Գրքեր
9 Հուլիս, Եշ Սուրբ Եղիսե մարգարեի հիշատակության օր

Եղիսե մարգարե

Եղիայի վարքագրության մեջ տեսանք, թե ինչպես Եղիսեն աշակերտեց նրան: Եղիսեն Հին Կտակարանի այն բացառիկ անձն է, որին Մովսեսից հետո, ամենաշատ հրաշքներն են վերագրվում: Եղիային յոթ հրաշքներ են վերագրվում, իսկ Եղիսեին տասներեք: Արդարև Եղիայի երկինք վերանալուց առաջ Եղիսեն նրա վրա իջած հոգու կրկնակին էր ցանկացել:

Իր հրաշքներից ամենանշանավորն Նեեման Ասորիի բժշկումն է: Նեեմանը Դամասկոսի թագավորի զորավարներից էր և տառապում էր բորոտությամբ: Սա լսելով Եղիսեի հրաշագործությունների մասին կառքերով ձիերով և իրեն ուղեկցողների մի ամբոջ բանակով նրա մոտ եկավ: Մարգարեն, առանց իր բնակարանից դուրս գալու, իր աշակերտի միջոցով պատասխան ուղարկեց, որ սա գնա և յոթ անգամ լվացվի Հորդանան գետում: Նեեմանն ակնկալում էր, որ Եղիսեն մասնավոր վերաբերմունք պիտի ցույց տար իրեն, կամ առնվազն դուրս պիտի գար և ձեռք դնելով աղոթեր: Երբ իր ակնկալածի պես չեղավ, բարկացավ և ցանկանում էր հեռանալ ասելով. «Եթե մի գետի մեջ լողանալով պիտի բուժվեմ, մեր երկրում Հորդանանից ավելի մեծ և գեղեցիկ գետեր ունենք, կարող եմ դրանց մեջ լվացվել»: Սակայն նրա ընկերակիցները, նրա բարկությունը մեղմելով, ասացին. «Եթե մի ավելի դժվարին բան ասեր չպիտի՞ անեիր»: Նեեմանը զիջելով գնաց Հորդանան, լվացվեց և բուժվեց:

Շնորհակալություն հայտնելու համար վերադարձավ և ասաց. «Այժմ հասկացա, որ իսրայելացիների Աստծո պես Աստված չկա ամբողջ աշխարհում»: Եվ խնդրեց, որ չմերժի և ընդունի իր նվերը: Եղիսեն մերժեց, Նեեմանը պնդեց, բայց Եղիսեն չզիջեց: «Այդ դեպքում ինձ թույլ տվեք երկու ջորու բեռի չափ հող վերցնեմ ձեր երկրից, որովհետև սրանից հետո Եհովայից բացի այլ աստվածներ չպիտի պաշտեմ«.- ասաց զորավարը: Եվ Եղիսեն նրան խաղաղությամբ արձակեց:

Սակայն փորձիչը մտավ Եղիսեի աշակերտի՝ Գեեզիի սիրտը՝ ինչո՞ւ իր տերը այդ առիթը չօգտագործեց հարստանալու և իրեն օգնելու համար: Ուստի ինքն է որոշում օգտվել այս առիթից: Նեեմանի քարավանը հազիվ էր հեռացել, երբ հասավ նրանց հետևից և ասաց. թե վերջին պահին հյուրեր են եկել և իր տերը մի քիչ դրամի և հագուստների կարիք է զգում: Նեեմանը հաճույքով և առավելիով տվեց խնդրածները: Սակայն Գեեզին, երբ ստացվածը իր տանը տեղավորելուց հետո եկավ Եղիսեի մոտ, նա ասաց. «Քանի որ Նեեմանից նվերներ ստացար՝ նրա բորոտությունն էլ պիտի ժառանգես»: Խեղճ մարդը, երբ Եղիսեի մոտից դուրս եկավ արդեն բորոտ էր (Դ Թագ. 5-րդ գլուխ):

Թեև Եղիսեն Եղիայի աշակերտը և հետևորդն էր, սակայն նրանց կյանքերի, նկարագրի և գործելակերպերի մեջ հսկայական տարբերություններ կային: Եղիան մենակյաց էր և իր կյանքը մշտական պայքարների մեջ ապրեց, ընկրկումի և վհատության պահեր ունեցավ, մինչև իսկ Աստծուց մահ խնդրեց: Եղիսեն, ընդհակառակը, միշտ ապրեց ընկերական միջավայրում և նրա կյանքը հաղթանակների և հաջողությունների մի շարք եղավ: Սիրում էր երաժշտություն և հաճախ մարգարեանալու համար երաժշտության օժանդակության կարիքն էր զգում (Դ Թագ. 3:15):

Իր կյանքը պայքարից ավելի, բարեկարգչական և կազմակերպչական նախաձեռնություններով անց կացրեց: Պատմվում է, որ սիրիացիները պաշարել էին Եղիսեի բնակության քաղաքը: Նա, վաղ առավոտյան վեր կենալով, մտավ պաշարողների բանակի մեջ և ասաց, որ սխալ քաղաք են պաշարել և խոստացավ նրանց առաջնորդել դեպի իրենց ցանկացած քաղաքը: Մարդիկ գառների նման հետևեցին նրան: Նրանց բերեց և իր երկրի մայրաքաղաք Սամարիա մտցրեց: Մարդիկ հանկարծ անդրադարձան, որ թշնամու ձեռքն են ընկել: Սամարիայի թագավորն ասաց. «Կոտորե՛նք սրանց»: Եղիսեն ասաց. «Ո՛չ, այլ կերակրեք, հյուրասիրեք և պատվով ճանապարհեցեք»: «Դրանից հետո սիրիացի ասպատակներն այլևս չերևացին Իսրայելի սահմաների մոտ»,- եզրափակում է պատմությունը (Դ Թագ 6):

Սրան հակառակ, ներքին թշնամիները, իբրև ավելի վտանգավորներ, անընդհատ քայքայիչ քաղաքականության էին հետևում: Ուստի Եղիսեն Հեսու զորավարին թագավոր օծել տվեց, որն էլ բնաջնջեց Աքաբի կռապաշտ գերդաստանը և մեջտեղից մաքրեց Հեզաբելին, հրամայելով, նրան արքունի պատուհանից վայր նետել: Եվ երբ ամեն մարդ զբաղված էր կերուխումով և հաղթանակի տոնակատարությամբ, շները կերան ամբարիշտ թագուհու ջախջախված մարմինը:

Ինչքան որ Եղիսեի կյանքը հաջողությունների և հրաշքների մի շղթա էր, այդքանով էլ հրաշապատում եղավ նրա վերջին օրերը և մահը; Մահվան մահճում, երբ իրեն այցելել էր երկրի թագավորը, սրտապնդում էր նրան և թշնամու հանդեպ հաղթանակի ցուցումներ տալիս:

Եվ երբ մեռավ և թաղվեց, որոշ ժամանակ հետո, պատահաբար ուրիշ մեկին թաղեցին իր գերեզմանի վրա: Երբ անծանոթի մարմինը դիպավ Եղիսեի ոսկորներին, մահացածը հարություն առավ (Դ Թագ 13:14-21): Այնպես որ իզուր չէր, որ մեղմորեն քաջասիրտ այս մարգարեն Եղիայի հոգու կրկնակին էր խնդրել:

Եզիսեն ապրեց և գործեց Քրիստոսից առաջ 9-րդ դարի վերջին կեսերին:

Մեր Եկեղեցին տոնում է Հոգեգալստյանը հաջորդող հինգերորդ կիրակից հետո եկող հինգշաբթի օրը:

 

«Աստվածաշնչական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․