Գրքեր
23 Փետրվար, Եշ Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Հինգերորդ դարի կեսերին, պարսից Հազկերտ Բ թագավորը, ցանկանալով իր կայսրության մեջ ապրող քրիստոնյաներին բաժանել Բյուզանդական կայսրությունից, հրաման արձակեց, որ նրանք ընդունեն պարսկական կրոնը, որի պաշտամունքի առարկան կրակն էր և այդ իսկ պատճառով նաև «կրակապաշտություն» էին անվանում: Հայերը, պաշտոնական ժողով գումարելով Աշտիշատ քաղաքում, մերժեցին այս հրամանը: Այս ժողովում մասնակցում էին երկրի գրեթե բոլոր եպիսկոպոսները, օրվա Կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ, ինչպես նաև «Քորեպիսկոպոսներ, պատվական երեցներ, ավագ վանականներ, Հայ եկեղեցուն Սրբազան Ուխտով կապված եկեղեցականներ», ինչպես նաև անունով հիշված տասնութ հայ իշխաններ: Սրանք հաստատելով հանդերձ, որ որպես հպատակ ժողովուրդ իրենց պարտականություններն ամբողջությամբ պիտի շարունակեն կատարել, միառժամանակ պատասխանեցին, որ վճռել են իրենց կրոնից չհրաժարվել և կրակին ու բնության այլ տարերքներին պաշտամունք չմատուցել:

Այս ժխտական պատասխանը ստանալով, հայոց գլխավոր նախարարներից տասը հոգի, ինչպես նաև շրջակա քրիստոնյա ազգերի իշխանները հրավիրվեցին Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ ամենախիստ սպառնալիքներ ստանալով՝ երկընտրանքի առաջ կանգնեցին՝ կամ ընդունել պարսկական կրոնը, կամ հանձն առնել աքսոր, բանտ մինչև իսկ մահ: Ծանր տագնապի մեջ էին քրիստոնյա իշխանները, շատերը կեղծ ուրացությամբ այս ծուղակից ազատվելու կողմնակից էին: Այս գաղափարի դեմ երկար դիմադրեց Վարդանը, բայց ի վերջո ինքն էլ համաձայնվեց, և բոլորն էլ առերես ընդունելով կրակապաշտությունը, ազատ արձակվեցին:

Ոմանք արդարացնում են այս ուրացումը, սակայն ավետարանական չափանիշներով այն ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Ուրացումն ուրացում է անկախ այն բանից, թե ինչ պատճառներով է այն եղել: Վարդանն այդպիսի նվաստությունը երբեք ինքն իրեն չներեց: Դրանից ազատվելու միակ միջոցը գտավ քրիստոնեության համար նահատակություն մեջ:

Երբ Հայաստանում իմացան ուրացության այս լուրը, քահանաներն, ամեն կողմ ցրվելով, ժողովրդին դիմադրության հանեցին թե՛ մոգերի և թե՛ ուրացող նախարարների դեմ՝ «Աստվածային օրենքը բոլորիս վրա թագավոր պիտի լինի» կարգախոսով:

Ուրացած նախարարները և մոգերը Հայաստան մտան երկրի արևելյան սահմանից՝ Արարատ լեռան հարավից՝ եկան Անգղ կոչված և լավ պաշտպանված մի գյուղաքաղաք, որտեղ Ղևոնդ երեցի գլխավորությամբ հավաքվել էին դիմադրության պատրաստ եռանդուն ջոկատները: Մի կիրակի, երբ մոգերը ցանկացան կրակի պաշտամունք հաստատելու համար այս գյուղի եկեղեցին քանդել՝ Ղևոնդ երեցն իր մարդկանցով ուժգնորեն դիմադրեցին և մոգերին իրենց սահմաններից դուրս վռնդեցին: Սա ապստամբական շարժումի նախանշանը եղավ, որով բռնկվեց գրեթե ողջ ժողովուրդը և երկրից դուրս վռնդեց պարսից պետության բոլոր ներկայացուցիչներին:

Հաջորդ տարի՝ 451 թ.-ի գարնանը, պարսկական հսկայական բանակը (ավելի քան 200 000 մարդ)  ապստամբյալներին ջախջախելու և կրակապաշտությունը պարտադրելու համար Հայաստան մտավ: Վարդան Մամիկոնյանն, իրեն թև ու թիկունք դարձած համախոհ իշխաններով, հոգևորականներով և 66 000 կամավորականներով որոնք պարսկական բանակի համեմատությամբ ո՛չ պահանջված զինվորական պատրաստությունը և ո՛չ էլ անհրաժեշտ զենք-զինամթերքը ունեին, ելավ այս բանակի դեմ: Պատերազմի նախօրյակը, կամ ավելի ճիշտ նախորդ գիշերը հոգևոր պատրաստությամբ անցավ՝ ամբողջ բանակը հաղորդվեց Ս. Պատարագի ընթացքում: Հաջորդ օրը Վարդանը և իր զինակիցները հարձակման անցան, ավելի մարտիրոսվելու եռանդով, քան հաղթելու նպատակով: Վասակն, իր գնդով, թշնամու կողմն անցավ՝ ժառանգելով ուրացողի և դավաճանի տիտղոսը: Վարդանը, իր 9 զորավարներն ու 287 զինակիցներն ընկան այդ պատերազմում իբրև հերոսներ և նահատակներ, իսկ պարսիկները կորցրեցին 3544 մարդ և 10 զորավար: Թեև պատերազմը մեկ օր տևեց, բայց դիմադրությունը շարունակվեց, որի ընթացքում բազմաթիվ նահատակներ եղան, որոնց ընդհանուր թիվը հասավ մինչև 1036-ի:

Նահատակված 9 զորավարների անունները և իրենց հետ ընկած զինվորների թիվը պատմությունը պահել է ըստ հետևյալ կարգի՝

  1. Վարդան Մամիկոնյանն իր                                      133 զինակիցներով
  2. Խորեն Խորխոռունին իր                                           19 զինակիցներով
  3. Արտակ Պալունին իր                                                 57 զինակիցներով
  4. Տաճատ Գնթունին իր                                                19 զինակիցներով
  5. Հմայակ Դիմաքսյանն իր                                           22 զինակիցներով
  6. Ներսեհ Քաջբերունին իր                                           7 զինակիցներով
  7. Վահան Գնունին իր                                                    3 զինակիցներով                                               
  8. Արսեն Ընծայեցին իր                                                  7 զինակիցներով
  9. Գարեգին Սրվանձտյանցն իր                                  10 զինակիցներով

Պատմությունը հաստատում է, որ Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 451 թ.-ի մայիսի 26-ին: Սակայն Հայսմավուրքներում նրանց տոնը նշված է օգոստոսի 7-ին: Ներկայումս Վարդանանց տոնը մենք տոնում ենք Բարեկենդանը նախորդող հինգշաբթի օրը, իսկ Տեառնընդառաջը, որն անփոփոխ տոնվում է փետրվարի 14-ին, եթե հինգշաբթի օրվա հետ համընկնի, այդ դեպքում Վարդանանց տոնը տոնում ենք նախընթաց երկուշաբթի օրը:

Վարդանանք լրիվ կանոն ունեն շարակնոցում, որի օրհնությունից երկու տուն դնում ենք այստեղ.

Հրաշալի պսակակիր և արիների զորապետ,

Հոգու զենքով մահվան դեմ քաջաբար զինվեցիր.

Վարդան քաջ նահատակ, որ վանեցիր չար թշնամուն,

Քո վարդագույն արյունով պսակեցիր եկեղեցին:

Զինվորների թվով հազար երեսունվեց ռազմիկների դասը,

Որոնք նահատակվեցին և արիաբար ընկան պատերազմում,

Եվ իրենց արյունը թափեցին եկեղեցին նորոգելու համար

Նրանց հետ [Վարդանանք] պսակվեցին մեր երկնավոր Թագավորից:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյան

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․