Գրքեր
12 Հունիս, Բշ Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր

Բեթղեհեմի մանուկները

Առաջին անմեղները, որոնք իրենց արյունը թափեցին Քրիստոսի համար, Բեթղեհեմի մանուկներն են: Մյուս մարտիրոսներից տարբերվում են նրանով, որ նախ՝ նրանց նահատակությունը գիտակցաբար չէր, երկրորդ՝ իրենք մահացան, որպեսզի Աստծո Որդին ֆիզիկապես ապրի, մինչդեռ մյուսները նահատակվեցին, որպեսզի Քրիստոսի շնորհած կյանքը հավերժացնեն:

Հրեաստանի Հերովդես թագավորը, երբ մոգերից տեղեկացավ, որ «Հրեաների Թագավորը» ծնվել է, բնականաբար, ինքը, և ամբողջ Երուսաղեմը, իր հետ խռովվեց:

Կասկածամիտ և արյունարբու բռնակալը այս լուրը լսելուն պես արդեն որոշել էր իր անելիքը, ուստի խորամանկաբար ասում է մոգերին. «Գնացե՛ք, ստույգ տեղեկություններ քաղելով գտե՛ք երեխային, և երբ գտնեք, տեղեկացրե՛ք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»:

Մոգերն, Աստծուց ստացած հրամանով, ետ չվերադարձան Հերովդեսի մոտ, որը հրամայեց Բեթղեհեմի և դրա շրջակա տարածքի երկու տարեկան և երկու տարեկանից փոքր բոլոր մանուկներին կոտորել: Մտածելով, որ նրանց հետ կսպանվեր նաև «Հրեաների Թագավորը»: Քանի՞ մատաղ կյանքեր հնձվեցին այս կոտորածին, միայն Աստված գիտի: Մենք հավատքով միայն կարող ենք իմանալ այն, որ նրանք առաջամարտիկները եղան այն ընտրյալների, որոնք, ըստ Հայտնության գրքի, իրենց ճակատին ունեն Աստծո Գառան Անունը և Աստծո աթոռի առջև քնարներով երգեր են երգում…: Նրանք շարունակ Աստծո Գառնուկի հետ են, սրանք ընտրվեցին իբրև երախայրիք մարդկանց որդիներից, և նրանք մեղք չգործեցին քանզի անբիծ էին (հմմ. Հայտն. 14:1-5):

Մեր եկեղեցին այս անմեղներին գովերգելու համար շարականների փնջիկ է ստեղծել որտեղ ասվում է.

Բանավոր գառներ Եփրաթայի տնից,

Որոնք Հերովդեսի ձեռքոց Ս. Ընծաներ եղան,

Ինչպես Աբելը՝ Կայենի…:

Սուրբ տղաների արյան հեղումով ծաղկեց Բեթղեհեմը

Նաև, անուշահոտ պատարագով, Ռաքելը բերկրեց…»

Իսկ Մանկունք շարականում ասվում է.

Երանելի սուրբ մանուկներ, ինչպես քաջ նահատակներ,

Իրենց անձերը մահվան մատնեցին,

Աստծո Որդու փոխարեն:

Եվ Սուրբ մանուկների դիակները, ինչպես նռնենու ծաղիկները

Կարկտահար եղան և թափվեցին Ս. Բեթղեհեմում:

Եվ սուրբ հոգիները, ինչպես աղավնիների երամները,

Թռան երկինք և դասվեցին հրեշտակների հետ:

Նրանց հիշատակը, մի խումբ այլ սրբերի հետ, տոնում ենք Ս. Կաթողիկե եկեղեցու տոնի հաջորդ երկուշաբթի օրը:

 

«Աստվածաշնչյան սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

Ակակիոս վկա

Լատին եկեղեցում հիշատակվում է մեկ Ակակիոս քահանա, նաև Բյուզանդիայում նահատակված մի զինվորական Ակաթիոս անվամբ և մի շարք սրբեր Ակատիոս անվամբ, իսկ Հույն եկեղեցում կան բազմաթիվ Ակակիոսներ և թե սրանցից որ մեկի հետ պետք է նույնացնենք մեր Ակակիոս վկային դժվար է ասել: Հույների մոտ կա մի Ակակիոս, որը մեր նման Կոդրատիոսի հետ է տոնվում, բայց ցավոք նրա մասին ոչինչ չի ասվում հույն վկայաբանություններում, բացի այն, որ տոնվում է մարտի 4-ին:

Մենք նույնացնելու ենք Փշտիմալճյանի խմբագրած Հայսմավուրքում հունիսի 11-ին հիշատակված Ակակիոսին Մարզվանցու հրատարակած և հունիսի 10-ին հիշատակված Ակակիոսի հետ, որը հույների և լատինների մոտ հիշատակվում է հունիսի 28-ին: Լատիներեն այն Ակակիոս, իսկ ֆրանսերեն՝ Ակակ ձևը ունի:

Ըստ նրանց Ակակիոսը մանկահասակ էր և ապրում էր Լիկիանոս (307-323) կայսեր օրոք: Նրան գանակոծության ենթարկելուց հետո հանձնեցին Տերենտիոս Եպարքոսին, որը նրան նախ ձեթի և ճարպի եռացրած կաթսայի մեջ գցեց և ապա հրաշքով կենդանի մնալուց հետո, սրբին տարան կռատուն և բռնադատեցին զոհեր մատուցել կուռքերին, որոնք նրա աղոթքով կործանվեցին: Գազանների առջև նետվեց, բայց գազանները նրան չվնասեցին, վերջ ի վերջո տարվեց Մելիտինե քաղաքը, որտեղ ոտքերը կոճղի մեջ ամրացնելով բանտարկեցին: Երբ տակավին շարունակում էր հավատարիմ մնալ իր կրոնին և չէր ուրամում, 310 թ.-ին գլխատեցին նրան:

 

Մովկիմա քահանա

Այս անվան հունական տարբերակը Մովկիոս է, իսկ լատինականը Մուսիոս: Ծնունդով բյուզանդացի է և բարձրաստիճան զինվորականի որդի: Քրիստոնեական ամուր դաստիրակչություն է ստացել: Ձեռնադրվել է և նշանակվել Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի քահանա և «ճշմարտության քահանան» էր և հատկապես շեշտելով կռապաշտության հիմարությունը նվիրված էր քրիստոնեական կրոնի քարոզչությանը: Այդ իսկ պատճառով ուշադրություն է գրավում իր վրա և քաղաքի կուսակալի մոտ տարվում: Եվ երբ համարձակորեն խոստովանում է իր քրիստոնյա լինելը՝ չարչարանքների է ենթարկվում ու բանտարկվում: Ի վերջո նրան դատելու համար Բյուզանդիա են ուղարկում, որտեղ գլխատման մահավճիռ է կայացվում և նահատակվում է այս քաջարի քահանան: Հետագայում Կոստանդիանոսը մեծ եկեղեցի է կառուցել տալիս նրա ննջման վայրում:

Նրա հիշատակությունը կատարում ենք Հոգեգալստյան երկրորդ երկուշաբթի օրը:

 

Կոտրատիոս

Կոտրատիոսը այնպիսի ահավոր և սարսափելի չարչարանքների է ենթարկվում, որոնցից միայն մեկը բավական կլիներ սովորական մարդուն սպանելու համար: Նա Նիկոմիդա քաղաքից էր և չարչարանքների է ենթարկվել Դեկոսի հալածանքների ժամանակ: Մի շարք այլ քրիստոնյաների հետ տարվում են այդ ժամանակի դատավորի մոտ և երբ նրանց անուններն էին հարցնում Կոդրատիոսը առաջ նետվելով բոլորի փոխարեն ասում է, թե իրենց անունները երկնքում են գրված և որ իրենց քաղաքը Վերին Երուսաղեմն է ու իրենք էլ Երկնային Թագավորի ծառաներն են:

Ահավոր գանահարության է ենթարկվում՝ այն աստիճան, որ ամբողջ մարմինը ուռելով համատարած արյունահոսում է: Այդ ժամանակ քրիստոնյաներից ոմանք տկարանում են իրենց հավատքի մեջ և զոհ մատուցում կուռքերին, որին ի պատասխան Կոդրատիոսը գոչում է նրանց. «Քրիստոսի փառավոր գալստյան օրը ի՞նչ պատասխան պիտի տաք, ո՛վ թշվառներ» և մի շարք հորդորներով կրկին ճշմարիտ հավատքի է բերում նրանց, իսկ նրանք էլ լացով և կոծերով ապաշխարելով իրենց տկարացման համար խոստովանում են հավատքը: Կոդրատիոսը աղոթում է նրանց համար: Կրկին անգամ բանտ են նետվում և երբ ամուր են մնում իրենց հավատքին՝ կրակով մաքրում են իրենց տկարացումը: Իսկ Կոդրատիոսը հակառակ նրա, որ ծանր վերքերի մեջ էր, տեղից տեղ է տեղափոխվում և քարկոծման է ենթարվում «սակայն Աստծո խնամածությամբ քարերը իրեն չէին դիպչում»: Մեկ այլ տեղ քացախի մեջ աղ խառնելով լցնում էին վերքերի վրա և շիկացրած շամփուրներով այրում կողերը: Եվ երբ հարցնում էին զոհ կմատուցի կուռքերին՝ պատասխանում էր. «Փոքր հասակից քրիստոնյա եմ և իմ Տեր Հիսուս Քրիստոսից բացի ոչ մի աստված չեմ ճանաչել և չեմ ճանաչում»: Շիկացրած ջեռոցի վրա են պառկեցնում և այդ պահին ել սաղմոսներ էր ասում ու չէր զգում այրոցի կսկիծը: Վերջ ի վերջո դատավորը հրամայում է գլխատել նրան:

Մենք հիշատակում ենք Հոգեգալստից հետո երկրորդ երկուշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական սրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․