1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

«12 քայլ» ծրագիրն արդեն իրականություն է Երևանում

Հոկտեմբերի 12-13-ը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում տեղի ունեցավ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի սեմինարը, որը վարեց Ռոստով քաղաքից ժամանած նախկին թմրամոլ Վլադիմիր Զուրնաջին: Մինչ սեմինարը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին՝ երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի ներկայացուցիչներին, և սեմինարի մասնակիցներին, ովքեր ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից և Աբխազիայից:

«Ողջունելի է երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի գործունեությունը, որ «12 քայլ» ծրագրի միջոցով նպատակ ունի յուրաքանչյուր անդամի քաջալերելու, որ կարիք չկա թաքնվել խնդիրը լուծելու դժվարություններից, այլ անհրաժեշտ է Աստծո օգնությանն ապավինելով՝ քայլ առ քայլ գտնել խնդրի լուծման ելքերը: Արտերկրում գործող խմբերի փորձառությունը ցույց է տալիս, որ «12 քայլ» ծրագրի միջոցով նվազում է ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը»,- ասաց Տեր Գրիգորը:

Տարբեր երկրներից ժամանած նախկին թմրամոլները մեծ սիրով պատրաստ էին իրենց փորձառությունը ներկայացնել երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի անդամներին: Սեմինարի առաջին օրը քննարկվեց «Նորեկը անանուն թմրամոլների խմբում» թեման, թե ինչու է նորեկը խմբի ամենակարևոր անդամը, ինչպիսին պետք է լինի նորեկի հանդեպ վերաբերմունքը, ինչ կերպերով կարելի է օգնել նրան: Սեմինարի մասնակիցներից յուրաքանչյուրն իր պատմությունը ներկայացրեց: «Մեր ցանկությունն է, որ թմրադեղից կախվածություն ունեցողները հնարավորինս շուտ ազատվեն այդ հիվանդությունից: Այսօր Երևանում ենք, քանի որ մեզ էլ ժամանակին՝ որպես նորեկների, ձեռք են մեկնել և օգնել: Նորեկին օգնելով՝ մենք մեզ ենք օգնում և մաքուր մնում: Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն ունեմ որևէ մեկին օգնելու»,- ասաց մասնակիցներից մեկը: Իսկ մեկ ուրիշ մասնակից կարևորեց նորեկի հանդեպ մեծ ուշադրությունը՝ նշելով, որ ինքը «Անանուն թմրամոլներ» խմբում իրեն երբեք մենակ չի զգացել, այսօր էլ նույն կերպ է վարվում և վստահ է՝ տալով է, որ հնարավոր է ստանալ:

Սեմինարի երկրորդ օրը քննարկվեց, թե ինչպես պետք է վարել «Անանուն թմրամոլներ» խումբը, որպեսզի այն վստահություն ներշնչի նորեկին և օգնի նրան:

Նշենք, որ երևանյան «Անանուն թմրամոլներ» խումբն արդեն երկու ամիս է, ինչ գործում է՝ իրագործելով «12 քայլ» ծրագիրը: Խումբն ամսվա ընթացքում երեք փակ և մեկ բաց խումբ է ունենում:

Ողջ աշխարհում բավականին արդյունավետ է գործում քրիստոնեական սկզբունքների վրա հիմնված «12 քայլ» ծրագիրը, որ կազմել են բուժման ելքեր փնտրող մի քանի ալկոհոլամոլներ ԱՄՆ-ում 1935թ-ին: Ծրագիրը նպաստում է անձի ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության ձևավորմանը:

 

Կարինե Սուգիկյան

13.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․