19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Տոներ

Տոները միշտ էլ գոյություն են ունեցել: Պատմության հնագույն ժամանակաշրջանից մինչև մեր օրերը տոնախմբությունները առանձնակի տեղ են գրավել մարդկային կյանքում: Տոն նշանակում է հանգիստ ու ազատ օր: Հանգիստ՝ առօրյա զբաղմունքներից, աշխատանքից. ազատ օր՝ ծառայելու և նվիրվելու համար օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոնական պաշտամունքին: Տոն բառը հին հայկական ծագում ունի: Ըստ Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարան»-ի՝ այն ծագում է հնդեվրոպական նախալեզվի dapni ձևից, որ նշանակում է «զոհ»: Հետագայում այն դարձավ tafn (=Տաւն=Տոն), որի իմաստն է «զոհի անասուն, զոհ, ողջակեզ», իսկ լատիներենում՝ daps, dapes, այսինքն «աստվածներին նվիրված զոհ, նվիրական խնջույք»,dapino՝ «առատ խնջույք տալ» և այլն: Այս բոլորը գալիս են հնդեվրոպական նախալեզվի dap, dep՝ «բաժանել, բաշխել» արմատից: 

 Քրիստոնյաների հոգևոր կյանքի անբաժան մաս են կազմում եկեղեցական տոները, որոնցում արտահայտվում է նրանց հավատը, աստվածաճանաչողությունը և աստվածապաշտությունը: Տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար համընդհանուր ուրախության և պայծառության օր է: Այդ օրերին ուրախանում և փառաբանում ենք Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար: Տոն օրերին եկեղեցում կատարվող արարողություններն ուղեկցվում են հոգեզմայլ շարականների երգեցողությամբ ու աղոթքներով: Այդ օրերին եկեղեցին արտաքնապես է՛լ ավելի է զարդարվում, որը խորհրդանշում է մեր ներքին հոգևոր ուրախությունը և Աստծո սուրբ փառքը:Եկեղեցական տոները ավետարանական պատմության, հիշարժան որևէ իրադարձության կամ սրբերի, նահատակների հիշատակի ոգեկոչմանն են նվիրված: Եկեղեցին իր տոների միջոցով մեզ պատմում է Հիսուս Քրիստոսի, Սուրբ Մարիամ Աստվածածնի, սրբերի կյանքի և նահատակության մասին:

Յուրաքանչյուր տոն ունի իր խորհուրդը, իմաստն ու նշանակությունը, պատգամը և ավանդությունը: Դրանք աստվածադիր են և Սուրբգրային ակունքներ ունեն:

Տոները կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար:

Սկզբնական շրջանում տոները և պահոց օրերը սահմանել են առաքյալները, իսկ հետագայում եկեղեցու սուրբ հայրապետները նոր տոներ ու պահքեր են ավելացրել: Աշխարհի բոլոր կողմերում, ուր քարոզվեց Ավետարանը, կառուցվեցին նորանոր եկեղեցիներ, և ամենուր հաստատվեցին առաքյալների ու հայրապետների կողմից սահմանված տերունական տոները: Այդպես եղավ և Հայաստանում. երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ելավ Վիրապից և կենարար Ավետարանի խոսքով լուսավորեց Հայաստան աշխարհը, դրա հետ միասին հաստատեց նաև տերունական տոները:

Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբերի հիշատակություններ և պահքի օրեր:

Հայ եկեղեցին տերունական տոներ անվան տակ ընդգրկում է այն տոները, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Սուրբ Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու: Այստեղից էլ՝ Տերունի օրերը կազմվել են տոների չորս խմբից. Տնօրինական, Աստվածամոր, Խաչի և Եկեղեցու:

Տնօրինական տոների մեջ են մտնում Ավետումը, Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը, Պայծառակերպությունը, Ծաղկազարդը, Վերջին ընթրիքը, Խաչելությունը, Հարությունը՝ Զատիկը, Համբարձումը և Հոգեգալուստը:

Աստվածամոր տոներն են՝ Սբ. Աստվածածնի՝ Աննայից հղացումը, Սուրբ Աստվածածնի ծնունդը, Սուրբ Աստվածածնի ընծայումը տաճարին, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, Աստվածամոր վերափոխումը, Սուրբ Աստվածածնի գոտու գյուտը, Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը:

Խաչի տոներն են՝ Սուրբ Խաչի երևումը, Խաչի գյուտը, Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչը:

Սուրբ Եկեղեցուն նվիրված տոներն են՝ Նոր կիրակի, Աշխարհամատրան կիրակի, Հիշատակ հին տապանակի և նոր Եկեղեցու, Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը, Տոն Շողակաթի:

Սուրբ Խաչի և Սուրբ եկեղեցու տոները տերունի տոն են համարվում, քանի որ Խաչը, լինելով գործիք, իսկ եկեղեցին՝ փրկագործության արդյունք, երկուսն էլ քրիստոնյաների հոգու մեջ նորոգում են տերունական սուրբ հիշատակներ:

Ըստ Առաքելական կանոնի՝ տերունի տոն է նաև տարվա յուրաքանչյուր կիրակի օրը, որը նվիրված է Հիսուսի հարությանը, այդ պատճառով պետք է ամեն կիրակի մատուցել Սուրբ Պատարագ: Այդ օրը, որպես եկեղեցական տոն, մշտապես համարվել է հանգստյան օր:

Տերունական տոներից հինգը կոչվում են տաղավար տոներ: Այս տոները հայ եկեղեցու ավագագույն տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Սուրբ Հարություն (Սուրբ Զատիկ), Պայծառակերպություն, Սուրբ Աստվածածնի վերափոխումը, Խաչվերաց: Ըստ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի՝ «տաղավար տոներ» անվանումը հատուկ է միայն Հայ եկեղեցուն, և այդ տոները Հին Ուխտի Տաղավարահարաց տոնի օրինակով են այդպես կոչվում: Տաղավարահարաց տոնը մեկ շաբաթ էր տևում, մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքին բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներում: Այս նմանությամբ էլ Հայ եկեղեցում մեկից ավելի օրեր տևող և մեծ տոները կոչվեցին «տաղավարահարաց տոներ», որը հետագայում առաջին բառի մասնակի սղման պատճառով ստացավ «տաղավար տոներ» ձևը: Տաղավար տոներն ունեն հետևյալ առանձնահատկությունները.

1. Բոլոր տոներն ունեն երկար կամ կարճ պահքի շրջան,

2. Տոնի նախօրյակին երբեմն կատարվում է նավակատիք և նախատոնակ,

3. Տոնի նախօրյակի գիշերը՝ հսկում,

4. Տոնի հաջորդ օրը ննջեցյալների հիշատակի օր է (մեռելոց),

5. Տևողությունը՝ երեք և ավելի օրերի սահմաններում:

Այս տոները տոնվում են կիրակի օրը, բացառությամբ Աստվածհայտնության տոնից:

Սուրբ մարտիրոսների հիշատակին նվիրված օրերին հիշատակվում են սուրբ և առաքինի քրիստոնեական կյանքով ապրած մարդկանց անունները: Սրբերի հիշատակին նվիրված օրերը սահմանված են տոնելու հալածանքների ժամանակ նահատակված քրիստոնյաների հոգևոր արիության հիշատակը, ովքեր նեղությունների օրերին եղան Քրիստոսի վկաները: Սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա Խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Եկեղեցական օրացույցում նշված են մինչև 15-րդ դարի սրբերը, իսկ հետագա դարերում ապրած սրբերի հիշատակը նշելու համար եկեղեցին սահմանել է «Ամենայն սրբոց տոն»-ը, որի ժամանակ հիշատակվում են բոլոր հին ու նոր, հայտնի ու անհայտ սրբերը: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սրբերի և Հայ եկեղեցու սրբերի տոներ:

Պահքի օրերը սահմանված են ապաշխարության համար: Ըստ եկեղեցու կանոնի՝ տարվա օրերի գրեթե կեսը պահքի օրեր են: Պահքերը լինում են երեք տեսակ՝ օրապահք, շաբաթապահք և հատուկ պահքեր: Այդ օրերին զղջումով փրկություն ենք հայցում Աստծուց մեր անձերի, ողջերի և ննջեցյալների համար:

Պահքի օրերին, մարմինը զերծ պահելով զգայական ու ֆիզիկական հաճույքներից, ձգտում ենք կրոնական մտորումներով ու պաշտամունքով զորացնել մեր հոգևոր կյանքը:

Տերունական տոներին նախորդող երեկոյան կատարվում է նախատոնակ, որը տոնի նախապատրաստությունն է: Այն հանդիսավոր արարողություն է և կատարվում է եկեղեցու ատյանում: Երգվում է «Օրհնություն» շարականը, որն ուղեկցվում է խնկարկությամբ:

Նավակատիքը նոր տան, հիմնարկության, շինության բացման արարողությունն է, ինչպես նաև թագադրության, պսակադրության տարեդարձների առիթներով կատարվող հանդիսությունը: Նավակատիք բառը օտար ծագում ունի: Այն պահլավերեն է, պարսկերենից փոխանցվել է հայերեն լեզվին: Կազմված է «նավա» և «կատիք» բառերից: «Նավ» պահլավերեն և պարսկերեն նշանակում է նոր, իսկ «կատ» զենդերեն՝ տուն, այսինքն՝ նոր տուն, նորաստեղծ շինություն, նոր կերտված հաստատություն: Այն թարգմանվում է նորոգման և փրկության կամ ուրախության տոն:

«Նավակատիք եկեղեցու». Արարողություն է նվիրված նորակառույց եկեղեցու նախորդ օրվա օծմանը: Նավակատիք կարելի է համարել նաև եկեղեցու Սուրբ Խորանի նվիրագործումը, սրբազան մասունքների զետեղումը, խաչերի և եկեղեցական սպասքի օրհնությունը: Նավակատիք է համարվում նաև եկեղեցու անվանակոչության օրը՝ որպես հանդիսավոր օր:

«Նավակատիք» բառը եկեղեցական օրացույցներում օգտագործվում է նաև եկեղեցական Տաղավար տոների պահքերի համար:

Նավակատիքի օրերը ո՛չ ուտիքի օրեր են, և ո՛չ էլ ամբողջապես պահքի օրեր, այլ գտնվում են այս երկուսի միջակայքում: Այդ օրը թույլատրելի է գործածել ձկնեղեն և կաթնեղեն:

Հայ եկեղեցու տոները ժամանակային առումով լինում են շարժական և անշարժ: Անշարժ տոները անփոփոխ են, ամեն տարի միևնույն օրն է նշվում՝ անկախ նրանից, թե շաբաթվա որ օրն է: Իսկ շարժական տոները նշվում են տարբեր օրերի և հիմնականում կապված են Հարության տոնի՝ Զատկի և դրա փոփոխությունների հետ:

Տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է:

Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ: Այն կազմված է ըստ հռոմեական օրացույցի:

Տոնացույցը Հայ եկեղեցի առաջին անգամ ներմուծեցին Սուրբ Սահակ Պարթևը (387-436թթ.) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-439թթ.): Հետագայում Հայ եկեղեցու հայրերն աստիճանաբար այն բարենորոգեցին:

1774թ-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի (1763-1780թթ.) բարեփոխած Տոնացույցը Հայ եկեղեցին կիրառում է մինչև այժմ: Սրա հիման վրա են կառուցվում հայ եկեղեցական օրացույցները:

Կայքի «Տոներ» բաժինը կոչված է հայ քրիստոնյային հաղորդ դարձնելու եկեղեցական տոներին, արարողություններին ու դրանց խորհրդին: Տոներին ծանոթանալով և մասնակից լինելով՝ յուրաքանչյուրի սրտում և հոգում զորանում է հավատքի լույսը, սերը դեպի Սուրբ եկեղեցին և մեր սրբազան արժեքները:

Տոները հոգևոր խորհրդածությունների առիթ են. մեր սրտում փրկության հույսն են նորոգում՝ դարերով կրթելով և ձևավորելով հայ քրիստոնյայի դիմագիծն ու հոգևոր աշխարհը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

«Բարով եկար ա՜յ Զատիկ, դու մի հատ ես ա՜յ Զատիկ»
Սբ. Զատկի տոնին նվիրված բազում ժողովրդական սովորություններ կան: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթ երեկոյան՝ ճրագալույցին, եկեղեցում կատարվում էր Պատարագ՝ նվիրված Քրիստոսի Հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Յուրաքանչյուրը մոմ էր վառում և ճաշակում իր հետ վերցրած ձուն, դրանով իսկ, հրաժեշտ տալով պահքին: Պասը լուծելու արարողությունը կոչվում .....
Զատկական ձու. կյանքի և հարության խորհրդանիշ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ավանդույթներից է Սբ. Զատկի նախօրեին ձու ներկելը: Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի ու կյանքի խորհրդանիշ: Բոլոր կրոնների մեջ ձուն կարևոր տեղ էր գրավում. մինչև իսկ հին հռոմեացիները և հույները ձու էին նվիրում իրենց աստվածներին՝ սրբվելու և մաքրվելու համար: Կրոնների մեջ ձուն համարվում էր նաև հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը: Զատկական .....
Ավետիս բոլորիս՝ մահը մեռավ, Կյանքը հարյավ
Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով: Հին Զատիկ Զատիկը .....
Երանելի թագավոր Սուրբ Աբգարը
Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում: Աբգար թագավորը ժամանակակիցն է եղել Հիսուս Քրիստոսի: Նրա թագավորության առաջին տարում .....
Նիկիայի Ա տիեզերական ժողովը
Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն .....
Քրիստոսի նախածնողները՝ Հովակիմ և Աննա
Հովակիմն ու Աննան Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնողներն են: Քանի որ նրանց մասին Նոր Կտակարանում գրված չէ, ուստի նրանց մասին տեղեկություններ գիտենք եկեղեցու սրբազան ավանդությունից, որը հիմնականում ներկայացված է «Հակոբոսի նախավետարան» կոչվող պարականոն գրվածքում: Հովակիմը Դավթի ցեղից բարեպաշտ և մեծահարուստ մարդ էր, իսկ Աննան՝ քահանայական տնից, համեստ ու երկյուղած կին: Այս երկու արդար հոգիները բարեպաշտ, արդար, աստվածավախ ամուսիններ էին, .....
Յուղաբեր կանայք
Հուդայի մատնությունից հետո աշակերտները թողեցին Քրիստոսին ու փախան: Պետրոս առաքյալը Քրիստոսին հետևեց մինչև քահանայապետի տան գավիթը, ուր երեք անգամ ուրացավ Քրիստոսին: Իսկ հետո ողջ ժողովուրդը, Պիղատոսին բարձր աղաղակելով, պահանջում էր՝ սպանի՛ր նրան, խա՛չը հանիր նրան: Ապա Գողգոթա բլրի վրա խաչի առջևից անցնողները, նայելով Քրիստոսին, նախատում էին ու ծաղրում Նրան: Խաչի մոտ էին միայն Աստվածամայրը, սիրելի առաքյալ Հովհաննեսը և կանայք, ովքեր առաքյալների .....
Շողակաթի տոն
Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես .....
Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովը և նեստորականության դատապարտումը
Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական ժողովները: Կոչվում են տիեզերական, քանի որ մասնակցել են տիեզերական կամ ընդհանրական եկեղեցու ներկայացուցիչները: Հայ եկեղեցին ընդունում է միայն Նիկիայի (325թ.), Կ. Պոլսի (381թ.) և Եփեսոսի (431թ.) տիեզերական ժողովները, և դավանում միայն նրանց որոշումներն ու վարդապետական բանաձևումները: Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովի տոնակատարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում .....
Սուրբ Մովսես Գ Տաթևացի հայրապետը
Խավար դարեր Հայոց կաթողիկոսական աթոռը Սիսից Սուրբ Էջմիածին փոխադրվելուց հետո, Հայ եկեղեցում ակնկալված փայլուն շրջանը չսկսվեց: Մի շարք աթոռամոլ եկեղեցականներ սկսեցին իրար ձեռքից խլել կաթողիկոսական աթոռը՝ անազնիվ միջոցների դիմելով: Մեր սրբությունները ոտնակոխ եղան տիրապետող այլազգի իշխանների աչքի առջև: Ժողովուրդն էլ բարի հովիվ չունենալով հեռացավ Աստծո օրենքներից: 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբին հայ ժողովրդի կրոնաբարոյական անկումը .....
Ճշմարտության նահատակը
«Ահա ես կուղարկեմ իմ պատգամավորին քո առջևից, որ քո առաջ ճանապարհը պատրաստի» (Մատթեոս 11:10): Նա առաքվեց քարոզելու և ճանապարհ պատրաստելու Քրիստոսի գալստյան համար: «Եվ ինչպես երկրի թագավորի ժամանման առթիվ հարթեցնում են ճանապարհները, զարդարում քաղաքը, նույնպես էլ մենք պարտավոր ենք խոստովանությամբ և ապաշխարությամբ մեր միտքն ու զգայարանները մեղքերի մացառուտներից մաքրելուց, հոգին աղոթքներով ու պահքով զուգելուց հետո միայն ընդառաջ .....
Երանելի Սուրբ Ոսկյանք
Քրիստոնեության լույսը առաջին դարում, շնորհիվ առաջին Լուսավորիչների՝ Սբ. Թադեոսի և Սբ. Բարդուղիմեոսի, հետզհետե ծավալվում էր Հայաստանի բոլոր կողմերում: Նոր հավատքը աստիճանաբար արմատավորվում էր մարդկանց սրտերում: Սբ. Թադեոս առաքյալի սերմանած սերմերը իրենց պտուղը տվեցին. դարձի եկան Ոսկյանք: Ազգային ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի ազնվատոհմ անձեր և կայսերական պալատի արքունի պաշտոնյաներ էին: Թվով հինգ այս պատգամաբերները Հռոմի կայսեր .....
Սուրբ Սոփիան և նրա երեք դուստրերը` Պիստիսը, Ելպիսը և Ագապիսը
Երկրորդ դարում, Ադրիանոս կայսեր (118-138թթ.) օրոք, Հռոմում ապրում էր Սոփիա (Սոփիա հունարեն նշանակում է իմաստություն) անունով բարեպաշտ մի կին, ազնվական ընտանիքից: Նա քրիստոնյա էր և իր անվան համապատասխան էլ ապրում էր խոհեմաբար, այն խորիմաստությամբ, որ գովաբանում էր Հակոբոս առաքյալը՝ ասելով. «Մինչդեռ երկնային իմաստություն ունեցող մարդը նախ մաքուր է լինում, ապա նաև խաղաղարար, ազնիվ, բարյացակամ, ողորմածությամբ և բարի գործերով արդյունավոր, անկողմնակալ .....
Տասներկու մարգարեներն Աստծո կենդանի ձայնն են
 Տասներկու մարգարեներն են՝ Օսէէ, Ամովս, Միքիա, Հովել, Աբդիու, Նավում, Ամբակում, Հովնան, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա: Օսէէով սկսում է տասներկու «Փոքր կոչվող մարգարեների» շարքը: Օսէէ մարգարեն ապրել ու մարգարեացել է Ք.ա.8-րդ դարում: Նրա գրքից, որ բաղկացած է 14 գլուխներից, իմանում ենք որոշ տեղեկություններ իր մասին, քանի որ մարգարեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Այս մարգարեն Աստծո հրամանով պոռնիկ կին է առնում` ցույց տալու, որ Իսրայելն .....
Ալեքսանդրիայի եկեղեցու հայրապետները՝ Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ
Սբ. Աթանաս. ուղղափառության սյունը (296-373) Սբ. Աթանաս Ալեքսանդրացին Քրիստոնեական եկեղեցու նշանավոր եպիսկոպոսներից և Հայ եկեղեցու տասներկու տիեզերական վարդապետներից մեկն է: Եգիպտացի քրիստոնյա բարեպաշտ ընտանիքի զավակ էր, ծնվել է Ալեքսանդրիայում 296թ-ին: Փոքր տարիքից քրիստոնեական դաստիարակություն է ստացել: Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը, մի օր տեսնելով փոքրիկ Աթանասին ծովեզրում կանգնած, որը եպիսկոպոսի նման մկրտություն և ձեռնադրություն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․