Գրքեր
30 Դեկտեմբեր, Շբ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղբոր Գրիգոր Նյուսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի և Աբբա Եփրեմ Խուրի Ասորու հիշատակության օր

Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Բարսեղ Հայրապետը իր եղբայր Գրիգոր Նյուսացին և իրենց ընկեր Գրիգոր Նազիանզացին ծանոթ են «Կապադովկիական Հայրեր» ընդհանրական անունով և իրենց սրբությամբ և մատենագրական մեծ վաստակով իբրև աստվածաբան մեծ մատենագիրներ և ուղղափառության ախոյաններ Աթանասի և Կյուրեղ Ալեքսանդրացու հետ արևելյան եկեղեցիների փառքն են կազմում: Նրանք թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան եկեղեցիների համար հավասարապես մեծ վարդապետներ են:

Բարսեղը ծնվել է 330 թ.-ին Կեսարարիայում հնուց հայտնի մի քրիստոնեական և պատվական ընտանիքում: Իր սկզբնական ուսումը ստացել է նախ Կեսարիայում և ապա Կ. Պոլսում: Հետագայում իր ուսումը, վերոնշյալ ընկերների հետ, կատարելագործում է Աթենքում, որտեղ իրեն դասընկեր էր արքայական տոհմից Հուլիանոսը՝ ապագայի Ուրացող կայսրը: Եվ ի միջիայլոց նշենք, որ նրան ուսուցչություն է արել Պարույր Հայկազն մեծ հռետորը, որին պատվելու համար Հռոմը մեծարանքի արձան է կանգնեցրել: Բարձրագույն ուսում ստանալուց հետո, որն այն ժամանակվա քրիստոնեական և հունահռոմեական մշակույթները կարող էին տալ, վերադառնում է հայրենիք և ինքն իրեն նվիրում վանական կյանքին: Որոշ շրջան այցելելով Սիրիայի և Եգիպտոսի վանական շրջանները և Սուրբ Երկրի սրբավայրերը, 358 թ.-ին վերջնականապես հաստատվում է Նեո-Կեսարիայի Նիքսարի շրջակայքում որպես մենակյաց: Նա սարկավագ է ձեռնադրվել Անտիոքի Մելիտոս պատրիարքից:  Գրիգոր Նազիանզացու հետ ձեռնամուխ եղավ Պոնտոսի և Կապադովկիայի գավառներում առաքելական քարոզչությանը: Ընդառաջ գնալով իր քաղաքի եպիսկոպոս Եվսեբիոսի կոչին՝ 364 թ.-ին թողնում է իր ճգնարանը՝ Արիոսականների դեմ պայքարում իր մետրոպոլիտին օգնական լինելու  համար:

370 թ.-ին, երբ վախճանվեց Եվսեբիոս Կեսարացին՝ նրան իբրև Կեսարիայի արքեպիսկոպոս հաջորդեց Բարսեղը և արդյունավոր և մեծ գործունեություն ծավալեց: Մի պերճախոս քարոզիչ, հմուտ հոգևորական, խստաբիբ բարեկարգիչ և խստակենցաղ հոգևորական էր Բարսեղը: Նա, Սուրբ Աթանասի նման, շատ պայքարներ ունեցավ ոչ միայն հերետիկոսների և արիոսական, կամ ուրացող կայսրերի, այլ նաև մինչև իսկ Հռոմի, Ալեքսանդրիայի և Հայոց աթոռների հետ: Նա բացառիկ կազմակերպչական հատկություններով էր օժտված և իր այդ ջիղի շնորհիվ գրեթե ինքը եղավ արևելյան վանական կյանքի հիմնադիրը, որտեղ դեռևս տեսականորեն կիրառում են Բարսեղյան կարգերը և կանոնները: Վանքերից բացի աղքատների և հիվանդների համար բազմաթիվ բարեգործական հաստատություններ, երեխաների համար դպրոցներ և որբանոցներ է հիմնել:

Իր հարուստ մատենագրությունից նշանավոր է Սուրբ Պատարագը, որից շատ տարրեր է պարունակում մեր պատարագը, «Վեցօրեք»-ը , որը վեցօրյա ստեղծագործության վերաբերյալ է և բաղկացած է ինը ճառերից: Ինչպես գրեթե իր բոլոր գործերը, նույնպես էլ այս երկուսը՝ ոսկեդարից սկսած թագմանված են հայերեն, շուրջ 60 միավոր: Հայտնի են նրա մեծ աղոթքները, որոնք մինչ օրս եկեղեցական մեծ տոներին ընթերցվում են:

Բարսեղ Կեսարացի Հայրապետի տոնը նշվում է երկու անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և տասներկու Վարդապետների տոնի հետ:

 

Ս. Գրիգոր Նյուսացի

Գրիգոր Նյուսացին ծնվել է 335 թ.-ին, նա Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է և ուսումը ստացել է եղբոր հետ: Նա նախ ամուսնացավ, հետո միայն, փոխադարձ համաձայնությամբ, կինը մտավ կուսանոց, իսկ ինքը հաստատվեց իր եղբոր հաստատած վանքերից մեկում: 371 թ.-ին իր եղբոր կողմից ձեռնադրվում է Նյուսա քաղաքի եպիսկոպոս: Որոշ ժամանակ հետո, արիոսականների կողմից, գահընկեց է արվում և մինչև Վաղես արիոսական կայսեր մահը՝ 378 թ.-ը աքսորվում է, ապա նորից վերադառնում է իր եպիսկոպոսությանը: 379 թ.-ին ընտրվում է Սեբաստիայի մետրոպոլիտ, բայց հրաժարվում է թողնել իր սիրելի փոքրիկ թեմը: 381թ.-ին մասնակցում է Կ. Պոլսո տիեզերական ժողովին և Նիկիական Հանգանակի հզոր պաշտպանը հանդիսանում, որը (Հանգանակը) արիոսականների և ուղղափառների մեջ ավելի քան կես դար կռվախնձոր լինելով՝ վերջնականապես հաստատվեց եկեղեցիներում: Ս. Գրիգոր Նյուսացին վախճանվեց 395 թ.-ն:

Նյուսացին մեծ մատենագիր է, ունի աստվածաբանական, մեկնողական, հակաճառական բազմաթիվ գործեր, ինչպես նաև կրոնական և ճգնողական կյանքի վերաբերյալ ճառեր: Նա նաև մի ներբող է նվիրել իր քրոջը՝ Մաքրինային, որը երկու եղբայրների նման կուսական կյանք էր ընտրել: Ամբողջական նվիրումի մի սքանչելի օրինակ է Բարսեղի ընտանիքը, որի համանմանը մեր մեջ Ս. Նարեկացու ընտանիքն է, որտեղ երեք եղբայրները և հայրը իրենց մորեղբոր հետ ամբողջությամբ նվիրվել են հոգևոր ասպարեզին: Բարսեղի տատիկին էլ էին Մաքրինա անվանում, որը շատ առաքինի ընտանիքի մայր էր և, վստահաբար, երբ նրանք իրենց առջև փայլուն ապագա խոստացող  ուսուցչության, հռետորության, փիլիսոփայության, կամ օրենսգիտության փայլուն ասպարեզներն ունեին, իր բարերար դերը ունեցել է թոռների հոգևոր կրթության և կրոնական ասպարեզին նվիրվելու մեջ: Քույրը՝ Մաքրինան, իր ընտանեկան կալվածքում կուսանոց է կառուցում, ոչ միայն սուրբ կենցաղով ապրելու համար, այլ նաև աղջիկների դաստիրակության և ուսման համար: Երկու Մաքրինաներն էլ՝ տատ և թոռ, թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան եկեղեցիներում տոնացույցի մեջ տեղ են գտել հուլիս 19-ին, իսկ մեր հայսմավուրքներում հիշատակվում են հուլիսի 5-ին: Նյուսացու գործերը, ավելի քան 55 անուն, թարգմանվել են հայերեն:

Նյուսացու տոնը մենք տոնում ենք տարին երկու անգամ` հունվարի 1-ին մոտ շաբաթ օրը և երկոտասան Վարդապետների հետ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

 

Սեղբեստրոս Հռոմի Հայրապետ

Սեղբեստրոսը գահակալելով Կոստանդիանոս կայսեր օրոք՝  314-335 թթ.-ին, եղավ այն երջանիկ քահանայապետը, որը ողջունեց Քրիստոնեական Եկեղեցու ազատագրումը հալածանքներից: Թերևս Նիկիայի ժողովը իր գահակալության տարիներին գումարվեց, բայց ինքը չմասնակցեց, այլ ուղղակի երկու ներկայացուցիչներ ուղղարկեց: Սեղբեստրոսի պաշտոնավարության շրջանին էր, որ սկիզբ դրվեց այն եկեղեցիների կառուցմանը, որոնցով հռչակվել է Հռոմը դարեր ի վեր, օրինակ Ս. Պետրոսը՝ Վատիկանում, Լաթերանի բազիլիկան, որը Հռոմի մայր եկեղեցին է եղել նրա օրոք: Ննջեց խաղաղությամբ և թաղվեց Հռոմում:

Սեղբեստրոսը մեր տոնաույցի մեջ է ընդգրկված և տարեկան երկու անգամ տոնվում է համաձայն Ս. Գրիգոր լուսավորչի Հռոմ այցելության և նրա հետ դաշինք կապելու ավանդության: Պատմական չի թվում նաև այն ավանդությունը, ըստ որի իբր Սեղբեստրոսն է մկրտել Կոստանդիանոս կայսրին, քանզի պատմական իրողություն է, որ Կոստանդիանոսը մկրտվել է իր մահվան մահճում՝ 337 թ.-ին, իսկ այդ ժամանակ Սեղբեստրոսը արդեն մահացած էր: Նա հռոմեական եկեղեցու ծիսական, վարչական և այլ բնագավառների կազմակերպիչներից և բարեզարդիչներից մեկն է:

Նրա տոնը երկու անգամ ենք տոնում՝ մեկը հունվարի 1-ին մոտ շաբաթ օրը ՝ Սուրբ Բարսեղի և նրա ընկերների հետ, մյուսը՝ երկոտասան Վարդապետների հետ՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը:

 

Եփրեմ Խուրի

Մի մեծ մատենագիր և սրբակենցաղ անձ, որ մեծապես հարգվում է թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան եկեղեցիների կողմից: Թեև հոգևոր աստիճանով, սարկավագից զատ այլ աստիճան չի ցանկացել, բայց Հայոց եկեղեցին տարեկան երկու անգամ տոն սահմանելով նրա համար՝ մեկը եկեղեցու մեծ հայրապետների օրը՝ հունվարի առաջին շաբաթ օրը, կապադովկիական հայրերի հետ, մյուսը երկոտասան հայրերի հետ՝ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը, նրան դասում է եկեղեցու մեծ վարդապետների շարքին:

Սուրբը ծնվել է Մծբինում 306 թ.-ին: Աշակերտել է Հակոբ Մծբնա Հայրապետին և համարվում է, որ նրա հետ մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին: Կարծիք կա, որ սարկավագ է ձեռնադրվել Բարսեղ Հայրապետից, վերջինիս նրան այցելության ժամանակ: 363 թ.-ին, երբ Մծբինը անցնում է Բյուզանդական կայսրությունից Պարսկաստանի տիրապետության տակ, Եփրեմը փոխադրվում է Եդեսիա, այնտեղ ստեղծում իր մատենագրական վաստակի մեծ մասը և այնտեղ էլ վախճանվում 373 թ.-ին:

Եփրեմը նշանավոր եղավ ոչ միայն իր խստակենցաղությամբ, այլ նաև, նույնքան և ավելի, կրոնական գրեթե բոլոր գիտելիքների մեջ իր խոր հմտությամբ: Նա բանաստեղծ էր, և իր երկերի մեծ մասը հանգավորված է գրել: Հատկապես գրական ժառանգությամբ շատ նման է մեր Ս. Ներսես Շնորհալի Հայրապետին: Ինչպես Շնորհալին, այդպես էլ Եփրեմ Խուրին գրեթե գրական բոլոր ժանրերով ստեղծագործել է՝ Ս. Գրքի մեկնություն, Աստվածաբանություն, հակաճառություն, ներբողներ, քարոզներ և այլն: Նա հատկապես աչքի է ընկել շարականագրության մեջ: Գրել է Մարկիոնի, Բարթածանի, Մանի, Անոմյանների և այլ բազմաթիվ հերետիկոսների և աղանդների դեմ: Իր գրական սիրելի թեմաներից մեկը եղել է վերջին դատաստանը, որը նա սարսափազդու եղանակներով է նկարագրել, ինչպես Ներսես Շնորհալին իր «Յիսուս Որդի» աղոթագրքի մեջ: Իր շարականները, հատկապես Ս. Կույսին և սրբերին նվիրված, գովերգություններ են, որոնք կամ գրված են այբբուբենի տառերի դասավորությամբ, կամ իր անվան տառերի հաջորդականությամբ: Իր գործերը, շուրջ 100 անուն, գրեթե ամբողջությամբ թարգմանված են հայերեն, նրանցից որոշները, հունարեն թարգմանությունների կորսված լինելու պատճառով, պահպանված են միայն հայերեն օրինակներով: 1920 թվականին լատին եկեղեցին հայտարարեց նրան, որպես իր եկեղեցու մեծ վարդապետներից մեկը և տոնը տեղափոխեց փետրվարի 1-ից 18-ը: Սուրբը անվանվել է «Ասորիների արեգակ», «Եկեղեցու սյուն», «Ս. Հոգու քնար»: Մեր Հայսմավուրքները հրաշալի գնահատանքով են ավարտում նրա վարքը, որը նշված է հունվարի 28-ին, որը նաև հույն և ասորի եկեղեցիների տոնախմբության օրն է:

Ստորև մեջ ենք բերում Հայսմավուրքի այդ հատվածը՝ թարգմանաբար:

Եփրեմը Աստծուց երկյուղած մարդ էր՝ համբերող, հեզ, հանդարտ, խոնարհ, չբարկացող, անխարդախ, ճգնազգյաց, զղջական, լռակյաց: Մի անձ, որի հետ հանդիպումն իսկ, մարդուն դարձի էր բերում: Իր միտքը աշխատանքի, կամ աղոթքի պահին երբեք չեր ցրվում, անընդհատ աղոթում, շարունակ տքնում, ճգնությունների մեջ էր և մարմնին հանգիստ չէր տալիս: Պահքի մեջ չափ ու սահման չէր դնում, անձանձրույթ ուսուցիչ էր, կանոններ և օրենքներ սահմանեց վանքում վանահոր և վանականների ապրելակերպի վերաբերյալ, և դեռ բազում գրավոր և անգիր հիշատակներ թողեց երկրի վրա: Նախապես իմացավ իր կյանքի վախճանի մասին, կանչեց հոգևորական եղբայրներին, նրանց ողջունեց և խաղաղությամբ հանգավ առ Քրիստոս:

Իրեն վերագրվում են ավելի քան «հազար» ճառեր և ներբողներ: Իսկ արտաքին տեսքի մասին հայսմավուրքները ասում են. «թխամորթ, քորձ (կարճակասակ կամ «քեոսե») և ալևոր, ժպտադեմ և Աստծո շնորհով լցված»:

 

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք աչք. Գալուստյան, Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․