Աշխարհսիրության և արծաթսիրության մասին



Գրքեր

Աշխարհսիրության և արծաթսիրության մասին

Տիրոջ ողորմածությամբ մեր նախածնողների՝ Ադամի և Եվայի համար, դրախտից դուրս կյանքը մի նոր հնարավորության՝ կորցրածը վերագտնելու սկիզբը դրեց: Կորցրածն ոչ մի համեմատության եզր չուներ այն ամենի հետ, ինչ իրենք ունեցան մեղքի արդյունքում: Եթե այսօրվա մարդու պատկերացումներում աղոտ է դրախտային երանելի կյանքը, ապա կարելի է պատկերացնել, թե նրանք ինչ ապրումներ ունեին դրախտից դուրս: Այսուհետ աշխարհում լինելով, նրանք պետք է աշխարհից հեռվանային, որ մոտենային Աստծուն: Ճիշտ է, աշխարհն Աստված է ստեղծել, բայց աշխարհսիրությունը հեռվացնում է մարդուն Աստծուց: Օգոստինոս Երանելին աշխարհում ապրողներին համարում է ոչ թե այդ երկրի քաղաքացիներ, այլ պանդուխտներ, քանի որ այս աշխարհը պանդխտություն է և ճանապարհ՝ անցնելու այլ կյանք: Այդ պատճառով էլ Երանելին նշում է, որ աշխարհի սերը և Աստծո սերը չեն կարող համատեղ բնակվել մի սրտում, ինչպես որ նույն աչքերը չեն կարող միաժամանակ նայել երկինք ու երկիր: Իսկ Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ հնարավոր չէ միաժամանակ սիրել թե՛ հոգին, թե՛ հարստությունը և օրինակ է բերում Աբրահամ նահապետին, ով, թողնելով իր երկիրը, շտապեց Աստծո խոսքը կատարել: Եվ քանի որ նահապետը ստրկացած չէր երկրայինին, Տերը նրան երկրայինն էլ շնորհեց: Այդ պատճառով է Քրիստոս ասում. «Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթեոս 6:33):

Իսկ ի՞նչ է նշանակում ապրել աշխարհում և միաժամանակ հեռու մնալ նրանից: Եկեղեցու հայրերից Սբ. Իսահակ Ասորին դա բացատրում է այսպես, այսինքն՝ միտքը չզբաղեցնել աշխարհով: Իսկ Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է, որ եթե մեկը, Արքայությունը փնտրելով, թողնում և ետ է դառնում դեպի աշխարհի սերը, կործանվում է, ինչպես Ղովտի կինը, թեև դուրս եկավ Սոդոմից, սակայն, ետ շրջվելով, աղի արձան դարձավ և կործանվեց:

Աշխարհսիրություն և արծաթսիրություն. մեղքեր, որ, իրենց ցանցը գցելով, շատերին կործանեցին. 12 առաքյալներից Հուդա Իսկարիովտացին, արծաթսիրության մեղքի ճիրանում առաքյալից վերածվեց դավաճանի՝ իր կյանքն ավարտելով ինքնասպանությամբ: Մամոնան՝ հարստությունը, լիովին հակառակ է Քրիստոսին: Քրիստոսն ասում է. «Տո՛ւր կարիքավորներին», իսկ մամոնան՝ «Խլի՛ր կարիքավորից»:

Արծաթ սիրողը հույսը կտրում է Աստծուց, հեռվանում է Նրա սիրուց և խնամքից, այնինչ սաղմոսերգուն հիշեցնում է յուրաքանչյուրին. «Քո հոգսը Տիրոջ վրա դիր, և Նա կխնամի Քեզ» (Սաղմոս 55:22):

Ահա այն մեղքերի շարքը, որ, ըստ եկեղեցու հայրերի, ծնվում են հարստությունից՝ հպարտություն, սնապարծություն, որովայնամոլություն, վավաշոտություն և ամեն տեսակի շքեղություն: Սբ. Հովհան Ոսկեբերանն ամենահարուստ մարդուն համարում է նրան, ով հաղթել է հարստասիրության մոլությունը, ապա նաև նշում է. «Արհամարհիր հարստությունը և կլինես հարուստ, արհամարհիր փառքը և կփառավորվես, արհամարհիր թշնամուն վրեժխնդիր լինելը և վրեժդ կլուծվի, արհամարհիր հանգիստը և կստանաս այն, որպեսզի ստանալով, չստանաս որպես ստրուկ, այլ որպես տեր» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

 

Մեր տերը՝ Հիսուս Քրիստոս, չմերժեց դրամը, Նա Պետրոս առաքյալին ասաց, որ վճարի հարկը, իսկ փարիսեցիներին զարմացրեց հետևյալ խոսքով՝ Աստծունը տվեք Աստծուն, իսկ կայսրինը՝ կայսրին (Մատթեոս 22:21):

Առաջին դարում ձևավորված առաջին քրիստոնեական համայնքը մեկ սիրտ և մեկ հոգի էր, որևէ մեկն իր ինչքերի համար չէր ասում, թե իրենն են, այլ ամեն ինչ ընդհանուր էր նրանց միջև: Նրանց մեջ ոչ մեկը մի բանի կարոտ չէր, որովհետև արտ կամ տուն ունեցողները վաճառում էին դրանք և ծախվածի դրամը հանձնում էին առաքյալներին: Այս ժամանակ ագահության և արծաթսիրության մեղքերի մեջ Անանիա և Սափիրա անուններով

ամուսիններն իրենց վաճառված կալվածքի գումարի մի մասը թաքցրեցին և ստեցին Պետրոս առաքյալին: Արդյունքում նրանք երկուսն էլ մահացան (Գործք Առաքելոց 5:1-10):

Սբ. Հակոբոս առաքյալն իր ընդհանրական նամակում հարուստներին անդրադառնում է հետևյալ խոսքերով. «Լսեցե՛ք ինձ, հարուստներ, լացե՛ք ու դառնորեն ողբացեք, որովհետև ձեր հարստությունը փտություն է, ձեր հագուստները՝ ցեցերի կեր: Ձեր արծաթն ու ոսկին ժանգոտ են, և նրանց ժանգը ձեր դեմ վկայություն կլինի ու կրակի պես կլափի ձեր մարմինները, քանի որ իր վախճանին մոտեցող այս աշխարհում դուք միայն ա՛յս գանձերը դիզեցիք» (Հակոբոս 5:1-4): Առաջին հայացքից թվում է, թե առաքյալը բացասաբար է վերաբերվում հարստությանը, բայց շարունակության մեջ տեսնում ենք, որ նա նկատի ունի ոչ թե գումարը, այլ նրա հանդեպ վերաբերմունքը՝ «Ահավասի՛կ, ձեր արտերում աշխատող բանվորների վարձը, որ ձեզ մոտ պահեցիք՝ զրկելով նրանց, բարձրաձայն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին» (Հակոբոս 5:4):

Իհարկե, միշտ եղել են, կան և կլինեն այնպիսի մարդկանց օրինակներ, որ կարողացել են իրենց հարստությունը գործածել թե՛ իրենց և թե՛ հօգուտ ուրիշների: Գուցե և այս մարդկանց թիվը քիչ է, քան նրանցը, ում վնասել է հարստությունը, հակառակ դեպքում մենք կապրեինք ամբողջովին այլ հասարակությունում: Բոլորիս հայտնի է, որ հարստությանը տիրապետելը դա բարոյական մի փորձություն է, որի միջով քչերն են կարողանում անցնել: Սակայն Աստծո օգնությամբ հաղթահարվում են բազմաթիվ, ինչպես նաև այս մեղքի պատնեշը և այդ ուղիներից մեկը մահվան ու ահավոր դատաստանի մասին մտածումն է: Այդ իսկ պատճառով Սբ. Սարգիս Շնորհալին հորդորում և աղաչում է. «Սիրելիներ, վախենանք և զարհուրենք, միգուցե աստվածպաշտության կերպարանքով մեռնենք և ամեն չարիքների արմատը՝ արծաթսիրությունը, մեր հետ թաղենք: Սաստիկ երկյուղ և ահավոր տագնապ է սպասվում մեզ, որովհետև քրիստոնյա լինելով հանդերձ, ոչ որպես քրիստոնյա կամ կրոնավոր գերեզմանից հարություն պիտի առնենք և Դատավորի առջև պիտի կանգնենք, այլ որպես կռապաշտ»:

Կարինե Սուգիկյան

Աշխարհսիրության և արծաթսիրության մասին
1. Մի վայելիր աշխարհի հաճույքները, այլապես կմեռնես անարգ մահով (Անտոն Անապատական): 2. Ատիր ամենայն աշխարհայինը և հեռացրու դրանք քեզանից, հակառակ դեպքում դրանք կհեռացնեն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․