Գրքեր
1 Հոկտեմբեր, Եշ Սուրբ Սահակ և Համազասպ իշխանների հիշատակության օր

Սահակ և Համազասպ իշխաններ

Սրանք Արծրունյաց իշխանական տնից երկու հարազատ եղբայրներ են, որոնք ապրել և նահատակվել են Ը դարի վերջին քառորդին, երբ Հայոց աշխարհը գտնվում էր Արաբական տիրապետության տակ:

Երկուսից երեցը Համազասպն է, որը, կարելի է ասել, որ իր ժամանակակից իշխանների մեջ բարձրագույն դիրք էր զբաղեցնում: Նրանք նաև Մերուժան անունով մի չափահաս կրտսեր եղբայր ունեին: Երեքով Արծրունյաց տան, կամ Վասպուրական աշխարհի վրա տանուտերություն էին անում: Երեքն էլ, ոչ միայն քաջ և հայտնի պատերազմողներ էին, այլ նաև բարեպաշտ և իրենց կրոնին սիրով կապված իշխաններ: 785թ.-ին, օրվա ամիրապետը Հայաստանի վրա կառավարիչ նշանակեց Խազմ անունով մեկին, որը դաժան բնավորության տեր մեկն էր:

Ըստ պատշաճի հայ իշխանները «բարի գալուստի» այց կատարեցին նորանշանակ կառավարչին: Սրանց հետ նաև ներկայանում են Արծրունի երեք նախարարները՝ Վանի բերդի պահպանությունը Դավիթ Մամիկոնյանին վստահելուց հետո: Արաբ կառավարիչը նրանց ձերբակալում և բանտարկում է այն ամբաստանությամբ, ըստ որի 10 տարի առաջ արաբների դեմ կազմակերպված մի ապստամբության ժամանակ նրանք իրենց կարևոր մասնակցությունն են ունեցել: Խնդրի մասին տեղեկագրում է ամիրապետին և սպասում հրահանգի: Երեքամսյա խիստ և տանջալի բանտարկությունից հետո ամիրապետից նրանց մեջտեղից վերցնելու հրաման եկավ: Այն օրերին թեև արաբ կառավարիչների կենտրոնը Դվին քաղաքն էր հանդիսանում, բայց Հայսմավուրքները հաստատում են, որ կառավարիչը այս երեք իշխաններին իր հետ հայոց Պարտավ քաղաք էր փոխադրել տվել: Նախքան ամիրապետի հրամանների գործադրումը, կառավարիչը երեք եղբայրներին իրենց կյանքը ազատելու և պատվով իրենց երկիրը վերադառնալու համար առաջարկեց ուրանալ քրիստոնեությունը և մահմեդականություն ընդունել, այլապես սաստիկ պատիժների պիտի ենթարկեր նրանց և վերջում սպաներ:

Մերուժանը, բանտի երեքամսյա տաժանակիր կյանքը հիշելով և չարչարանքի գործիքներն ու դահիճներին տեսնելով, կռահեց գլխի գալիքը, վախեցավ և իսլամ ընդունեց ու արդարև մեծ պատվով և իշխանությամբ Վան ուղարկվեց: Սակայն Դավիթ Մամիկոնյանն, իմանալով պատահածի մասին, ընդառաջ դուրս եկավ և նախքան նրա քաղաք մտնելը, որպես ուրացողի սպանեց նրան: Խեղճը այսպես զրկվեց թե՛ երկրավոր և թե՛ երկնավոր կյանքից: Մյուս երկու եղբայրներն իրենց կրոնին հավատարիմ մնացին: Խազ կառավարիչը խնդրողական խոսքերով և խոստումներով փորձեց կոտրել նրանց հաստատակամությունը, երբ դրանք անօգուտ եղան, նրանց անասելի չարչարանքների ենթարկեց: Սակայն հոգով և մարմնով ազնվական այդ երկու իշխանները քաջությամբ տոկացին այդ ամենին, մինչև որ մահվան վճիռ արձակվեց նրանց համար: Նախ միասնաբար աղոթեցին և ապա երեց եղբայրը՝ Համազասպը, ցանկացավ մարտիրոսանալու անդրանկությունը կրտսեր եղբորը տալ՝ ասելով. «Մինչև հիմա անդրանիկը ես էի: Այժմ մարտիրոսության մեջ առաջնության պատիվը քեզ եմ տալիս, մի՛ վախեցիր, առաջ գնա և ինձնից առաջ ստացիր մարտիրոսության պսակը, և թող նախ քո նահատակությամբ Տիրոջ անունը փառավորվի»: Սահակը սիրով ընդունեց այս պատիվը, արիաբար առաջ անցավ, խաչակնքվեց և իրեն Աստծուն հանձնելով խոնարհեցրեց իր պարանոցը: Դահճի սուրն անգթորեն իջավ առաքինի իշխանի վրա:

Ապա Համազասպը իր բազուկները երկինք բարձրացնելով աղոթեց. «Գոհանում եմ Քեզնից՝ ամենակալ Աստված, որ մեզ արժանացրիր Քո անվան և փառքիդ համար մահանալուն»: Դահիճի սուրը նաև նրա պարանոցին իջավ:

Կառավարիչը նրանց մարմինները նախ փայտի վրա կախել տվեց, ապա հրամայեց այրել և փոշու վերածել, որպեսզի քրիստոնյաները նրանց ոսկորները չհավաքեն և հարգանքի առարկա չդարձնեն: Մոխիրն էլ աշխարհի չորս կողմը ցրեց:

Հավանաբար նրանք տոնելի սրբերի դասին կարգվեցին իրենց մահվանից անմիջապես հետո: Տոնացույցը հարգելով Համազասպի ցանկությունը, արդարև նրանց հիշատակության ժամանակ նախապատվությունը Սահակին է տալիս: Թեև Հայսմավուրքները նրանց մարտիրոսությունը ապրիլի 8-ին են նշում, բայց մենք տոնում ենք Վարագա Խաչին հաջորդող հինգշաբթի օրը: Իսկ ըստ ժամանակակից պատմիչների նրանք նահատակվել են Ս. Ծննդյան ութօրեքին, 785թ.-ին:

 

«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․