Գրքեր

Ա Պետրոս 2.11

11. Սի՛րելիք՝ աղաչեմ, իբրև զպանդուխտս և զնժդեհս:

Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների:

Պետրոս առաքյալը իր իմաստությանն ու երկյուղածությանը վայել եղանակով է ներկայացնում խրատի նախերգանքը և խոսում է՝ ինչպես իր սիրելի որդիների հետ, և նույն կերպ էլ խրատում է նրանց: Արդարև, նրանք որդիներ էին, որոնց առաքյալը «ունեցել» էր վերջիններիս՝ Ավազանի մկրտությամբ, և խրատով ու Քրիստոսի երկյուղով՝ իբրև կաթով, սնուցում էր նրանց:

«Սիրելինե՛ր,- ասում է,- աղաչում եմ ձեզ»:

Սաստելուց ու հանդիմանելուց առաջ աղերսելը, ըստ իս, ամենազորավոր միջոցն է բիրտ հոգիները խոնարհությամբ հնազանդեցնելու համար: Չէ՞ որ մարդիկ սովորել են անգամ անհնազանդ անասունների հետ զգաստացնող ու աղերսական խոսքով «հաղորդակցվել»: Նաև զորավարն էլ, զորքին պատերազմի առաջնորդելով, նախքան պատերազմը աղերսագին խոսքերով է դիմում նրանց: Եվ զորքի վրա զորավարի խրատն այնքա՜ն է ազդում, որ նրանք հաճախ մինչև իսկ քամահրում են մահն ու անտեսում իրենց մարմինները:

Այս նույն կերպ էլ նաև Պետրոս առաքյալը, Քրիստոսի զինվորներին բարեպաշտության տոնահանդեսի մասնակից դարձնելով ու ընդդեմ աներևույթ թշնամու մղվող պատերազմին առաջնորդելով, սիրով ու աղաչանքով է խոսում նրանց հետ և ասում է. «Աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների»:

Այս նույն պատճառով նմանատիպ հազար ու մի աղաչանքներով էր «հանդես գալիս» նաև Պողոսը: Նա, մասնավորապես, ասում էր. «Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, Աստծո գթությամբ, պատրաստե՛ք ձեր մարմիններն իբրև կենդանի, սուրբ, աստվածահաճո պատարագ», և դարձյալ, թե՝ «Ես՝ Պողոսս, աղաչում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ և խաղաղությամբ», նաև, թե՝ «Աղաչում եմ ձեզ ես, որ բանտարկված եմ Տիրոջով, հավատարի՛մ եղեք այն կոչմանը, որին կանչվել եք»: Այսպիսի շատ ու շատ խոսքեր կան՝ երանելու կողմից հնչեցված, որոնք բոլորը ո՞վ է կարող թվել:

Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների:

Բազմիցս արդեն խոսել ենք այն մասին, թե ինչու են սրբերը պանդուխտ համարվում, և օրինակներով էլ հաստատել ենք մեր խոսքերը: Ուստի այժմ ավելորդ է բազմիցս ասվածները վերցնել ու կրկին մեջ բերել, սակայն որպեսզի իմ այս խոսքի իմաստը թերի չմնա, կներկայացնեմ փոքրը՝ շատից:

Առաքյալն ասում է. «Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ»:

Այս խոսքերով նա իր ունկնդիրներին զգաստության կոչ է անում և նրանց հայացքն ուղղում առաքինություններ ունենալու խիստ անհրաժեշտության վրա՝ նրանց պանդուխտ և օտարական անվանելով:

Իսկապես, անհրաժեշտ է, որ մենք առաքինասեր ու ճշմարիտ վարքով աստվածպաշտությամբ զգեստավորվենք և հրաժարվենք բոլոր մարմնավոր ցանկություններից, որոնք վարժ են հոգին գետնաքարշ դարձնելու մեջ, ուստի և մենք, որ պանդուխտ ենք այս աշխարհում, հանուն երկնային ցանկությունների իրականացման հեռու մնանք նյութապաշտությունից, ընչասիրությունից, ագահությունից, փառասիրությունից, որկրամոլությունից ու պագշոտությունից, որոնք պղծում են հոգին:

Ուստի պարտավոր ենք, ինչպես չար գործերից, այդպես էլ մարմնական ցանկություններից հեռու փախչել: Իսկ մարմնական ցանկություններ ասելով էլ առաքյալը նկատի ունի պագշոտությունն ու բոլոր երկրավոր ցանկությունները:

«Որ հեռու մնաք,- ասում է,- մարմնավոր ցանկություններից:

Այսինքն՝ ինչպես իժից կամ այլ վայրի գազանից հեռու կմնայինք, այդպես էլ սրընթաց փախչե՛նք մարմնավոր ցանկություններից, որպեսզի նրանց հետքն անգամ չերևա մեր աչքին:

Իսկ ասելով էլ, թե՝ «…որոնք պայքարում են հոգու դեմ»,- առաքյալը նկատի ունի այն, ինչի մասին նաև Պողոսն է ասում. «Իմ մարմնի անդամների կողմից կիրառվող ուրիշ օրենքներ էլ եմ տեսնում, որոնք պայքարում են իմ մտքի օրենքների դեմ ու գերում են ինձ մեղքի կապանքներով»: Արդարև, մեղքերի զինվորը, արթնությամբ զորացած ու մտքի հոժարամությունն ունենալով, գերեվարում է մարդու հոգին և այն ինչպես կամենում է, ծառայեցնում է զանազան ախտերին:

Այս պատճառով էլ առաքյալն ասում է. «…որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ»:

Մի բան է գործերով փախչել ցանկություններից, մեկ այլ բան է մտքո՛վ փախչել, քանի որ իրենց գործերով շատերն են կարողանում փախչել ու ընդդեմ մոլեգին ախտերի իրենց հաղթության դրոշը ծածանել, պահք պահել ու աղոթել, մինչև գետին խոնարհվել ու արտասվել, սակայն իրենց մտքի ցանկասիրությամբ, ինչը ավելի թեթև պահելի են համարում, անգիտանում են և հիմարանում ու ինչպես մի ստրուկ՝ դառնում են ախտերի գերին:

Եվ սա դեռ միայն կանանց հանդեպ վավաշոտությամբ չէ, որ դրսևորվում է, քանի որ այս «գերիները» անկարող են լինում ազատվել նաև մյուս բոլոր ախտերից՝ ծառան դառնալով և՛ հարստությանը, և՛ փառքին, և՛ ամբարտավանությանը, և՛ ցասումին, և՛ այսպիսի այլ ախտերի:

Ահա այս պատճառով է, որ առաքյալը զգուշացնում է հեռու մնալ ցանկասիրության նմանատիպ դրսևորումներից, «որոնք պայքարում են հոգու դեմ», այսինքն՝ պատերազմում, կռվում ու մարտնչում են ընդդեմ հոգու, չարչարում ու խոցոտում են այն, մինչև որ սպանեն: Մեր մարմնական անդամների տակ քողարկված նման սարսափելի «զինվորներ» ունենալով՝ անհրաժեշտ է, որ արթուն մտքով ու իմաստությամբ խույս տանք և փախչենք ախտերից, որպեսզի նրանց թակարդը չընկնենք:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

15.03.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․