19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր
22 Հոկտեմբեր, Բշ Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օր

Ղուկիանոս Հայրապետ

Թեև մեր տոնացույցներում և օրացույցներում գրված է «Ղունկիանոս», մինչև իսկ որոշ տեղերում՝ «Խունկիանոս», սակայն ճիշտ տարբերակը «Ղուկիանոս» է: Թեև այս անունը չի հիշատակվում Ավետարաններում, սակայն  անձը ներկա է նրա էջերում, քանզի ավանդությունը այս անունով է հայտնում այն հարյուրապետին, որը հսկեց Հիսուսի խաչելության գործողությունները:

Ղուկիանոսը ունկնդրել էր Հիսուսի բոլոր այն խոսքերը, որոնք Նա խոսել էր Խաչի ճանապարհին և խաչի վրա: Եվ եկել էր այն եզրակացության, որ Հիսուս Նազովրեցին ոչ միայն չարագործ չէր, այլև մի անսովոր մարդ էր: Հիսուսի մահվանը հաջորդող հրաշալի դեպքերը՝ արևի խավարումը, երկրաշարժը և այլն, խորապես ազդեցին այս անաչառ և անկողմնակալ մարդու վրա, որն ի վերջո ինքնաբերաբար արտասանեց. «Արդարև այս մարդը արդար էր» (Ղուկ. 23:47), կամ «Այս մարդը Աստծո Որդի էր» (Մատթ. 27:34):

Մի հին ավանդություն հաստատում է, որ այս հարյուրապետը և իր ընկերները ի վերջո քրիստոնյա դառնալով՝ մկրտվել և իրենց հայրենիք՝ Կապադովկիա էին վերադարձել, այսօրվա Կեսարիայի նահանգը, և ապա քրիստոնեական քարոզչությանն էին նվիրվել և այդ պատճառով էլ նահատակվել էին:

Յոթանասուն աշակերտներից հետո եկող բոլոր սուրբերը միասնական տոնվում են Ս. Խաչի վեցերորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

 

Հովսեփ «Աստվածահայր»

Հիսուսին հայրագրվածը և Աստվածամայր Մարիամի ամուսինը, որի նմանությամբ էլ կոչվել է «Աստվածահայր»: Հովսեփն էլ էր Դավթի ցեղից: Ավետարանը նրա «Արդար» մարդ է անվանում: Աստվածաշունչը նրան հիշատակում է, երբ արդեն նշանված էր Մարիամի հետ, բնակվում էր Նազարեթում և իր ապրուստը վաստակում էր հյուսնությամբ:

Դեռևս ամուսնացած չէին, երբ Հովսեփը տեղեկացավ, որ իր նշանածը հղի է; Հովսեփը շվարեց ու շփոթվեց և քանի որ ազնիվ մարդ էր, առանց պատճառները հրապարակելու, «որոշեց լռելյայն արձակել» իր նշանածին: Մինչ այսպես խորհում էր, Տիրոջ հրեշտակը տեսիլքով երևաց նրան և ասաց. «Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր Մարիամին, որպես քո կին, տուն տանելուց, քանզի նրա մեջ ծնվածը Ս. Հոգուց է և զավակ պիտի ունենա և նրա անունը Հիսուս պիտի դնես (որը նշանակում է ՓՐԿԻՉ), քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից»: Եվ այս ամենը կատարվում է Աստծո խոսքի համաձայն (որ ասվեց Եսայի մարգարեին) «Ահա կույսը պիտի հղանա և մի որդի պիտի ծնի, որի անունը Էմանուել պիտի դնեն» (որը թարգմանվում է «Աստված մեզ հետ»): Երբ Հովսեփը քնից արթնացավ, հրեշտակի ասածի պես արեց՝ իր մոտ առավ իր կնոջը և ավելի ամուր սիրով և հարգանքով կապվեց նրա հետ և ամեն ինչում տեր ու պաշտպան եղավ նրան, քանզի Աստծուց արժանացել էր բարձրագույն պատվին՝ «Բարձրյալի Որդու» մայր լինելու կոչմանը:

Երբ ծնվեց Հիսուսը, Հովսեփը կատարեց օրենքի բոլոր պահանջները՝ ութ օրական հասակում թլփատեց, քառասնօրյա հասակում տաճար բերեց ընծայման ու նրա փոխարեն երկու աղավնի ընծայելով տաճարին՝ հետ ստացավ նրան:

Երբ Հիսուսի կյանքի դեմ մահվան վտանգ ծառացավ, Աստծո հրեշտակի հրամանով Փոքրիկին և մորը տարավ Եգիպտոս, որտեղ մի քանի տարի մնալուց հետո, կրկին հրեշտակի հրամանով, վերադարձավ և բնակվեց Նազարեթում:

Երբ Հիսուսի տասներկու տարեկանը լրացավ, օրենքի հրամայականով նրան Երուսաղեմ տարավ: Վերադարձին, ինքը և մայրն անդրադարձան, որ Մանուկը իրենց հետ չէ, հետ վերադարձան և Հիսուսին տաճարում օրենքի վարդապետներով շրջապատված և նրանց խելացի պատասխաններ տալիս գտան. Հովսեփը տեսավ Հիսուսի մեծության արշալույսը: Այս միջադեպից հետո Հովսեփը այլևս չի հիշվում Ավետարաններում, որից եզրակացնում ենք, որ Հովսեփը մահացել է Հիսուսի հանրային գործունեություն սկսելուց շատ առաջ:

Հովսեփը մեծ անուն ունի Կաթոլիկ եկեղեցում և հռչակված է որպես նրա պահապան սուրբ: Որչափ բարձր է Հովսեփի դիրքը Կաթոլիկ եկեղեցում, այնչափ աննշան է արևելյան եկեղեցիներում և հատկապես՝ մեր: Օրինակ՝ մեր եկեղեցում չենք հիշում որևէ տաճար, որ իր անվամբ է, կամ որևէ հատուկ շարական, որ իրեն է նվիրված: Անգամ իր հիշատակության տոնախմբությունը խառնված է ուրիշ սրբերի խմբի հետ, որոնք, ըստ էության, իր հետ ոչ մի կապ չունեն՝ Ս. Խաչին հաջորդող վեցերորդ երկուշաբթի օրը:

Սակայն քչերն են հավատքի այնքան մեծ հերոսներ եղել, որքան Հովսեփը: Սրանում կարելի է համոզվել, երբ հաշվի առնենք, որ նա իմանալով, որ իր կնոջ որովայնի պտուղն իրենից չէ, հավատում է հրեշտակի հայտնությանը, որ այն Աստվածային է և շարունակում է նրա ամուսինը մնալ: Կարելի՞ է ավելի մեծ հերոսություն պատկերացնել, քան մի հրեշտակային կնոջ հետ կուսական կյանք ապրել և պարզապես նրա մշտնջենական կուսության պահապանը հանդիսանալ, որը արժանացել էր Աստվածային բարձրագույն շնորհին՝ Մայրը լինելու Նրա մարմնացած Որդու: Կարելի՞ է երևակայել ավելի մեծ պատիվ և պարտականություն, քան լինել հայր և կատարել հոր բոլոր պարտականությունները մեկի հանդեպ, որը «Բարձրյալի Որդի պիտի կոչվի»: Ինչքան էլ, որ Հիսուս բազմիցս կոչվել է «Աստծո Որդի», «Դավթի Որդի», կամ «Մարդու Որդի», նաև կոչվել է և պիտի մնա «Որդի Հովսեփի»: Սա Հովսեփի անքակտելի և հավիտենական փառքն է: Հետևաբար արդարացի է Կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հարգանքը այս արդար և խոնահ մարդու հիշատակի հանդեպ: Եվ արժանի է, որ նա պատկերվի իր Աստվածային մանուկին աշխատավորի կարճ բազուկին բարձր պահած, իսկ մյուս ձեռքում շուշան, որը իր անարատության և հոգեկան մաքրության խորհրդանիշն է:

Ոչնչով չի արդարացվում մեր Եկեղեցու անտարբերությունը այս խոնարհ աշխատավորի հանդեպ, որը որքանով որ իշխանական ծագում ունի, նույնքանով նաև ազնվական, նույնքան և ավելի ազնվական հոգու տեր է և արժանացել է «Աստվածահայր» անգերազանցելի կոչմանը:

Ս. Հովսեփը Հայսմավուրքներում ներկայացվում է, որպես ամբողջությամբ քաղցրությամբ լեցուն մի մարդ, հեզ, ողորմած, մարդասեր, ուրիշներին վշտակից և ամենաբարի բնավորությամբ օժտված:

 

Հովսեփ Արիմաթացի

Ավետարանում այս պատվական մարդու մասին ասվածները համադրելով՝ հետևյալը կունենանք. «Մի հարուստ մարդ, պարկեշտ, մի բարեգործ և արդար անձնավորություն. Հիսուսի ծածուկ աշակերտը, որը Աստծո Արքայության ակնկալությունը ուներ» (Մատթ. 27:57-61, Մարկ. 15:42-47, Ղուկ. 23:50-54, Հովհ. 19:38-42): Մեր Սուրբ Գրքի թարգմանությունում նաև «Նախարար» է կոչվում, որը այլ թարգմանություններում դարձել է «խորհրդական», «ժողովական», այսինքն հրեաների գերագույն ժողովի, սենեդրոնի անդամ: Ըստ այս սակավ տվյալների՝ Հովսեփը ներկայանում է թե՛ ունեցվածքով, թե՛ հասարակության մեջ իր դիրքով և թե՛ հոգով որպես մի ազնվական անձնավորություն; Հովսեփը առաջինն է այն սակավաթիվ «մեծահարուստ»-ներից, որոնք ծածուկ, կամ հայտնի կերպով աշակերտել են Քրիստոսին և իրենց դիրքն ու դրամն ի սպաս են դրել Քրիստոնեական դատի տարածմանը և հաջողությանը: Երբ Հովսեփն իմացավ, որ Հիսուսը արդեն մահացել էր խաչի վրա և իմանալով, որ ըստ իրենց օրենքի այդ օրը խաչի վրա չպիտի մնա, համարձակություն ունեցավ, անձամբ թաղելու համար մոտենալ Պիղատոսին և խնդրել Հիսուսի մարմինը. Պիղատոսը շնորհեց նրան իր խնդրվածքը: Հովսեփը, իր այս արարքով, արդարև հաստատեց, որ մի «բարեգործ և արդար» մարդ էր, քանզի մի անտեր մեռելի տեր կանգնել և նրան թաղելը, հրեաների մոտ, մեծագույն բարեգործություն էր համարվում: Իսկ համարձակությունը և քաջությունը արդար մարդու հատկանիշ է: Անարդար մարդը, թերևս կարող է աներես լինել, բայց ոչ քաջ ու համարձակ՝ այս բառերի ազնվական և իրական իմաստով: Հովսեփի այս արարքը է՛լ ավելի է մեծանում և արժևորվում, երբ անդրադառնում ենք, որ նա ցանկանում էր տեր կանգնել բոլորի կողմից լքված և պետության ու իր ազգի բարձրագույն իշխանությունների կողմից որպես «հանցավոր» դատապարտված մեկի մարմնին՝ նրան պատվով թաղելու համար: Հովսեփը քաջատեղյակ էր, որ իր այս արարքով առնվազն իր պաշտոնակիցների զայրույթը և թշնամանքը պիտի հրահրեր իր դեմ: Երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ Հիսուսի անարգ վախճանից հետո էլ իր հարգանքը և համակրանքը չէր դադարեցրել նրա նկատմամբ և ցանկանում էր իր բարեկամական վերջին պարտքը կատարել երիտասարդ Վարդապետի հանդեպ, դեպի Որը անկեղծ սեր և համակրանք էր տածել: Սա արդեն իսկական մեծության և ազնվական նկարագրի մի փաստ էր, որով օժտված էր Հովսեփը:

Հիսուսի համար մի պատվավոր թաղում կազմակերպելուց՝ նա հաստատում է Ավետարանի ասածը. «Սա խորհուրդներով և գործերով միաբան չէր իր պաշտոնակիցների հետ»: Որքան էլ Ավետարանիչներից մեկը նրա աշակերտությունը «ծածուկ» բնութագրի, սակայն Հովսեփի Պիղատոսին ներկայանալը և իր Վարդապետի մարմինը խնդրելը հաստատում է, որ հարկ եղած պահին չէր երկմտում բացահայտ գործել:

Ըստ երևույթին, Հովսեփը Աստծո Արքայության ավետարանիչ կամ քարոզիչ չէր, բայց այդ թագավորության երկրի վրա հաստատվելու և ինքն էլ անձամբ դրա մաս կազմելու հոգեպես ակնկալող էր: Այդ Արքայությունը ինքն իր համար գտած էր համարում գալիլեացի Վարդապետի վճիտ և հեղինակավոր քարոզչություններում, որին ցանկանում էր հավատարիմ մնալ, մինչև իսկ Քրիստոսի մահվանից հետո:

Հարստությունը և սոցիալական բարձր դիրքը հաճախ այլասերիչ մի ուժ ունի իր մեջ, առհասարակ դրան ենթարկվողը մեծամիտ, ամբարտավան, նյութապաշտ և եսակենտրոն (էգոիստ) թարախապալարի է վերածվում: Պետք է այդ ուժից ավելի մեծ զորություն ունենալ՝ դիրքը և դրամը մարդկային ազնիվ նպատակների համար ծառայեցնելու համար, ոչ թե դրանց ծառան դառնալու:

Մխիթարական է տեսնել Հովսեփի նման ազնիվ հոգիներ, որոնք չեն փչացել նյութի և փառքի այլասերիչ ազդեցության տակ: Հետաքրքրական և նույնքան սրտապնդիչ է անդրադառնալ, որ նախապես հիշված իր երկու անվանակիցներն էլ՝ Հովսեփ «Գեղեցիկ»-ը և «Աստվածահայր» Հովսեփը, հակառակ այն բանի, որ աշխարհիկ և հոգևոր բարձր պատիվների էին արժանացել, մնացել են անաղարտ:

Հովսեփ Արիմաթացին արժանացավ անփոխարինելի պատվին՝ Հիսուսի մարմինը անձամբ վայր իջեցնելու և իր ընտանիքի համար պատրաստված նոր գերեզմանի մեջ թաղելու: Այս երջանիկ և սրբազան պարտականությունը կատարելուց հետո, այլևս չի հիշատակվում Նոր Կտակարանում: Վաղ միջնադարյան մի ավանդություն նրան մինչև Անգլիա է տանում, այնտեղ Անգլիայի առաջին եկեղեցին հիմնելու համար: Նույն ավանդությունը ասում է, որ Հվսեփն իր հետ Անգլիա է տանում այն սկիհը, որը Հիսուս գործածեց վերջին ընթրիքին՝ Հաղորդության Ս. Խորհուրդը հաստատելու ժամանակ: Այս Ս. Սկիհը կորսվեց, բայց պահպանվեց ավանդությունը, ըստ որի՝ այն վերստին պիտի գտնվեր ամենաառաքինի ասպետի կողմից: Ուստի այս պատվին արժանանալու համար միջնադարյան ասպետները ջանք չեն խնայել միմյանց առաքինության մեջ գերազանցելու համար: Հովսեփի գերեզմանը մինչ օրս հայտնի է և գտնվում է Փրկչական գերեզմանի մոտ՝ մի մատուռի մեջ, որը Հայոց իրավասության տակ է: Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչի Զ կիրակիին հաջորդող երկուշաթի օրը:

Հետաքրքիր պարագա է, որ թեև Նիկոմիդոսը նույնպես Հովսեփին օգտակար եղավ Հիսուսի թաղման հարցում, սակայն նրա անունը Եկեղեցու տոնացույցում չենք գտնում:

 

Ղազարոս, Մարթա և Մարիամ

Եղբայր և քույրեր են սրանք, որոնց հանդեպ Հիսուսը հատուկ սեր և բարեկամություն է ունեցել: Ամեն անգամ, երբ Հիսուսը Երուսաղեմ էր գալիս, նրանց տանն էր գիշերում, որը գտնվում էր Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղում, Ձիթենյաց լեռան հարավ-արևելյան լանջին:

Հովհաննեսի Ավետարանում ականատեսի մանրամասնությամբ ներկայացվում են Ղազարոսի հիվանդանալը, մահը, քույրերի վիշտն ու տառապանքը և ի վերջո Հիսուսի ձեռքով նրա հարությունը (Հովհ. 11:1-44): Նրա հարությունից հետո Ղազարոսի մասին որևէ տվյալ չունենք, բացի այն փաստից, որ երբ հրեաները որոշում են Հիսուսին սպանել, նաև Ղազարոսին են ցանկանում սպանել, քանի որ նրա հարությունը մեծապես նպաստում էր Հիսուսի համբավի և ժողովրդականության տարածմանը: Սակայն Ավետարաններում ոչ մի ակնարկություն չկա այն մասին, թե Ղազարոսի վրա էլ իրականացրած լինեն իրենց որոշումը:

Եղբորից և երկու քրոջից բաղկացած այս ընտանիքի կառավարիչը հայտնապես երեց քույրն է՝ Մարթան, գործունյա, աշխատասեր և ժրաջան մի կին, որի մասին Ավետարանում հետևյալ դրվագը կա. «Մի օր Հիսուս մի գյուղ մտավ և Մարթա անունով մի կին հյուընկալեց Նրան իր տան մեջ: Մարթան մի քույր ուներ, Մարիամ անունով, որը գալով նստեց Հիսուսի ոտքերի մոտ և ունկնդրում էր նրա ասածներին: Մարթան զբաղված էր մի շարք գործերով, եկավ կանգնեց Հիսուսի մոտ և ասաց. «Տեր, չես մտահոգվում, որ քույրս ինձ մենակ է թողել, ուստի նրան ասա, որ գա և օգնի ինձ»: Հիսուսը պատասխանեց. «Մարթա դու քեզ հոգսերին ես տվել և շատ գործերով ես զբաղված, սակայն կարևորը միայն մեկ բան է՝ Աստծո Խոսքը լսելը, Մարիամը ընտրել է լավագույն բաժինը, որը երբեք իրենից չպիտի վերցրվի» (Ղուկ. 10:38-42)

Ավետարանական այս հատվածից ենթադրելով, կարելի է ասել, որ Մարթան գործունյա քրիստոնյայի տիպար է համարվել, իսկ Մարիամը Աստծո խոսքը ունկնդրող բարեպաշտ և աղոթասեր հավատացյալի տիպար:

Այս երեքի մեջ ամենաբախտավորը Մարիամը եղավ, ոչ միայն «լավագույն բաժինը» ընտրելու, այլև լավագույն ծառայությունը Քրիստոսին մատուցած լինելու համար: Իր եղբոր հարությունից հետո Մարիամը Հիսուսին թանկարժեք յուղերով օծելու երջանկություն ունեցավ: Թեև իր օծելու շարժառիթը մի երախտագիտական զգացումն էր սակայն, երբ ոմանք քննադատեցին այս ազնվական արարքը որպես «վատնում», Հիսուսը դրան ավելի բարձր նշանակություն տվեց: Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք նրան նեղում մի լավ գործ արած լինելու համար… նախօրոք մարմինս օծեց որպես պատանքվելու նշան: Ճշմարիտ եմ ասում ձեզ, աշխարհի որ անկյունում էլ որ քարոզվի այս Ավետարանը նրա արածն էլ պիտի ասվի ի հիշատակ նրան»: (Մարկ. 14:8-9):

Սխալ է Ղազարոսի քրոջը նույնացնել Մարիամ Մագդաղենացու, կամ այն անանուն մեղավորուհու հետ, որը նույնպես օծեց Հիսուսին, ինչը երբեմն փորձել են անել կաթոլիկ եկեղեցում: Այս երեքը տարբեր անձինք են:

Ավանդությունը Ղազարոսին և իր քույրերին Կիպրոս է տանում և այնտեղ վախճանված համարում: Իսկ մեկ այլ ավանդություն ասում է, որ նրանք Մարսիլիա են գնացել և այնտեղ վախճանվել: Իսկ այն գերեզմանը, որտեղից Հիսուսը դուրս կանչեց չորս օրվա մահացած Ղազարոսին, մինչ օրս համարվում է մի ստորերկրյա վայր, իր գյուղի մեջ՝ Բեթանիայում, որն այսօր իսլամական խղճուկ մի ավան է, հին և նոր մեկ-երկու փառավոր եկեղեցիներով:

Մենք նրանց հիշատակը տոնում ենք վերոհիշյալ Արիմաթացու հետ:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․