24 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր
21 Հոկտեմբեր, Շբ Սուրբ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոն

Մատթեոս

Մատթեոսը Կափառնայումում մի մաքսավոր էր, այսինքն պետական պաշտոնյա: Մաքսավորները հրեաների համար ատելի մարդիկ էին երկու պատճառով: Նախ՝ մի օտար պետության համար ծառայող հրեա պաշտոնյաներ էին, որոնք ատելի իշխանության համար տուրքեր գանձելով՝ ժողովրդի խավերի հետ ուղղակի շփման մեջ էին: Երկրորդ՝ սահմանված չափից ավելի էին վերցնում, որպեսզի իրենք էլ հարստանան: Նրանք նույնացվել էին «մեղավորների» հետ և առհասարակ միասին էին հիշատակվում: Սրան հակառակ, մաքսավորները նպաստավոր լուսի տակ են ներկայացված Ավետարաններում: Օրինակ՝ Հովհաննես Մկրտչի մոտ մկրտության եկողների մեջ կային նաև մաքսավորներ, որոնք հարցնում էին մարգարեին, թե ինչ է արժանի անել: Հովհաննեսը հրամայում է. «Ձեզ հանձնարարվածից ավելին մի՛ վերցրեք» (Ղուկաս 4:12-13): Հայտնի է նաև մաքսավորի և փարիսեցու մասին առակը, որոնք աղոթելու համար տաճար են գնում և մաքսավորը, իր մեղավոր լինելը ընդունելով, Աստծուց քավություն է հայցում իր մեղքերի համար և Հիսուսը հաստատում է՝ «Սա ավելի արդարացած գնաց իր տուն, քան փարիսեցին», որը եբրայական չափանիշներով բարեպաշտության տիպար էր: Հայտնի է նաև Զաքեոս մաքսավորի դարձը, ինչը նրա ողջ ինչքը աղքատներին տալով և իրենից տուժածներին քառապատիկ հատուցելով եղավ: Սրանցից մեկն էր նաև Լևի (Ղևի) Ալփյանը, որը Մատթեոսի նախկին, կամ հրեական անունն էր: Երբ Քրիստոսն անցնում էր, նա Կափառնայումում իր մաքսատան մեջ նստած էր: Աստծո սրտագետ Որդին, նրա մեջ առաքելական ատաղձ տեսնելով, պարզապես ասաց. «Արի՛ իմ ետևից»: Ամենայն հավանականությամբ, Մատթեոսը Կափառնայումի ժողովարանում  լսել էր Քրիստոսին քարոզելիս և ականատես, կամ ականջալուր էր եղել Նրա հրաշքներին և հետևաբար բարի տրամադրվածություն ուներ Քրիստոսի հանդեպ, այնպես, որ երբ Նրա կողմից կանչվեց՝ սիրով և պատրաստակամությամբ «թողեց ամեն ինչ» և հետևեց Հիսուսին:

Սակայն նախքան իր գործից և ընկերական միջավայրից հրաժարվելը, Մատթեոսը իր տան մեջ մեծ ընդունելություն կազմակերպեց, որին հրավիրեց իր պաշտոնակից ընկերներին և Քրիստոսին՝ աշակերտներով հանդերձ: Այս հանգամանքը դպիրների և փարիսեցիների համար տրտնջալու մեծ պատճառ եղավ, ասելով թե «Հիսուսը մեղավորների և մաքսավորների հետ սեղան է նստում», որին Հիսուսը իր նշանավոր պատասխաններից մեկը տվեց՝ ասելով, «Առողջները բժշկի կարիք չունեն , այլ՝ հիվանդները, գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ցանկանում, ոչ թե զոհ» (մարգարեական խոսքը): Բացի այս, Քրիստոսը ավելացրեց «Ես չեկա արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9:9-13):

Ավետարաններից այսքանն է մեզ հայտնի Մատթեոսի մասին, մնացածը փորձում է լրացնել ավանդությունը, որն ասում է, որ նա քարոզչությամբ գնացել է մինչև Հաբեշստան, կամ Պարսկաստան և Պարթևստան, որն էլ համարվում է նրա նահատակության վայրը:

Մատթեոսի փառքը նրա Ավետարանն է՝ Նոր Կտակարանի առաջին գիրքը և հարմարագույն օղակը Հին Կտակարանի և Նոր Կտակարանի միջև: Արդարև այս գրքի առաջին էջը, իբրև Հիսուս Քրիստոսի օրինական նախահայրերի՝ «Դավթի Որդի, Աբրահամի Որդի», հինկտակարանյան «հիմնադիր հայրերի» և արքայական զարմերի մասին հիշատակությամբ է սկսվում: Իր գրքում նվազագույնը վաթսուն մեջբերումներ կան Հին Ուխտի մարգարեություններից, որոնցից քառասունը՝ իբրև Քրիստոսով կատարված մարգարեություններ: Հետևաբար այս գրքի համար մի բանալի բառ է «կատարվեց ասվածը» այսինչ մարգարեի կողմից, նաև «երկնքի թագավորության» բացատրությունը, որը երեսունից-քառասուն անգամ հիշատակվում է այստեղ: Նրա նպատակն է հաստատել, որ Հիսուս Նազովրեցին ակնկալված մեսիան էր: Նշանավոր է Մատթեոսի ավետարանի «Լեռան քարոզը» (5-7-րդ գլուխներ), որը Նոր Ուխտի օրինագիրքը, կամ սահմանադրությունը կարելի է համարել և որը միաժամանակ կարելի է համարել համամարդկային կրոնական գրականության գագաթը:

Մատթեոսը մեզանում տոնվում է իր մյուս երեք ավետարանիչ ընկերների հետ միասին՝ Ս. Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 

Մարկոս

Մեր Տոնացույցում այս Հովհաննես և Մարկոս անուններն էլ տարբեր երկու անձերի են տրվել և ըստ այդմ անցել են օրացույց: Երկու անուններով հայտնի այս անձը առաջին անգամ հիշատակվում է Գործք Առաքելոցում, երբ Պետրոս Առաքյալը բանտից ազատվելով նրանց տուն է գալիս. «Եվ Պետրոսը… եկավ Մարիամի տուն, Հովհաննեսի, որը կոչվեց Մարկոս, մոր տուն» (Գործք 12:12): Այստեղից նախ հայտնի է դառնում, որ Հովհաննես և Մարկոս անունները նույն անձի տարբեր անուններն են, մեկը՝ եբրայերեն, մյուսը՝ հունա-հռոմեական տարբերակով: Այս երկակի անուն ունենալը հատուկ էր քրիստոնեական եկեղեցու առաջին գործիչների մեծ մասին: Վերոհիշյալ հատվածից երևում է նաև, որ իր մայրը նույնպես հայտնի անձնավորություն էր նորածին եկեղեցում, և այն, ինչ որ առավել կարևոր է, որ իրենց տունը նախնական քրիստոնյաների գլխավոր հավաքատեղիներից մեկն էր, քանի որ վերոհիշյալ մեջբերմանը հաջորդում է հետևյալ խոսքը. «Որտեղ շատերն էին հավաքվել և աղոթում էին»:

Ուրեմն Մարկոսը Երուսաղեմից է և Բառնաբաս Առաքյալի եղբորորդին, ինչը որ հաստատում է Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղված նամակի ողջույնի խոսքում. «Մարկոս, Բառնաբասի եղբորորդի» (4:10): Երբ Բառնաբասը և Պողոսը Երուսաղեմ եկան, Անտիոքի հավատացյալների նյութական նվերը Երուսաղեմի աղքատ եկեղեցուն բերելով, վերադարձին իրենց հետ նաև վերցրեցին «Հովհաննեսին», որը Մարկոս էր կոչվել» (Գործք 12:25): Եվ իրենց առաջին ճանապարհորդությանը իրենց միացավ նաև Մարկոսը, որպես «պաշտոնյա», այսինքն օգնական, որը սակայն հազիվ Փոքր Ասիա հասած, Պողոսին ինչ-որ տհաճություն պատճառելով, Երուսաղեմ վերադարձավ և այդ իսկ պատճառով երկրորդ ճանապարհորդությանը Պողոսը չցանկացավ Մարկոսի ընկերակցությունը, որի պատճառով Բառնաբասը և Մարկոսը Կիպրոս վերադարձան, որտեղ, ամենայն հավանականությամբ, շարունակեցին իրենց սկսած ավետարանչականության գործը: Պողոսի թղթերի մեջ տեսնում ենք, որ իրար հետ հաշտվել են հետագայում: Ինչպես վերը տեսանք, Հռոմում, Պողոսի բանտարկության ժամանակ, Մարկոսը Պողոսի հետ էր, ում միջոցով Պողոսը ողջույն է ուղարկում Կողոսայի Եկեղեցուն, ուր քարոզչական առաքինությամբ ուղարկվում է Մարկոսը: 

Տիմոթեոսին գրված երկրորդ թղթում Պողոսը հանձնարարում է նրան, «Մարկոսին քեզ հետ բեր, քանի որ անհրաժեշտ օգնական է իմ համար» (Բ Տիմ. 4:11);

Մարկոսի անունն անմահացնողը և քրիստոնեական եկեղեցուն իր մատուցած մնայուն ծառայությունն իր Ավետարանն է: Թերևս չորս Ավետարանների մեջ ամենահամառոտը, բայց միաժամանակ ամենահնագույնն է: Կարծիք կա, որ գրվել է Պետրոս Առաքյալի թելադրանքով և առաջնորդությամբ, որը նրան իր առաջին թղթում կոչում է. «Մարկոսը՝ իմ որդին» (Ա Պետ. 5:13): Այն գրված է համարվում հեթանոսների՝ հատկապես հռոմեացիների համար: Նա Քրիստոսին ներկայացնում է որպես խոսքով և գործով մի հզոր անձնավորություն: Իր ոճը պարզ, հատու և համառոտ է:

Հիշատակվում է չորս Ավետարանիչների հետ, Ս. Խաչին հաջորդող Զ կիրակիի շաբաթ օրը:

 

Ղուկաս

Այս սքանչելի անձնավորության անունը միայն երկու – երեք անգամ է հիշատակվում Նոր Կտակարանում, այն էլ Պողոս Առաքյալի թղթերում, զանազան ուրիշ անունների շարքում: Առաջինը Փիլիմոնին ուղված Պողոս Առաքյալի կարճագույն թղթի մեջ որպես «գործակից» (24-րդ համար) և Կողոսացիներին գրված թղթի մեջ որպես «Ղուկաս սիրելի բժիշկը» (4:14): Մի այլ տեղ առաքյալը հաստատում է. որ բոլորը հեռացել են «Միայն Ղուկասն է ինձ հետ» (Բ Տիմ. 4:10): Այս մեջբերումներից եզրակացնում ենք, որ Ղուկասը մասնագիտությամբ բժիշկ էր և Պողոս Առաքյալի ամենահավատարիմ և անձնվեր գործակիցներից մեկը: Արդարև Գործք Առաքելոցի ԺԶ գլխի 11-րդ համարից սկսած հեղինակը դեպքերը ներկայացնում է առաջին դեմքով, ինչը նշանակում է, թե գրողը մասնակից և ներկա է դեպքերին: Արդ հայտնի է, որ Գործք Առաքելոցի հեղինակը, նույն ինքը Ղուկասն է: Ուրեմն կարելի է ենթադրել, որ Պողոսի երկրորդ ճամփորդության ընթացքին, Տրովադայից սկսած, Ղուկասն ընկերացել է Պողոս Առաքյալին՝ մինչև նրա չորրորդ և մեզ հայտնի վերջին ճամփորդությունը դեպի Հռոմ: Նրա անունից և այլևայլ պարագաներից ենթադրելի է, որ Ղուկասը հրեա չէր, այլ հեթանոսությունից դարձի եկած մի քրիստոնյա:

Ղուկասի մեզ թողած անգին ժառանգությունը նրա մեզ թողած Ավետարանն է և Գործք Առաքելոցը:

Ճիշտ չենք համարում Ավետարանները մեկը մյուսից գերադաս համարելը: Նրանցից յուրաքանչյուրը նույնքան կարևոր, կատարյալ և անհրաժեշտ է, որքան մյուսները: Վերջապես նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն գեղեցկությունը, յուրահատուկ համը և հոտը ունի, ինչպես վարդը և մեխակը, շուշանը և ոսկեծաղիկն ունեն իրենց յուրահատուկ փառքը և փայլը: Ղուկասի Ավետարանը գրական և բովանդակային առումով ծայրից ծայր գեղեցկություն և կատարելություն է, Հիսուսի մանկության գողտրիկ դրվագներից մինչև Էմավուսի թախծոտ ճամփորդները: Սրտագրավ են «Բարի սամարացու» և «Անառակ որդու» անփոխարինելի առակները, համամարդկային է աղքատներին, տնանկներին, խոնարհներին, կանանց, մանուկներին և մեղավորներին ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը մեր Փրկչի կողմից: Փրկությունը կենտրոնական բառ է այս ավետարանի մեջ: Աղոթքը այստեղ գերազանց տեղ է գրավում, համաքրիստոնեական հնագույն շարականներն այս Ավետարանից են վերցված, կամ ներշնչված՝ «Ավե Մարիա», «Մեծացուսցե», «Փառք ի բարձունս» և այլն:

Անփոխարինելի է «Գործք Առաքելոց» գրքով Ղուկասի ծառայությունը Քրիստոնյա Եկեղեցուն, որը շարունակությունը և երկրորդ հատորն է իր Ավետարանի և, այսպես ասած, առաջինը՝ Եկեղեցական պատմության: Առանց այս թանկարժեք գրքի շատ բան խավարի մեջ պիտի մնար Քրիստոնեական Եկեղեցու ծագման, ծնունդի և առաջին քայլերի մասին: Նախ, Երուսաղեմը որպես կենտրոն ունենալով, ներկայացնում է Պաղեստինում Եկեղեցու արմատավորումը և ապա, որպես կենտրոն ունենալով Անտիոքը և Եփեսոսը, մերձակա երկրներում՝ Սիրիա, Կիպրոս, Փոքր Ասիա, Հունաստան և մինչև Հռոմ, նրա տարածվելը:

Ղուկասը, հակառակ Նոր Կտակարանի էջերում իր աննշմար մնալուն, նախնական եկեղեցու ամենանշանավոր գործիչներից մեկն է: Նա հիշատակվում է Ավետարանիչ ընկերների հետ Ս. Խաչի Զ կիրակիի շաբաթ օրը: 

 

Հովհաննես

Առաքյալների դասից ամենապայծառ և խոհեմ անձնավորությունը: Սիրո աշակերտը, Աստվածաբան Ավետարանիչը, Հայտնության Մարգարեն:

Հովհաննեսը, հակառակ մարդկանց մտքերում պատկերված հանդարտաբարո անձի պատկերի, ավետարաններում հանդես է գալիս իբրև անհանդուրժող, վրեժխնդիր, կորովի և փառասեր մի երիտասարդ, սակայն, Քրիստոսի հանդեպ միշտ նվիրումով լցված: Քրիստոսին աշակերտելու երեք տարիները լիովին բավական եղան, որ նա դառնար ավետարանի շքեղ անձնավորություններից մեկը: Նրա մեջ ներդաշնակվել են մարդկային նկարագրի հակադիր կարծված գծերը՝ եռանդը և հանդարտությունը, քաջությունը և բարությունը, մեծությունը և խոնարհությունը, սերը և խստությունը:

Թվում է, թե առաքյալներից ամենակրտսերն էր, բայց միևնույն ժամանակ ամենաերկարակյացը: Իր բարեհամբույր բնավորության, նվիրումի և այլ ազնիվ հատկանիշների համար արժանացել է Հիսուսի մասնավոր սիրուն այն աստիճան, որ ստացել է «Սիրելի աշակերտ» տիտղոսը: Որքանով որ Հովհանեսն այս սիրուն արժանացավ Քրիստոսին պաշտպանելու համար արված ինչ-ինչ միամիտ արտահայտություններով, նույնքանով և առավել ևս Հիսուսի ձերբակալման գիշերը, երբ մյուս աշակերտները թողեցին և փախան, ինքն իր սիրելի Վարդապետին հետևեց չարչարանքների ամբողջ գիշերը, խաչի ճանապարհին, մինչև Գողգոթա, որտեղ, արդարև, արժանացավ գերագույն շնորհին՝ Հիսուսն Իր մորը հանձնեց Հովհաննեսին և նրան էլ իր մոր որդին հայտարարեց: Եվ Հովհաննեսը, հանձինս Աստվածամոր, իր բարեպաշտ մոր կողքին երկրորդ և նույնքան հարազատ և անգերազանցելի մայր ունեցավ:

Կիրակի առավոտյան, երբ իմացավ Հիսուսի գերեզմանի պարապ լինելու մասին, Պետրոսի հետ շտապեց դեպի գերեզման, տեսավ ամեն բան և առանց հարուցյալին տեսնելու՝ «հավատաց» Հիսուսի հարությանը:

Հովհաննեսն, իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ միասին, որոնցից անբաժան է իր անունը Գործք Առաքելոցի սկզբնամասերում, առաջին Եկեղեցու սյուներից մեկն է: Օրինակ՝ ի ծնե կաղի բժշկությունը, որ հրեաների մեջ մեծ աղմուկ հանեց և երկուսի ձերբակալության և բանտարկվելու պատճառ դարձավ, հավասարապես վերագրվում է երկուսին: Հաջորդ օրն իրենց ազգային գերագույն ժողովի մոտ տարվեցին, որտեղ համարձակորեն պատասխան տվեցին և մեծամեծները «Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և վերահասու լինելով, որ տգետ և անուսում մարդիկ  էին, զարմացել էին»: Նրանց պատժելու համար օրինավոր որևէ պատճառ չգտնելով,  նրանց պարզապես արգելեցին «Հիսուսի անունով ամենևին չխոսել և չուսուցանել։ Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցեք։ Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»։ Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց» հաշվի առնելով ժողովրդին, որը պատահած հրաշքի համար փառք էր տալիս Աստծուն (Գործք 4:1-22):

Երուսաղեմի ժողովից հետո առաքյալներից գրեթե բոլորը մեկ առ մեկ ցրվեցին զանազան երկրներում: Ավանդաբար պատմվում է, որ Հովհաննեսը գնացել է Եփեսոս, որտեղ երկար տարիներ ապրելով ընդաևձակել է Պողոս Առաքյալի այնտեղ սկսած գործը, մինչև որ աքսորվեց Էգեյական Պատմոս կղզին, որտեղ էլ տեսել է այն խորհրդավոր տեսիլքը, որը մեզ ներկայանում է «Հովհաննեսի Հայտնություն» գրքի մեջ:

Հովհաննեսի մեծագույն փառքն իր Ավետարանն է, որը գրված է նախորդ երեք Ավետարանների համեմատ տարբեր ոճով և տարբեր ոգով, որի նպատակը Քրիստոսի Աստծո որդի ներկայացնելն է: Այս գիրքը Նոր Կտակարանի 27 գրքերից ամենախորն ու ամենահոգևորն է: Այս Ավետարանի մեջ Քրիստոսը ավելի խոր և ավելի ամբողջական հայտնություն է տալիս Իր և Աստծո մասին: Հովհաննեսի Ավետարանը առաջին երեք Ավետարանների լրացումն է: Ավետարանիչը գրքի գրեթե կեսը հատկացրել է Հիսուսի կյանքի վերջին օրերի խոսքերին և գործերին: Հրաշալի է մանավանդ գրքի առաջաբանը, որտեղ Քրիստոս ներկայացվում է որպես Աստծո «Բան»-ը, այսինքն անձնավորյալ իմաստությունը, որն «Ի սկզբանե է. առ Աստված է. և Աստված է»: Հատկանշական է նաև, որ այս ավետարանում անվամբ չեն նշվում ո՛չ ինքը, ո՛չ եղբայրը և ո՛չ էլ իր մայրը: Սա նախ կարևոր ապացույց է, որ այս ավետարանը Հովհաննեսի կողմից է գրված և երկրորդ՝ շեշտում է նրա համեստությունը և խոնարհությունը:

Հովհաննեսի անունով Նոր Կտակարանում երեք կան թղթեր: Առաջինը հինգ գլուխներից բաղկացած մի հոյակապ գրություն է, որի նպատակը առ Քրիստոս հավատացյալներին հավատքը զորացնելով և նրանց հավիտենական կյանքի հավատք ներշնչելով, մեղք գործելուց և սուտ քարոզիչներից հեռու մնալու զգուշացումն է: Բանալի բառերն են «սեր» (գործածվում է ավելի քան քսան անգամ), «գիտություն» կամ դրան համարժեք բառեր (երեսուն անգամ) և «հաղորդություն»: Երկրորդ և երրորդ նամակները, կազմված լինելով մեկական գլուխներից, հանդիսանում են Նոր Կտակարանի ամենակարճ գրությունները, այս թղթերը նախորդից տարբերվում է նրանով, որ ուղղված են անհատների՝ «Ընտրեալ Կյուրաին (Տիրուհի) և նրա որդիներին»: Այս գրությունը Նոր Կտակարանի միակ գրությունն է, որ կնոջ է հասցեագրված, այս թղթի բանալի բառերը նույպես «սեր» և «ճշմարտություն» բառերն են: Հաջորդ գրվածքն ուղղված է «Գայոս սիրելի»-ին»: Թե՛ Ավետարանը և թե՛ թղթերը գրվել են Առաքյալի կյանքի վերջին տարիներին: Համարվում է, որ նա մահացել է 100 թ.-ին, շուրջ 95 տարեկան հասակում: Չնայած, որ կյանքի ընթացքում շատ չարչարանքներ տեսավ, բայց մահացավ խաղաղ պայմաններում, Եփեսոսում: Պատմվում է, թե ծեր տարիքում, երբ արդեն չէր կարող երկար խոսել, գալիս էր եկեղեցի, որպեսզի ասեր. «Մանուկներ սիրեք միմյանց»: Նրա գերեզմանի վրա մի փառավոր եկեղեցի է եղել կառուցված, որի ավերակներն են այժմ մնում:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․