Գրքեր
25 Հունիս, Շբ Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օր

Սուրբ Ներսես Մեծ Հայրապետ

Հուսիկ հայրապետի թոռն է՝ երկվորյակ եղբայրներից Աթանագինեսի զավակն է: Այս երկվորյակ եղբայրները այդպես էլ չցանկացան հոգևոր ասպարեզ մտնել և իրենց անառակությանը տալով՝ վերջ ի վերջո կայծակահար լինելով մահացան: Ներսեսը Լուսավորչի սերնդի միակ ներկայացուցիչն է, որը Հայաստանում է ծնվել, մնացած բոլորը ծնվել են Կեսարիայում, իսկ նա միայն իր կրթությունն է այնտեղ ստացել: Վաղ հասակից ամուսնացել էր Մամիկոնյան տոհմից ազնվազարմ Սանդուխտ օրիորդի հետ, որն իրեն մեկ զավակ պարգևեց, որը պիտի լիներ ապագա Սահակ Հայրապետը: Իրենց միակ զավակի ծվելուց հետո մայրը երկար չապրեց՝ նա մահացավ Կեսարիայում, և Ներսեսն ու իր հայրը նրան բերեցին և ամփոփեցին Թիլ կոչվող գավառում, որը Լուսավորչի կալվածքն էր և որտեղ ամփոփված էր նաև Արիստակես Հայրապետը: Ապա Ներսեսը շարունակում է իր ուսումնառությունը Կեսարիայում, որտեղ իրեն ընկերակցում էին Կապադովկյան Մեծ Հայրերը՝ Գրիգոր Նազիանզացին, Բարսեղ Կեսարացին և Գրիգոր Նյուսացին, որոնք համապատասխանաբար ծնված լինելով 328, 329, 330 թվականներին տարեկից էին նարան: Ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան, որտեղ իր մորեղբոր՝ Արշակ Բ Թագավորի կողմից արքունիք է հրավիրվում և այնտեղ բարձր պաշտոնի անցնում:

Հուսիկին հաջորդած և Լուսավորչի տոհմակից չհանդիսացող Փառեն Կաթողիկոսի մահից հետո անհրաժեշտ էր նոր կաթողիկոսի ընտրություն կատարել և բոլորի փափագն էր, որպեսզի Լուսավորչի տնից որևէ մեկը լինի, ուստի բոլորի հայացքները ուղղվեցին Ներսեսին և հակառակ նրա կամքի՝ 353 թ.-ին, Արշակ թագավորի ազդու միջամտությամբ, երբ դեռ ընդամենը քսանհինգ տարեկան երիտասարդ էր, ընտրվեց Հայոց Կաթողիկոս: Փավստոս Բյուզանդը, որն ընդարձակորեն է խոսում Ներսեսի կյանքի և գործունեության մասին, նախ տալիս է Ներսեսի ֆիզիկական նկարագիրը, որը մենք մեջ ենք բերում.

«Խոշորամարմին անձնավորություն էր Ներսեսը, բարձրահասակ, թիկնեղ և վայելչագեղ, որի նման երկրորդը հնարավոր չէր գտնել երկրում: Որպես զինվորական՝ բոլորի համար նախանձելի էր նրա քաջությունը»:

Ապա տրվում է նրա բարոյական նկարագիրը, որը է՛լ ավելի գերազանց է.

«Աստծո երկյուղը ուներ, պահում էր Նրա ավանդած պատվիրանները, մարդասեր էր, սուրբ, զգաստ, իմաստուն և անաչառ: Իր բնույթով խաղաղասեր էր, խոնարհ, քաղցր և աղքատասեր: Կատարյալ էր Աստծո սիրո մեջ, ըստ Տիրոջ պատվիրանի՝ իր ընկերոջը իր անձի չափ սիրում էր… մանկությունից ի վեր պահում էր Աստծո պատվիրանները: Արդար էր, անարատ և ծառայասեր: Նախանձախնդիր էր Աստծո փառքի համար և աղոթքից չէր ձանձրանում: Եռում էր Սուրբ Հոգով, մի խոսքով ամեն ինչի մեջ կատարյալ էր: Շատ էր սիրում աղքատներին և տառապածներին և իր հագուստներից և կերակուրներից բաժին հանելով նրանց համար՝ հոգ էր տանում: Նեղության և տագնապի մեջ գտնվողների համար օգնական և վերակացու էր, զրկվածների իրավունքները ինքն էր պահում»:

Կաթողիկոսական ընտրության հավաքվածների մեջ արքայի կողքին էր կանգնած իր զինվորական փայլուն և փառավոր տարազով, գեղեցիկ պատմուճանով, «բարձրահասակ», ազնվականներին հատուկ «չքնաղ» երկար մազերով, արքայական «ակնակուռ, մարգարտազարդ» գոտիով, «պողպատե և ոսկեզարդ» սուրն էր ձեռքին: Ներկաները բարձրաձայն աղաղակեցին. «Թող Ներսեսը լինի մեր հովիվը»: Ներսեսն, ինքն իրեն մեղավոր և անարժան համարելով, ցանկացավ խուսափել, սակայն ոչ ոք լուրջ չընդունեց նրա պատճառաբանությունները: Այդ ժամանակ Ներսեսը լրջորեն ասաց.

«Դուք Աստծո օրենքները չեք պահում և պիղծ գործերի մեջ եք գտնվում: Ես չեմ կարող ձեզ համար հովիվ լինել, քանի որ չեմ կարող կողմնակալություն անել, կամ աչք փակել ձեր մեղքերի վրա, ոչ էլ կարող եմ համբերել ձեր չար գործերին: Հիմա դատարկ տեղը իմ հանդեպ սեր և համակրանք եք ցուցաբերում, վաղը ինձ թշնամի և ատելի պիտի համարեք, ուրեմն թողեք ինձ, Աստծո դատաստանը միշտ աչքերիս առջև ուենալով, իմ անհատական կյանքն ապրեմ»:

Այդ ժամանակ Արշակ թագավորը գրեթե բռնի և պարտադրող միջոցների դիմելով նախ նրա ձեռքից վերցրեց արքայական սուրը, որը պաշտոնի խորհրդանշանն էր,  և հրամայեց նրա վրայից հանել արքունի զարդերը և պատմուճանը, հոգևորականի զգեստ հագցնել և կտրել գանգուրները, և նույն պահին էլ նրան սարկավագ ձեռնադրել տվեց: Ապա մեծահանդես շուքով և մեծամեծ նախարարների ընկերակցությամբ Ներսեսին Կեսարիա ուղարկեց՝ եպիսկոպոս ձեռնադրվելու և Հայոց Կաթողիկոս լինելու համար:

Կեսարիայից վերադառնալուն պես Ներսեսը բուռն եռանդով և մեծ թափով նվիրվեց ծառայությանը՝ սկսեց քարոզչական և ավետարանչական գործից.

«Սկսելով հովվության վերակացությունը, հոգևոր սնունդ տալով բոլորին՝ օգտակար խոսքերը անթերի մատակարարում էր և խոսքի քարոզչությունից բոլորը հավատացյալներ էին դառնում…: Բազմագութ հոր և գթած մոր նման չէր դադարում գիշեր ցերեկ խրատել և քարոզել…: Թերահավատներին ապաշխարությամբ հաստատում էր հավատքի մեջ, հավատացյալներին՝ մխիթարում, չարախոսներին՝ պապանձեցնում, ճշմարտության համար մինչև վերջ մարտնչում էր, արդարությանը հետամուտ եղողներին՝ քաջալերում և իր ուսուցումների անձրևով սնուցում, պարարտեցնում էր Հայոց աշխարհը: Նախ ինքն էր գործադրում Աստծո պատվիրանները, ապա բոլորին սովորեցնւմ էր դրանք…: Թադեական աթոռը նորից լցվեց իր հայրերին նմանվող որդիով»:

Ապա ձեռնամուխ եղավ բարեկարգչական աշխատանքներին:

Նախ իր գերդաստանի կալվածքը համարվող և հնուց ի վեր կարևոր կրոնական կենտրոն հանդիսացող Աշտիշատում Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներով ժողով գումարեց: Որտեղ Ներսեսը բոլորի համար պարզաբանեց իրենց ապագա բարենորոգչական և շինարարական ծրագրերը: Օրինակ՝ աղքատանոցներ պիտի հաստատվեին երկրի բոլոր կողմերում, որպեսզի աղքատները ստիպված չլինեին մուրացկանություն անել, հիվանդանոցներ պիտի կառուցվեին կարոտյալ և թշվառ հիվանդների համար: Մանավանդ ընկերական շրջապատից վտարված բորոտների և այլ վարակակիր հիվանդություններ ունեցողների համար ուրկանոցներ կառուցել: Ճամփորդների համար կայարաններ հաստատել և այլն: Այս ամենն անելու համար բոլորի աջակցությունը պահանջեց և դրանք կանգուն պահելու համար տեղին համարեց եկամտաբեր կալվածքներ՝ գյուղեր և ագարակներ կցել դրանց:

Եկեղեցական կյանքի ավելի բարեկարգ և կանոնավոր լինելու համար իր ծրագրերն առաջարկեց: Օրինակ՝ կուսակրոնների համար եղբայրանոցներ կամ վանքեր հաստատելու անհրաժեշտության մասին, որպեսզի նրանք հեռու մնան աշխարհիկ կյանքից, մենակյացների համար՝ հյուղակների խմբեր, եպիսկոպոսների համար՝ հատուկ կենտրոններ, կամ առաջնորդարաններ:

Այս ժողովում, Ներսեսի թելադրանքով, բարեկարգչական կանոններ հաստատվեցին ամուսնությունների վերաբերյալ՝ արգելելով մերձ բարեկամների ամուսնությունը, մանավանդ խիստ կանոններ հաստատեց շնության, պոռնկության և ամեն տեսակ սեռական ախտերի տեմ, ինչպես նաև գողության հափշտակության և ամեն տեսակ զրկանքների համար: Արգելվեց հեթանոսաբար կատարվող բարբարոսությունները ննջեցյալների վրա կամ հուղարկավորության ժամանակ:

Կանոններ սահմանվեցին նաև ազնվականների համար, ըստ այդմ նրանք պետք է գութ և կարեկցություն ունենան իրենց ստորադրյալների նկատմամբ, մարդավայել վերաբերվեն և չափազանց տուրքերով չնեղեն նրանց:

Ներսեսը մեծ եռանդով նվիրվեց այս բարեկարգչական գործի իրագործմանը և տարածմանը ամբողջ երկրով մեկ: Այս ամբողջ բարեսիրական հաստատությունների վրա ընդհանուր հսկիչ կարգեց իր վստահությունը վայելող և իր ոգով տոգորված Խադ ավագ սարկավագին: Բարեսեր Հայրապետն իր հոգածությունը անխտիր տարածում էր բոլորի վրա՝ «մեծերի և մանուկների, մեծ հարգանք ունեցողների և անարգների, հարուստների և աղքատների, ազատների և շինականների»: Իրենից առաջ եղող հայրապետները հավատքի քարոզիչներ և տարածողներ են եղել, սակայն Ներսեսը, ինչպես տեսանք, այդ կողմը չանտեսելով, գործնական և հասարակական բարեկարգության վրա էր դրել շեշտը: Այն աստիճան էր նվիրվել բարեկարգությանը, որ իր պատմիչի բառերով «Հայաստան աշխարհում իր նման ոչ ոք չեղավ» (Բյուզանդ):

Ձեռնամուխ եղավ ուսման և կրթության բարեկարգությանը: Քանի որ դեռ հայկական դպրությունը գոյություն չուներ, ասորերեն և հունարեն լեզուներով դպրոցներ բացեց: Այս դպրոցների սաները Ս. Գիրքն էին կարդում և միաժամանակ թարգմանում հայերեն՝ ուղղակի ընթերցանության ժամանակ թարգմանելով: Այսպիսով եկեղեցում առաջացան «վերածնող» և «թագմանող» պաշտոները:

Այս դպրոցն ավարտած աշակերտներից էին իր որդին՝ Սահակը և վստահելի Մեսրոպը, որոնք հայ գրի գտնողները և դպրության նախահայրերը պիտի լինեին:

Ուրեմն Ներսեսի պաշտոնավարության սկզբնական շրջանին խաղաղություն և նորոգություն է եղել: Եկեղեցիները պայծառացան և ողջ երկրով ընդհանուր նոր հոգևոր կյանքի վերազարթոնք էր զգացվում: Սկզբնական շրջանում թագավորի հետ իր հարաբերությունները լավ էին, սակայն որոշ ժամանակ հետո Արշակը փոխում է իր ընթացքը և աններելի ոճիրներով և անիրավություններով իր կյանքը փչացնում և սկսում անտեսել հայրապետների հորդորները: Այս պատճառով Ներսեսը միառժամանակ դադարեց զբաղվել պալատական գործերով և քաղաքականությամբ՝ իրեն նվիրելով զուտ կրոնական գործերին: Այս ընթացքում պարսիկները Հայաստանի վրա իրենց արշավանքները սաստկացրին, Հայոց բանակը, Վասակ Մամիկոնյանը սկզբնական շրջանում սպարապետությամբ հաջողությամբ դիմադրում էր: Ի վերջո Պարսից Շապուհ թագավորը նենգությամբ, իբր թե հաշտություն կնքելու պատրվակով, իր մոտ է կանչում Արշակին, բանտարկում նրան և բանտում էլ նա ինքնասպան է լինում և իր փոխարեն թագավորում է որդին՝ Պապը: Սա էլ սկզբնական շրջնում հետևում էր Ներսեսի խրատներին և հորդորներին: Այս գործակցության արդյունքը եղավ Ձիրավի ճակատամարտում ընդդեմ պարսիկների տարած հայերի փայլուն հաղթանակը, երբ Ներսեսը մոտակա Նպատ լեռան վրա բազկատարած աղոթում էր հայոց բանակի հաղթանակի համար:  

Երբ երկրում խաղաղություն հաստատվեց Պապը նվիրվեց զեխության և անառակ կյանքի: Ներսեսը իզուր խրատում էր նրան, մինչև իսկ «կշտամբանքներով հանդիմանում էր»: Երբ տեսավ, որ թագավորը չի ուղղվում, նրան արգելեց եկեղեցի մտնել, այս պատճառով Պապը թշնամացավ Ներսեսի հետ և ուղղակի կամ անուղղակի նրա մահվան պատճառ դարձավ: Ըստ սկզբնական աղբյուրների Պապը թունավորում է Ներսեսին: Սակայն Օրմանյան Պատրիարքին սա անհավանական է թվում. «այդ պատմության մեջ բազում անհամապատասխան պարագաներ»  տեսնելով՝ ենթադրում է, որ Ներսեսն արդեն «սրտի և թոքերի» անբուժելի հիվանդություն ուներ, «ինչը կարող ենք տեսնել իր ոճի և գործերի ինտենսիվությունից» (Ազգապատում): Հետևաբար հուզումները, հոգնածությունը, հատկապես Պապի անզեղջ անառակությունները, սրտի վերահաս կաթվածի պատճառ եղան, որը որպես թունավորում համարվեց: Ներսեսը մահացավ 373 թվականին, երբ հազիվ 45 տարեկան էր, նա թաղվեց Թիլ ավանում, որտեղ բացի Արիստակես Հայարպետից, թաղված էր նաև իր վաղամեռիկ կողակիցը՝ Սանդուխտը: Այս երկու հայրապետների գերեզմաններն իր մեջ պարունակող Երզնկայի վանքը հետագայում անվանվեց «Ջուխտակ Հայրապետներ»: Թիլ ավանի այս եկեղեցին 7-րդ դարում կործանվեց և մինչև 1275 թ.-ին, Պատվական անվամբ սարկավագին հայտնվելը, Ս. Ներսես Մեծի գերեզմանը անհայտ էր: Նշխարների մի մասը փոխադրվել է Երզնկայի եկեղեցի, մի մասն էլ, նույն շրջանում գտնվող Տիրաշեն եկեղեցում է, որը հետագայում անվանվեց Ս. Ներսեսի անունով:

Ներսեսի գործերն ու երախտիքները նրան, պատմության մեջ, իրավացիորեն արժանացրել են Մեծ կոչմանը: Իր գլխավոր արժանիքն էր եկեղեցական բարոյական և քաղաքական բարեկարգիչ լինելը և Լուսավորչից հետո երկրի կենցաղային կյանքը հաջորդ բարեկարգողը լինելը, որով էլ «Սրտերի Լուսավորիչ» լինելուն արժանացավ (Ազգապատում):

Ս. Ներսես Մեծի հիշատակը տոնում ենք Խադ Եպիսկոպոսի հետ Կաթողիկե Եկեղեցու տոնի հաջորդ շաբաթ օրը: Նրա մասին հիշատակվում է Կաթոլիկներ հանրագիտարանում և Օքսվորդյան և Սրբերի բառարաններում, որտեղ իր տոնի օրը նշանակված է նոյեմբերի 19-ը:

Մեր շարակնոցում Ներսեսը մի ամբողջական կանոն ունի, իր օրհնությամբ, հարցով և այլն, որը գրվել է Հովհաննես Երզնկացի վարդապետի կողմից: Այստեղ մենք ներկայացնում ենք «Տեր (հ)երկնից»-ի միջին տունը.

Այսօր վերստին նորոգվեց քահանայական գավազանը:

Քանզի բանավոր հոտին մի քաջ հովիվ շնորհվեց՝

Լուսավորչի արմատից բողբոջի նման ծլարձակեց Սուրբ Ներսեսը:

Նրա բարեխոսությամբ, Տեր, Հաստատիր Հայրապետական աթոռի իշխանությունը:

 

 

Խադ Եպիսկոպոս

Խադը Ներսես Մեծի գործակալը և ողջ կայնքի անբաժան գործակիցն է եղել, ինչպես որ Դանիել ասորին էր Ս. Գրիգոր լուսավորչի օրերին: Կարին գավառի Մարագա գյուղից էր, Ներսեսի ձեռքի տակ սնված և մեծացած՝ «իր մոտ էր սնել»: Սուր մտքով անձ էր, որը հավատքի մեջ առաջադեմ և իրեն վստահված գործերում հավատարիմ: Հաուկ հոգածություն ուներ Հայ Եկեղեցու և մանավանդ աղքատների հանդեպ, այդ իսկ պատճառով Ներսես Մեծը նրան հանձնարարեց Աղքաներին տեսչություն անելը:

Ներսեսը երբ հարկադրված պիտի հեռանար հայաստանից, նրան Բագրևանդ նահանգի և Արշարունյաց, կամ Կամսարական նախարարության եպիսկոպոս է ձեռնադրում և իր փոխանորդը դարձնում՝ պատմիչի բառերով. «Նրան իր փոխարեն տեղապահ թողեց»: Երբ ողջ երկիրը « սուգի և տխրության մեջ էր ընկղմված իր հովվի երկրից հեռու լինելու համար, Ս. Խադ եպիսկոպոսը առհասարակ հրահանգեց ողջ երիկրում պահք պահել և աղոթքներով և խնդրվածքներով դիմել Աստծուն Ներսեսի շուտափույթ վերադառնալու համար»: Ինչքան որ բացակայում էր Նրսեսը, նրա փոխարեն Խադն էր առաջնորդում Հայ ժողովրդին «ոչնչով չթերանալով հովվապետից՝ Ներսեսից»:

Արշակ թագավորը, չնայած նրան, որ իր «Մատաղ հասակում» առաջնորդվում էր Աստծո իմաստությամբ և օրենքներով, բայց երբ «ավագության հասակին հասավ» շեղվեց Աստծո շավիղներից և ինքն իրեն անառակության տվեց, այս իսկ պատճառով էլ Խադը շարունակ «կշտամբում և հանդիմանում էր թագավորին, իշխաններին և բոլոր մեծամեծներին» և բոլոր նրանց ովքեր կամակից էին Արշակի հետ և նրա բռնած չար ճանապարհն էին բռնել: Արշակը փորձեց կաշառելով սիրաշահել, որպեսզի նա մեղմացնի իր հանդիմանությունները, բայց Խադը նրա աչքի առջև բոլոր նվերները աղքատներին բաժանեց և «շարունակում էր հանդիմանել»: Ի վերջո թագավորը հրամայում է նրան «բնակավայրից», այսինքն արքունիքից, հալածել նրան:

Դրանից հետո Խադը սկսեց շրջել երկրի բոլոր կողմերով « և ինչպես իրեն հանձնարարել էր Ս. Ներսեսը բարեկարգում և խրատում, ուսուցանում և աղքատներին դարմանում էր…: Նրա ձեռքով հիվանդների վրա բազում նշաններ, հրաշքներ, զորություններ և բժշկություններ էին կատարվում»: Փավստոս պատմիչը հաստատում է, որ երբ ամեն ինչ օգտագործում և աղքատներին էր բաշխում, լինի դա կերակուր, կամ գինի, կամ որևէ ուտելիք և խմելիք, հաջորդ օրը տեսնում էր, որ այդ ամենը վեստին «Աստծո հրամանով, լցվել են իրենց կարացների մեջ»: Կենսագիր Պատմիչը ավելացնում է ասելով. «Այս մարդը հայեի մեջ զարմանալիորեն անվանի և սքանչելի է հայերի մեջ»: Իր վարդապետի՝ Ներսեսի պես, ամեն տեղ գնում և խրատում ու ուսուցանում էր:

Իր մասին մի միջադեպ է պատմվում, որը հիշեցնում է և ավելի քան 1500 տարով կանխում է Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» գրքում հիշատակված Միրիել եպիսկոպոսի մեծագործությունը: Մի օր գողերը գողանում են Խադ եպիսկոպոսի եկեղեցու եզները: Ապա գողերի աչքերը կուրանում ենև սրաք չհասկանալով եզները նորից հետ են քշում դեպի եկեղեցու կալվածքը; Եպիսկոպոսը աղոթում է և գողերի աչքերը բացվում են, ապա հրամայում է նրանց լողացնել և ճոխ սեղան փռելով նրանց առջև զվարթեցնում է նրանց: Ապա իր օրհնությունը և եզները նրանց տալով խաղաղությամբ արձակում է նրանց: Այս, բնականաբար, գողերի ապաշխարհության և դարձի պատճառ է դառնում:

Խադը ամուսնացած էր և երկու աղջիկներ ուներ, սրանցից մեկին նության է տալիս Աստիկ անունով մեկին, որը իր մահվանից հետո որպես Արշարունյաց եպիսկոպոս հաջորդում է իրեն:

Ինչպես տեսանք Ներսեսը իր բարեսիրական հաստատությունների վերակացությանը Խադին՝ «իր սարկավագին», էր վստահել: Խորենացին ավելացնում է՝ «Ամեն ինչով մեծ  Ներսեսին էր նման», իսկ Փ Բյուզանդը նրան Ներսեսին «աթոռակից» է կոչել:

Խադը մի թերություն ուներ՝ «պճնասեր և ձիասեր էր»(Խորենացի) և հետևաբար այս պարագան միշտ երեսով էին տալիս նրանք, ովքեր իր կողմից հանդիմանվում էին: Այս պատճառով Խադը հրաժարվեց իր պերճաշուք զգեցներից, խարազանազգեց հագավ և իր ամբողջ կյանքում ավանակով էր շրջում:

Խադը Արշակին, իր մարդասպանությունների համար խստորեն  հանդիմանեց, որի համար Արշակը հրամայեց քաշ տալ նրան և քարկոծել, այդ ժամանակ Խադի աղջկա տեգրները. «կորովի ու քաջ մեծ Ապահունյաց նախարարության տոհմից» հարձակվեցին քաշ տվողների վրա, նրանց «կիսամեռ» անելով նրաց ձեռքից ազատեցին Խադին: Հյատնի չէ, թե դրանից հետո Խադը որքան է ապրել, բայց ենթադրվում է, որ Ներսեսից վաղ է վախճանվել:

Օրմանյանը հետևյալ կերպ է արտահայտվում նրա մասին. «Խադին վստահված պաշտոնի ընդարձակությունը և նրա հանդեպ Ներսեսի ունեցած վստահությունը Խադի կատարյալ գովասանքն են հանդիսանում: Թե՛ բարեգործական աշխատասիրությամբ, թե՛ վարչական հանճարով պատմությունը նրան ներկայացնում է իբրև երկրորդ Ներսես»:

Խադը ինչպես որ երկրի վրա կյանքով և գործով անբաժան էր Ներսեսից, այդպես էլ տոնացույցում անբաժան մնաց. Ինչպես վերը նշեցին նրա հիշատակը տոնվում է Ս. Ներսեսի հետ Կաթողիկէ Ս. Եկեղեցու տոնին հաջորդող շաբաթ օրը:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․