Գրքեր

Որկրամոլություն և պահք

Այս խրատաշարում արծարծված են յոթ մահացու մեղքերից մեկի՝ որկրամոլության և այն հաղթահարելու միջոցներից՝ չափավորության, պահքի և աղոթքի մասին: Որկրամոլությունը մարմնի բնական պահանջից ավելի ուտելու ունակությունն է: Այն կատարյալ չարիք է և բազում մեղքերի պատճառ: Վնասակար է մարմնի, մտքի և հոգու առողջության համար: Որկրամոլն անհագ ուտելու պատճառով ինքն իրեն գլորում է հոգեկան և մարմնական հիվանդության անդունդը (Ծննդոց 25. 29-34; Եբրայեցիներ 12.16):

Որկրամոլություն են թե՛ շատակերությունը և թե՛ այնպիսի քչակերությունը, որ կատարվում է չափազանց մեծ հաճույքով ու հափշտակությամբ: «Նրանց վախճանը կորուստ է, որովհետև նրանց Աստվածը իրենց փորն է» (Փիլիպպեցիներ 3.19):

Այս մեղքի պատճառով մարդը զրկվեց աստվածային փառքից: Չարը Եվային նախ ասաց. «Երբ ուտես պտղից, կաստվածանաս» (Ծննդոց 3.4-5): Աստվածանալու միտքը նախամորը հպարտացրեց, առիթը պատրաստ էր, և չարը նրա մտքում լիուլի սերմանեց որկրամոլության և ագահության սերմեր: Մեր նախածնողները ճաշակեցին կարծեցյալ «քաղցր» պտուղները, որոնց դառը հետևանքները առ այսօր ճաշակում են մարդիկ:

Իսկ Հիսուս Քրիստոս պատգամում է աշխատել ոչ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է դեպի հավիտենական կյանք (Հովհաննես 6.27): Եվ փորձելով մարդուն ազատել այս մտահոգություններից՝ ասում է. «Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ: Այլ դուք հետամուտ եղեք Աստծո Արքայությանը, և այդ ամենը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12.29-31):

Եկեղեցու հայրերը դարեր շարունակ Աստծո բուժիչ ու քավիչ զորությամբ դարմաններ են պատրաստել: Որկրամոլության դարմանը և բուժիչ առաքինությունը ժուժկալությունն է՝ չափավորությունը, որ դրսևորվում է պահքով:

Ըստ Վարդան Այգեկցու՝ միայն Աստծուն է հայտնի այն մեծությունն ու շահը, որ պահքից լինելու էր մարդուն: Այդ պատճառով առաջին պատվիրանը ուղղված առաջին մարդուն կապված էր պահքի հետ. «Մի՛ ճաշակիր ծառի պտղից» (Ծննդոց 2.17): Բայց Ադամը չհավատաց Աստծո պատվիրանին, որովհետև չգիտեր, թե որքան բարի բան է պահքը, և ճաշակելով պտուղը՝ արտաքսվեց կենաց դրախտից: Այս պատճառով էլ աստվածային գրքերով հրամայվեց պահք պահել, երկնքի երանություն մտնելու համար, որից զրկվեց Ադամը կերակուրի պատճառով:

Եկեղեցու հայրերը Սուրբ Հոգով սահմանեցին եկեղեցու կանոնական պահեցողություններ և որպես ժառանգություն մեզ թողեցին մի շարք հոգեշահ խրատներ: Ըստ նրանց՝ պահքը պիտի լինի միայն Աստծո փառքի համար և անընդունելի է համարվում այն պահքը, օրինակ, երբ ժլատը պահում է, որ դրամը չծախսվի, կեղծավորը պահում է, որ գովեստներ ընդունի, տկարը պահում է, որ մարմինը չվտանգվի, աղքատը պահում է, որովհետև կերակուր չունի: Քանի որ պահքը հոգու սնունդ է և հարստություն, մեղքի սանձահարում, ոչ միայն օգտակար է հոգուն, այլ նաև՝ մարմնին:

Ուրեմն՝ մարդ պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլև մեղքի ամեն պատճառից: Երբ մարմինը պահեցողությամբ տկարանում է, հոգին է զորանում՝ ըստ Պողոս առաքյալի խոսքերի. «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթացիներ 12.10):

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հայրերի վարքից
1. Հայր Պախոմի մասին ասում էին, որ մի անգամ երբ մի մահացածի դի էին տանում, ճանապարհին նրանց հանդիպելով, հայր Պախոմը տեսավ երկու հրեշտակների, որոնք ուղեկցում էին մահացածին, .....
Որկրամոլության և պահքի մասին
1. Պահեցողությունը պետք է զգուշությամբ գործել, քանի որ սատանան կարող է կորստի մատնել թե պահեցողությունը, թե պահողին՝ մղելով նրան անպարկեշտ բամբասանքների գիրկը, ինքն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․