Գրքեր
17 Ապրիլ, Բշ Ավետումն Սուրբ Աստվածածնի

Ավետումը քրիստոնեական տոն է, որը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Ավետման մասին մանրամասնորեն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը. «Վեցերորդ ամսին Գաբրիելհրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայիմի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսիմոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդուհետ՝ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունըՄարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզհետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց.

«Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի ևԲարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նահավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քո վրա, ևԲարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է ևԱստծու որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մէջ, ևայս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. որովհետև Աստծու համարանկարելի բան չկա»։ Եվ Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թողքո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:26-38):

Այս ավետիսի մասին Քրիստոսի ծնունդից ավելի քան 700 տարի առաջ մարգարեացել էր սբ. Եսային.

«Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Ես 7:14):

Այս մարգարեությունից հետո դարեր շարունակ մարդիկ ապրում էին Փրկչի՝ Էմմանուելի (նշանակում է «Տերը մեզ հետ է»), աշխարհ գալու սպասումով, ինչը հրաշափառ կերպով պիտի տեղի ունենար անարատ Սուրբ Կույսի մայրանալու միջոցով:

Եկեղեցական ավանդության համաձայն՝ Սուրբ Կույս Մարիամի ծնողները բարեպաշտ և աստվածավախ անձինք էին և նախքան Մարիամի ծնվելը ուխտել էին աղջկան ընծայել Տաճարին, ուստի երեք տարեկանից սկսած մինչև չափահասություն (14 տարեկան), Նա հանձնվել էր նվիրյալ այրերի խնամքին, կրթվել, դաստիարակվել և ծառայել էր Տաճարում: Վերադառնալով հայրական տուն՝ Նազարեթ, որոշ ժամանակ անց նշանվել էր Հովսեփի հետ:

Սակայն Աստծո նախախնամությամբ Նրան վիճակված էր անարատ հղությամբ իր արգանդում կրել Աստվածորդուն և դառնալ մեր Փրկիչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը: Ըստ մի շարք աստվածաբանների՝ Գաբրիել հրեշտակապետի «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ» խոսքերն առաջին բարի լուրն էին, ուղղված մարդկությանը, որով ազդարարվեց ադամական մեղսագործությունից փրկության ուղին: Եթե Եվան անիծվեց և դատապարտվեց ցավերով ծննդաբերելու, ապա Սուրբ Մարիամին հրեշտակապետն ասում է «Ուրախացի՛ր». որդեծնությունը վերափոխվում է Աստծու կողմից շնորհվող մեծագույն պարգևի:

Հրեշտակապետի խոսքերում տեսնելով Աստծո կամքը, Սուրբ Կույսն արտաբերում է «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» նշանակալից խոսքերը, ինչն արտահայտում է Աստվածամոր անսահման հավատը, վստահությունն ու խոնարհությունն Աստծո հանդեպ: Համարվում է, որ հենց այդ պահին էլ կատարվել է անարատ հղիությունը: Դա կատարվեց ոչ միայն Հայր Աստծո նախախանմությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ, այլև Սուրբ Կույսի հավատի և կամքի շնորհիվ: Սուրբ Կույսի միջոցով աշխարհ եկավ Շնորհը և Լույսը, Փրկությունն ու Կյանքը՝ Հիսուս Քրիստոս:

Ավետարանում այդքան էլ շատ չեն պատմությունները Մարիամ Աստվածածնի մասին, բայց բոլոր այդ դրվագներում Նա հանդես է գալիս՝ որպես անմնացորդ սիրող, հոգատար և նվիրված մայր: Մանուկ Հիսուսին խնամելով, սնելով և դաստիարակելով հասցնում է հասունության տարիքին: Հետագայում էլ միշտ Նրա կողքին էր թե՛ Կանայի հարսանիքում, թե՛ Երուսաղեմ ուխտի գնալու ժամանակ և թե՛ Գողգոթայում: Մարիամը հավատում էր Իր Որդու առաքելությանը: Հենց այդ հավատն օգնեց Նրան դիմանալ Իր միակ Զավակի խաչելությանը, և Նա տեսավ Նրան հարուցյալ: Մարիամն ականատես եղավ, թե ինչպես ծաղկեց Աստծո Եկեղեցին, ինչպես Սուրբ Հոգին իջավ մարդկանց վրա, ինչպես մկրտվեցին հազարավոր մարդիկ: Սուրբ Կույսն, իր հեզությամբ և խոնարհությամբ, կատարյալ կնոջ և մոր տիպար է հանդիսանում:

Մայրությունը Աստծո յուրահատուկ շնորհն է՝ տրված կնոջը, որով նա կարծես մոտենում է Արարչին, կարողանում է առավել խորը զգալ և գիտակցել լույս աշխարհ եկած երեխայի նկատմամբ տածվող ողջ պատասխանատվությունը: Երեխաների հանդեպ դրսևորվող մայրական սերը, խնամքը, հոգատարությունը, նրանց դաստիարակումը կնոջն օժտում են յուրահատուկ գեղեցկությամբ ու հմայքով:

Աստվածաշնչում ասված չէ, որ յուրաքանչյուր կին պետք է մայրանա, սակայն ամեն կին, ով արժանանում է այդ օրհնությանը, պետք է դրան վերաբերի կատարյալ պատասխանատվությամբ և լրջությամբ: Մայրությունը չի սահմանափակվում միայն ծննդաբերելով և մանուկ հասակում սնելով ու այլ խնամատարությամբ: Մայրը կարևորագույն դեր է կատարում զավակի ամբողջ կյանքի ընթացքում՝ լինի նա երեխա, դեռահաս, թե հասուն ու կայացած մարդ:

Պողոս առաքյալի՝ Տիտոսին ուղղված թղթում մատնանշվում է երիտասարդ կանանց ունեցած դերի կարևորությունը՝ հորդորելով, է «որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելուիրենց մարդկանց, լինելու որդեսեր, խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդիրենց մարդկանց, որպեսզի Աստծու խոսքը եւ վարդապետությունը չանարգվի է» (Տիտ 2:4-5): Քրիտոնյա կնոջ խնդիրն է, ոչ թե տուրք տալ աշխարհին, այլ ապավինել Աստծուն, քանի որ հենց Նա է կնոջն օժտել մայրանալու հրաշալի շնորհով, որը նա կարող է լիակատար իրականացնել միայն այն դեպքում, եթե սիրի ամուսնուն, սիրի երեխաներին, լինի հոգատար և բարեպաշտ տնտեսուհի իր տանը:

Հայ Առաքելական Եկեղեցին հնուց ի վեր Սուրբ Ավետման տոնը նշել է ապրիլի 7-ին: Աստվածաշունչը չի հայտնում Ավետման ստույգ օրը, սակայն, քանի որ, ըստ Եկեղեցական Սրբազան Ավանդության, Հիսուսը մարմնապես ծնվել է Մարիամ Կույսից հունվարի 6-ին, ապա այդ օրվանից ետ հաշվելով հղիության համար նախատեսված 9 ամիս ժամանակահատվածը (275 օր)` Ավետման տոնը ստացվում է ապրիլի 7-ին: 1995 թ.-ից ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ապրիլի 7-ը ամրագրվեց նաև ազգային տոնացույցի մեջ՝ որպես Մայրության և գեղեցկության օր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները՝ հավատարիմ մնալով եկեղեցու սուրբ ավանդությանն ու դավանանքին:

 

Գևորգ սրկ. Համբարձումյան

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․