Գրքեր
27 Հունվար, Շբ Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի՝ Մարտիրոսի և տասնչորս զինվորների հիշատակության օր

Ս. Սարգիսը ազգությամբ հայ չէ և ոչ էլ նահատակվել է Հայաստանում: Մյուս եկեղեցիները չեն հիշատակում սրբի տոնը և մինչև իսկ, եթե հին ժամանակները հիշատակել են, այսօր գրեթե մոռացության են մատնել: Մյուս կողմից, նկատի ունենալով, որ մեր մոտ ամենամեծ ժողովրդականություն վայելող սուրբերից մեկն է, այդ իսկ պատճառով մենք նրան կդասենք հայազգի սրբերի շարքում:

[Հույները Ս. Սարգսի տոնը կանխող՝ Առաջավորաց պահքին համապատասխան որևէ պահքչուեն, ուստի իրենց վրայից հայերից պակաս որևէ բան ունենալու «նվաստությունը» թոթափելու համար անարգական պատմություններ են հորինել այս պահքի և Ս. ՍարգսիմասինՍրա մասին է ակնարկում մեր Շնորհալի Հայրապետը իր «Գիրք ՀավատիԽոստովանության» ընդարձակ գրության մեջ ( Ընդհանրական էջ 105-106) որտեղներկայացնելով և պաշտպանելով հայ եկեղեցու դավանանքը և սովորությունները, որոնցկարգին նաև Առաջավորաց պահքը ասում է, «որը դուք տգիտաբար հայհոյում եք» և նախհամառորեն բացատրում է Առաջավորաց պահքը և ապա համառոտակի ներկայացնում է Ս. Սարգսի վարքը]:

[Ներսես Շնորհալին իր «Գիրք Հավատի Խոստովանության» երկասիրության մեջ ներկայացնելով Ս. Սարգսի վարքը ասում է] «Սարգիսը, որի տոնը մենք տոնում ենք, Կապադովկիացի բարեպաշտ իշխան էր Կոստանդիանոս Մեծի և նրա որդու կայսրության օրոք, որին հաջորդեց ամբարիշտ Հուլիանոսը: Սարգիսը, այս վերջինից հալածվելով, անցավ Պարսկաստան՝ Շապուհ թագավորի մոտ: Այնտեղ բազում զինվորներ քրիստոնյա դարձնելու համար նույն Շապուհ թագավորի ձեռքով մարտիրոսվում է իր որդու հետ միասին: Եվ քանի որ նա նահատակվեց հունվարի 30-ին՝ մենք էլ նրա հիշատակը որոշեցինք տոնել այն շաբաթ օրը, որը հաջորդում է Առաջավորաց պահքին»:

Հայսմավուրքները շատ ավելի ընդարձակ են ներկայացնում սրբի վարքը, հատկապես «Լիակատարը», որը տաս էջ է նվիրել սրբին: Ըստ հայսմավուրքների հավելվածական տվյալների Ս. Սարգիսը ազգությամբ հռոմեացի էր և Կոստանդիանոս Մեծի կողմից իշխան և ստրատելատ էր կարգվել Հայաստանին կից գտնվող Կապադովկիա աշխարհի վրա, որի մայրաքաղաքը այսօրվա Կեսարիան էր: Օգտվելով Կոստանդիանոսի քրիստոնեասեր քաղաքականությունից, քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, մեծացնում է քահանաների թիվը և իր ունեցվածքը սիրահոժար կերպով բաշխում աղքատներին և կարոտյալներին: Երբ թագավորեց Հուլիանոս Ուրացող կայսրը, 360-363 թթ.-ին, աստվածային հայտնությամբ Ս. Սարգսին թելադրվեց հեռանալ հռոմեական կայսրությունից: Նա իր Մարտիրոս որդու հետ միասին նախ ապաստանում է Հայաստանում: Սակայն Հայոց թագավորը, վախենալով Հուլիանոսից, նրան խորհուրդ է տալիս անցնել պարսկաստան և Շապուհի (310-379) մոտ անցնել ծառայության: Եվ արդարև քաջ զորավարի անուն հանեց նա:

Երբ թագավորը իմացավ, որ Սարգիսը իր բանակի զինվորներին քրիստոնյա է դարձնում, իր մոտ կանչեց նրան և հրամայեց կրակին զոհ մատուցել: Սարգիսը ընդիմացավ ասելով, որ ինքը հավատում է մեկ Աստծո, Ամենասուրբ Երրորդությանը, որ ստեղծել է երկինքը և երկիրը, իսկ կրակը կամ կուռքերը բնությամբ աստվածներ չեն և ինքը հողեղեն մարդ լինելով կարող է ավերել դրանք: Խոսքից գործի անցնելով ավերում է բագինը և մարում կրակը: Սրանից զայրացան մոգերը և ամբոխը հարձակվելով Ս. Սարգսի և նրա որդու վրա քարով, փայտով, ոտքով և բռունցքներով սկսում են ծեծել և տանջել նրանց: Այս խառնաշփոթի ժամանակ զոհվեց Մարտիրոսը, որ նախքան իր հայրը, կոխկրտվելով, ընդունեց մարտիրոսական պսակը: 

Իսկ Սարգիսը, թագավորի հրամանով, ազատվեց և բանտ նետվեց այն հույսով, որ մի օր կհամաձայնվի և կրակապաշտ կդառնա: Եվ թագավորը շարունակում էր օգտվել նրա զինվորական կարողություններից: Բայց Սարգիս Զորավարը հաստատ մնաց իր հավատի մեջ, ուստի գլխատման վճիռ արձակվեց և երբ հասավ գլխատման վայրը այսպես աղոթեց. «Ով Տեր Քրիստոս, Աստված իմ, նրանք ովքեր կհիշեն իմ անունը իրենց նեղության ժամանակ և իմ նահատակության հիշատակը կկատարեն ուխտով և պատարագով, ինչ որ խնդրեն քեզնից, լսիր նրանց և շնորհիր նրանց խնդրանքները: Այդ պահին երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Պիտի տամ խնդրածդ և պիտի կատարեմ աղաչանքդ, իսկ դու արի վայելիր քո համար պատրաստված բարիքները»» (Մազվանցի հայսմավուրք էջ 347: Լիակատարի մեջ ավել ընդարձակ է սրբի աղոթքը, էջ 123 Բ սյունակ):

Ապա դահիճը կտրեց նրա գլուխը, և հանկարծակի լույս ծագեց նրա վրա, որը տեսնելով՝ նրա պարսիկ զորականներից 14 հոգի, որոնք հավատարմորեն ծառայում էին նրան, ավելի հաստատվեցին իրենց քրիստոեական հավատքի մեջ: Սրանք վերցրեցին նրա պատվական մարմինը և թաղելու համար մաքուր կտավներով պատեցին: Սա իմանալով՝ թագավորը հրամայեց նրանց էլ նահատակել: Երբ արքան մտադրվել էր ամբողջությամբ անարգել նահատակվածների մարմինները, լուր տարածվեց, որ թշնամին ներխուժել է նրա թագավորության սահմանները, նա մոռանալով սրբերի մարմինները գնաց պատերազմնելու: Այդ ժամանակ հավատացյալները երեկոյան գալով վերցրեցին բոլոր նահատակվածների մարմինները և պատվով թաղեցին Համինա կոչված քաղաքում:

Մեր Հայսմավուրքները նաև հետևյալ հավելվածական ծանոթագրությունները ունեն. «Սուրբ Սարգիսը նահատակվեց Մազնդարանում (Պարսկաստան), Դաղման կոչված քաղաքի մոտ: Հավատացյալները վերցրեցին նրա մարմինը և պատվով տարան Համինա քաղաքը: Եվ ապա Մեսրոպ Մեծ վարդապետը վերցրեց Ս. Սարգսի մարմինը տարավ Կարբի, պատվով թաղեց և այնտեղ հռչակավոր վանք կառուցեց: Նա նրա ատամներից մեկը վերցնելով տարավ Վրաստան «ի դաշտն Գագա և դրավ» մի փայտե խաչի մեջ և օծելով այն կանգնեցրեց Գագա բլրի գագաթին, որը մինչև օրս կոչվում է Գագայի Ս. Սարգիս և մեծ սքանչելիքներ և հրաշքներ է գործում գերյալների, բանտարկվածների և հիվանդների վրա: Այս դեպքերը հիշատակվում են նաև Շնորհալու հորինած Ս. Սարգսի շարակարում: Մինչև իսկ կրակապաշտ պարսիկներն էլ նրան կոչում էին «Անհաղթ վկա և բոլոր խնդրվածքների կատարող»:

Արևմուտքում Ս. Սարգսի տոնը տոնել են, որպես Կեսարացի սուրբ փետ. 24-ին: Հույները տոնել են հունվարի 20-ին: Մեր Հայսմավուրքները հիշատակում են հունվարի 31-ին: Իսկ այժմ տոնում ենք Առաջավորաց պահքի հաջորդ շաբաթ օրը: Այս պատճառով այդ պահքը հաճախ և սխալմամբ կոչվում է նաև Ս. Սարգսի պահք: Իսկ երբ Տեառնընդառաջը այդ շաբաթ օրն է հանդիպում, այդ ժամանակ Ս. Սարգսի տոնը միանում է Ատոմյանց տոնին և փոխադրվում է հաջորդ երկուշաբթի: Այս պատահում է «Ս» տարեգրին, ինչպես որ, արդարև, պատահեց 1981 թ-ին: Տարեգիրը «Ա-Դ» եղած ժամանակ տոնվում է Հովհ. Կարապետի  տոնին հաջորդող երկութաբթի օրը, Առաջավորաց պահքից առաջ:

Շարականի մեջ Ս. Սարգիսը ունի լրիվ կանոն, որի օրհնության առաջին տունը այստեղ ենք դնում.

ՇԱՐԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ

Ամենասուրբ Երրորդության ընտրյալ և հավատարիմ ծառա,

Հաղթող սպառազինված և քաջ նահատակ,

Արագահաս Սուրբդ Սարգիսշնորհների օթևան,

Մեր անձերի համար Քրիստոսին բարեխոսիր:

 

 «Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյան

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․