Գրքեր
24 Հունվար, Եշ Սուրբ ճգնավորներ Տրիփոնի, Պարսամի և Ոնոփրիոսի հիշատակության օր

Տրիփոն

Փռյուգացի քրիստոնյա ընտանիքի զավակ էր, ապրել է Գ դարում: Վաղ տարիքում հայրը մահացավ, բարեպաշտ մոր խնամքի տակ, բարեպաշտությամբ մեծացավ: Մատաղ տարիքից արժանացավ գերբնական շնորհների և աղոթքներով բժշկություններ էր կատարում: Դեկոս կայսեր հարուցած հալածանքների ժամանակ ձերբակալվեց և ահավոր չարչարանքների ենթակվեց, որոնց հրաշալի համբերությամբ տոկաց: Վերջ ի վերջո գլխատմամբ տիրացավ մարտիրոսության պսակին:

 

Պարսամ կամ Բարսիմեոս Եդեսիայի եպիսկոպոս

Մեր տոնացույցում ընդգրկված Պարսամ անունով մի սուրբ կա, որը, որպես ճգնավոր, ճգնավորների հետ հիշատակվում է Վարդավառից հետո հանդիպող չորրորդ հինգշաբթի օրը: Նույնն է նաև Ս. Պատարագի ընթացքում «միանձնացելոց սրբոց առաքինասեր կրոնավորաց»-ի ժամանակ նրա հիշատակությունը: Սակայն մեր Հայսմավուրքների մեջ այս անունով որևէ սրբի հիշատակության հետքի չկարողացանք հանդիպել, ոչ էլ Լատինների, կամ Հույների տոնացույցներում:  Դրա փոխարեն վերոհիշյալ բոլոր տեղերում էլ հանդիպում ենք ոմն Բարսիմեոս Եպիսկոպոսի հիշատակությունը: Հույները և Լատինները նրան տոնում են հունվարի 29-ին կամ 30-ին: Իսկ մեր Հայսմավուրքներում, ընդարձակ վարքագրությամբ, նրա հիշատակությունը նշված է դեկտեմբերի 9-ին: Այդ վկայաբանության համաձայն Բարսիմեոսը Եդեսիայի եպիսկոպոսն է և ապրում է Տրայանոս կայսեր օրոք, այսինքն Բ դարի կեսերին: Նրա կողմից դարձի բերված հեթանոսների թվի մեջ էր նաև քաղաքի քուրմը իր քրոջ հետ, որոնք ի վերջո որպես քրիստոնյա նահատակվեցին: Ինքն էլ ձերբակալվեց և ծանր չարչարանքների ենթարկվեց և արդեն մահվամբ պիտի կնքեր իր կյանքը, «երբ մեծ եպարքոսից հրովարտակ եկավ հասավ… թե կայսեր կողմից տանջանքի և բանտի մատնված քրիստոնյաներին ազատության հրաման է արձակվել»: Այս կերպ, սուրբ եպիսկոպոսը ազատվեց իր կապանքներից և «բարի վարքով ու առաքինությամբ ապրելով… խաղաղությամբ վերջացրեց իր կյանքը»:

 

Ոնոփրիոս ճգնավոր

Նա Թեբայիդի սովորական վանքերից մեկում ճգնավոր էր: Ապա անդրադառնալով, որ Եղիան և Հովհաննես Մկրտիչը ամբողջապես մենակյաց կյանք էին վարում, ինքն էլ բնակավայրերից հեռացավ և բոլորովին առանձին կյանքով ապրեց: Հայսմավուրքը ասում է, որ «60 տարի բոլորովին մարդու երես չտեսավ»:

Պափնոտիոս անունով մի այլ ճգնավոր, Ս. Հոգու ազդեցությամբ, գնաց այն լեռը, որտեղ բնակվում էր սուրբը: Գտավ նրան «ահավոր տեսլյամբ», այսինքն մերկ մարմինը վերից վար խիտ մազերով ծակված «թավագլուխ ծերունուն», որ մի ժայռի ստվերում հանգստանում էր: Մեծ տարիքի և խիստ ճգնությունների պատճառով իսպառ տկարացել էր:

- Քեզ Աստված ուղարկեց որդյակ,- ասում է ճգնավորը եկվորին և ավելացնում,- այսօր վերջանում են իմ կյանքի օրերը, մարմինս թաղիր և գնա իմ եղբայրներին ասա, որ եթե մեկը իմ հիշատակի համար խունկ ծխի, կամ նվեր տա, կամ աղքատներին իմ անունից կերակրի, ես էլ նրան Քրիստոսի առջև պիտի հիշեմ: Աստծուց իմ վերջին խնդրանքը այս է, որ ով իր աղոթքներում նաև ինձ հիշի, թող Աստծուց հիշվի և մեծ վարձ ստանա:

Այս ասելով իր հոգին ավանդեց, մոտավորապես 400-ական թվականներին:

 

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․