Գրքեր
31 Հունվար, Գշ Տասներկու սուրբ մարգարեների` Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օր

Տասներկու մարգարեներն են՝ Օսէէ, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա:

Օսէէով սկսում է տասներկու «Փոքր կոչվող մարգարեների» շարքը: Օսէէ մարգարեն ապրել ու մարգարեացել է Ք.ա.8-րդ դարում: Նրա գրքից, որ բաղկացած է 14 գլուխներից, իմանում ենք որոշ տեղեկություններ իր մասին, քանի որ մարգարեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Այս մարգարեն Աստծո հրամանով պոռնիկ կին է առնում` ցույց տալու, որ Իսրայելն Աստծո հանդեպ իր անհավատարմությամբ և կռապաշտությանը հարելով`պոռնկացել է: Աստվածաշնչում Աստծո հանդեպ ցույց տրված անհավատարմությունը առհասարակ կոչվում է պոռնկություն: Մարգարեն ուզում է ասել, որ թեև ամուսնացած եմ այս կնոջ հետ, բայց իրականում իմ կինը չէ, քանի որ ինձ անհավատարիմ է, այնպես էլ նաև դուք, ով Իսրայելացիներ, թեև Աստծո հետ ուխտ եք կնքել, բայց օտար աստվածների եք պաշտում:

Օսէէի գիրքը պախարակում է Իսրայելի անհավատարմությունը, կոչ անում ապաշխարելու և վերադառնալու առ Աստված:

Հովելը մարգարեացել է Երուսաղեմ քաղաքում Ք. ա. 5-րդ դարում, Իսրայելի գերությունից հետո: Իր մարգարեության առիթը մարախների աննախընթաց պատուհասն էր, որին հաջորդում է երաշտը: Հովելը այս երևույթներն առիթ է համարել ժողովրդին ապաշխարանքի հրավիրելու: Գիրքը բաղկացած է երեք գլուխներից և գրված է ուժեղ ու նկարագեղ ոճով:

Հովելը մարգարեացել է նաև հոգեգալստյան դեպքի մասին. նա նախատեսում է, որ պիտի գա ժամանակ, երբ Աստված Իր Հոգին պիտի թափի ամեն մարդու վրա, մեծ թե փոքր, այր թե կին, առանց որևէ խտրության (2:23-32): Այս հատվածը մեջ է բերում Պետրոս առաքյալը, բացատրելու համար հոգեգալստյան հրաշալի երևույթը՝ իբրև իրականացումը այս մարգարեական նախատեսության:

Ամովսը հրեա հովիվ էր Թեկուա քաղաքից: Գրքի սկզբում հաստատվում է, որ մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում: Իր ժամանակ տիրում էր համեմատաբար խաղաղ շրջան և նյութական բարգավաճություն, որի անխուսափելի հետևանքը եղավ բարքերի ապականություն և կրոնական այլասերում: Մարդիկ մոռանում են ճշմարիտ Աստծուն և կուռքերին երկրպագում: Հարստությունը կենտրոնանում է մեծամեծների ձեռքը, որոնք հարստահարում էին աղքատներին: Ամովսն իր գրքում Տիրոջ անունից բողոքում է տիրող կռապաշտության և հարստահարությունների, անարդարության դեմ`սրա դիմաց ներկայացնելով Աստծո մեծ արդարությունը: Մարգարեանում է մի շարք երկրների և Իսրայելի ցեղերի վերաբերյալ: Նրա գիրքն ունի խիստ պատկերավոր և ազդեցիկ լեզու, ոճը պարզ է և նկարագեղ:

Աբդիուի մասին բացի իր անունից ոչինչ հայտնի չէ: Նրա գիրքը բաղկացած մեկ գլխից, կարճագույնն է Հին Կտակարանում: Աբդիուի մարգարեությունը գրված է Ք. ա. 5-րդ դարում`հրեաների գերեդարձից հետո, երբ եդովմայեցիները նեղություն էին տալիս նորադարձ հրեաներին: Մարգարեության այս գիրքը ներկայացնում է Աստծո պատգամներն ուղղված Եդովմի` Իսրայելին ցեղակից, բայց թշնամի երկրի դեմ:

Հովնանի մասին պատմող 4 գլխից բաղկացած գիրքը գրվել է Իսրայելի գերությունից հետո Ք. ա. 5-րդ դարում: Գրքում պատմվում է նրա մի առաքելության մասին, որն էր Աստծո հրամանով գնալ և Իսրայելի թշնամիներին`Նինվե քաղաքի բնակիչներին, ապաշխարություն քարոզել, որպեսզի Նինվեն չկործանվեր: Հովնանը չի կամենում այն կատարել և փորձում է փախչել Աստծո երեսից դեպի Թարսիս` նավ նստելով: Նավը ծովում ալեկոծության է ենթարկվում, մահվան տագնապի մեջ հայտնված մարդիկ Հովնանին ծովն են նետում, քանի որ վիճակ գցելով հասկանում են, որ իրենց հասած փորձանքի պատճառը Հովնանն է: Ծովում կետը Հովնանին կուլ է տալիս, սակայն մարգարեն չի մեռնում, այլ, երեք օր աղոթելով, կենդանի մնում կետի փորում և երրորդ օրն այնտեղից ազատվում: Ի վերջո, երկրորդ անգամ Տիրոջ հրամանը ստանալուց հետո, Հովնանը գնում է Նինվե, ապաշխարություն քարոզում, Աստծո անունից սպառնալով, որ հակառակ դեպքում քաղաքը կկործանվի: Հեթանոս նինվեացիները հավատում են օտար և թշնամական երկրից եկած մարգարեին և ապաշխարում, այսպիսով ազատվելով պատուհասից:

Գրքի նպատակն է շեշտել, թե Աստված այնքան Տեր և հոգածու է հեթանոս ազգերի նկատմամբ՝ որքան Իսրայելի: Պատժում է մեղքը, որտեղ էլ որ լինի, Իսրայելի կամ հեթանոսների մեջ: Խնայում է ապաշխարողին, որտեղ էլ որ պատահի, Իսրայելում կամ հեթանոսների մոտ:

Հովնան մարգարեի և նինվեացիների ապաշխարությունը նաև հիշատակվում է Առաջավորաց պահքի ուրբաթ օրը:

Միքիա մարգարեն գյուղացի արհեստավոր էր և մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում: Միքիայի կողմից հատկապես հիշված ու դատապարտված են հետևյալ մեղքերը՝ կռապաշտություն, չար ծրագրեր, ագահություն, կախարդություն, խարդախություն, ընդհանուր այլասերում: Նրա մարգարեություններից են Սամարիայի և Երուսաղեմի ավերումը, հրեաների գերադարձը և այլն: Միքիան մարգարեանում է ոչ միայն Մեսիայի գալուստը, այլ նաև Նրա ծննդյան տեղը:

Նավումի մասին էլ նույնպես գրեթե ոչինչ հայտնի չէ: Մարգարեացել է Ք. ա. 8-րդ դարում: Նրա գիրքը, որ բաղկացած է երեք փոքր գլուխներից, ուղղված է Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի դեմ և մարգարեանում է նրա կործանման մասին, ինչը տեղի ունեցավ 625թ-ին, երբ Նինվեն հրկիզվեց և տապալվեց Ասորեստանի հզոր կայսրությունը: Մարգարեն այս ամենը նկարագրում է բանաստեղծորեն:

Ամբակումի գիրքը բաղկացած է երեք գլուխներից և գրվել է Ք. ա. 7-րդ դարում: Նա եղել է Երեմիա և Սոփոնիա մարգարեների ժամանակակիցը: Ամբակումի գրքի գլխավոր թեման չարիքն է, թե այն ինչո՞ւ գոյություն ունի, որո՞նք են նրա պատիժները, ինչպե՞ս ազատվել չարիքից և արդարանալ: Մարգարեն դատապարտում է չարիքը, այդ մասին դիմում է Աստծուն և ուրախանում, երբ ստանում է Նրա պատասխանը: Աստված մարգարեին փոխանցում է հետևյալ պատգամը՝ ուղղված ոչ միայն ժամանակակիցներին, այլև բոլոր ժամանակների մարդկանց. լինել հավատարիմ Աստծուն: Գիրքը եզրափակվում է գոհաբանական մի գեղեցիկ աղոթքով, որում մարգարեն հայտնում է իր գոհությունն ու ուրախությունը, հավատքը և վստահությունը Աստծո նկատմամբ:

Սոփոնիան ապրել է Ք. ա. 7-րդ դարում Երուսաղեմում, Հրեաստանի Հովսիա բարեկարգիչ թագավորի օրոք (638-608թթ.): Սերում է արքայական ցեղից, թոռն է Եզեկիա բարեպաշտ թագավորի և ժամանակակիցը Երեմիա մարգարեի: Սոփոնիայի գիրքը նույնպես բաղկացած է երեք գլուխներից, որոնցում հայտարարում է «Տիրոջ օր»-վա մոտենալը: Ջրհեղեղի մաքրագործումը հիշեցնող սպառնալիքով է սկսում իր պատգամների շարքը: Գրքում խոսվում է հիմնականում Տիրոջ բարկության օրվա, աշխարհի դատաստանի, Իսրայելի մնացորդքի փրկության մասին և մարդկանց հորդորում աստվածապաշտության: Սոփոնիան ընդգծում է, որ իսրայելացի ժողովուրդը չի կարող վերագտնել ճշմարիտ հարաբերությունն իր Աստծո հետ առանց իր միջից արմատապես վերացնելու նրանց, ովքեր իրենց սեփական շահը վեր են դասում Աստծո պահանջներից: Նա առանձնակի համակրանք է տածում «երկրի խոնարհների» նկատմամբ:

Անգե մարգարեն ապրել է Ք. ա. 6-րդ դարում: Ծնվել է Բաբելոնում, հրեաների գերության մեջ եղած ժամանակ: Նրա մարգարեական գործունեությունը կապված է Տաճարի վերաշինության սրբազան գործի հետ, որին և նվիրվել է հրեաների Երուսաղեմում վերադարձից հետո: Աքսորից վերադարձած առաջին հրեաները ձեռնամուխ են լինում բաբելոնացիների կողմից ավերված տաճարի վերակառուցմանը: Սակայն նրանք շուտով հուսահատվում են: Այդ պատճառով մարգարեն հորդորում է ժողովրդի պատասխանատուներին վերսկսել ընդհատված աշխատանքները: Անգեն արթնացնում է իր ունկնդիրների նախանձախնդրությունը՝ ասելով նրանց, որ ժողովրդի աղքատության և հնձի սակավության պատճառը տաճարի ավերված ու լքված վիճակն է: Նա հայտնում է նրանց, որ, ըստ Աստծո խոստման, նոր տաճարն իր շքեղությամբ ու փառքով կգերազանցի կործանված տաճարը, և նրա կառուցումը վերջ կդնի պղծության ու թշվառության այն վիճակին, որի մեջ գտնվում է իսրայելացի ժողովուրդը: Դավթի սերնդից երկրի կառավարիչ Զորոբաբելը այդ խոստման մեջ հրեա ժողովրդի համար տեսնում է մի մեծ ապագա:

Իր գրությունը Հին Կտակարանի երկրորդ կարճագույն գիրքն է, բաղկացած երկու գլուխներից: Գրքում ընդգրկված են բազմաթիվ փոքր ճառեր: Անգեի մարգարեական գործունեությունը տևել է ընդամենը չորս ամիս, Պարսից Դարեհ թագավորի երկրորդ տարում, Ք. ա. 520թ.:

Զաքարիա մարգարեն Անգեի ժամանակակիցն է և այս երկու մարգարեները տաճարի վերաշինման շրջանում համագործակցել են: Հայ եկեղեցին նրա հիշատակը նշում է նաև առանձին: Զաքարիա մարգարեի գիրքը բաղկացած է 14 գլուխներից և ամենամեծն է փոքր կոչված մարգարեների գրքերի մեջ: Նրա գիրքը կարելի է կոչել նաև հույսի գիրք, որտեղ մասնավորապես ցույց է տրվում, թե ինչպես իսրայելական համայնքի հույսը ժամանակի ընթացքում դառնում է ավելի որոշակի: Ամենից շատ նա է մարգարեացել Տեր Հիսուսի մասին: Զաքարիան մարգարեացել է երկու տարի Ք. ա. 520-518թթ-ին: Ըստ Տեր Հիսուսի վկայության` Զաքարիան սպանվել է տաճարում, իսկ, ըստ եկեղեցական ավանդության, թաղվել է Անգե մարգարեի կողքին` Երուսաղեմի մոտակայքում: Զաքարիա մարգարեն մարգարեացել է Տեր Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերի` ավանակի վրա նստած Երուսաղեմ մտնելու, երեսուն արծաթի դիմաց մատնվելու և այդ արծաթով բրուտի ագարակի գնման, աշակերտներից Տիրոջ լքվելու, խաչելության և այդ ժամանակ Նրա կողից խոցվելու, խաչելության ժամանակ արևի խավարման մասին:

Մաղաքիա մարգարեն ապրել է Ք. ա. 5-րդ դարում: Նրա գրքում Աստված պախարակում է Իսրայելի ժողովրդի անօրինությունները և ուղղության չգալու դեպքում` սպառնում մերժել նրան: Մաղաքիայի գրքում կա մարգարություն այն մասին, որ Տիրոջ գալուստից առաջ դարձյալ պիտի գա Եղիա Թեզբացի մարգարեն, ինչը կարելի է հասկանալ թե՛ ուղղակիորեն այս մարգարությունը կապելով Տիրոջ վերջին` երկրորդ գալստյան հետ, թե՛ խորհրդանշորեն Եղիայի փոխարեն հասկանալով Հովհաննես Մկրտչին, ում մասին Ավետարանը վկայում է, որ նա եկել էր Եղիայի հոգով և զորությամբ:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․