Գրքեր
12 Հունիս, Գշ, Պահք Սուրբ Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր

Կոստանդիանոս կայսր 

Թերևս Քրիստոնեական Եկեղեցին քչերին է այնքան պարտական, որքան Կոստանդիանոս կայսրին: Նա էր, որ վերջապես եկեղեցին պաշտոնապես ազատեց ավելի քան 250 տարի տևած մի հալածանքից, որը նրա կայսր հռչակված տարին՝ 306 թ.-ին, կայսեր անմիջական նախորդների և մրցակիցների կողմից սաստկագույն աստիճանի էր հասել: Նա ոչ միայն եկեղեցին ազատեց հալածանքներից, այլև հովանավորեց այն, տեր և պաշտպան կանգնեց նրան և, ոչ պաշտոնապես, գրեթե պետական մակարդակի հասցրեց այն:

Անկախ Քրիստոնեական Եկեղեցուն մատուցած իր ծառայությունից, Կոստանդիանոսը նաև համարվում է անցյալի մեծագույն անձերից մեկը, որը պատմությանը նոր ընթացք տալով, Հռոմեական կայսրությունը փրկեց կործանումից, և Բյուզանդական Քրիստոնեական կայսրության հիմքերը դնելով, նրա կյանքն ավելի քան հազար տարով երկարացրեց: Կոստանդիանոսը, գրեթե ոչ մի պատերազմում, կամ ճակատամարտում պարտություն չունենալով, հանդիսանում է աշխարհի մեծ զորավարներից մեկը: Նա նաև պատմական կարող գործիչներից մեկն է, որն իր ժամանակակից ժողովրուդների կյանքը բարելավելու համար մեծ գործ է արել և շատ օրենքներ հաստատել: Նա լիովին արժանի է իր «Մեծ» տիտղոսին:

Համարվում է, որ ծնվել է 275 թ.-ին, այժմյան Հարավսլավիայի Նիշ քաղաքում: Իր հայրը՝ Կոստանդիանոսը, հետագայում կեսար հռչակված, Հռոմեական բանակի հայտնի զորավարներից էր, մայրը՝ Հեղինեն, թեև խոնարհ ծագում ուներ, բայց բացառիկ կարողությունների տեր կին էր:

Երիտասարդ տարիքում Կոստանդիանոսն ուղարկվում է այդ ժամանակների կայսր Դիոկղետիանոսի արքունիքը՝ Նիկոմիդիա, պետական վարչական գործերի մեջ վարժվելու համար և հետագայում, որպես զորավար, ուղարկվում է Դանուբի շրջանի բարբարոսներին հնազանդեցնելու: Հայրը երբ ծերացել էր, նրան իր մոտ՝ Անգլիա, է կանչում, որտեղ էլ, մեկ տարի անց, հոր մահից հետո՝ 306 թ.-ին, Անգլիայի Յորք քաղաքում, իր զինակիցները նրան կայսր են հռչակում: Որոշ ժամանակ խաղաղությամբ կառավարեց իր արևմտյան բաժինը և չխառնվեց արևելյան կայսրերի ներքին պայքարներին: Սակայն երբ Մաքսենտիոսը Հռոմում ինքն իրեն կայսր հռչակեց, Կոստանդիանոսը ստիպված եղավ նրա դեմ դուրս գալ: Ճանապարհին բռնակալի ուղարկած երկու բանակները ջախջախելով՝ մոտեցավ Հռոմին, որտեղ պիտի տեղի ունենար վճռական ճակատամարտը: Երբ մոտեցավ Հռոմին, երկնքում խաչի մշանը տեսավ և լսեց մի ձայն, որ ասում էր. «Այս նշանով պիտի հաղթես»: Անմիջապես հրամայեց, իր բոլոր դրոշների վրա դնել խաչի նշանը և քայլել դեպի Հռոմ: Քաղաքի «Միլանի կամուրջ» կոչված մուտքի մոտ երկու բանակներն իրար հանդիպեցին: Մաքսենտիոսի բանակը, հակառակ իր թվային առավելության, պարտություն կրեց և բռնակալն, ընկնելով Տիբեր գետը, խեղվեց:

Կոստանդիանոսը միայնակ տեր դարձավ կայսրության ամբողջ արևմտյան բաժնին, որտեղ վերացրեց քրիստոնյաների դեմ եղած հալածանքները: Արևելքի Լիկիանոս կայսրին իր մոտ հրավիրելով՝ քրոջը կնության տվեց և խոստացավ աջակցել նրան Մաքսիմինոս Դաժի դեմ պայքարին, որը վերջին հակառակորդը և քրիստոնեաների կատաղի թշնամին էր, որ 313 թ.-ին պարտվեց և մեռավ: Նա Լիկիանոսի հետ միասին 312թ.-ի վերջին, կամ 313թ.-ի սկզբներին, հրատարակեց «Միլանի Հրովարտակը», որով Հռոմեական ամբողջ կայսրության մեջ վերջ դրվեց քրիստոնյաների հալածանքներին: Սակայն Լիկիանոսը երկերես քաղաքականություն էր վարում և սկսեց դավադրություններ նյութել Կոստանդիանոսի դեմ: Նա չեղյալ համարեց Միլանի հրովարտակը և սկսեց հալածել քրիստոնյաներին: Կռիվն անխուսափելի էր: Բախումը տեղի ունեցավ Ադրիանապուլսի (Էտիրինե) մոտ: Լիկիանոսը, փախչելով, ամրացավ Բյուզանդիոնում: Կոստանդիանոսը նախ արևմուտքից պաշարեց քաղաքը, ապա մարտանավերով Դարդանելից մտնելով՝ հարձակման անցավ և Սկյութայի ու Քաղկեդոնի մոտ ջախջախեց նրա բանակը: Լուկիանոսը ստիպված եղավ Նիկոմիդա փախչել, բայց ի վերջո անձնատուր եղավ և այս անգամ էլ Կոստանդիանոսը մեծահոգաբար ներեց նրան: Երբ Լուկիանոսը նորից վերսկսում է իր մեքենայությունները, Հռոմի ծերակույտը նրան մահվան է դատապարտում և այսպիսով, 324 թ.-ին Կոստանդիանոսը թե՛ փաստացի և թե՛ իրավաբանորեն միահեծան կայսրն էր ծովածավալ Հռոմեական կայսրության:

Կոստանդիանոսը, կայսրությունը մեկ գավազանի տակ միացնելուց հետո, Եկեղեցու միասնությանը ձեռնամուխ եղավ: 320 թ.-ին Ալեքսանդրիայի եկեղեցիներից մեկի երեցը՝ Արիոսը (250-336թթ. ծնունդով Լիբիացի), քաջ քարոզչի և խստակենցաղ կրոնավորի մեծ հռչակ էր ձեռք բերել: Սակայն սրա հետ մեկտեղ սկսեց քարոզել Քրիստոսի բնության մասին Եկեղեցու ընդունած հավատից տարբերվող տեսություն: Նա, Քրիստոսի նախագոյությունը և գերբնական անձ լինելը ընդունելով հանդերձ, ուրանում էր Քրիստոսի ճշմարիտ Աստվածությունը: Նա ասում էր, որ Քրիստոսը «արարած» լինելու պատճառով Հորը հավիտենակից և հավասար չէ, այսինքն ստեղծվել էր Հայր Աստծո կողմից տիեզերքի արարչության համար. հետևաբար բնությամբ Աստված չէ: Օրվա Ալեքսանդրիայի պատրարքը դատապարտեց այդ, իսկ Կոստանդիանոսը, որ իր կայսրության ներսում ոչ մի բաժանում չէր ցանկանում, խնդրի հարթեցման համար իր օգնականներից Ոսիոս Եպիսկոպոսին Ալեքսանդրիա ուղարկեց, բայց պատրիարքին և երեցին հաշտեցնելն անհնար եղավ: Այսպիսի ելքից հետո, 325 թ.-ին, Կոստանդիանոսը, բոլոր եպիսկոպոսներին Նիկիա քաղաքում հավաքելով, եկեղեցական ժողով է գումարում և ինքն էլ անցնում ժողովի գլուխ: Այստեղ երկար բանավեճերից հետո վերջապես Արիոսը և իր տեսությունը դատապարտվում են և Արիոսը չզղջալով՝ աքսորվում:

Ժողովը Հոր և Որդու հարաբերությունը ճշտելու համար Արիոսի «արարած» բառի փոխարեն որդեգրեց «Ծնունդ» եզրը, որը և կարդում ենք Հավատամքի մեջ՝ «Ծնունդ և ոչ արարած», իսկ Հոր հետ Որդու նույն բնություն ունենալը բացատրելու համար ժողովը որդեգրեց «Համագոյակից» բառը, կամ Հավատամքի բառերով ասված. «Նույն Ինքը Հոր բնությունից» բացատրությունը:

Կոստանդիանոսը Նիկիո ժողովի ջերմ պաշտպանը և որոշումների կյանքի կոչողը եղավ: Սակայն տարիների ընթացքում, երբ տեսավ, որ եկեղեցու ներսում արիոսականները լուրջ ուժ են ներկայացնում, եկեղեցին միացնելու համար նրանց կողմն անցավ և հակառակորդներին աքսորեց, այդ թվում նաև Աթանասին:

Հակառակ այս ամենի, նա միշտ մնաց եկեղեցու պաշտպանը և հովանավորողը: Իր օժանդակությամբ մեծամեծ եկեղեցիներ կառուցվեցին, որոնցից գլխավորներն են Երուսաղեմի Ս. Հարության, Համբարձման և Վերնատան փառավոր տաճարները, ինչպես նաև Բեթղեհեմի Ս. Ծննդյան բազիլիկան: Քրիստոնեական հոգի մտցնելով հռոմեական օրենքի մեջ՝ բարեկարգեց այն, ինչպես, օրինակ, թեթևացրեց գերիների վիճակը և աղքատ ու լքված երեխաների համար պետական նպաստ սահմանեց, հոգևորականներին ամբողջությամբ տուրքերից ազատեց, կիրակին հանգստյան օր սահմանեց: Այսպիսով, քաղաքական և տնտեսական զարգացմանը զուգընթաց, ջանաց բարձրացնել նաև կայսրության բարոյական մակարդակը:

Թեև Կոստանդիանոսը խոսքով և գործով քրիստոնյա էր, բայց իր մկրտությունը, Քրիստոսի նման Հորդանանում մկրտվելու հույսով, հետաձգել էր, իսկ պարագաները այնպես դասավորվեցին որ նա մկրտվեց մահվան մահճում 337 թ.-ին:

Մենք նրա հիշատակը տոնում ենք Հոգեգալստյան տոնին հաջորդող երրորդ երեքշաբթի օրը, իր մայր Հեղինեի հետ:

 

Հեղինե թագուհի

Կոստանդիանոս Մեծ կայսեր մայրն է, որը Կայսեր առաջին գործակիցը և քաջալերողն էր նրա բոլոր բարեպաշտական ձեռնարկումների մեջ: Երուսաղեմում Քրիստոսի Ս. Խաչափայտի գտնելը նրան է վերագրվում: 326 թ.-ին, մի տեսիլքում վկայություն ստանալով, թագուհին մեկնել էր Երուսաղեմ և ձեռնամուխ եղել Խաչի գտնելուն: Այս առթիվ Սուրբ Քաղաքում և նրա շրջակայքում բազմաթիվ մատուռներ և նվիրյալ կույսերի համար կուսանոցներ կառուցել տվեց և աղախնու նման անձամբ էր սպասավորում: Մահացել է 330 թ.-ին:

 

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․