Գրքեր
16 Հուլիս, Բշ Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոսի և քառասունհինգ վկաների, Սուրբ կույսեր Հուստիանեի, Եվփիմեի և Քրիստինեի հիշատակության օր

Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոս

Եկեղեցական պատմության մեջ երկու մեծանուն Կիպրիանոսներ են հայտնի, մեկը, ավելի նշանավորն ու պատմականը, արևմուտքից մի աֆրիկացի է, մյուսը և առավելապես առասպելականը՝ արևելքից է: Առաջինը Արևմուտքի մեծագույն հայրերից է և ապրել է երրորդ դարի առաջին կեսերին՝ շուրջ 200-258 թթ.: Քառասունհինգ տարեկանում, հեթանոսությունից դարձի գալով, կարճ ժամանակահատվածում դառնում է իր քաղաքի՝ Կարթագենի եպիսկոպոսը, որն այժմ Թունուզի նշանավոր հին քաղաքներից մեկն է և Արևմտյան Աֆրիկայի քրիստոնեության կենտրոնը: Երկրորդը արևելյան ժողովրդական սուրբերից մեկն է, որն ապրել է երրորդ դարի վերջին կեսերին և Սիրիայում եպիսկոպոս է եղել, հստակ չէ Անտիոքում, թե մեկ այլ քաղաքում է ծառայել: Հատկապես մեզ մոտ այս երկուսին շատ են շփոթել միմյանց հետ:

Լատինները աֆրիկացի և անտիոքացի Կիպրիանոսների համար առանձին տոներ ունեն, իսկ մենք և հույները՝ ընդամենը մեկը և այն էլ առանց հստակեցնելու, թե որ մեկին է նվիրված: Հաշվի առնելով, որ մեր և հույների տոնացույցում նշված Կիպրիանոսի հետ հիշատակվում է նաև Հուստիանիա կույսը, պարզ է դառնում, որ մեր հիշատակածը արևելքի Կիպրիանոսն է, քանի որ Հուստիանիա կույսի պատմությունը կապված է Անտիոքի Կիպրիանոսի հետ: Հույներն էլ կույսին և Կիպրիանոսին միասնաբար են տոնում հոկտեմբերի 2-ին, որը համապատասխանում է մեր Հայսմավուրքին: Մեր Եկեղեցին նրանց հիշատակում է Վարդավառից հետո եկող երկրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը: Աֆրիկացի Կիպրիանոսը տոնվում է միայն լատինների կողմից, սեպտեմբերի 16-ին:

Հետևաբար, մենք պիտի ներկայացնենք արևելքի Կիպրիանոսին:

Մեր Հայսմավուրքների համաձայն Կիպրիանոսը Անտիոք քաղաքում «Հայտնի ազգից, ազնվական և մեծահարուստ մի մարդ էր, գիտակ ամեն տեսակի իմաստություններին և հմուտ մոգության մեջ»: Նույն քաղաքում ապրում էր նաև Հուստիանիա անունով մի քուրմի դուստր, որը քրիստոնյա դառնալով, կարողանում է դարձի բերել իր ծնողներին: Մի հեթանոս իշխան ցանկանում է ամուսնանալ Հուստիանիայի հետ: Վերջինս, նրան մերժելով, ասում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսի համար: Իշխանը ճարահատյալ դիմում է Կիպրիանոս մոգին և մեծ գումար է առաջարկում նրան, որ իր կախարդությամբ կարողանա Հուստիանիային իրեն միացնի: Սակայն դեպքերը այնպես են զարգանում, որ մոգն ինքն է գերվում Հուստիանիայի ցուցաբերած գերբնական զորությունից և որպես քրիստոնյա մկրտվում է ու կարճ ժամանակահատվածում եկեղեցական բոլոր աստիճաններով բարձրանալով՝ եպիսկոպոս է ձեռնադրվում և նվիրվում է քարոզչական հրաշալի առաքելությանը: «Արևելյան կողմը», տեղեկանալով նրա այս «հակապետական» գործունեության մասին, իր մոտ է բերել տալիս և ահավոր չարչարանքների է ենթարկում նրան: Կիպրիանոսը, Քրիստոսի զորությամբ, այդ ամենի միջից կենդանի է դուրս գալիս: Ի վերջո ուղարկվում է Նիկոմիդիա՝ Իզմիտ, որտեղ Դիոկղետիանոս կայսեր հրամանով գլխատվում է:

Կիպրիանոսի համբավը, իբրև հրաշագործ սրբի համբավ, գոնե մեր մեջ, հիմնվում է իր անունով հայտնի աղոթագրքի վրա, որը Երուսաղեմի գրատնից ամենաշատ սպառում ունեցող գիրքն է: Այս աղոթագիրքը սկսվում է Աստծո ավելի քան 400 անուններով, որոնք իրար հետևից թվարկվում է, որպեսզի վերջում ասվի. «Քո սուրբ և ահեղ անուններիդ զորությամբ պահապան եղիր ծառայիս»: Այս գրքույկի մեջ նաև մի գլուխ կա «Կիպրիանոս Հայրապետի դարձը» գլխագրով, որտեղ, իբր թե սուրբն ինքն իր դարձն է ներկայացնում արևելյան չափազանցություններով:

 

Քառասունհինգ վկաներ

Սրանք պատկանում էին Փոքր Հայքի Նիկոպոլիս քաղաքում Լիկիանոս կայսեր օրերին եղող «Հայկական լեգեոն» կոչվող կայսերական գնդին: Իբրև վերոհիշյալ հակաքրիստոնեական հրահանգի և հալածանքի շարունակություն, «Հայկական լեգեոն»-ն էլ քննության ենթարկվեց և գնդի թվով 43 զինվորներ արիաբար հայտարարեցին, որ քրիստոնյա են և որոշել են քրիստոնյա մնալ: Երբ հարցրեցին, թե որտեղից են, նրանց խոսնակը՝ Ղևոնդը, պատասխանեց.

- Ոմանք այս քաղաքից և ոմանք շրջակա գավառներից են, բայց բոլորիս հայրենիքը երկինքն է, որտեղ մեր երկնավոր Հայրն է և մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Նա է, որ մեզ սովորեցրեց չպաշտել կուռքերին:

Դատավորն ասաց. 

- Ձեր այդ Քրիստոսը այլևս վաղուց խաչված և մահացած է:

Ղևոնդը պատասխանեց.

- Դու միայն Նրա մահվան մասին ես լսել, այժմ սովորիր, որ հարություն առավ և այժմ էլ ողջ է երկնքում:

- Ինչպե՞ս կարող է մեկը, որ 300 տարիներ ի վեր մահացած է, ողջ լինել:

- Ճիշտ է, մեզ համար մահը հանձն առավ, որպեսզի մեզ ազատի մեր մեղքերից և կռապաշտությունից, սակայն կրկին դեպի կյանքը եկավ և հավիտյան ապրում է: Մեզ էլ սովորեցրեց, որ Իր համար մահանանք, որպեսզի մենք էլ,Նրա պես, վերակենդանանաք և հավիտյան ապրենք:

Եվ այսպիսի երկար խոսակցություն կայացավ նրանց մեջ, որի ժամանակ Ղևոնդը բացահայտեց կռապաշտության ծիծաղելի լինելը և քրիստոնեության վսեմությունը: Ի վերջո դատավորը նրանց բանտ ուղարկեց, որտեղ նրանք շարունակ աղոթում էին: Ենթարկվեցին ծանր չարչարանքների: Մի հայ կին նրանց համար ջուր էր հայթայթում: Մի օր էլ կնոջն արգելեցին ջուր տալ: Այդ ժամանակ Ղևոնդը հայերեն լեզվով ասաց կնոջը, որ առջևի պատուհանից բերի ջուրը, որպեսզի ընկերները չտկարանան և չզրկվեն մարտիրոսական փառքից: Նրանց պահապաններից երկուսը, տեսնելով նրանց քաջությունն ու լույսը, որ ծագում էր բանտի մեջ, վազեցին ներս և ասացին. «Մենք էլ ենք քրիստոնյա և ցանկանում ենք Քրիստոսի զինվորները լինել»: Այսպիսով նրանց թիվը դարձավ 45: Ի վերջո դատավորը այրելով սպանելու վճիռ արձակեց: Նախ նրանց ոտքերը ջարդեցին, որպեսզի կրակի մեջ գցելու ժամանակ չփախչեին: Երբ բոլորին կրակը նետեցին, նրանցից մեկը, որը մի հեռու անկյունում մոռացվել էր, ամբողջ ուժով բղավեց. «Ես այստեղ եմ, ես այստեղ եմ»: Նրան էլ բռնեցին և կրակը նետեցին, որտեղ բոլորը միասին Աստծո անունը օրհնելով ավանդեցին իրենց հոգիները 317 թ.-ին: Սրանց ոսկորներն էլ նետվեցին գետը, բայց Աստծո խնամակալությամբ անկորույս չմնացին և քրիստոնյաների կողմից հավաքվելով՝ թաղվեցին:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

 

Հուստիանեի կույս

Առաջին գլխի 18-րդ համարում տեսանք, որ այս կույսի վարքը սերտորեն կապված է Կիպրիանոս Եպիսկոպոսի հետ և միասին էլ տոնախմբվում են: Անվան հունական տարբերակը Հուստինա է: Նա թեև Անտիոքում կռապաշտության մեջ է մեծացել, սակայն քրիստոնյա է դարձել և իր ծնողներին էլ դարձի է բերել ու իրեն նվիրել է սովորականից վեհ սրբության կյանքի: Մի երիտասարդ սիրահարվեց նրան, բայց նրա կողմից խստագույնս մերժվեց: Երիտասարդը Կիպրիանոս մոգին դիմեց, որը իր դևերի միջոցով ապարդյուն փորձեց փոխել կույսի միտքը, սակայն նրա կախարդությունները ոչ մի ներգործություն չունեցան նրա վրա: Կիպրիանոսը տեսնելով, որ Հուստիանեն մի ավելի մեծ գերբնական ուժի տեր է, քան ինքը կարծում էր, դարձի է գալիս և մկրտվում: Երկուսը միասին Ավետարանի քարոզչությանը նվիրվեցին, չարչարանքների ենթարկվեցին, որոնցից հրաշքով ազատվեցին: Վերջ ի վերջո Նիկոմիդա ուղարկվեցին, որտեղ Դիոկղետիանոսը, շուրջ 300-ական թվականներին, հրամայեց գլխատել նրանց:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

 

Եվփիմե կույս

Եվփիմեն քաղկեդոնացի մի քրիստոնյա մեծահարուստ ընտանիքի դուստրն էր, որը մեծացել էր տարբեր տեսակի առաքինություններում: Ամբողջությամբ Աստծուն նվիրվելու համար կուսության ուխտ էր արել: Այս ընթացքում քաղաքի հեթանոսական աստվածներից մեկի պատվին մի հանդիսություն էին նախաձեռնել, որին հրավիրել էին քաղաքի ողջ բնակչությանը: Եվփիմեի բացակայությունը նկատվեց: Մարդ ուղարկեցին նրան փնտրելու և գտան այլ 49 մարդկանց հետ թաքստոցում աղոթելիս: Բոլորին հրամայվեց մասնակցել տոնակատարությանը: Բոլորն էլ ասացին, որ քրիստոնյա են, և նմանատիպ սուտ և սխալ պաշտամունքներից իսպառ հրաժարվել են: Այս խոսքի պատճառով 49 հոգին նույն տեղում սպանվեցին: Իսկ Եվփիմեն ծանր չարչարանքների ենթակվեց, որոնցից հրաշքով կենդանի մնաց: Ի վերջո գազանների մոտ նետեցին: Թեև սրանք շան պես նրա ոտքերն ու ձեռքերն էին լիզում, բայց Եվփիմեն Աստծուն աղոթեց՝ որ նախընտրում էր գազանների ժանիքներով մահանալ, քան մարդկանց չարությամբ, ուստի մի արջի կծումով հոգին ավանդեց: Գազանները չհամարձակվեցին հոշոտել սրբասնյալ մարմինը, որը քրիստոնյաների կողմից գաղտնի վերցրվեց և 303, կամ 307 թ.-ին պատվով թաղվեց:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

 

Քրիստինե կույս

Քրիստինե Կույսը Տուր քաղաքից էր, որը Արևելյան Եկեղեցիները նույնացնում են Փյունիկեի (այժմյան Լիբանան) Տյուրոս նշանավոր քաղաքի հետ և համարվում  է, որ  [Քրիստինեն] ապրել է Բ դարի սկզբներին: Իսկ Արևմտյան Եկեղեցին Տուրը համարում է Իտալիայի աննշան քաղաքներից մեկը և այս կույսի վարքը զետեղում է Դ դարի վերջերին: Երկու դեպքում էլ նրա հայրը իրենց քաղաքի կառավարիչն է, որը իր միամորիկ, դեռահաս դստերը, 10-12 տարեկանում, մի բարձր աշտարակ կառուցելով և այնտեղ համադրելով իր ոսկյա և արծաթյա կուռքերին, ընծայում է աստվածներին և իր դստերը, 12 նաժիշտներով, քրմուհի է կարգում: Քրիստինեն երկնային ներշնչանքով լուսավորված, քիչ – քիչ վերահասու է լինում կուռքերի ոչնչությանը, և Քրիստոսի մասին իր մանկության օրերին լսածները ավելի պայծառ լույսերով են ներկայանում նրան, և քրիստոնեական կրոնի ճշմարտության վերաբերյալ համոզմունք է առաջանում և ինքնաբերաբար քրիստոնյա է դառնում: Փշրում է կուռքերը և առիթը գտնելով՝ նրանց ոսկին և արծաթը վաճառելով աղքատներին է բաշխում: Հայրը տառացիորեն կատաղում է և իր աղջկան աննկարագրելի չարչարանքների է ենթարկում և բանտ է նետում այն պայմանով, որ հաջորդ օրը, եթե աղջիկը չփոխի իր միտքը և չվերադառնա հին աստվածներին, չարաչար պիտի սպանել տա նրան: Սակայն նույն գիշերը հայրը հանկարծամահ է լինում: Հաջորդ օրը դատավորը, կամ կառավարիչը, ավելի սաստիկ չարչարանքների է ենթարկում մատաղահասակ աղջկան: Երբ տեսնում է, որ նա ամուր կառչած է մնում իր կրոնից, հրամայում է սրով սպանել: Ըստ Արևմտյան ավանդության, որոշ ժամանակ անց մարմինը փոխադրվում է Սիցիլիայի Պալերմո քաղաքը, որտեղ նրա գերեզմանի վրա մի հոյակապ եկեղեցի է կառուցվում և Քրիստինե Կույսը մեծ բարեպաշտության պատճառ է դառնում:

Տոնում ենք Վարդավառին հաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

 

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․