի և մոգապետերի գլուխները» և իրենց գյուղից հալածեցին: Դրանից հետո Ղևոնդը դարձավ Հովսեփ կաթողիկոսի անբաժան գործակիցը և գլխավոր խորհրդատուն ամբողջ դրմադրողական շարժման ընթացքում: Օրմանյանը հետևյալ ձևով է ներկայացնում Ղևոնդի դերն այս շարժման մեջ. «Իր շնորհի զարգացման և ատենաբանելու հաջողությամբ միշտ գլխավոր խոսողն էր թե՛ Ավարայրի բանակում, թե՛ Տիզբոնյան ատյանի առաջ և թե՛ Ռևանի դատական հարձուփորձի ժամանակ: Մի խոսքով կարելի է ասել, որ Ղևոդն այդ կրոնական շարժման հոգին էր և իրեն գործակից եղողները կոչվել են իր անունով» (Ազգ 402 էջ) Իսկ «Լիակատար Վարք Սրբոց»-ում հետևյալ բառերով է մեծարվում և ներկայացվում Ղևոնդը. «Ս. Հոգով լցված մի մարդ էր, առատ և լուսավոր վարդապետությամբ, որով մեր աշխարհի քահանաներին և նախարարներին սպառազինում էր, որպեսզի նրանք քաջությամբ մարտնչեն հավատի թշնամիների դեմ և Քրիստոսի Եկեղեցու հանդեպ ունեցած սիրո համար իրենց անձերը աներկյուղ կերպով զոհեն: Դրա համար պարսիկները Ղևոնդին էին համարում Հայոց աշխարհում տեղի ունեցած դեպքերի պատճառը և աշխատում էին իրենց ամբողջ բարկությունը նրա վրա թափել»: (էջ155) Եվ նույն «Լիակատարը» պատմում է հետևյալ դրվագը նրա մասին. «Շատ տարիներ առաջ, Հայաստան Աշխարհի խաղաղության օրերին, երբ միասին էին մեծ վարդապետ Մեսրոպը, նրա աշակերտ Կորյունը և Արձանը, տեսան, որ Ղևոնդի քնած ժամանակ նրա շուրջը սաստիկ լույս էր ճառագում, որից վերոնշյալ երանելիները հասկացան, որ երանելի Ղևոնդը հետագայում նահատակությամբ պետք է կնքի իր վախճանը»:

5. ՄՈՒՇԵ, կամ ՄՈՒՇԵՂ ՔԱՀԱՆԱ. Նա Աղբակից էր և Արծրունյաց պալատի քահանան, որոնք Մամիկոնյան նախարարությունից հետո հաջորդ կարևոր դերակատարումն ունեցան Վարդանաց շարժման ժամանակ: Մուշեն էլ, իր դիրքի և հանգամանքների բերումով, գլխավոր դերակատարներից եղավ ընդդիմական շարժումին: Հավանաբար ինքն էլ Սահակ- Մեսրոպյան աշակերտներից էր, քանզի մեկն, առանց լուրջ կրթություն ունենալու, չէր կարող Արծրունյանց պալատի քահանա լինել:

6. ԱՐՇԵՆ ԵՐԵՑ – Ծննդավայրը Բագրևանդ գավառի Եղեգիկ գյուղն էր: Ինքը և իր հետ այլ մարդիկ ճակատամարտից հետո ամրացել էին բերդում: Վասակի խոստումներից խաբեց և ստանձնեց բանակցողների առաջնորդությունը և բերդից դուրս եկավ, սակայն շղթայակապ լինելով՝ բանտարկվեց դատվելու  համար: Արշենը Սահակ-Մեսրոպյան աշակերտներից չէր, այլ գյուղական միջավայրից էր եկել և «անտեղյակ էր մխիթարական խոսքեր ասելուն» (Եղիշե): Իր ընկերակիցները ոչ միայն չէին առհամարհում Աստծո այս խոնարհ ու հավատարիմ պաշտոնյային «այլ մանավանդ առավելագույն պատիվներով աշխատում էին քաջալերել և զորացնել նրան» (Օրմանյան):

7-8. ՍԱՄՎԵԼ ՔԱՀԱՆԱ և ԱԲՐԱՀԱՄ ՍԱՐԿԱՎԱԳ - Իրարից անբաժան երկու հավատարիմ և աներկյուղ պաշտոնյաներ Արած գյուղից՝ քահանա և սարկավագ, որոնք մի ատրուշան էին քանդել և արգելել էին կրակապաշտների մուտքը Լուսավորչի Խոր Վիրապային չարչարանքներով սրբացած և Վարդանաց դիմադրության օրրանը եղած այս քաղաքը [Արտաշատ]: Պատերազմի անհաջող ելքից հետո միասին ձերբակալվում են և մյուս եկեղեցականներից առանձնացվելով՝ բանտարկվում պարսկական բանակում: Ինչպես ստորև կտեսնենք հոգևորականներին սպանելու Հազկերտի որոշումը նախ նրանցից սկսեց:

9. ՔԱՋԱՋ ՍՐԿԱՎԱԳ – Ռշտունյաց գավառից էր, Սահակ Ռշտունի Եպիսկոպոսի ավագ սարկավագն էր: Այդ հանգամանքով կարևոր դեր էր կատարել ընդդիմական շարժման ժամանակ և կալանավորվելու և դատապարտվելու համար արժանի էր համարվել:

Սրանց դասին կարելի է դասել Աբրահամ և Խորեն երեցներին, որոնք ինքնակամ հետևում էին Ղևոնդյանց և ծառայում, իսկ վերջին պահին, երբ Ղևոնդյանք նահատակության էին տարվում, նրանց արգելեցին հետևել: Նրանց նույնպես, ի վերջո, հրամայվեց ուրանալ իրենց հավատը, ինչը բացարձակապես մերժեցին և որովհետև հատուկ մեղադրանքներով չէին ամբաստանվել, ուստի միայն կտրում են նրանց ականջները և ուղարկվում արքունի ագարակներում աշխատելու: Շրջանի քրիստոնյաների կողմից, իբրև խոստովանողներ կամ կենդանի նահատակներ, մեծ հարգանքի ու մեծամեծ նվերների արժանացան, որոնք Աբրահամ երեցը, մեծ ճանապարհ անցնելով, տանում էր և բանտարկյալ հայ նախարարներին էր տալիս: Իսկ Խորենը՝ չդիմանալով ճանապարհի նեղություններին և անտանելի շոգին, գերության մեջ վախճանվեց: Վերջ ի վերջո Աբրահամը ներման արժանացավ և հայրենիք վերադարձավ, ի պատիվ իր կենդանի նահատակ լինելու հանգամանքին՝ Բզնունյաց գավառի եպիսկոպոս ընտրվեց և եպիսկոպոսության մեջ ծառայելով՝ խաղաղ մահվամբ կնքեց իր երկրավոր կյանքը:

Հովսեփը և Ղևոնդը ճակատամարտից հետո ամրացել էին ինչ-որ բերդում, սակայն սրանք էլ Վասակի նենգ խոստումներից խաբվելով՝ անձնատուր եղան և անմիջապես շղթայվելով՝ բանտարկվեցին, որպես ամբաստանության պարագլուխներ: Իսկ Ռշտունյանց եպիսկոպոս Սահակը, իր սարկավագը և ինչպես նաև Արծրունյաց պալատի Մուշե քահանան Հայաստանի պարսիկ մարզպանի կողմից հատուկ հրավեր ստացան: Քննություն կատարեցին և հաստատեցին, որ Սահակ եպիսկոպոսն էլ ատրուշան էր քանդել և իբր թե «բազում չարչարանքներով» մոգեր էր սպանել: Մուշէ քահանան ևս կրակատուն էր քանդել և իբրև թե «կապանքներով և տանջելով» մոգեր էր սպանել: Եվ քանի որ չհակառակվեցին ամբաստանությանը, սրանք էլ խառվեցին մյուս ձերբակալված եկեղեցականներին: Այսպես կազմվեց (բացի Թաթիկ եպիսկոպոսից) ութ եկեղեցականներից կազմված խումբը, որոնք Ավարայրի ճակատամարտից երկու ամիս հետո, 37 նախարարների հետ, իբրև ամբաստանության գլխավորներ և հրահրիչներ, ուղարկվեցին Պարսից մայրաքաղաք Տիզբոն՝ դատապարտվելու համար: Սրանց նահատակության մանրամասները իրենց ժամանակակից սերնդին և նրանց միջոցով էլ մեզ է հասել Պարսիկ «Խուժիկ» կոչված մի քրիստոնյայի միջոցով, որը վաճառականի ծպտված կերպարանքով, շահելով սրանց դատավոր նշանակված Դենշապուհի վստահությունը, հատուկ դիտավորությամբ հետևել է մարտիրոսների քարավանին և ականատես է եղել սրանց նահատակությանը և ականջալուր նրանց վերջին խոսքերին: Եվ ապա նույն հարատևությամբ տիրացել է նրանց նշխարներին (ոսկորներին) և բերել, հանձնել է բանտարկված հայ նախարարներին և մնացածին, միաժամանակ պատմելով նրանց նահատակության մանրամասները:

Տիզբոն հասնելուց անմիջապես հետո սկսվեց հարցաքննությունը, որը մանրամասնորեն ներկայացվում է Ղազար Փարպեցի և Եղիշե պատմիչների մոտ: Նրանց գլխավոր հանցանքները համարվեցին ատրուշաններ քանդելը և կրակը «սպանելը», որը և չժխտեցին կալանավորվածները: Ընդհակառակը, ոմանք հեգնաբար և մանավանդ Ղևոդ երեցը, գիտական հմտությամբ, հայտարարեցին և հաստատեցին, որ կրակը պարզ նյութ է և հետևաբար աստված չի կարող լինել և արժանի չէ պաշվելու: Միհրներսեհը, որ Տիզբոնում դատավորի պաշտոնն էր կատարում, նրանց աներկյուղ պատասխաններից զայրանալով, հրամայեց շղթաներով այնքան հարվածել նրանց բերաններին, մինչև որ դրանք արյունով լցվեն: Ի վերջո դատապատեց նրանց և ծանր շղթաներով կապել տվեց «մինչև որ արքայական վճիռով որոշվի նրանց հետագա ինչ լինելը»:

Ի վերջո այս 8 եկեղեցականները և 37 նախարարները աքսորվեցին Վրկան, այժմյան Մազանդարան գավառը՝ Պարսկաստանի հյուսիսային կողմերը, որպեսզի այնտեղ «խիստ կապանքներով» բանտարկվեն: Վրկանում բանտարկված եկեղեցականները դատապարտվել էին իբրև «վատախրատ, աշխարհակորուստ և աստվածասպան մարդիկ»: Հետևաբար հրամայված էր, որ իրենց համար պատրաստված շղթաներն ավելի ծանր և խիտ հյուսված լինեն, մանավանդ Ս. Հովսեփինը ավելի ծանր և «անհեթեթ» էին: Շղթայված լինելով հանդերձ՝ բոլորովին մեկուսացված չէին, քանզի «կապված երեցների փոքրավորները», մանավանդ Խորեն և Աբրահամ անուններով երկու հավատարիմ և շատ անձնվեր երեցները, միշտ հետևում էին կապյալ երեցներին և խմանում նրանց: «Պատմագիրները՝ Եղիշեն և Փարպեցին, ծավալուն կերպով բացատրում են, թե ինչպես այդ բոլոր խոստովանողները (բանտարկյալ եկեղեցականները և նախարարները - Շ.Գ.) իրենց ժամանակը Վրկանի բանտում անց էին կացնում ներքին ուրախությամբ և հարատև աղոթքներով, քանզի հավատի և Քրիստոսի համար էր իրենց տարած նեղությունները» (Ազգ 391 էջ):

Եկեղեցականները և նախարարները Տիզբոն էին ուղղարկվել 451թ.-ին: 452 թ.-ի սկզբին աքսորվեցին Վրկան և այնտեղ բանտարկված մնացին 2 տարի՝ մինչև 454 թ.-ի ամառը: Հազկերտը, երբ Քուշանանց դեմ պատերազմի էր գնում և անցնում էր Վրկանով, «հրամայեց, որ խոստովանողների խումբն էլ իրեն հետևի… և բոլորը Ապար աշխարհը տարվեցին, այժմյան Խորաստան գավառը, և Նյուշապուհ բերդում կալանավորվեցին» (Ազգ 392 էջ): Դատապարտված ութ եկեղեցականներից երկուսին՝ Արտաշատի ատրուշանն ավերող Սամվել երեցին և Աբրահամ սարկավագին, առանձնացրեցին և բանակի հետ միասին տարան այնտեղ, որտեղ «իբրև իրենց կրոնը հեգնողների և կրակը սպանողների՝ չարաչար վշտերով և զորավոր կապանքներով ու ծեծով նեղում էին նրանց» (Փարպեցի):

Քուշանաց դեմ Հազկերտի պատերազմի անհաջողությունը մոգերը վերագրեցին «կրակ սպանող»-ների դեռևս ողջ մնալուն: Ուստի որոշվում է վերջ տալ նրանց կյանքին: Առաջին հերթին հրամայվեց բանակի մեջ գտնվող երկու կապյալներին առանձին տեղեր տանել և գլխատել: Նախապես երկուսի ձախ ձեռքերը կտրեցին, որոնցով հանդգնել էին ատրուշաններ կործանել և ապա գլխատեցին: Այսպես նահատակվեցին Արտաշատի եկեղեցու պաշտոնյաները՝ Սամվել քահանան և Աբրահամ սարկավագը, որոնք Ղևոնդյան Քահանաներից առաջին նահատակները եղան:

Նույն օրերին՝ 454 թ.-ի հուլիսի սկզբներին, հատուկ սուրհանդակ ուղարկվեց Խուժաստանի կուսակալին, որպեսզի «չարալլուկ տանջանքներով» սպանել տա այնտեղ բանտարկված Թաթիկ եպիսկոպոսին: Նախապես «բազում օրեր տանջեցին նրան և սրբի մարմինը ոսկորներից քերեցին» և վերջ ի վերջո գլխատեցին նրան:

Այս երեք մարտիրոսներից հետո ուշադրությունները կենտրոնացրեցին մնացյալ վեցի վրա, որոնք մնացած նախարարների հետ միատեղ բանտարկված էին Նյուշապուհ քաղաքի մեջ: Սրանց համար հատուկ դատավոր նշանակվեց Դենշապուհ անունով մի իշխան, որին հանձնարարված էր իր երկու գործակիցներով և դահիճներով անմիջապես մեկնել «և անկախ ու անապատ մի տեղ սպանել բոլոր վեց եկեղեցականներին» (Փարպեցի):

Այս բոլոր գործողությունները պիտի գաղտնի կատարվեին և ոչ ոք չպիտի իմանար նրանց գնացած տեղը, որպեսզի քրիստոնյաները չվերցնեին նրանց ոսկորները և հարգանքի առարկա չդարձնեին:

Ձերբակալված նախարարների և քահանաների բաժանումը հուզիչ էր: Երեկոյան ժամերգությունից հետո միասնաբար վերջին ընթրիք արեցին: Քահանաները սրտապնդեցին նրանց, որ իրենց բաժանման համար չհուզվեն, քանի որ իրենց երկնավոր տունն էին վերադառնում և մաղթեցին. «Քրիստոսը լինի ձեզ համար Մխիթարիչ և Փրկիչ և արձակի ձեզ երևելի կապանքներից, որոնց մեջ եք, և ամաչեցնի ձեզ նախանձողներին և թշնամիներին: Աստված տա, որ շուտով տեսնեք Հայոց աշխարհը և ձեր ընտանիքները, և ձեզնից յուրաքանչյուրը թաղվի իր հայրերի գերեզմանում և սատանայի աներևույթ կապանքներից արձակվի ՝ Աստված ձեր հոգիները անվնաս պահի մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը» (Փարպեցի):

Վերջին անգամ բոլորը միասին աղոթեցին և նախարարներին Աստծուն հանձնեցին, երբ օրհնում էին նրանց՝ դահիճները ներխուժեցին և «խարտոցելով կտրեցին և հանեցին սուրբերի ձեռքերի, ոտքերի և պարանոցների երկաթները» նրանց մարմինները չարաչար կոտրտելով և վիրավորելով» (Փարպեցի): Նախարարները մեկ-մեկ ողջագուրվեցին նրանց հետ և ասացին. «Մեզ անդադար հիշեցեք ձեր Երկնային Արքայության ուրախության մեջ»: Խորեն և Աբրահամ քահանաները, որոնք հոժարությամբ հետևել էին Ղևոնդ երեցին և մնացածին, կամավոր փափագում էին միանալ քահանաների խմբին, սակայն արգելվելով Դենշապուհից՝ ճանապարհ ընկան դեպի Վրկան:

Նրանց տարան մինչև Ռևան քաղաքը: Հաջորդ օրն, առավոտ կանուխ և խիստ գաղտնի ճամփաներով, երանելիներին առաջնորդեցին քաղաքից բավականին հեռու «Դեպի անկոխ անապատներ… և հասան քարքարոտ և ավազոտ մի տեղ, ուր խոտ և ճանապարհ չլինելու պատճառով ո՛չ կենդանիներ էին արածեցնում և ո՛չ էլ մարդիկ էին գնում գալիս» (Փարպեցի): Օտարական լինելու պատճառով, ոչ ոք ներկա չէր, բացի իբրև վաճառական ծպտված «Խուժիկից», ով, բարեկամանալով Դենշապուհ դատավորի հետ, նրա վստահությունն էր շահել և ստացել էր կրակ սպանողների չար մահվանը ներկա լինելու թույլտվությունը:

Դենշապուհն, իր երկու պաշտոնակիցներով, դատաստանական ատյան կազմեց և վերջին անգամ ուրացություն առաջարկեց երանելիներին:

«Դուք անթիվ, անհամար չարիքներ եք գործել,- ասաց,- շատ պարսիկների կոտորածի պատճառ եք դարձել: Եթե նույնիսկ մեկ կամ երկու մարդկանց կորստյան պատճառ լինեիք, դարձյալ ապրելու արժանի չէիք, մինչդեռ դուք այնքան շատ արյան թափվելու պատճառ եք եղել…  սակայն հակառակ ձեր այսքան հանցանքների և մահապարտ լինելուն, արքայից արքան ձեր հանդեպ մեծ բարերարություն է անում, երբ մեզ հրամայում է ասելով, եթե կհամաձայնեն արեգակին և կրակին երկրպագել և ծառայել մեր կրոնին՝ նրանց մահապարտությունը կներեմ, և նախարարներին, որոնք բանտարկված են, Հայաստան կարձակեմ և նրանցից յուրաքանչյուրին իր տանուտերությունը, գահը և պատիվը  կվերադարձնեմ: Այժմ, հիշեք նաև ձեր անձերը,- շարունակեց Դենշապուհը,- և ապա այն մարդկանց, որոնք բանտարկված են, և սիրահոժար կերպով ընդունեք արքայից արքայի հրամանը և ինչպես շատերի արյան պատճառ եղաք՝ այժմ էլ շատերի կյանքի պատճառ եղեք: Իսկ եթե դեռևս համառում եք, նախ դուք կմեռնեք և ապա կհրամայենք նրանց սպանել և այդ բոլոր արյունները, որոնք թափվեցին և որոնք այժմ պիտի թափվեն՝ աստվածները ձեզնից պիտի պահանջեն»:

Երկընտրանքը, որի առջև կանգնեցին Ղևոնդյանք, ահավոր փորձություն էր՝ կա՛մ ազատվելով՝ բանտարկված նախարարների ազատության պատճառ լինել, և կա՛մ մեռնելով՝ նրանց մահվան պատասխանատվությունը կրել…: Այն ժամանակ խորհրդակցեցին և Հովսեփ կաթողիկոսը Սահակ եպիսկոպոսից խնդրեց, որ իրենց մտադրությունների և որոշումի պարսկերենի թարգմանիչը լինի հետևյալը փոխանցելով. «Այդ առաջարկն արդեն արել են մեզ Տիզբոնում, դատավարության ընթացքում, թագավորին էլ հայտնի է այդ առիթով մեր տված պատասխանը: Նույնն են մեր բոլորի կամքը և խոսքերը, չենք փոխի մեր որոշումը: Այն հավատքը, որը ունենք, կուզենք նրա մեջ մնալ, նրանով ապրել և նրա մեջ էլ մահանալ միասնաբար: Չենք ուրանա ճշմարտությունը, չենք ծառայի սատանայի աստվածներին, որոնք աստվածներ չեն: Հավատացյալ կապվածների ազատությունը մեր ուրացությամբ չենք ցանկանում, որովհետև դա կնշանակեր նրանց հավիտենական և անլույծ կապանքների դատապարտել: Նրանք մեզանից ավելի շատ են ցանկանում, որ մենք մեր Աստծո համար մահանանք, քան ուրացությամբ ապրենք… ուստի ինչ անելու եք փութապես արեք»:

Դենշապուհը, զայրանալով, խոսքն ուղղեց Հովսեփ Կաթողիկոսին. «Իմացիր ուրեմն, որ քո դատավճիռը դու ինքդ կայացրիր և սրանից հետո քո ազատվելն անհնար է»: Ապա խոսքը մյուսներին ուղղելով ասաց. «Կարևորություն մի տվեք նրա ասածներին և մի ազդվեք նրա խենթ խրատներից, մահվան փոխարեն կյանքը ընդունեք, դուք էլ թեպետ ծանրագույն հանցանքներ եք գործել, սակայն եթե թագավորի կամքը կատարեք և արեգակին երկրպագեք, ձեր հանցավորությանը ներում կտրվի և անվնաս կհասնեք ձեր տները»:

Ղևոնդ երեցն ամենքի փոխարեն պատասխանեց. «Մենք քո խոսքերին միայն պիտի պատասխանենք այնպես, ինչպես, որ մեր Փրկիչը պատասխանեց Պիղատոսին: Բայց, որպեսզի դուք էլ ճանաչեք մեր աներկյուղ ցանկությունը՝ լսեցեք ուրեմն… Ես իմ իմացած Աստծուց եմ սովորել և ոչ թե մարդկանցից, հետևաբար չեմ կարող ուրանալ այն և իմ կորստյան պատճառը լինել: Դուք, ուրանալու դեպքում, մեզ փառք ու պատիվ եք խոստանում, բայց մենք արդեն փառք ու պատիվերով ենք զգեստավորված, որ ավելի արժեքավոր են, քան ամբողջ երկիրն իր բոլոր հարստություններով հանդերձ: Մեկ բան է միայն պակասում մեզ երջանիկ փառքի համար՝ մեր մահվան բաժակը, որը ծարավահյուծ մարդկանց պես փափագում ենք խմել: Խմեցրե՛ք շուտով, թող ուրախությամբ ազատվենք այս մշտաշարժ և ախտերով վարակված կյանքից»:

Այդ ժամանակ երանելի Մուշե և Արշեն երեցները և Քաջաջն սարկավագը Սահակ եպիսկոպոսին խնդրեցին, որ իրենց համար էլ թարգման հանդիսանա և ասացին. «Ինչ որ մեր սուրբ վարդապետները և հոգևոր հայրերը՝ Տեր Հովսեփը և Տեր Ղևոնդը, ասացին, նույնը կրկնում ենք մենք: Շուտով կատարեք և մի ուշացրեք ձեր անելիքը: Մենք Աստծուց խնդրում ենք մեզ պարգևի և արժանի անի երկնային արքայությանը և հավիտենական պատվին»:

Դենշապուհը թեև զայրացած էր, բայց դեռ շատ բան էր ցանկանում ասել, խորհելով, որ թերևս հաջողվի նրանցից մեկին բաժանել անբաժան խմբից, ուստի Սահակ Սուրբ եպիսկոպոսին ստիպեց թարգմանել իր խոսքերը: Սահակը, պատասխանելով, ասաց. «Ինչ կարիք կա ստիպելու այս մարդկանց, որոնց միտքը հստակ է, և պարտադրելու ձեր բարբաջանքները և լսելի լինելու ճիգեր անել այս իմաստուն և խոհեմ մարդկանց մոտ: Արդյունքը նույնը պիտի լինի, այսինքն ձեր տեսակետների հիմարությունն էլ ավելի հայտնի պիտի դառա, իսկ մեր ճշմարտությունը և Աստծո կողմից սովորած մեր կարողության և հավատքի անշարժությունը ավելի պիտի հաստատվի»:

Այն ժամանակ Դենշապուհը, ոտքի կանգնելով, սրով հարվածեց երանելի Սահակ Եպիսկոպոսի ուսին և մինչև գոտկատեղ ձգվեց վերքը: Եվ սուրբ Եպիսկոպոսը, հարվածից գետնին չընկավ, այլ հենվեց մի քարի և արյունաթաթախ սկսեց աղոթել. «Գոհություն քեզ, Քրիստոս, որ բազում անգամ Աստծո Կենդանի գառան օրինակով, անմահական զոհաբերությամբ բաշխվելով, անսպառորեն բաժանվեցիր մեր մեջ: Իսկ այժմ, մեզ իսկ մարդասիրաբար արժանի կանես զոհվելու, մեզ բոլորիս՝ սիրահոժար զոհվածներիս ընդունիր անուշահոտության մեջ»:

Ապա հրամայեցին գլխատել Հովսեփ կաթողիկոսին, ով, մինչ սուրը կհասներ պարանոցին, այսպես աղոթեց. «Վերադարձիր, իմ անձ, դեպի հող և դեպի հանգիստ, քանզի Տերը քեզ համար բարիք գործեց»:

Իսկ Ղևոնդ երեցի համար որոշեցին նախ մերկացնել իր զգեստներից և քարաժայռերի վրա քարշ տալ, այն աստիճան, որ լանջի և թիկունքի մսերը քերթվելով՝ ոսկորները երևացին: Երբ դահիճներից ոմանք զբաղված էին Ղևոնդ երեցին ժայռերի վրա քարշ տալով, մնացածը գլխատեցին Մուշե և Արշեն երեցներին և Քաջաջն սարկավագին, որոնք կրկնում էին. « Տեր Հիսուս ընդունիր մեր հոգիները»: Իսկ Ս. Ղևոնդին չարչարողները, հոգնելով, նրան բերեցին այնտեղ, որտեղ, որ իր սուրբ ընկերները գլխատվել էին: Երբ դեռ կենդանի էր, իր հոգին ավանդելուց առաջ «զվաթ ձայնով» ասաց. «Գոհանում եմ քեզնից, Քրիստոս, որ Քո գթությամբ այս պահին օգնեցիր, ինձ արժանի դարձրիր քո սրբերի բաժնին, հոգիս Քո ձեռքն եմ հանձնում, ով Փրկիչ»: Ի վերջո նրան էլ գլխատեցին:

Սահակ եպիսկոպոսը, մի կողմում, արյան մեջ դեռ շնչում և աղոթում էր, ուստի նրա գլուխն էլ կտրեցին:

«Եվ այսպես Հազկերտի թագավորության 16-րդ տարուն, հրոտից ամսի 27-ին պսակվեցին այդ սուրբ վեց հոգին… Ապար աշխարհում, Ռևան կոչված գյուղի մոտ: Եվ Արշավիր Կամսարականը, երանելի Խուժիկին հարձուփորձ անելով և նրանից լսելով, մեզ պատմեց յուրաքանչյուրի խոսքերը և սուրբերի վախճանը, և մենք էլ ստույգությամբ գրեցինք» (Փարպեցի):

«Ղևոնդյան սրբերը, հայ եկեղեցու պարծանքն են, նրանց վրա անձնավորվում է հայրենիքին և հավատքին նվիրվելու գաղափարը: Վարդանանց ընկերները և քաջալերողները ժողովրդի կյանքում բարձր պահեցին կրոնի սրբությունը, և նրանք Հայ Եկեղեցով հայ ազգությունն ապրեցնելու և պահպանելու սկզբունքի ամենաականավոր գործիչները եղան: Իրենց այդ ուղղության գաղտնիքն իրենց դաստիարակության մեջ է պետք փնտրել: Գրեթե բոլորը, բացի մեկից, ով բոլորի սիրո առարկան էր, Սահակ-Մեսրոպյան դպրոցից էին, որը կարողացել էր ինչքան որ ուսման և զարգացման սերը դաստիրակել, նույնչափ էլ՝ սրտի և նվիրումի մարդիկ կերտել»: (Սուրբեր և Տոներ: Երուսաղեմ, 1939 թ. 215 էջ):

Հայ եկեղեցին Ղևոնդյանց հիշատակը կատարում է Մեծ Բարեկենդանի նախորդ երեքշաբթի օրը: Մարզվանցի և Լիակատար Հայսմավուրքները նրա տոնակատարությունը նշանակում են հուլիսի 3-ին, իսկ Փեշտիմալճյան Հայսմավուրքը՝ օգոստոսի 2-ին:

Ղևոնդյան հիշատակի համար մի ամբողջական կանոն կա շարականում, զետեղված գրքի վերջում: Հատկանշանակ և ընդարձակ է մանկունք շարականը, որի յուրաքանչյուր տողը սկսվում է հայոց այբուբենի մի տառով՝ Ա-ից Ք-ն: Ստորև բերում ենք մեկ տուն այդ շարականից:

Լուսավորիչը բոլորի Ղևոնդյոս Ս. Վարդապետը

Խոհական մեծ խորհրդով խրատեց-լցրեց զինվորներին.

Ծավալեց գիտության լույսը նահատակվողների հոգիներում,

Կամավոր հոժարությամբ, Փրկչի սիրով նահատակվեցին:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյան

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․