19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Տոներ

Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից: 

 Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:

Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:

Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:

Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:

Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:

Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:

Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:

Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:

Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:

Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:

Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,

2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,

3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,

4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),

5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:

Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:

Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:

Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:

Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:

Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:

Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:

«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:

«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:

Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:

Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:

Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:

Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Խոստացված Փրկչին ընդառաջ
Երկու հազար տարիներ շարունակ Քրիստոսին միշտ ընդառաջ գնալու պատգամին է ունկնդիր լինում յուրաքանչյուր քրիստոնյա՝ նշելով Տեառընդառաջը: Այս տոնը հայերիս համար համաժողովրդական է: Տոնի պատմությանը անդրադառնալով՝ իմանում ենք, որ քսան դար առաջ այն կարգվեց Սբ. Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին: Չորս ավետարանիչներից միայն Ղուկասն .....
Անվանակոչություն
Սուրբ Ծննդյան ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: Հրեաների մոտ սովորություն էր արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլփատել տալ, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի և աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև անվանակոչությունը: Հրեական օրենքի .....
Սուրբ Ծննդյան ութօրէքը
Հունվարի 6-ից 13-ը Սուրբ Ծննդյան օրեր են: Յուրաքանչյուր օր ունի իր խորհուրդը և պատճառները: Սուրբ Կյուրեղ Հայրապետը ութ օր կարգադրեց տոնել Սուրբ Ծննդյան տոնը՝ յոթ օր ըստ արարչագործության օրերի և մեկ օր որպես օրինակ հանդերձյալ օրվա: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առաջին օրը պատկերն է արարչության առաջին օրվա: Այս օրը տոնում ենք Աստծո Ծնունդը Սուրբ Կույս Մարիամից և Նրա Մկրտությունը, որն եղավ 30 տարի հետո նույն օրը, ինչ Ծնունդը՝ հունվարի .....
Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն. սկիզբը և հիմքը բոլոր տոների
Մեծ է աստվածպաշտության Խորհուրդը Աստված մարմնով հայտնվեց… Ա Տիմոթեոս 3:16 Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված Լույսով: Հունվարի վեց՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն. աշխարհի բյուրավոր ծնունդների մեջ միակ Սուրբ Ծնունդը՝ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Երկու հազար և ավել տարիներ ողջ աշխարհին ավետվում է Քրիստոսի .....
Ճրագալույց
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ .....
Սուրբ Ստեփանոս Նախավկա
Սուրբ Ստեփանոսը բոլոր մարտիրոսներից անդրանիկն է, Քրիստոսի համար նահատակված առաջին նախասարկավագը, որ իր արյունը թափեց Քրիստոսի սիրո համար: Նա առաջին դարում առաքյալների կողմից ընտրված յոթ սարկավագներից մեկն էր: Սարկավագները Քրիստոնեական Եկեղեցու առաջին սպասավորներն էին: Նրանք հասարակաց սեղանները սպասավորելու, աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու պարտականություններն ունեին: Այստեղից էլ բխում է «սարկավագ» բառի ստուգաբանությունը, .....
Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետ. հոգեշահ քարոզիչը
Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը Ընդհանրական եկեղեցու սիրված սրբերից է: Նա իր երկրային կյանքը նվիրեց Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքի քարզչությանը, ապրեց սրբությամբ և միշտ հավատարիմ ու հաստատուն մնաց Տիրոջ պատգամներին: Մեծանուն հայրապետը ծնվել է Մծբին քաղաքում (այժմյան Թուրքիայի և Պարսկաստանի սահմանագծին): Նա մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին է: Ըստ վկայաբանության՝ Հայոց Խոսրով Ա Մեծ (211-259) թագավորի սպանությունից .....
Բոլոր սրբերի տոնը
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսական կյանքի մեջ հատուկ հիշատակության և տոնախմբման են արժանացել սրբերը: Հատուկ տնօրինություններով մասնավոր օրեր է սահմանված սրբերի հիշատակը ոգեկոչելու համար: Քրիստոնեական կրոնը կյանք է, ապրելու և գործելու եղանակ է: Չկա ավելի ազդեցիկ միջոց դաստիարակության ու կրթության, քան կյանքի օրինակը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երեքամյա քարոզչության ընթացքում մարդկանց հետ խոսեց առակներով, մարդկային ամենօրյա .....
Տասներկու տիեզերական վարդապետներ
Տասներկու տիեզերական սուրբ վարդապետներն այն սրբակենցաղ աստվածաբան հայրերն են՝ ապրած մինչև 5-րդ դարը ներառյալ, որոնց աստվածաբանական հայացքների վրա է գլխավորապես հիմնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց աշխատություններում տվել են եկեղեցուն հուզող գլխավոր աստվածաբանական հարցերի պատասխանները: Ռեթեոս և Դիոնիսիոս Արիսպագացի: Ռեթեոսի մասին տեղեկությունները շատ սակավ են: Նա համարվում է Դիոնիսիոս Արիսպագացու .....
Չորս ավետարանիչներ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին, հիշատակում է Խաչի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը: Ավետարանիչները Նոր Կտակարանի առաջին չորս գրքերի՝ Ավետարանների հեղինակներն են: Ավետարաններում ավետվում է Քրիստոսի գալստյան և հաղթանակի բարի լուրը: Սուրբ Մատթեոս ավետարանիչը ծնվել է Կափառնայում քաղաքում, որը գտնվում է Տիբերիա լճի հյուսիսային կողմում: Նրա անունը նշանակում է Աստծո .....
Սուրբ Թարգմանիչներ. հայ ժողովրդի հոգևոր վերածնության ռահվիրաները
Սուրբ Թարգմանիչներ. Մեսրոպ, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի, Ներսես Կլայեցի: Նրանք Հայ եկեղեցու անդաստանի ամենահարազատ ու հավատավոր մշակներն են: Սուրբ Թարգմանիչներ են կոչում Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջին աշակերտներին և հետագայի այն սրբակենցաղ հոգևոր գործիչներին, ովքեր փայլել են գրական վաստակով: Նրանք, իրենց անմահ գործով, գրերի գյուտով և Աստվածաշունչ Մատյանի թարգմանությամբ, հանդիսացան հայ ժողովրդի հոգևոր .....
Ս. Կոզմա և Ս. Դամիանոս երկվորյակ եղբայրները բժշկում էին ի փառս Աստծո
Անթիմոս, Ղևոնդիոս, Եվպրեպիոս, Կոզմա և Դամիանոս. հինգ եղբայրներ էին Արաբիայից, որոնք ապրել են 3-րդ դարի վերջում: Նրանց խնամել և դաստիարակել է առաքինի և քրիստոնյա մայրը՝ Թեոդոտիան (Աստվածապարգև): Ամուսնու մահից հետո նա ջանադրորեն ծառայել է Աստծուն՝ ապրելով աստվածահաճո կյանքով: Թեոդոտիան այնպիսին էր, ինչպիսին այն այրին, ում գովաբանում է Ս. Պողոս առաքյալը. «Իսկական այրին նա է, ով ոչ ոք չունի, իր հույսը դրել է միայն Աստծո վրա և գիշեր-ցերեկ իր .....
Տառապանքների բովից համբերությամբ վերածնված երանելին
Աստվածաշնչյան մեծագույն անձերից Հոբն ապրել է Ք. ա. 2000, 1500 տարիներ առաջ Միջին Արևելյան Հուս երկրում: Նա աստվածավախ, առաքինի, արդար և բարեսիրտ մարդ էր։ Ուներ 7 տղա և 3 դուստր: Նա, ըստ իր զավակների թվի, Աստծուն հաճախակի զոհ էր մատուցում՝ ասելով. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծո մասին»: Հոբը բավականին հարուստ էր, ուներ ծառաներ, բազմաթիվ հոտեր: Նրա տան դռները բաց էին յուրաքանչյուրի համար: Հոբը կերակրում էր որբերին և մխիթարում .....
Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի հիշատակության օր
Եզեկիելը Երուսաղեմի տաճարի ղևտացի քահանաներից էր և Աստվածաշնչյան գիրք ունեցող չորս գլխավոր մարգարեներից մեկը: Նա ժամանակակիցն է Երեմիա մարգարեի: Ապրել է Ք. ա. 6-րդ դարում: Երբ 597թ-ին (Ք. ա.) Երուսաղեմի արքա Հովաքինը հազարավոր հրեաների հետ գերեվարվում է Բաբելոն, այդ գերիների թվում է լինում նաև Եզեկիելը: Իր մարգարեական կոչումը ստանում է 30 տարեկան հասակում՝ Բաբելոնում: Եզեկիելը մարգարեանում է և նախազգուշացումներ անում ինչպես Բաբելոն գերի տարված .....
Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու տոնը
Սբ. Աստվածամոր երկու զգեստներից բացի, որ նրա կտակի համաձայն տրվեցին իր հետ ապրող երկու կանանց, գոյություն ուներ նաև մի գոտի: Ըստ ավանդության՝ այդ գոտին նրա կողմից տրվել էր Թովմաս առաքյալին և այդպես փոխանցվել հավատացյալից հավատացյալ: Վերջիններս այդ սրբությունները մեծ երկյուղածությամբ էին պահպանում և այդպիսով սերնդեսերունդ փոխանցում, որոնցով բազում հրաշքներ էին գործվում: Հետագայում՝ 5-րդ դարում, Արկադեոս կայսեր օրոք (395-408) Երուսաղեմում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․