13 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Գրքեր
2 Սեպտեմբեր, Բշ Սուրբ Ստեփանոս Ուլնեցու և սուրբ վկաներ՝ Գոհարինեի, Ծամիդեսի, Տյուքիկոսի և Ռատիկոսի հիշատակության օր

Սուրբ Ստեփանոս Ուլնեցի ✝363

Ծնվել է Տավրոս լեռան լանջերի Կոկիսոն քաղաքում: Հայտնի են նրա հոր և մոր անունները՝ Ղազար և Մարիամ: Ստեփանոսն ուխտի զավակ է համարվում և մեծացել է իրեն կնքող քահանայի հոգածության և դաստիարակության ներքո, որի մասին պատմում են, թե «Այս պատվական քահանան ամեն օր Սբ. Պատարագ էր մատուցում և ամեն կիրակի, մյուս քրիստոնյաների հետ նաև Ստեփանոսին, Տիրոջ կենարար Մարմնի և Արյան խորհրդին էր հաղորդակցում: Եվ այսպես իմաստությամբ և Սբ. Հոգու շնորհներով մեծանում և զորանում էր պատանի Ստեփանոսը: 15 տարեկան հասակում արդեն իսկ կրթված էր աստվածային պատվիրաններով և գիտակ էր Աստվածաշնչին (Լիակատար էջ 442):

Որոշ ժամանակ հետո, երբ քահանան զգաց, որ այլևս հասել է այս աշխարհից իր մեկնելու ժամանակը, իր մոտ կանչեց Ստեփանոսին և ասաց. «Որդյակ, այլևս չափահաս ես, նախ դու ամուր մնա հավատքիդ մեջ և ապա քաջալերիր փոքրիկ հոտին, որպեսի հավատքի վերաբերյալ երկմտելով չտարակուսեն, մինչև որ Աստված նրանց մի նոր տեսուչ ուղարկի»:

Հուլիանոս կայսրը, երբ պարսիկների դեմ պատերազմի գնալու ժամանակ Կեսարիա է հասնում, հալածիչներ է ուղարկում շրջակա բնակավայրեր, որպեսզի քրիստոնյաներին վերստին կռապաշտության հրավիրեն: Նրա մարդկանցից մեկը՝ Կոկիսոնը, եկավ և ամեն կողմ սարսափ էր տարածում: Ստեփանոսը տեսնելով, որ քրիստոնյաների մեջ ահ ու դող է ընկել և վախենալով, որ ոմանք չարի խոստումներից կհրապուրվեն, կամ չարչարանքների չդիմանալով կկորցնեն իրենց հավատքը և հավիտենական կյանքը, նրանց համոզեց, քաղաքից հեռանալով լեռները բարձրանան և այնտեղ, ավելի ապահովությամբ շարունակեն քրիստոնյա մնալ: Եվ իր հետ վերցնելով իր ընտանիքն ու ընկերներին և յոթ կույսերի՝ թվով 33 հոգի, լեռը բարձրացան: Ճանապարհին նրա հայրը՝ Ղազարը, առաքինի մահվամբ մահացավ, իսկ մյուսները մի մեծ քարայրի մեջ, որի մոտ անուշահամ աղբյուր էր բխում, ապաստան գտան: Աստծուն գոհություն մատուցեցին «Եվ անդադար, Ստեփանոսի առաջնորդությամբ հոգևոր երգերով և սաղմոսներով Աստծուն էին օրհնում»: Մի հովիվ գտնելով նրանց թաքնված վայրը, նրանց մատնում է նոր եկած հալածող դատավորին, որը զինվոր ուղարկելով իր մոտ բերել տվեց: Երբ ոմանք լացում էին և տարակուսանքի մեջ էին, Ստեփանոսը նրանց քաջալերելով ասում էր. «Մի՛ վախեցեք, գնանք, մինչև հիմա միասին ապրեցինք, միասին էլ նահատակության պսակը ստանանք»:

Երբ դատավորին ներկայացան, վերջինս ասաց. «Մի կողմ դրեք ձեր համառությունը, հնազանդվեք կայսրական հրամանին և ոչ ոք ձեզ չի վնասի և ձեր քաղաքում խաղաղ պիտի ապրեք»: Սրեփանոսը բոլորի անունից ասաց, որ չեն կարող հրաժարվել իրենց կրոնից և պատրաստ են ամեն չարչարանքի և մինչև իսկ մահվան ենթարկվել:

Այդ ժամանակ դատավորը հրամայեց կանանց բանտ նետել, իսկ տղամարդկանց կապել և խիստ ծեծի և զանազան չարչարանքների ենթարկել: Այդ տանջանքների ընթացքում Բագրատ անունով մի պատանի մահացավ: Ապա բանտարկյալ կանանց էլ հրավիրեցին, որպեսզի ուրանան: Ստեփանոսի մայրը՝ Մարիամը, բոլորի առջև կանգնելով ասաց, որ պատրաստ են մահանալ հանուն երկնքի և երկրի Արարիչ իրենց Աստծո, քան թե կուռքերին երկրպագել: Այդ ժամանակ բոլորին քաղաքից դուրս հանեցին և մեկ առ մեկ գլխատեցին:

Իսկ տղամարդկանց նախ այրելու դատապարտեցին, բայց երբ տեսան, որ հուրը նրանց չի վնասում, քաղաքից դուրս հանեցին, և կանանց գլխատման վայրից ոչ հեռու, բոլորին գլխատեցին: Հայսմավուրքը մեկ առ մեկ տալիս է բոլորի անունները: Հեթանոսները տեսնելով նրանց մահը դիմավորելու արիությունը և խաղաղությունը, հավատացին և 33 նահատակների փոխարեն ավելի քան 90 նորադարձեր եղան: Մինչ այդ Հուլիանոսն արդեն սպանվել էր պարսիկների հետ մարտերի ժամանակ, իսկ նոր կայսրը վերջ տվեց հալածանքներին:

Նահատակության տեղերում երեք եկեղեցիներ կառուցվեցին, մեկը կանանց նահատակության վայրում, այսօրվա Մարաշ քաղաքից ոչ շատ հեռու: Ստեփանոսը Ուլնեցի կոչվեց պարզապես այն պատճառով, որ իր անունով կառուցված եկեղեցին այդ քաղաքի մոտ էր:

Հայսմավուրքները Ստեփանոսի և իր ընկերների նահատակությունը օգոստոսի 1-ին են նշել: Իսկ ներկայումս մենք տոնում ենք Վերափոխմանը հաջորդող երրորդ երկուշաբթի օրը:

Յուրահատուկ մանկունք շարական ունի, բաղկացած երկու պատկերից (7 տներից):

Սուրբ Ստեփանոս Ուլնեցու շարականը.

 

«Մարտիրոս և վկա Քրիստոսի, Ս. Ստեփանոս,

Որ չարչարանքները հանձն առար

և երկնայիններին դասակից եղար:

Աղաչիր Աստծուն, որ մեզ անվախճան կյանք շնորհի:

 

Անվանդ համաձայն եկեղեցու պսակը եղար,

և հետևող լույսով զարդարված ճանապարհին:

Քեզ ընկերակցող ընտրյալ սրբերին հորդորող եղար:

Աղաչիր Աստծուն, որ մեզ անվախճան կյանք շնորհի:

 

Հոգուց ընտրվեցիր եկեղեցու ուրախությունն լինելու համար,

Եվ Թորգոմի որդիներին լուսավորեցիր:

Այսօր բերկրում են հավատացյալներև

Եվ տոնում են ճգնությանդ հիշատակը:

Աղաչիր Աստծուն, որ մեզ անվախճան կյանք շնորհի:

 

 Սուրբ վկաներ՝ Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս 

Սրանք չորս եղբայրներ են: Սեբաստացի Դավիթ անունով մի հայ իշխանավորի որդիներն են, որը գերի էր ընկել և իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ իսլամ ընդունելուց հետո միայն կարողացավ ազատվել գերությունից: Սակայն Դավթի կինը ոչ միայն ինքը քրիստոնյա մնաց, այլ որպես քրիստոնյաներ մեծացրեց իր կրտսեր չորս արու զավակներին, որոնց անուններն են Գոհարինոս, Ռատիկոս, Ծամիդոս, և Տուքիկոս: Սրանք չափահաս դառնալուց հետո Սեբաստիայի բանակը մտան և համարձակորեն պաշտում էին իրենց քրիստոնեական կրոնը: Սակայն, երբ հայտնի դարձավ, որ իսլամ հոր զավակներ են, որպես իսլամությունից դարձածների ամբաստանվեցին և քաղաքի իշխանին մատնվեցի ու հարցաքննության ենթարկվեցին: Սակայն նրանց իսլամացած երեց եղբայրը՝ Արեգը, մի կերպ նրանց ազատեց: Քրիստոնյա եղբայրները սրանից գոհ չմնացին, քանզի որպես իսլամացածներ համարվեցին: Ուստի թողեցին զինվորությունը, Ռատիկոսը որպես կրոնավոր Սբ. Նշան վանքը գնաց, իսկ մյուսները շարունակեցին ազատ և համարձակ քրիստոնյա մնալ:

Նորից մատնվեցին Սեբաստիայի իշխանին և հարցաքննությունից հետո հայտնեցին իրենց քրիստոնյա լինելու մասին: Սպառնալիքները, խոստումները և խոշտանգումներն անօգուտ եղան: Ի վերջո գլխատման հրաման արձակվեց, որը գործի դրվեց 1156 թ.-ի հունվարի 28-ին: Չորս մարտիրոսների մարմիններն ու գլուխները ամփոփվեցին մի գետի եզերքին, քառակուսի կոչված ճանապարհի մոտ:

Գոհարինոսի որդին՝ Թեոդորոսը, որն արդեն չափահաս լինելով կրոնավոր էր դարձել, ամբաստանվեց իշխանի մոտ, թե հայհոյում է նրան՝ իր հոր և հորեղբայրներին սպանել տալու համար: Ձերբակալվեց և սովորության համաձայն ուրանալ առաջարկվեց, ինչը որ խստիվ մերժեց և իբրև մերժման հետևանք, ծեծի և չարչարանքների ենթարկվեց և ի վերջո բանտարկվեց: Բանտից հանելով բռնի կերպով ցանկացան մզկիթ մտցնել, չցանկացավ մտնել, սրով և գավազաններով բռնադատեցին, բայց անարդյունք, հուսահատվելով նորից բանտ նետեցին: Վերջ ի վերջո Թոտոս կոչված ուրացող դատավորին հանձնվեց, որը քաղաքի մեջ չարաչար ծեծի ենթարկելուց հետո, մարմինը կտոր-կտոր անելով սպանեց նրան իր հոր նահատակությունից 5 ամիս հետո:

Գոհարինյանները տոնախմբվում են Վերափոխման կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, Ստեփանոս Ուլնեցու հետ:

Լիակատարի մեջ թեև ցանկում համառոտակի ներկայացված է նրանց նահատակությունը, բայց որպես տոնելի չեն ներկայացվել: Իսկ մյուս երկու Հայսմավուրքներում գրեթե նույն բառերով պատմվում է նրանց մասին, Մարզվանցու մեջ հուլիսի 28-ին է նշվում, իսկ Փաշտիմալճյանի մոտ հուլիս 30-ին:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․