22 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր
13 Հունիս, Գշ Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օր

Սրանք 37 հոգուց բաղկացած նահատակների մի խումբ են, որոնց երկու օրվա ընթացքում և առաձին-առանձին նահատակված լինելու պատճառով է, որ հայսմավուրքներում և տոնացույցներում այս երկու անուններով և առանձին են հանդես գալիս:

Պատմական ավանդությունը նրանց հռոմեացի է համարում, բայց Հայաստանում նահատակված լինելու և մեր երկրում քրիստոնեության նախօրեին իրենց անարատ արյունը թափած լինելու պատճառով, հայերիս կողմից սեփական են նկատվել և Հայ Եկեղեցուն հարազատ են համարվել:

Ըստ սկզբնաղբյուր հանդիսացող Ագաթանգեղոս պատմիչի, Հռոմի Դիոկղետիանոս (284-305) կայսրը ցանկանում է ամուսնանալ իր կայսրության ամենագեղեցիկ կույսի հետ: Երկրի չորս կողմն ուղարկված խուզարկուները, հանձինս Հռիփսիմե անվամբ ազնվագույն կույսի, գտնում են գեղեցկագույն հարսնացուին, որը Հռոմում Գայանե անվանբ մայրապետի գլխավորած քրիստոնեական կուսանոցի կույսերից էր:

Կույսերն, իմանալով կայսեր հրամանի մասին, գիշերով, գաղտնի հեռանում են Հռոմից: Նավ նստելով նախ գնում են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, որտեղից մեկնում են Երուսաղեմ և ապա Եդեսիայով անցնելով՝ գալիս Վան, որտեղ որոշ ժամանակ հաստատվում են Վարագա լեռան լանջերին: Այստեղ էլ իրենք իրենց ապահով չզգալով, դեպի հյուսիս գնալով, վերջնականապես հաստատվում են այդ օրերի հայոց մայրաքաղաքի՝ Վաղարշապատի, շրջակայքում՝ Հնձան կոչված տեղում:

Հայաստանում նրանց գտնելու պատճառը համարվում է, նորից նույն Դիոկղետանոսի հրահանգը Տրդատին, ըստ որի Տրդատն իր երկրում ապաստանած կույսերին պիտի գտներ և կայսեր մոտ ուղղարկեր: Արդարև Տրդատի մարդիկ հեշտությամբ գտնում են Հռիփսիմեին և տանում թագավորի մոտ, իսկ Տրդատը՝ հմայվելով Հռիփսիմեի գեղեցկությամբ, ինքն է որոշում տիրանալ նրան: Հռիփսիմեն մերժում է և ընդդիմանում: Նա կանչում է Գայանեին, հանձնարարում իր սանուհուն համոզել, որպեսզի սա ընդունի թագավորի առաջարկը: Գայանեն, ընդհակառակը, քաջալերում է իր սանիկին, որպեսզի հաստատուն մնա իր մերժման մեջ, և չփոխանակի երկնքի երջանկությունը երկրավոր փառքի և վայելքների հետ: Գայանեն, արքայի հրամանին չենթարկվելու համար, ծանր չարչարանքների է ենթարկվում և իր երկու ընկերուհիների հետ նետվում արքունի բանտը: Հռիփսիմեն, վերջ ի վերջո զորանալով, փախչում է իր ընկերուհիների մոտ: Իսկ Տրդատը, որ մի հսկա և զորեղ մարդ էր, ըստ շարականի «մանկան պես կույսից պարտություն կրելով, ամաչում էր», ուստի կատաղելով, դահիճներ է ուղղարկում և հրամայում է սպանել Հռիփսիմեին: Ձեռքերից և ոտքերից գետնին ամրացրած ցցերի վրա պրկում են նրան և ջահերով այրում մարմինը: Տեսնելով, որ դեռ կենդանի է, հանում են աչքերը և անդամ առ անդամ մասնատելով նահատակում են Քրիստոսի հրաշալի վկայուհուն: Երբ մյուս ընկերուհիները մոտենում են, որպեսզի հավաքեն մարմինը և պատվով թաղեն, նրանցից էլ 32 հոգու սրախողխող են անում:

Ապա դահիճները ներխուժում են նրանց բնակարանը և գտնելով հիվանդության պատճառով պառկած և ողջ մնացած միակ կույսին՝ նրան էլ սրախողխող են անում: Հաջորդ օրը Տրդատը հրաման է արձակում սպանել խմբի գլխավորին և մայրապետին՝ Գայանեին, իր երկու ընկերուհիների հետ: Նախ կտրում են Գայանեի լեզուն, որով համարձակվել էր գոտեպնդել և խրախուսել Հռիփսիմեին, որ սա ընդդիմանա թագավորին, ապա նրանց էլ Հռիփսիմեի նման ոտքերից և ձեռքերից պրկում են գետնի վրա, մորթազերծ են անում և սրի քաշելով՝ սպանում: Գայանեի և իր երկու ընկերուհիների նահատակությունը տեղի է ունենում քաղաքից դուրս, հարավային կողմում:

Երբ տեղի էին ունենում այս նահատակությունները Ս. Գրիգորը դեռևս Խոր Վիրապում բանտարկված էր: Ինը օր սրբերի մասունքները անթաղ մնացին, բայց ոչ մի գազան կամ գիշակեր թռչուն չմոտեցավ նրանց:

Որպես անմեղ կույսերի սպանության հետևանք, Տրդատը խելագարվում է, նրան բժշկելու համար Գրիգորին հանում են վիրապից, որի առաջին գործը լինում է սրբուհիների անթաղ մասունքները առանձին-առանձին, տապանների մեջ հավաքելով իրենց նահատակված վայրում թաղելը: Նա երեք վկայարաններ կառուցեց մեկը՝ Հռիփսիմեի և իր 32 ընկերուհիների նահատակված վայրում, մյուսը՝ իրենց բնակավայրում, որտեղ նահատակվել էր հիվանդ կույսը՝ հնձանի տեղում, իսկ երրորդը՝ Ս. Գայանեի և իր երկու ընկերուհիների նահատակված վայրում: Կույսերի մարմիներն իրենց մեջ զետեղած տապանները կնքվեցին Լուսավորչի կնիքներով: Մեկ դար հետո անշքացել և գրեթե անհետացել էին նրանց վկայարանները: Ուստի Ս. Սահակ Կաթողիկոսը (387-438) փնտրե,ց գտավ և հայտնաբերելով՝ իր կնիքն էլ դրեց Ս. Գրիգոր Լուսավորչի կնիքի կողքին և նորից պատվով թաղելով՝ վկայարանները վերակառուցել տվեց: Երկու դար հետո՝ Կոմիտաս Կաթողիկոսի օրոք (615-628), այս վկայարան-մատուռները դարձյալ անշուք վիճակում էին: Վկայարաններից Հռրփսիմյանցն ամբողջությամբ քանդելուց հետո, երբ ցանկացավ նորովի կառուցել, Սրբուհիների տապաններն ի հայտ եկան, որոնց վրա ավելացրեց իր կնիքը և վերստին թաղելով՝ 618 թ.-ին դրա վրա հրաշակերտ եկեղեցի կառուցեց. «Հրաշատես և վայելուչ և նազելի և պայծառ»: Այս տաճարի խորանի ներքևում մի գետնահարկ մատուռ կառուցեց և զետեղեց Սրբուհու տապանը, որը մինչ այսօր մնում է: Նաև եկեղեցին է նույնությամբ պահպանվել, բացի զանգակատնից, որը հետագա դարերի կառույց է: Իսկ Եզր Կաթողիկոսը (630-641), քանդելով Գայանյանց անշուք մատուռը, մի նոր փառավոր եկեղեցի է կառուցում. «Ընդարձակ և լուսավոր, կոփածո քարերով և կրով»: Այս եկեղեցին էլ գրեթե նույնությամբ պահպանվում է: Իսկ երրորդ մատուռի վերջին վերաշինողը եղավ Նահապետ Կաթողիկոսը (1691-1705) Շողակաթ անվան տակ:

Օրմանյանը վկայում է, որ Հռիփսիմյանց և Գայանյանց տաճարների տակ գետնափորներ կան, կառուցած մեծամեծ քարերով, որոնց մեջ են սրբերի ոսկորները: Սրանց գոյությունը վերջին ժամանակներում նորից հաստատվեցին. Հռիփսիմյանցը՝ լատին կրոնավորների կողմից գողության փորձի ժամանակ, Գայանյանցը՝ Հովհաննես աբեղայի հետաքրքրասիրությունից դրդված հետախուզության շնորհիվ, այս երկուսի մասին մեզ տեղեկացնում է Առաքել Դավրիժեցի պատմիչը:

Իսկ 1978 թ.-ին Հռիփսիմեի եկեղեցու հյուսիս-արևելյան պարսպի մոտ վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ «հայտնաբերվել էր վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկ տիպի մի եկեղեցի-մատուռ»: Իսկ 1979թ. նույն մատուռի մեջ կատարված պեղումների արդյունքում ի հայտ եկան «մի շարք գերեզմաններ՝ գլխատված աճյուններով»: Սրանք համարվում էին Ս. Հռիփսիմեի 32 ընկերուհիների աճյունները: Սրա վերաբերյալ Վագեն Ա. Ամենայն Հայոց Հայրապետը և Մայր Աթոռի Դիվանատունը հատուկ հաղորդագրություն են հրապարակել, որում ասվում է. «Սույն նորագույն հայտնագործությունը մի նոր նյութական վկայություն է Հայոց քրիստոնեական հավատքի պատմական վավերականության» (ԷՋՄԻԱԾԻՆ ամսագիր, 1979թ. մայիս):

Ըստ Ագաթանգեղոսի՝ նրանք նահատակվեցին Ս. Գրիգորի վիրապից դուրս գալու տարում՝ 301 թ.-ին, հայոց Հոռի ամսվա 26-ին և 27-ին, որն ըստ Օրմանյանի համապատասխանում է Նոյեմբերի 6-ին և 7-ին, բայց հայսմավուրքների մեջ նշված է Հոկտեմբերի 5 –ին և 6-ին: Իսկ ներկայումս տոնում ենք Հարության կիրակիների սկիզբը հանդիսացող կիրակիի հաջորդ առաջին երկուշաբթի օրը Հռիփսիմյանց տոնը, իսկ երեքշաբթի օրը՝ Գայանյանցը:

Հռիփսիմյանց կույսերը կարևոր տեղ են գրավում հայ վկայաբանություններում և ընդարձակորեն ներկայացվում են Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու մոտ:

Հայկական հայսմավուրքներն էլ, հետևելով վերոհիշյալ պատմիչներին, լայնորեն ներկայացնում են Հռիփսիմյանց պատմությունը՝ շուրջ 10 էջ: Յուրաքանչյուր Հայսմավուրք Հռիփսիմյանց վկայաբանության վերջում փոքր ներբող ունի նվիրված սրբուհիներին, որոնցից մի քանի պատառիկներ ցանկանում ենք ներկայացնել աշխարհաբար:

Փեշտիմալճյանի հրատարակած Հայմավուրքի մեջ ասվում է. «Քրիստոսի հարս, որ այսօր վկայական արյունովդ երկինք փոխադրվեցիր, զարդարված թագուհու նման նստեցիր երկնային Թագավորի աջ կողմում, նաև մեզ, քո կուսական երկունքից ծնվածներին՝ Հայ եկեղեցու հավատացյալներին, որոնք տոնախմբությամբ քեզ են պատվում, ընդունիր քո երկնային առագաստի պարախմբի մեջ, որպեսզի մենք էլ քեզ հետ փառավորենք Հորը, Որդուն և Ս. Հոգուն հավիտյան ամեն»:

Մարզվանցու հրատարակած Հայսմավուրքի ներբողը ավելի երկար է, որտեղ ասվում է. «Հռիփսիմե, որ արեգակի պես արևմուտքից ծագեցիր Արևելյան աշխարհում, այն լուսափայլ աստղերով հանդերձ, որոնք քո հետ էին: Հռիփսիմե, կույսերի վայելչություն, մարտիրոսների պարծանք, հրեշտակների ուրախություն, դևերին վախեցնող…: Հռիփսիմե, Երկնային Փեսային հարսնացյալը, Աստծո ինքնանվեր ընծա…»

Ապա շարունակում է ներբողը, փոխնիփոխ մեկ խոսելով Հռիփսիմեի մասին, մեկ՝ Գայանեի. «Գայանե, ամենամաքուր խորհուրդ, հակառակորդներին հաղթող: Հռիփսիմե, պայծառագույն շառավիղ, պտղաբեր ձիթենի, քաղցրապտուղ արմավենի: Նախանձելի վարքով Գայանե, օրինակելի պարկեշտությամբ, ադամանդյա պնդություն, աստվածահաճո դաստիարակ, ողջախոհ մայր, ամենագետ ուսուցիչ…» և այլն:

Լիակատար վարք սրբոցն այսպես է վերջացնում Հռիփսիմյանց վարքագրությունը. «Արժանի է, որ սքանչանանք մեր Փրկչի անբավ մարդասիրության և վերին իմաստության անքննելի տեսչության վրա, որ սուրբ կույսերի արյան հեղմամբ և նրանց բարեխոսությամբ, Հայաստան աշխարհին հրաշալի լուսավորություն պարգևեց, ինչպես իր վարդապետական քարոզչության միջոցով բազմիցս հաստատեց, հենց ինքը, երիցս երանելի մեր Սուրբ Լուսավորիչը»:

Ս. Հռիփսիմյանց կույսերի հանդեպ հայ ժողովրդի զգացմունքները այնքան ջերմ են, որ երկու արվեստի գործեր են հասել մեզ: Առաջինը Ս. Հռիփսիմյանց տաճարն է, որն իր զուսպ, ծանրանիստ և բացառիկ գեղեցիկ կառուցվածքներով հայ ճարատարապետության գլուխգործոցներից է և դրա լավագույն արտահայտությունը: Երկրորդը Հռիփսիմյանց հիշատակին հորինված գեղեցկահյուս «Անձիք նվիրյալքս սիրույն Քրիստոսի» շարականն է: Երկուսն էլ մեր Կոմիտաս Կաթողիկոսի հոգածությամբ և հեղինակությամբ են ստեղծվել, ով նախքան կաթողիկոս լինելը, եղել է փակակալ- լուսարարապետը Ս. Հռիփսիմյանց սրբավայրի:

«Անձինք նվիրյալ» շարականը գրված է հայ այբուբենի տառերի կարգավորությամբ, հետևաբար բաղկացած է 36 տներից (Օ և Ֆ տառերը հետագայի՝ 12-րդ դարից հետոյի հավելումներն են): Այս շարականն առաջին և լավագույն նմուշն է այբբենական կարգավորությամբ հորինված շարականների, սրանից հետո բազում այլ նմանատիպ կարգավորությամբ շարկաններ ստեղծվեցին որոնք կոչվեցին «Անձինք»:

«Անձինք նվիրյալ» շարականը միաժամանակ մեր առաջին շարականն է հանդիսանում, որի հեղինակը ստույգ հայտնի է: Օրմանյանը հետևյալ գնահատականն է տալիս շարականին. «Այս շարականը հայկական տաղաչափության օրինակ է, բառերի և ոճի ճոխությամբ հայկական ընտիր օրինակ է, նշանավոր է իր բանաստեղծական արվեստի լուծումներով: Պատմական հիշատակումների ճշտությամբ հետևությամբ է կառուցված այս շարականը և եկեղեցական ու հոգևոր օծությամբ մի անզուգական քերթվածք է»:

Եղանակն էլ ինչքան էլ միալար լինի, սակայն այդ միալարության մեջ էլ սրտաշարժ և գրավիչ է, աշխույժ և անուշ ընթացքով: Այնպես որ երաժշտական առումով էլ մեր կարևորագույն շարականներից մեկն է: Մենք միայն երեք տուն կներկայացնենք այստեղ.

 

Հռիփսիմյանց շարական

 

Անձինք նվիրյալք սիրույն Քրիստոսի,

Երկնավոր նահատակք և կուսանք իմաստունք,

Ի պարծանս ձեր բարձրացյալ տոնե

Մայր Սիոն, դստերոքն յուրվք:

Հռիփսիմե՝ մեծ խոչհուրդ և անուն ցանկալի,

Ընտրյալ ի երկրի և դասյալ ընդ հրեշտակս.

Եզեր օրինակ սրբության կուսանաց,

Վարդապետություն արանց արդարոց:

Փառաց ի փառս բարձրացյալ պարծին,

Ի պատիվ և ի փառս երեսուն և յոթնեանքն.

Քանզի այս է թիվ երանյալ կուսանաց,

Որք անթառամ պսակեցան հանվախճան հավիտյան:

Թարգմանություն

Անձեր նվիրված Քրիստոսի սիրուն,

Երկնավոր նահատակներ և իմաստուն կույսեր

Ձեզնով պարծենալով տոնում է

Մայր Սիոնն իր զավակներով:

Հռիփսիմե, մեծ խորհուրդ ցանկալի անունով,

Երկրից ընտրված, հրեշտակների հետ դասված.

Կույսերին սրբության օրինակ եղար,

Վարդապետ դարձար արդար այրերի համար:

Փառքի գագաթը հասած

Պատվով ու փառքով գովվում են երեսունյոթ ընկերները,

Քանզի սա է թիվը երանելի կույսերի,

Որոնք անթառամ պսակներով պսակվեցին

           անվախճան հավիտենականության մեջ

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․