Գրքեր

Ա Պետրոս 1.5-10

5. Որ զօրութեամբն Աստուծոյ պահեալ էիք հաւատովք ի պատրաստեալ փրկութիւնն, յայտնեալ ի յետին ժամանակս:

ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում:

6. Որով ուրա՛խ լինիջիք, որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս:

Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմում եք,

7. Զի հանդէսն ձերոց հաւատոցն առաւել քան զոսկի կորստական պատուական է, որ հրով փորձեալ գտաւ ի գովութիւն և ի փառս և ի պատիւ ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի:

որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի,

8. Զոր ոչն տեսէք՝ և սիրեցէք, ընդ որ այժմ ոչ հայեցեալք, բայց հաւատացէք. և ուրախ էք անճառ և փառաւորեալ խնդութեամբն:

որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝

9. Ընկալեալ զկատարումն հաւատոցն ձերոց զոգւոցն փրկութիւն:

ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը:

Ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում, որով ուրախանում եք:

Երբ ցույց տվեց, թե ինչպես է պահվում երկնքում և ըստ հավուր պատշաճի պատմեց դրա գեղեցկության մասին, նրանց մեջ բոցավառեց բաղձանքը և նրանց հայացքները սիրով ուղղեց դեպի անճառելի կյանքը: Ապա սկսում է նրանց առջև դնել առավել մեծ պատիվը, որպեսզի իրենց փրկությունը փոքր գործ չհամարեն, այլ՝ Աստծու զորությանն արժանի: Եվ ոչ էլ անցավոր կենցաղի նման կամ փոփոխական որևէ բան համարեն իրենց աշխարհ գալը, այլ Աստծու նախախնամություն, որ իրենց ընտրեց նախքան աշխարհի արարումը, որպեսզի սուրբ և անարատ լինեն (Եփես. 1:4) և նրանց պահեց պատշաճ ժամանակի համար, այսինքն՝ Քրիստոսի աշխարհ գալու ժամանակի: Ուստի և ինքն ի սկզբանե պատրաստել էր աշխարհի փրկությունը, որով փրկվեց տիեզերքը, և որ այս պատրաստված փրկությունը Սիմեոն ծերունին տեսնելով՝ գոչեց առ Աստված՝ ասելով. «Աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ. 2:30-31): Արդ, ոչ թե մի ազգ, ասում է, կամ մի ժողովուրդ վայելեցին եկած-հասած փրկությունը, այլ՝ բոլոր ազգերն ու բոլոր լեզուները, հույներն ու բարբարոսները, իմաստուններն ու անմիտները: Քանզի ինքն իսկ էր հոգևոր գարունը և արդարության Արեգակը, որ առաքինության ծաղիկ ու բույս ընձյուղեց, մարդատունկ բուրաստանն ու ջրերի ծփանքն առավել զվարճալի ու անուշահոտ դարձրեց: Եվ արեգակնակերպ լինելով, երկնքի ու երկրի միջև գտնվելով՝ անստվեր օր հաստատեց և բոլորի հոգիները ջերմացրեց Աստծու և Հոր սիրով, նրա, ով իր աստվածային զորությամբ նրանց պահել էր պատրաստված փրկության համար, ինչպես որ ասում է. Ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար:

Եվ սա է իմաստը, թե այն զորությունը, որ հիմնեց հաստատուն հիմքով և սալահատակ լայնատարած գետնով ծովի մակերևույթի վրա, երկինքը կախեց իբրև կամար, ամեն ինչ անէությունից էության կոչեց և ամեն ինչ եղավ նրա խոսքի զորությամբ, նույն զորությամբ էլ դուք, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում:

Վերջին ժամանակն այն է, ինչ Պողոսը «վերջին օրեր» և «ժամանակների լրում» է ասում. «Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը… և որ իր խոսքի զորությամբ հաստատ է պահում տիեզերքը» (Եբր. 1:2-3) և նորից. «Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղատ. 4:4-5):

Տեսնո՞ւմ ես հայտնության օրինակը և թե ինչպես հայտնվեց: Արդ, ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր լինել հայտնության, եթե ոչ մեր փրկությունն ու ազատությունը, որդեգրությունն ու Աստծու հետ միավորությունը: Եվ ինչո՞ւ վերջին ժամանակներում, այլ ոչ թե սկզբում կամ մարդկության գոյության միջին շրջանում, քանի որ դեռևս չէին դաստիարակվել և կրթվել իմաստությամբ, այլ անվարժ ավանակի և անսանձ ձիու պես անանցանելի ճանապարհով էին գնում և ինչպես հոտ, որը հովիվ չունի, այսուայնկողմ էին ցրվել և անբանությամբ բազում մեղքեր էին իրենց վրա կուտակում: Եվ որպեսզի այնպիսի ժամանակ չգա, որ արհամարհվի տնօրինության մեծագույն խորհուրդը՝ մարդկանց՝ նրան չլսելու պատճառով, դրա համար նախապես օրենքը տվեց, մարգարեներին ուղարկեց, արդարների դասը հանեց, որպեսզի նրանցով գոնե փոքր-ինչ խրատվեին իրենց ամբարտավանությունից և դաստիարակվեին անզգամությունից ու սթափվեին խելագարությունից և իրենք իրենց ճանաչեին, որ մարդ են: Նաև հեթանոսական բազմաթիվ ազգերի միջից հանեց իմաստուններ և օրենսգետներ, որ թեև ճշմարտությունը չիմացան, սակայն մարդկանց վայրենի բարքն ու անմտությունը բազում ձևերով ցույց տվեցին և արդարացիորեն իմաստացան և իմանալի դատաստան տեսան։ Եվ բազմաթիվ այլ միջոցներով հասկացան, որ մարդ են՝ իմաստուն և բանական, այլ ոչ թե վայրենի ու անընտել գազան։

Եվ ասում է. ուրախանում եք դրանով դուք։ Այս ասելով՝ լուծարում է առաջին տրտմությունը, որ մեղքի պատճառով էր, և որ օրենքը, թանձր ամպի պես գլուխներից կախված, նսեմացնում էր մարդկանց հոգիները։ Արդ, ասում է, այս ժամանակը, որի համար պահված էիք՝ պատրաստվելու ձեր փրկությանը, ուրախանալու և ցնծալու ժամանակ է, այլ ոչ թե սգի և տրտմության։ Քանզի, ինչպես օրինակ, առաջին ժամանակը, որ լցված էր մեղքերի զանազան դառնություններով և կռապաշտության խավարով, տրտմության, ողբի, անտանելի սգի ժամանակներ էին, որովհետև խավարեցնող էին և մահաբեր։ Նմանապես նաև այս վերջին ժամանակները, երբ գայթակղությունները վերացան և հակառակորդները հետ քաշվեցին Քրիստոսի գալստյամբ, լույս եղավ, կենդանություն, փրկություն և նմանատիպ բազում բարի բաներ, ապա հարկ է, որ ուրախանաք։ Ուստի ով է, որ իմանալով՝ անցնելու է տրտմալի գիշերը և առավոտվա հետ երևալու է արեգակը, չի ուրախանա։ Այս ուրախության մասին առավել մարնամասն նաև Պողոսն է խոսում՝ ասելով. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք։ Թող ձեր խնդությունը հայտնի լինի բոլորին» (Փիլիպ. 4:4-5)։ Խոսքը կրկնելով հավաստիությունն է ցույց տալիս, քանզի երկու մարդկանց վկայությունը, ըստ օրենքի, հավաստի է, իսկ ձեր խնդությունը, ասում է, որ Քրիստոսի գալստյամբ և ձեր փրկությամբ է, թող հայտնի լինի բոլոր մարդկանց։

Որ այժմ դեպքերի բերումով, այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք։ Արդ, քանի որ պատրաստվում էր սրա մասին խոսել, ապա նախ և առաջ պատվիրում է նրանց ուրախ լինել և մի կողմ թողնել ամեն տեսակի տրտմություն, որովհետև բոլոր փորձությունները տրտմեցնող են և ծանր, հատկապես, եթե հարատև փորձությունները հաճախակի ներգործում են սրտի վրա և մշտապես հոգուն վշտացնում, ապա առավել սգի են արժանի։ Ահա նկատի ունենալով այսպիսի փորձությունները, որ Աստծու համար են, թեթևացնում է և փոքր ու աննշան բան ցույց տալիս։

Որ այժմ, ասում է, դեպքերի բերումով այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք։

Կարծում եմ դեպքերի բերումով ասելով նկատի ունի աստվածպաշտությունը, որի պատճառով նրանք վշտանում էին և երանության արժանի դառնում, ինչպես որ Տերն ասաց. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է» (Մատթ. 5։11-12)։

Տեսնո՞ւմ ես, թե որոնք են ուրախության պատճառները. հանուն Քրիստոսի փորձության մեջ լինելը և վշտերին համբերելն արդարև ուրախություն է և մեծ ցնծություն, քանզի բարիքների պատճառ են և բազում բարիքների ու վարձքի հատուցման պատճառ։ Այս փորձությունների ուրախության մասին նաև աստվածընկալ Հակոբոսը մեծ գովասանքով ասաց. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբ. 1:2)։ Ոչ թե մի տեսակի ուրախություն է ասում, այլ՝ ամենայն ուրախությամբ ուրախանալ թվացյալ տրտմությունների մեջ լինելով, քանզի ով է, որ տուն կառուցելով կամ այգի տնկելով՝ չարությամբ է լցվում վաստակի հանդեպ, թեև մեծ է ջանքը և քրտինքը ու շատ աշխատանքով լի, սակայն առջևում ունենալով տան մեջ հանգիստ գտնելու ակնկալիքը և պտղի վայելումը՝ չի դադարում աշխատելուց, մինչև որ, ըստ օրենքի, ամեն ինչ ավարտին չհասցնի։

Հետևաբար, եթե երկնավորների հանդեպ, որ անցավոր է. տունը և մնացած բաները, այսպիսի ջանք են պահանջում, ապա որքան առավել ջանք պետք է գործադրեն նրանք, ովքեր ճգնում են Քրիստոս Աստծու, Երկնքի արքայության և անճառելի բարիքների համար, որոնք երբեք չեն անցնելու։ Արդ, նրանք, ովքեր այսպիսի բաների են սպասում և հանգստյան ու Քրիստոսի թագավորության ակնկալիքն ունեն, ապա հարկ է, որ Քրիստոսի հետ փորձության ենթարկվեն, Քրիստոսի հետ չարչարվեն և Քրիստոսի հետ մեռնեն ու թեթև համարեն այժմյան չարչարանքները, ինչպես որ Պողոսն է ասում, գալիք հատուցման համեմատ, և ապա հաղորդակից լինել Քրիստոսի փառքին։ Եվ նորից Առաքյալն ասում է. «Եթե Քրիստոսի չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռոմ. 8։17)։ Հետևաբար ասում է. որ այժմ դեպքերի բերումով, այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք։

Այլ և այլ ասելով՝ ցանկացավ ցույց տալ փորձությունների զանազանությունը և սրանով առավել ևս է պատվում և գովում դրանց, քանզի փորձությունները զանազազն են ու շատ, իսկ տրտմությունը՝ փոքր-ինչ և չնչին։ Ուստի սա կատարյալ այրերին է հատուկ և կատարյալ համբերության մեջ առաջադիմածներին, որովհետև սա դրսևորվում է սաստիկ նեղությունների ժամանակ, երբ մարդիկ կապված են մարմնով, և ուժասպառ ընկած, սակայն իրենց բնական կարողություններից առավել զգաստություն են ցուցաբերում վշտերի մեջ: Այս վշտերի մասին տեղեկացնում է նաև երանելի Հակոբոսը՝ գովաբանությամբ ասելով. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբ. 1:12):

Որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին: Հերթականությամբ թվարկելով՝ դրանց գովքն է անում ոչ թե բոլորի մասին ընդհանուր ասելով, այլ մանրամասն յուրաքանչյուրի մասին հայտնելով, որպեսզի նրանց մտքերը կենտրոնացնի այն բանի վրա, որ փորձությունների ժամանակ չվարանեն: Այդ պատճառով էլ ասում է. որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին:

Ձեր հավատի փորձը. կարծում եմ զանազան փորձություններն է այդպես կոչում, քանզի հավատքի համար ենթարկվեցին այդ չարչարանքներին՝ կապանքների, բանտի և նմանատիպ այլ փորձությունների: Արդ, այս ասպարեզը, ասում է, եթե համեմատվի կորստյան ենթակա ոսկու հետ, բազմապատիկ ավելի պատվական կլինի, քան այն: Ուստի ո՞ր ոսկին կամ ո՞ր արծաթը և կամ ո՞ր պատվական ու պայծառ քարերը կարող են հավասարվել այն փորձությունների հետ, որ Աստծու համար են, նույնիսկ երկինքն իր լուսատուներով և երկիրն իր ողջ էությամբ երբեք չեն կարող հասնել այն փառքին, որ հավատքի աստվածպաշտության համար են չարչարվում, մինչև անգամ հրեշտակների պատվից է առավել այս պատիվը: Ուստի և կարծում եմ, որ եթե հրեշտակների անմարմին բնությունների համար հնարավոր լիներ և կարողություն՝ մարմին առնել, ճգնավորության հանդեսի մեջ մտնել և մահանալ հանուն Քրիստոսի, ապա դա ավելի մեծ պարծանք և պատիվ կհամարեին իրենց համար, քան հրեշտակների պատիվն է: Հետևաբար, սա նկատի ունենալով՝ ասաց. որպեսզի ձեր հավատքի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին:

Կորստյան ենթակա ոսկի ասելով՝ ցույց է տալիս նրա խաբուսիկ էությունը, որ առերևույթ է միայն և խաբեությամբ ու պատրանքով է գրավում, և գեղեցկությամբ իր մոտ է ձգում մարդկանց, իբրև մնայուն բան, սակայն կորստյան է տանում նրանց, ինչպես որ ինքն էլ անցավոր է: Իսկ փորձությունները, որ հավատքի համար են, թեև կործանարար են թվում սաստիկ վշտերի և նեղությունների պատճառով, սակայն հավիտենական կենդանության պատճառ են, որի մասին ասաց նաև Հակոբոսը. «Ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում» (Հակ. 1:3):

Որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի: Սա առավել մեծ գովության է արժանի, քան առաջինը, որովհետև, եթե առաջինը համեմատվում է անցավոր ոսկու հետ, ապա սա՝ Հիսուս Քրիստոսի հայտնության: Քանզի, ասում է, ինչպես ոսկին անխնամ մնալով և ժանգոտվելով՝ առաջին պատվականությունից վերածվում է տգեղության, իսկ հրի և բոցի միջոցով փորձվելով՝ ժանգը վերանում է և նորից առաջին գեղեցկությունը վերագտնում: Այդպես է նաև ձեր հավատքը, որ նեղությունների և չարչարանքների միջոցով ինչպես կրակով փորձված, դառնա գովքի, փառքի և պատվի առարկա: Այսինքն՝ ամեն տեսակի ներհակ չարություն և մեղքերի ժանգ աղտեղություններ, թերահավատության երկմտություն և բազում այլ զանազան չարիքներ ու խավարեցնող գործեր, Քրիստոսի համար կրած չարչարանքների միջոցով, ինչպես հրով, մաքրում և հարդարում է ու արժանի դարձնում Քրիստոսի հայտնության փառքին ու գովությանը: Քանզի չկա այլ մեծագույն փառք, քան Քրիստոսի առաջ փառավորվելը նրա հայտնության ժամանակ և ոչ էլ այլ գովաբանություն, քան որ տիեզերական ատյանի առաջ է լինելու մարդկանց և հրեշտակների առջև, որ հարգանքով գովաբանելու է՝ ասելով. «Բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ» (Մատթ. 25: 23):

Տեսնո՞ւմ ես ինչպիսի գովություն  է՝ լի բազմաթիվ երանություններով, ուստի, չկա առավել մեծ փառք, երանություն ու մեծություն, երբ Տերը լիաբերան այսպիսի հրաշալի խոսք ասի իր ծառայի համար, ոչ թե հրեշտակների և պատգամաբերների [բերանով], այլ ինքն անձամբ հրապարակայնորեն ասի, մեր բոլորի ու հրեշտակների Տերը, բերանով գովաբանի և մատով ցույց տա, փառքով զարդարի և երանությամբ պսակի: Սա նկատի ուներ՝ ասելով. որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի:

Որին չեք տեսել, բայց սիրում եք:  Որքան խոսքն առաջ է տանում, այդքան մեծացնում է գովասանքը և տանելով՝ կանգնեցնում է առաքինության գլխին, որպեսզի հարգելով և գովելով, նրանց բոլորին առաջնորդի դեպի գերագույն բարին: Այդ պատճառով էլ առաջին և երկրորդ գովությունից հետո, սա է առաջ բերում, որը հրաշալի է, կատարյալ մտքի դրսևորում և ծնունդ հավատի: Որին չեք տեսել, ասում է, բայց սիրում եք: Այսպես է ասում նրանց հորդորելու և պատրաստելու համար, որպեսզի նվաստ չհամարեն իրենց նրանցից, ովքեր իրենց աչքերով տեսան մեր Տիրոջը և ականջներով լսեցին նրա խոսքերը ու վայելեցին նրա սերը: Քանզի թեև մեր Տերն ասաց, թե. «Երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են… որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան և լսել՝ ինչ որ դուք լսում եք, բայց չլսեցին» (Մատթ. 13:16-17): Բայց ձեր այս համեմատությունն առաջինների հետ էր, որ ըստ օրենքի էին, այլ ոչ թե՝ ըստ շնորհի, ովքեր հոգու աչքերով, ինչպես մարմնավոր աչքերով, Քրիստոսի մարդեղության ժամանակը տեսան, և մահվան թագավորության վերցնելը և ձրի [մեղքերի] թողությունը, ազատությունը, որդեգրությունն ու Աստծու հետ միավորումը, դրա համար էլ աննկարագրելի ցանկությամբ էին բորբոքվում և երանության արժանի համարում նրանց, ովքեր պատրաստվում էին աչքերով տեսնել մարմին առած Աստծուն ինչպես հայելու մեջ և վայելել թողության ձրի շնորհները: Իսկ մեզ՝ վերջիններիս, Տերն այլ համեմատության բարձրություն և երանություն է խոստանում, և անչափելի գովություն: Եվ ինչպիսին էր այն, որ նաև Թովմասի մասին ասաց, երբ չտեսնելու համար թերահավատ եղավ և շոշափելով հավատաց, արդ, ասում է, տեսաք ինձ և հավատացիք, երանի՜ նրանց, որ չեն տեսնում, բայց հավատում են (տե՛ս Հովհ. 20:29):

Տեսնո՞ւմ ես երանությունների պատճառը, որ իրապես ամեն օր մեզ է ուղղվում, որովհետև երբեք մարմնավոր աչքերով չտեսանք մեր Տիրոջը չարչարված և մեռած, և ականջով լսելով՝ առանց երկմտելու հավատացինք՝ տեսնել չպահանջելով: Այդ պատճառով էլ աստվածընկալ Պետրոսը սա նկատի ունենալով՝ ասաց. որին չեք տեսել, բայց սիրում եք: Արդարև, իսկապես սիրեցին, քանզի ոչ միայն ունեցվածքն ու սիրելիներին փոխարինեցին Աստծու սիրու հետ, այլև իրենց իսկ մարմիններն անտեսեցին՝ մատնվելով բանտի, կապանքների, չարչարանքների, սովի, մերկության, աղքատության և նույնիսկ մահվան ու այդ ամենը ոչինչ համարեցին: Տեսնո՞ւմ ես անխզելի հավատի ու սիրո դրսևորումը, թե ինչպես սիրեցին այն, ինչ երբեք աչքով չէին տեսել: Այսպիսի հավատք է վայել քրիստոնյային, այսպիսի սեր, երկյուղածություն, աստվածպաշտություն, ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ սիրել, բաղձալ ու փափագել, իսկ գերագույն փառքը՝ արժանանալ սիրելիի տեսությանը:

Որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ: Այսպիսի խոսքեր նորից կրկնելով՝ մեզ է մատուցում, որպեսզի չկանգնենք ու մնանք ստորին վիճակում և անցավոր ոչինչ ուրախության արժանի չհամարենք, այլ հավետ նայենք գալիքին և Հիսուս Քրիստոսի իրական հայտնությանը, անճառելի բարիքներին և անպատում ուրախություններին, որ հայտնվելու են Քրիստոսին սիրողներին, քանզի մինչդեռ մարմնի մեջ ենք, այդպիսի բարիքներ չենք կարող վայելել:

Ինչո՞ւ և ինչպե՞ս, քանի որ ինչքան երկար ենք մնում մարմնի մեջ, օտարանում ենք Տիրոջից: Առաքյալն ասում է. «Որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթների վրա հիմնված» (Բ Կորթն. 5:7): Իսկ երբ ապականացուն անապականացու հագնի և մահկանացուն՝ անմահություն, ապա անկասկած կվայելենք անճառ բարիքները: Դրա համար էլ ասում է. որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք: Այսինքն՝ այժմ, ասում է, չեք տեսնում այն փառքի և Քրիստոսի թագավորության օրինակը, որ աչքը չի տեսել,  բայց հավատում եք, որ արդարև կա և որ խոստացել է, չի ստում, քանի որ Աստված է, և որ կանչվածներին հրավիրում է, չի զլանում, քանզի առատ է և արդարադատ:

Եվ ուրախ եք, ասում է, անպատմելի ու փառավոր խնդությամբ: Ոչ միայն հավատում եք, ասում է, այլև ուրախ եք, որովհետև անճառելի է խնդությունը, անճառելի է նաև փառքը, անթառամ է պսակը, անմեկնելի է հանգիստը, անքակտելի է թագավորությունը, անպատմելի է գեղեցիկ պարը և հրեշտակների հետ բնակվելը: Թերևս Պողոսը, երբ տեսավ այն բարիքները, չկարողացավ մեկնաբանել, ուստի անճառելի ասաց, լեզվի և աչքի համար չտեսնված, չլսված ականջների համար և անիմանալի սրտի համար և խոսքերով այսպես է բնութագրում. «Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար» (Ա Կորնթ. 2:9): Տեսնո՞ւմ ես Աստծու անճառ պարգևների օրինակը, թե ինչպիսի զորություն ունեն, ուստի և միայն հավատալով՝ ամեն ներհակ խռովություններ վերանում են և մեր մեջ են մտնում անճառելի խնդություններ և ամեն տեսակի հոգևոր բարիքներ: Արդ, եթե չտեսածներն, այլ միայն հավատքով իմացածներն այսքան և այսպիսի ուրախություն են առաջացնում մեր մեջ, ապա, երբ գործով ընդունենք բարին և վայելենք այն, ինչպիսի՞ անճառ ուրախություններ կծնվեն մեր մեջ և անցավ կյանք ու հավիտենական հանգիստ:

Ձեռք բերելով, ասում է, ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը: Նորից միտքը կենտրոնացնում է հետևյալի վրա. այս կյանքով նկարագրում է փրկությունը, գալիքը և ազատությունը հայրենատուր ունայն ընթացքից, որով ընկել էինք մեղքերի կորստյան խորխորատը, որի միջից աղբյուրանալով՝ բխում էին չարիքները: Իսկ Միածնի գալստյամբ և մեր հավատքով առ նա, իրագործվեց մեր հոգու փրկությունը՝ լվացվելով մեղքերի տիղմից ավազանի ջրով և Հոգով, և հատկապես անբիծ և անարատ Գառան՝ Աստծու Որդու արյամբ, և նրանով այստեղ ճաշակեցինք մեր գալիք փրկության երախշիքը: Որտեղ ոչ մեղք կա և ոչ էլ արտասուք, ոչ երեսի քրտինքով հաց ուտել և ոչ էլ տրտմությամբ երեխա ծնել, այլ կատարյալ խնդություն է, ուրախություն և անճառ բարիքներ, անտրտում կյանք և հավիտենական հանգիստ: Ուստի և, ըստ մարգարեության, այնտեղից Աստված բոլորի աչքերից հանել է ամեն արտասուք, ամեն ասելով նկատի ունի բոլոր տեսակի արցունքները:

Արդ, այս ամենը նկատի ունենալով՝ գրեց. ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը: Քանի որ այստեղ խոսքը լսելով միայն հավատացիք և իրերի հանգամանքը քննության և ուսումնասիրության չենթարկեցիք, հետևաբար, ձեր աներկբա հավատի պսակմամբ այնտեղ ստանալու եք ձեր հոգիների փրկությունը: Եվ երբ խոսեց պարգևների պատճառից և լսողներին հավաստիացրեց վարձքի հատուցման մասին, որ անճառ խնդություն է և հոգու փրկություն, ապա նաև ցանկանում է սա էլ ասել, թե ձեր փրկության սկիզբը նոր չդրվեց՝ ինչպես փոքր և անխորհուրդ մի բան, այլ հնուց ի վեր մարգարեները կարապետում էին և ավետիս տալիս դրա մասին, թե Աստված պատրաստվում է մարդ դառնալ մարդկության փրկության համար և նրանց մեղքերն իր մարմնով դատապարտել և ազատել նրանց դժնդակ գոռոզից և ապականության ծառայությունից: Եվ որպեսզի սրանով նրանց մտքում առավել հաստատի շնորհի մեծությունը, շարունակում է՝ ասելով.

10. Վասն որոյ փրկութեան խնդրեցին և քննեցին մարգարէքն:

Այդ փրկության համար է, որ փնտրտուքներ կատարեցին և քննեցին մարգարեները:

Ամեն ոք, ով գիտե իմաստությամբ նայել մարգարեների խոսքերին և տեղեկանալով՝ մտքով քննել, կգտնի խոսքի ճշմարտությունը: Եվ չի երկմտի, թե նրանք որքան ջանք գործադրեցին՝ քննելու և փնտրելու համար Քրիստոսի տնօրինությունը, և այնուհետև ուսումնասիրելու հեթանոսների փրկությունը, կռապաշտության վերացումը և դրանց մոլորության հերքումը, բռնավորի կապանքները, մահվան լուծարումը և մարդկանց հավիտենական կենդանությունը:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

27.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․