Գրքեր

Ա Պետրոս 2.9

9 Այլ դուք ազգ էք ընտի՛րք, թագաւորութիւն, քահանայութիւն. ազգ սո՛ւրբ. ժողովուրդ սեպհական։

Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ։

Այսպիսի խոսքեր հրեա ժողովրդի մասին ասելը անպատշաճ կլիներ, քանի որ նրանք կուռքերի պաշտամունքին տրվելով՝ անդադար ուրանում ու հեռանում էին ճշմարիտ Աստծուց։ Նրանց մինչև իսկ մարգարեներն էլ «անհամերաշխ ազգ ու խստապարանոց ժողովուրդ» էին կոչում, ինչի մասին նաև Ինքն իսկ՝ Աստված էր վկայում։ «Տեսա այդ ժողովրդին,- ասում է,- և այդ ժողովուրդը խստապարանոց ժողովուրդ է, ուստի մեկ անգամ ասացի, նաև երկրո՛րդ անգամն եմ ասում՝ թո՛ւյլ տուր Ինձ վերացնել նրան»։

Այդ իսկ պատճառով էլ մեզ համար պարզ է դառնում, որ Քրիստոսով նորոգված նոր ժողովրդի մասի՛ն է առաքյալը մարգարեաբար ասում այս խոսքերը, քանի որ հայտնի է, որ աստվածային Գրքում նաև ուրիշներին վերաբերող շատ այլ խոսքեր կան, որոնք հենց այդ «ուրիշների» վրա էլ կատարվում են, ինչպես օրհնությունները, նմանապես և անեծքները։

Ըստ այդմ էլ, ինչպես որ այն խոսքերը, որոնք Նոյը ուղղեց մանուկ Քանանին՝ ասելով, թե նա իր եղբայրներին ծառա պետք է լինի, ոչ թե Քանանի, այլ նրա թոռների՝ գաբավոնացիների վրա իրականացան։ Այսկերպ նաև Իսահակի՝ Հակոբին, և Հակոբի՝ Հուդային ուղղված օրհնությունները ոչ թե նրանց, այլ իրենց թոռների վրա կատարվեցին։ Քանի որ Իսահակը Հակոբին ասաց, թե՝ տեր ու իշխան կլինես քո եղբոր վրա, ինչը ոչ թե Հակոբի, այլ՝ Սավուղի ու Դավթի վրա կատարվեց, քանի որ նրանք էին, որ իրենց ծառայեցրին եդոմացիներին։

Իսկ մյուսը՝ Հակոբը, Հուդային ասաց, թե՝ «Հուդա՛, քեզ պիտի օրհնեն քո եղբայրները և քո հոր որդիները պիտի երկրպագեն քեզ», սակայն այս խոսքերն էլ ոչ թե Հուդայի, այլ Հուդայից սերող Դավթի ու Հիսուսի վրա կատարվեցին։ Առաջինը՝ Դավիթը, իբրև ժողովրդի թագավոր, առաջնորդ ու Քրիստոսի՝ մարմնով գալուստը նախապատկերող նահապետը եղավ, իսկ մյուսը՝ Հիսուս, եղավ Տեր ու Փրկիչը, որի եղբայրները քաղցրավայելուչ օրհնություններ էին երգում Նրա՝ Երուսաղեմ մուտք գործելու ժամանակ։ Նրան մշտնջենապես երկրպագում են ոչ միայն Իր հոր որդիները, որոնք հրեա ազգից էին սերում, այլև Նրան երկրպագում են բոլոր արարածները՝ մինչև իսկ սերովբեներն ու քերովբեները։

Այս կերպ նաև այս Իսրայելի ժողովրդին ասված այս խոսքերը, թե՝ «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ», ո՛չ թե նրանց վրա իրականացան, այլ՝ նրանց հակառակորդների, իսկ նրանցից վերցվեց մեծն ու փոքրը, մարգարեն ու առաջնորդը, քահանան ու թագավորը։ Եվ նրանք, փոխանակ սուրբ ազգ լինելու, տեռատես կնոջ հանդերձից էլ ավելի աղտեղի գտնվեցին, ու փոխանակ սեփական ժողովուրդ լինելու՝ հագեցումի աղբյուր դարձան Աստծու ընտրյալների համար և, ինչպես որ ասում են Եսային ու Եզեկիելը, «Տերը ոչնչացրեց նրանց»։

Նաև հստակ է, որ այս պատգամը նրա՛նց է պատշաճում, ովքեր, հրեաներից կամ հեթանոսներից սերելով, մի ու սեփական ժողովուրդ եղան Աստծու հանդեպ տածած իրենց հավատքով ու ճշմարտությամբ։ Ուստի և հավատքի վեմ Պետրոսի շուրթերով Սուրբ Հոգին այս խոսքով դիմում է հավատացյալներին ու ասում․ «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո սեփական ժողովուրդ»։

Եվ եթե յուրաքանչյուր ոք վերը թվարկվածներից միայն մեկն էլ «ընդունի» իր վրա, որևէ բանով մեղանչած չի լինի, այսինքն՝ եթե մեկը լինի թագավոր, մեկ ուրիշը՝ քահանա, մյուսը՝ սուրբ ազգ և սեփական ժողովուրդ, բոլորն էլ միևնույն պարգևների կրողը կլինեն։ Քանի որ եթե մեկը իր ազատ կամիշխանությամբ կարողանում է մեղքը սպանել ու առաքինությունն ապրեցնել, ապա այդպիսի մեկը իրավացիորեն կարող է ասել, որ ինքը արդար թագավոր է, որն իշխանություն ունի «սպանելու» և «ապրեցնելու»։

Իսկ յուրաքանչյուր ոք էլ, ով բարեգործություն է անում, քահանա է, որը իր այդ գործած բարի՛քն է ընծայում Աստծուն՝ իբրև պատարագ, իբրև ընդունելի խունկ՝ Աստծու սիրո զոհասեղանի վրա մատուցված։

Այս նույն կերպ էլ ճշմարտապես սուրբ է այն ազգը, որը կարողանում է իմաստությամբ իրենից հեռու վանել հոգու ժանտացուցիչ պագշոտությունն ու զգեստավորվել ողջախոհությամբ, որը մայրն է բոլոր սրբությունների։ Իսկ Աստծու սեփական ժողովուրդն էլ ա՛յն ժողովուրդն է, որը Աստծուն հաճելի արարքներ գործելով՝ Նրա ժառանգության «բաժնետերն» է դառնում։

Այնուհետև առաքյալը, ասես պատասխանելով այն հարցին, թե վերոնշյալ կոչումներին արժանացողներն ի՞նչ են պարտավորվում անել, ասում է․ «որպէսզի ձեր առաքինությունները նվիրեք Նրան, ով խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին»։

Տեսնու՞մ ես Աստծու երախտիքներն ընդունելու պարգևը, որը, ըստ առաքյալի, այն է, որ Նա «խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին», ուստի և դուք ձեր լուսափայլ «առաքինությունները նվիրե՛ք Նրան»։ «Առաքինություն» բառը հոգնակի թվով է կիրառվում, որպեսզի ջանաք ոչ թե միայն մեկ առաքինություն նվիրել ձեր Բարերարին, այլ բոլո՛ր առաքինությունները, որոնք վկայումն են ձեր բարեսրտության։

Ուստի և ասում է՝ «նվիրե՛ք ձեր առաքինությունները»։ Նվիրել՝ նշանակում է տալ ու բոլորանվեր կերպով ընծայել՝ իբրև պատարագ, իբրև ողջակեզ, իբրև խունկ՝ հրի վրա դրված, ու այս ամենը տեղի է ունենում «մահվան» միջոցով՝ երկրավոր երևույթները հենց երկրում իսկ «սպանելով» ու այստեղ թողնելով, իսկ առաքինությունները՝ կենդանացնելով ու Աստծուն նվիրելով։

Այդպիսին էր Պողոսը, ով «մահով» էր ապրում և իր տկարությամբ էր զորանում՝ հանապազ Քրիստոսի մահը իր մարմնում կրելով, այդպիսին են նաև մյուս սուրբ անձինք, ովքեր իրենց առաքինությունները նվիրել են Աստծուն, «որը,- ասում է Պետրոս առաքյալը,- խավարից ձեզ կանչեց Իր սքանչելի լույսին»։

Աստված ժամանակին «կանչել» էր նաև Իսրայելին՝ մեծամեծ հրաշքներով ու Իր հզոր բազկով անցկացնելով նրանց Կարմիր ծովի միջով և փրկելով Եգիպտոսի ձեռքից, անապատում էլ նրանց համար քարից՝ ջուր էր բխեցրել, երկնքից՝ մանանա տեղացրել ու ծովից՝ լորամարգեր «առաքել», հրի սյունով լուսավորել գիշերը և հովանավոր ամպ եղել ցերեկը։ Սակայն հրեաները անշնորհակալ գտնվեցին իրենց շնորհված պարգևների հանդեպ ու Աստծուն երկրպագելու փոխարեն՝ հորթին երկրպագեցին, բելբեգովին ընծաներ մատուցեցին և իրենց տղաներին ու աղջիկներին համաստեղությունների պատկերներին զոհեցին և իրենց վարմունքով ամեն կերպ հակառակվեցին ու ընդդիմացան Աստծուն։

Դուք, սակայն, այդպիսին չլինե՛ք, քանի որ Նա «կանչեց ձեզ» ձեր խավարային գործերից (որոնք գործում էիք ձեր ինքնիշխան կամքով) «Իր սքանչելի լույսին», այլ դուք էլ Նրա՛ն ընծայեք ձեր առաքինությունների ու հավատքի պտուղը։

«Սքանչելի լույս» ասելով, կարծում եմ, առաքյալը նկատի ունի Քրիստոսին, որը Ինքն էլ Իր իսկ մասին ասաց, թե՝ «Ես իբրև Լույս եկա աշխարհ» և թե՝ «Ես եմ աշխարհի Լույսը», այդ նույն կերպ էլ նաև՝ «արդարության Արեգա՛կ» կոչվեց Նա։ Արդարև, սքանչելի ու անաղոտ Լույսն է Քրիստոս, որ մշտապես շողում է հորիզոնում և հավիտյան լուսավորում է Իրեն մոտեցողների հոգիները։

Այնուհետև առաքյալը դարձյալ մեջբերում է մարգարեի խոսքերից՝ ցույց տալու համար, թե նրանք, որոնց ինքը վկայակոչում է, ի՛նչ էին նախքան Լույսի ծագումը և ի՛նչ են Աստծու շնորհների ու պարգևների «գալուստից» հետո. «Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծո ժողովուրդն եք. դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք»:

 

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

05.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․