Գրքեր

Ա Պետրոս 3:19

19. Որով և ոգւոցն որ էին ՚ի բանտին, երթեալ քարոզեա՛ց։

Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին։

Իսկ առաքյալն այնուհետ մահվան վրա Աստծու ներգործության մասին է խոսում, ըստ որի՝ Նա Իր հոգով «ներգործեց» ստորին դժոխքում եղող հոգիների վրա։ Եվ արդ, Պետրոսն ասում է. «Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին»։

Անսահման և անոլորտ է Աստվածության բնությունը, երկնքից էլ վեր և երկրից անդին, ու չկա մի այնպիսի տեղ, որտեղ Նա չլինի, քանի որ Աստված ամենուր է Իր լիությամբ և անբավությամբ։ Իսկ երբ Միածին Աստված մարմին առավ՝ Իր բնությամբ կատարելապես միավորվելով մարդուն, ճանապարհ հարթեց՝ Հոր ծոցից Կույսի ծոցն իջնելու, բայց և հայրենի աթոռն էլ թափուր չմնաց, քանի որ Նա ողջ լիությամբ և՛ Կույսի արգանդում էր, և՛ Հոր կողքին:

Փրկիչը, մեզ մոտ իջնելով, կրեց մարդկային բոլոր կրքերը, սակայն Իր Աստվածության աստվածավայելուչ հատկանիշներից երբևէ չհեռացավ: Նմանապես և չարչարանքներն ու մահը մարմնով կրեց՝ անախտակիր բնությունից չզատվելով: Քրիստոս չարչարանքների ու մահվան ժամանակ չհեռացավ մարմնից և չբաժանվեց հոգուց, այլ Նա, ով անբաժանելի էր Հորից, Իր մարդկային հոգին ավանդեց Հոր ձեռքը, իսկ մարմնով գերեզման դրվեց, որպեսզի մեծագույն սքանչելիքը գործի՝ Իր մարմնով «զինաթափի» գերեզմանի զորությունը, իսկ հոգով իջնի դժոխք՝ հոգիներին ծառայության ապականությունից ազատելու:

Դրա համար էլ Նա մահվան միջոցով բաժանեց հոգին՝ մարմնից, որպեսզի նմանով նմանին փրկի ու կենդանացնի: Երանելի առաքյալը սա էր կամենում հայտնապես մեզ ուսուցանել, երբ ասում էր. «Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին»։

Պետրոսը «բանտ» է անվանում սատանայի բռնությունը, որով նա բռնացավ ու տիրեց մարդկային բնությանը՝ զանազան ախտերի ծառայեցնելով նրան: Եվ ոչ միայն մարմնին ու մեր ծառայական պատկերին տիրեց, այլ նաև տիրեց անմարմին հոգուն՝ արարչական պատկերին:

Եվ ինչպես կենդանության ժամանակ բռնավորությամբ հնազանդեցրեց մարդուն, այդպես էլ մահվան ժամանակ հափշտակեց ամենքի հոգիները՝ իր իշխանության տակ ասես բանտում պահելով նրանց: Եվ ինչպես բանտ նետվողները առանց սեփական կամքի են զրկվում ազատությունից, և իրենց բանտարկած բռնավոր իշխանների կամքով էլ չարչարանքների ու տուգանքների են ենթարկվում, սովի, ծարավի և այլ դառնացուցիչ պատիժների մատնվում, նմանապես և մարդկանց հոգիները, թեպետ ոչ առանց բնութենական կամքի, բայց և բանսարկու սատանայի բռնության տակ ընկան՝ արգելափակվելով բանտում և զրկվելով անձնիշխան ազատությունից:  

Իսկ սատանան էլ, ըստ իր անբարի ու մարդատյաց բնության, բյուր չարիքներով պատուհասեց նրանց, քանի որ չէր հագենում մարդկանց չարչարելուց ու վշտացնելուց: Ոչ ոք չկար, որ նրանց օգնական և պաշտպան լիներ, ո՛չ այցելու կար, ո՛չ մխիթարիչ, ո՛չ էլ որևէ մեկը, որ գոնե փոքր-ինչ մեղմեր մարդկանց դժնդակ տանջանքները կամ ազատեր բանտից:

Սրա համար էլ աստվածային գրքերը, կամենալով մեզ ցույց տալ բանտի այդ բանսարկուի բռնավորությունը, նրան անվանում են «պղնձե դուռ», «երկաթե նիգ», «ադամանդե պարիսպ», և այլ խստաբարբառ, նյութանշան «կոչումներ» են տալիս՝ այդպիսով բանսարկուի բռնությունը և նրա առջև մեր անելանելի կացությունը մատնանշելով:

Դարձյալ, սրանց հետ նաև «բանտ» է անվանվում այդ անդնդային ու սանդարամետական ստորին տարտարոսը, որտեղ բնակվում է բանսարկուն: Դա այն վայրն է, որը զուրկ է աստվածային խնամքից: Սատանան այնտեղ, ասես բանտում, արգելափակում էր բոլոր մարդկանց հոգիները, և նրանց վրա իր իշխանությունն էր բանեցնում «կորստյան պահակը»՝ անխուսափելի դատապարտությամբ հալածելով այդ վայրի բնակիչներին առավել, քան փարավոնը՝ Իսրայելին:

Իսկ եթե մեկը տարակուսի ասված խոսքերին և հարցնի՝ «Մի՞թե նա կարող էր նաև սրբերի ու արդարների հոգիները տանջել», ես կասեմ՝ ո՛չ, չէր կարող, քանի որ նրանք թեպետ բանսարկուի բռնության ներքո էին և գտնվում էին խավար ու անելանելի բանտում, սակայն զուրկ չէին Աստծու խնամքից: Իսկ որտեղ Աստծու խնամքը կա, այնտեղ անմաքուր դևը չի կարող մոտենալ:

Օրինակ՝ մի քաղաքում, որի իշխանը չար է, քաղաքացիներից ոմանք իրենց չար գործերի պատճառով մետաղյա արգելախցերում և բանտերում են բնակվում, ոմանք տուգանքների, չարչարանքների ու պես-պես տանջանքների են ենթարկվում, իսկ ովքեր բարեգործ են, բնակվում են խաղաղության և ազատության մեջ: Այդպես էր նաև այն բանտում, որտեղ արգելափակված էին մարդկանց հոգիները:

Սա մեզ հայտնի է Ղազարոսի ու մեծահարուստի պատմությունից, ըստ որի՝ նրանք ահագին անդնդով զատվել էին իրարից: Արդարն իր հանգիստն էր վայելում՝ դևերի կողմից անմերձենալի լինելով, իսկ մեծատունը պապակում էր դևերի չարության տապից՝ այդ կացությունից ելք և իր անտանելի սգին մխիթարություն չգտնելով:

Արդ, մեր Ամենատերը Իր Սուրբ Հոգով այդ խավարամած բանտն իջավ՝ ապստամբ վիշապին բռնելու: Եվ ինչպես երկիր իջնելիս և մարդանալիս Նա մարմնի վարագույրի տակ թաքցրեց Իր Աստվածությունը, որպեսզի չարն այդ մասին իսկույն չիմանա, այլ, Աստծուն Ադամի կերպարանքով տեսնելով, հարձակվի՝ Նրան սպանելու, ինչպես Ադամին սպանեց, բայց և մեռնի՝ Փրկչի սքանչելի զորության կողմից մահվան դատապարտվելով, ճիշտ այդպես էլ, երբ Աստված մահվան թագավորության բանտն իջավ՝ սատանային դեմ հանդիման խայտառակելու, Իր Աստվածությունը թաքցրեց մարդկային հոգու տակ:

Մահվան իշխանն էլ, տեսնելով Ադամի հոգու կերպարանքն առած Փրկչի հոգին, փութաց՝ կլանելու Նրան, ինչպես մնացյալ բոլոր հոգիները, սակայն Տերը բանսարկուի որովայնում երկսայրի սուր եղավ՝ նրան պատառոտելով ու բանտարկված հոգիներին ազատելով: Եվ ինչպես Քրիստոս մարմնով գերեզման դրվեց, որպեսզի Իր Հարությամբ խափանի մահը, ամոթահար անի սատանային և ամենքին կյանքի հարությունն ավետարանի, այդպես էլ հոգով իջավ դժոխք, որպեսզի ազատի հոգիներին և դատապարտի բանսարկուին:

Սա Նրա անհիշաչարության շնորհիվ տեղի ունեցավ, քանի որ մարդկային չարիքը հիշելու փոխարեն Աստված հիշեց Իր ձեռքի արարչություն Ադամին, որը աստվածային պատկերի նմանությունն ուներ, սակայն որը ստորին դժոխքում էր հայտնվել: Տերը հիշեց այն ուխտը, որը մեր արդար նախահայրերի հետ էր դաշնադրել, նրա՛նց հետ, ովքեր անբավ ցանկությամբ փափագում և սպասում էին Փրկչի գալստյանը:

Հիշեց նաև Իր ծառա մարգարեների ամեն մի տառը, որ նրանք արտաբերել էին Իր հոգով: Հիշեց նրանց աղերսներն ու պաղատանքները և արթնացրեց Իր զորությունը՝ գալով նրանց փրկելու: Սրա համար է երանելի Պետրոսն ասում. «Որով և գնաց-քարոզեց բանտում եղած այն հոգիներին»: Իսկ արդյոք ի՞նչ քարոզեց Տերը. գերիներին՝ թողություն, կապյալներին՝ ազատություն, կորուսյալներին՝ գյուտ, խավարածներին՝ լույս, դժոխքաբնակներին՝ դրախտ, աղքատացածներին՝ հարստություն:

Իսկ առաքյալը, այս ամենը հիշատակելուց և Աստծու անեզր մարդասիրությունը մատնացույց անելուց հետո, երբ պատասխանեց, թե որտեղից ուր խոնարհվեց և ուր իջավ Նա՝ մեղավոր և անարժան մարդկանց համար, կամ ինչպես Իր մահվամբ նրանց ազատեց բանսարկուի բռնությունից, այդուհետ, որպեսզի որևէ մեկը չասի՝ միայն սրբերին, արդարներին ու մարգարեներին ազատություն շնորհեց, իսկ մեղավորներին և անարժաններին՝ ոչ, երանելին հետևյալ խոսքն է հավելում.«Որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը»:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

24.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․