Գրքեր

Ա Պետրոս 3:22

22. Որ է՛ ընդ աջմէ Աստուծոյ երթեա՛լ յերկինս, ՚ի հնազանդել նմա հրեշտակաց և իշխանութեանց և զօրութեանց։

Գնացած լինելով երկինք՝ Նա Աստծու աջ կողմում է: Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները:

Երանելի Պետրոսն, ըստ իր իմաստության և մանավանդ աստվածատուր շնորհների, որոնք ստացել էր Հոգու փչումով, ջանում ու փորձում է ամեն կերպ փառաբանել Քրիստոսի մարդեղությունը։ Ո՛չ որպեսզի ավելացնի Նրա փառքը, այլ որպեսզի մարդկանց միտքը ամրացնի։ Ուստի առաքյալը հիշեցնում է, որ Միածին Բանը մարմին առավ և այդ մարմնով կատարելապես աստվածացավ՝ Աստվածությանը միանալով ու աստվածային միևնույն փառքով և պատվով ճոխանալով։

Այդպիսով երանելին վերացնում է ամեն տեսակի երկբայություն և թերամիտ կարծիք՝ Քրիստոսի մարդեղության հանդեպ ճշմարիտ հավատը հաստատելով։ «Որը,- ասում է,- երկինք գնացած լինելով՝ Աստծու աջ կողմում է»։ Առաքյալն աստվածային տնօրինության մեծագույն պատիվն է մեր աչքերի առջև բերում, այն իրադարձությունը, որը տեղի ունեցավ հարությունից հետո։ Սա չի նշանակում, որ Քրիստոս հարությունից հետո ստացավ այն պատիվը, որը Իր ծնունդով իսկ չուներ. քա՛վ լիցի։ Այլ ես իրերի հաջորդականությունն եմ կամենում ցույց տալ, ա՛յն, թե մահվանից ու հարությունից հետո Իր անճառելի խոնարհությամբ Բանն Աստված ինչպիսի՜ գերունակ բարձրության հասավ։

«Գնացած լինելով երկինք,- ասում է,- Նա Աստծու աջ կողմում է»: Այս խոսքը մարմնի մասին է ասվում և ոչ թե Աստվածության, որ անմեկնելի էր Հորից։ Այդպիսով առաքյալը ավետարանում է Բանի անճառ միավորությունը մարմնին։ Ըստ այդմ, ինչպես Ավետարանիչն է ասում. «Ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ Նա, ով իջել է երկնքից՝ Մարդու Որդին, որ երկնքից էր»։ Եվ ահավասիկ, ոչ թե Մարդու Որդին իջավ երկնքից, այլ Աստծու Բանը։

Առաքյալը սա նշում է անանջատելի բնությունն ու անճառելի միավորությունը մատնանշելու համար, քանի որ Մարդու Որդին Աստվածության կրողն էր։ Սա են նշանակում Պետրոսի խոսքերը. «Գնացած լինելով երկինք՝ Նա Աստծու աջ կողմում է»: Ընդ որում Բանն Աստված՝ հավիտենությունների Արարիչը, մշտնջենավորապես Աստծու աջ կողմում էր, քանի որ դա է Միածնի պատիվը՝ Հոր աջ կողմում նստելը։

Այդ նույն պատիվը Քրիստոս շնորհեց Իր զգեցած մարդկային բնությանը, և այն բազմեցրեց Հոր աջ կողմում՝ փառքի աթոռին։ Փառքով ու պատվով պսակեց մարդուն և ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի առջև։ Այս մասին առաքյալը վկայում է իր հաջորդ խոսքով. «Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները»:

Տեսա՞ր Փրկչի պատվի մեծությունը, տեսա՞ր Նրա «հողեղեն պատկերի» գերապատիվ իշխանությունը, քանի որ ոչ միայն երկրավորների ու մեզ համասեռ եղողների վրա է տարածվում Քրիստոսի իշխանությունը, այլ նաև գերաշխարհիկ զինվորությա՛ն վրա։ Սրա մասին է վկայում նաև աստվածընկալ Պողոսը, երբ ճառում է Որդու մեծապատվության, Նրա մարդեղության, բարձունքում՝ փառքի աթոռին բազմելու մասին, երբ խոսում է Քրիստոսի՝ բոլոր իշխանությունների ու պետությունների գլուխը լինելու, հրեշտակների ու բոլոր վերին դասապետությունների՝ Նրան հնազանդվելու մասին։

Իսկ իբրև այդ ամենի լրում Պողոս առաքյալը հավելում է. «Հիսուս Քրիստոսի անունով պիտի խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու պիտի խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու»։

Այդպիսով Պողոսը Քրիստոսի հանդեպ ամենքի հնազանդությունն է մատնացույց անում։ Նույն միտքն է արտահայտում նաև Պետրոսը, երբ ասում է. «Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները»: Այս ամենին մենք ականատես ենք լինում Քրիստոսի համբարձման ժամանակ։ Երբ հրեշտակները Նրան տեսան Ադամի կերպարանքով, սակայն մեծամեծ փառքով եկած, հիացան այդ չնաշխարհիկ տեսարանով, և երկնային իշխանությունների այդ դասերը սկսեցին մեկմեկու հարցնել՝ «այն ո՞վ է գալիս Եդոմից, և Նրա զգեստն էլ բոսորի կարմրություն ունի»։

Իսկ Փրկչի մեծ տնօրինության խորհրդին գիտակ հրեշտակները պատասխանեցին. «Իշխաննե՛ր, բացե՛ք ձեր դռները, թող բացվե՛ն հավիտենական դռները, որպեսզի մտնի փառքի Թագավորը»։ Այն առաջին հրեշտակները դարձյալ հարցնում են, թե «ո՞վ այս փառքի Թագավորը, Որին մենք չենք ճանաչում, քանի որ մենք մարդկանցից ելած որևէ փառքի Թագավորի մասին չգիտենք։ Ո՛չ Դավիթն է այդ պատիվն ունեցել, ո՛չ Եզեկիան, ո՛չ Օսիան, որոնք արդար և Աստծուն հաճելի թագավորներ էին։ Ուրեմն արդյոք ո՞վ է սա»։

Գիտակ հրեշտակները դարձյալ պատասխանում են. «Նա Ինքն է՝ փառքի Թագավորը, հավիտենությունների Արարիչը, երկնային զորքերն Հաստատողը, մարդկային ազգի Ստեղծողը։ Նա, Ով պարտված Ադամի համար խոնարհվեց ու հագավ այս պատկերը, որն այժմ տեսնում եք։ Այս պատկերով չարչարվեց, խաչվեց, մինչև իսկ մեռավ, և այս վերքերը, որոնք տեսնում եք Նրա ոտքերին, ձեռքերին ու կողին, այդ պատճառով են։ Իսկ այս արյունաներկ պատմուճանը, որը Նա հագել է, այդ տնօրինության «հետևանքն» է»։

Այս խոսքերը լսելով՝ այն առաջին հրեշտակները լռեցին, իսկ երբ տեսան, որ Փրկիչը վարագույրից ներս անցավ ու բազմեց երկնավոր Հոր աջ կողմում՝ փառքի աթոռին, սոսկումով հիացան Արարչի խոնարհությամբ ու մարդու «բարձրությամբ», և հնազանդվեցին ու երկրպագեցին մեզ համար Սուրբ Կույսից մարմին առած Փրկչին։ Սա՛ է նշանակում ասելը. «Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները»:

Այս երեք կարգերի թվարկումը, իմ կարծիքով, իրենում խորհուրդ ունի։ Պողոսը ինը վերին դասապետության մասին է նշում, որոնք իրարից զատորոշված են երեքական կարգերով ու դասերով։ Այս շարադասությունը հետևյալ կառուցվածքն ունի. հրեշտակներ, հրեշտակապետեր, պետություններ, իշխանություններ, տերություններ, աթոռներ, զորություններ, քերովբեներ, սերովբեներ։

Միմյանց հետ նրանց հարաբերակցությունն այսպիսին է. սերովբեները, քերովբեներն ու զորությունները մի դաս են, մի քահանայապետության և մի սրբասացության կոչված՝ իրենց կարգով, դիրքով, զորությամբ և հրամանատարությամբ։ Նրանցից առաջինը Սերովբեն է, որը Աստծու կողքին է գտնվում՝ կատարելու Նրա հրամանները։ Երկրորդը Քերովբեն է, որը սերովբեներին է մոտ գտնվում և սերովբեների հրամանները կատարում։ Երրորդը զորություններն են, որոնք էլ քերովբեների հրամանատարության ներքո են։

Նպատակն այն է, որ Աստվածության մասին անճառելի վարդապետությունները, որ մտքի լուսավորություն և անհաս գիտություն են, նախ սերովբեներին հաղորդվեն, և ապա դաս առ դաս հաջորդականությամբ փոխանցվեն բոլոր դասապետություններին՝ մինչև հրեշտակներին հասնելով ու մեզ մոտ «իջնելով»։

Արդ, երանելի Պետրոսը, այս բոլորն իմանալով և մանավանդ երկնային զորքերի կարգավորությունը գիտենալով, Քրիստոսի հնազանդության ներքո դասում է նախ հրեշտակներին, ապա՝ իշխանություններին, այնուհետ՝ զորություններին, որպեսզի այդպիսով համառոտաբար ողջ երկնային զինվորության՝ Քրիստոսին հնազանդությունը մատնացույց անի ու վկայի նրանց՝ Փրկչին երկրպագելու և փառավորելու մասին, քանի որ, ըստ իմաստուն Պողոսի, Քրիստոս երկրպագություն է ընդունում հրեշտակներից, սերովբեներից և քերովբեներից։

ՀՈՐԴՈՐԱԿ

Արդ, մենք ևս հնազանդվե՛նք ու երկրպագե՛նք, ծնկի՛ գանք և արտասվե՛նք մեր Արարիչ Տիրոջ առջև։ Փառավորե՛նք և օրհնե՛նք մեր Բարեգործին ու Պարգևատուին։ Երախտահատո՛ւյց լինենք մեր Երախտավորին ու Աստծուն, քանի որ եթե երկնային զորությունները, տեսնելով մեր փրկությունը, հնազանդվում, օրհնում, փառավորում և գերաշխարհիկ տոնահանդես են կազմակերպում՝ անդադար երկրպագելով մեր Գլխին և Աստծուն, որչա՜փ առավել մե՛նք ենք պարտավոր գոհանալ, օրհնել և փառավորել Նրան։ Մենք, որ իսկապես վայելեցինք Նրա շնորհները, ճաշակեցինք երկնավոր բարիքները և մեր Գլխի՝ Փրկչի հետ Հոր աջ կողմում բազմեցինք։

Մենք պարտավոր ենք ոչ միայն փառավորել Նրան, այլև հնազանդվել ու կատարելապե՛ս հնազանդվել։ Մենք, որ մարմնի անդամներ ենք, միայն այն ժամանակ հնազանդ կլինենք մեր Գլխին, երբ չհեռանանք Նրանից, երբ խոնարհության ճանապարհով ընթանանք, երբ կատարենք Աստծու պատվիրանները, երբ կրենք Փրկչի Խաչը, երբ Նրա հեզությանն ու մարդասիրությանը նմանվենք, երբ մեր հոգիներում Քրիստոսի աղքատությունն ու անպերճասիրությունը կերտենք։

Եվ արդ, եթե մենք մարմին ենք Նրա մարմնից, ինչպես մեզ տրված խոստումն է վկայում, և եթե իրապես հավատում ենք Նրան, ապա ուրեմն չաղտեղե՛նք Քրիստոսի մարմնի անդամները մեղքերի ժահրով և անօրենության գարշահոտությամբ, չապականե՛նք Նրա մարմինը զազիր մեղքերի ցեխով ու տիղմով, մեր կարծրությամբ չփշրե՛նք Տիրոջ ոսկորները, քանի որ մենք կենդանի Աստծու տաճար ենք, և Նրա հոգին բնակվում է մեր մեջ Քրիստոս Աստծու շնորհների միջոցով։

Արդ, ով Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան կապականի, քանի որ Աստծու տաճարը սուրբ է, և դո՛ւք եք այդ տաճարը։ Տեսնո՞ւմ ես մեծ ավետիսն ու դրա հետ մեկտեղ ահազդու սպառնալիքն ու անողորմ վճիռը։ Արդ, երկնչե՛նք սպառնալիքներից, աղաչո՜ւմ եմ, զարհուրե՛նք դատաստանի դատապարտությունից։ Չէ՞ որ եթե մի թագավոր ոսկեղեն տաճար կառուցի և իր ծառաներից մեկին հանձնարարի այն խնամքով պահել, սրբել փոշուց և մաքրել աղտեղությունից, իսկ ծառան անփույթ գտնվի ու աղբով և ժահահոտությամբ լցնի տաճարը, մեծ մեղադրանքի ու սաստիկ պատժի կարժանանա թագավորի կողմից՝ մինչև իսկ մահվան դատապարտվելով։

Իսկ եթե մահկանացու թագավորի ու անշունչ տաճարի դեպքում այսպիսի դատաստան է սպասվում, ապա ինչպիսի՜ ահասարսուռ դատաստանի, դատապարտության ու անճառելի տանջանքների կմատնվի նա, ով անմահ Թագավորի ու երկնավոր Արքայի տաճարը մեղքով կլցնի այն դեպքում, որ մեղքն ավելի ժահահոտ է, քան աղբի ողջ աղտեղությունը։

Այդ ո՞ր մեռելոտի գարշահոտությունը, կամ ո՞ր զազրահոտությունն է այնքան նողկալի, որքան մեղքերի շարավահոտությունը։ Այդ մեղսալի շարավահոտությունը «ճանաչելով»՝ մեծն Դավիթ մարգարեն ողբաձայն ասում էր. «Նեխեցին և փտեցին իմ դեմքի վերքերն անզգամությանս պատճառով»։ Արդարև, անզգամ է նա, ով պագշոտությամբ և այլ աղտեղություններով պղծում է Աստծու տաճարը, քանի որ մենք իսկապես Աստծու տաճար ենք, ինչպես Տեր Ինքն իսկ ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ,
և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը»։

Արդ, ինչպիսի՜ պատիժների ու ինչպիսի՜ տանջանքների կարժանանանք մենք, եթե Աստծուն իբրև «բնակիչ» մեր մեջ կրելով՝ մեղքերի գարշահոտությամբ վանենք Նրան և Նրա փոխարեն բանսարկուին բնակեցնենք մեր մեջ։ Ի՜նչ գեհենի ու ի՜նչ տանջանքի ասես որ չենք մատնվի, և դա էլ դեռ մեզ քիչ կլինի։ Աստված մեզ պատվում է՝ Իր «տուն», «տաճար» և «հանդերձ» անվանելով, իսկ մենք անարգելով անարգում և զանազանատեսակ նախատիքների ենք «արժանացնում» Նրան։ «Դու, որ օրենքով պարծենում ես,- ասում է երանելի Պողոսը,- օրենքը խախտելով Աստծուն ես անարգում»։

Նա քեզ աստվածային «հանդերձ» ու թագավորական «ծիրանի» է կոչում՝ մաքուր ու պայծառ զգեստներ հագցնելով, իսկ դու աղտոտում և մրոտում ես քեզ մեղքերով, ուստի էլ ի՞նչ ներման կարող ես արժանանալ։ Քանի որ եթե մի մարդ իր թանկարժեք զգեստները ժամանակավորապես մեզ տար, իսկ մենք անփույթ վարվեինք, ցեխի ու տիղմի մեջ գցեինք դրանք՝ անպիտան դարձնելով ու այդպես տիրոջ առջև դնելով, որպիսի՜ ու որչա՜փ տուգանքների ասես որ չէինք ենթարկվի նրա կողմից։

Եվ եթե մարդու պարագայում է այսպես, ապա որքա՜ն առավել Քրիստոսի՛ պարագայում կլինի, Որն Իր պատվական հանդերձներն ու թագավորական ծիրանին է մեզ ավանդ տվել։ Քրիստոս նախ մեզ լվաց ավազանով, սրբեց մեղքերից, սևությունից սպիտակափայլ դարձրեց, ժահահոտությունից անուշահոտության վերածեց։ Նախևառաջ Ի՛նքը զգեստավորվեց, քանի որ ասում է. «Կենդանի եմ Ես, Զորությունների Տերը, քանի որ նրանց բոլորին իբրև հանդերձ հագա, և ինչպես հարսը՝ զարդով, Ես նրանցով զարդարվեցի»։

Տեսնո՞ւմ ես անեզր ու անճառ Աստծու՝ մինչև մեզ խոնարհումը, տեսնո՞ւմ ես՝ որքան գերունակ ու բարձրագույն պատիվ ընձեռեց Նա մեզ՝ անզուգական ու անհամեմատելի շնորհներ պարգևելով։ Նա զգեստավորվեց մեզնով և մեզ զգեստավորեց Իրենով։ «Դուք բոլորդ, որ Քրիստոսով մկրտվեցիք,- ասում է առաքյալը,- Քրիստոսով զգեստավորվեցիք»։

Մինչդեռ մենք, առնելով այդ լուսավոր պատմուճանը, մեղքերի աղբի ու տիղմի մեջ ենք թավալվում և մրոտում այդ «զգեստը»։ Ուրեմն էլ ի՞նչ ներման կամ թողության կարող ենք արժանանալ Նրանից։ Էլ չեմ ասում, թե ինչպիսի՜ պատժի, դատապարտության, մեղադրության և կշտամբանքների ենք արժանանալու մենք, որ այսպիսի անմտություն ենք գործում և այսպիսի անդառնալի թշվառություն ենք շալակում մեր ուսերին։

Մենք, որ Սուրբ Գրքի գիտությամբ ոռոգվելով, Աստծու տանը տնկվելով և մեր Աստծու գավթում ծաղկելով, դարձյալ գոսանում և մեր Արարիչ Աստծուն անպիտան ենք դառնում իբրև ոստաբեկ արմավենի ու պտղակորույս ձիթենի։ Իսկ այս ամենն ինչո՞ւ է մեր «գլխով անցնում»։ Քանի որ մենք չհնազանդվեցինք քրիստոսադիր օրենքներին այնպես, ինչպես պարտավոր էինք հնազանդվել։ Ահա այդ պատճառով էլ ինքնըստինքյան մոլորության մատնվեցինք, ապստամբեցինք, մեղանչեցինք բոլոր մեղքերով և Տիրոջ պատվիրաններին էլ ականջ չդրինք։ Չպահեցինք Նրա պատվիրաններն ու ըստ դրանց չգործեցինք։

Ուստի և Աստծու ձեռքից փախանք ու մեզ մատնեցինք մեր չար ախտերի ձեռքը, խստասիրտ, ապստամբ ու երկրի վրա գոյություն ունեցող ամենաչար բանսարկուի՛ ձեռքը մատնվեցինք։ Նա էլ դարձյալ մեզ ծառայեցրեց մեղքերի ախտին, ինչպես առաջ  էր, իսկ մենք անմտությամբ կրկին նրա հետևից ենք գնում։ Ուրիշ ի՞նչ ավելի մեծ անմտություն կարող է լինել, քան այն, որ մեր Երախտավորի ու Բարերարի պատվիրանն արհամարհելով՝ նենգավորին ենք լսում իբրև սիրելիի։

Բանսարկուն մեր գլխին խրատներ է կարդում, ինչպես մեր նախնի Ադամի պարագայում էր, և մեզ ոչ թե աստվածանալու ճանապարհն է ցույց տալիս, որի դեպքում ամեն բան հիանալի և ցանկալի կլիներ, այլ հրի, գեհենի ու դժոխային տանջանքների ուղիով է առաջնորդում, որը ցավալի ու նողկալի է։

Սրա հետևանքով մենք ո՛չ միայն դրախտից ենք հեռանում, այլև զրկվում ենք Երկնքի արքայությունից, ո՛չ միայն Աստծուց ենք օտարանում, այլև կորցնում ենք Աստվածությունը։ Եվ ոչ թե երկիրն է միայն մեր պատճառով անեծք ընդունում, այլ նաև հենց մենք ենք գլխովին անեծքի բաժին դառնում։ Դատապարտվում ենք ո՛չ միայն ցավերով որդիներ ծնելուն, այլ նաև թունավոր ու անմահ որդեր «ծնելու» պատժին ենք արժանանում։

Ո՛չ միայն պարտավորվում ենք երեսի քրտինքով մեր հացն ուտել, այլև մշտնջենավորաբար ու հավիտենապես սովալլուկ լինել՝ զուրկ Բանն Աստծու ողորմությունից։ Մեղքերի պատճառով ո՛չ միայն փուշ և տատասկ բուսցնել, այլ նաև խավարել սևաթույր աղջամուղջի «գրկում»։ Սրա պես ուրիշ բազմաթիվ ու ահասարսուռ «պարգևներ» է մեր թշնամի բանսարկուն խոստանում մեզ։ Իսկ մենք էլ, հիմարաբար, սիրով ընդունում ենք նրա «խրատները» և խնդությամբ հետևում նրան՝ այդ նենգավորի գիրկն ընկնելով իբրև բարեկամի։

Մինչդեռ մեր Տիրոջն ու Արարչին անտեսում ենք, թեպետ բյուրապատիկ են Նրա բարիքները, անեզրական՝ շնորհները, և ձրի՝ պարգևները, ու դեռ փոխարենը Նա մեզնից ոչինչ չի պահանջում, այլ միայն՝ սիրել բարիքը, «մտերմանալ» շնորհներին, գոհանալ պարգևների համար։ Դա էլ ոչ թե Իր համար է այդպես ուզում, այլ մե՛զ համար, որպեսզի այդպիսով Իրեն մեզ «պարտական» դարձնի և մեր վաստակի վարձը բյուրապատիկ անգամ ավելիով հատուցի մեզ։

Սակայն մենք դժվարանում ենք բարիք գործել, զլանում ենք ընդունել շնորհները, մինչև անգամ տխրում ենք ու տրտմում, գլուխներս գետին խոնարհելով՝ դառնապես հեծեծում ենք, պատվիրանները «չափից դուրս դժվարիրագործելի» ենք համարում, մեզ տրված բարեգործություններ կատարելու հնարավորությունը պատուհասած տուգանքներ ենք կարծում։ Այդ բարեգործությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ողորմածությունը, աղոթքը, պահքը, խոնարհությունը, հեզությունը, քաղցրաբարոյությունը, աղքատասիրությունը, անփառությունը, խոստովանությունը, արտասուքը, զղջման ապաշխարությունն ու այսպիսի այլ բաներ, որոնք մեզանում դրոշմում են աստվածպաշտության կերպարանքը։

Մեր Տերը բարության և մարդասիրության խրատն է տալիս մեզ. «Վե՛ր կացեք,- ասում է,- գնա՛նք այստեղից», այսինքն՝ «երկրից երկի՛նք գնանք»։ Իսկ մենք տակավին չենք հրաժարվում երկրից, այլ օձի նման կառչած ենք հողին։ Մեր Տերը, ինչպես ավազակի առջև, մեր առջև նույնպես բացում է դրախտը, մինչդեռ մենք այգիներ ենգ գցում և ունեցվածք ամբարում։ Տերը մեզ Արքայությունը խոստացավ, սակայն մենք գեհենի բաժին դառնալուն ենք «փափագում»։ Մեր Տերը երկնային առաքինություններն ու հրեշտակային վարքն է մեր առջև դնում, իսկ մենք «պատվում» ենք ծուլությունն ու քունը, որոնք բոլոր թշվառությունների մայրն են։

Տերը մեզ հրավիրում է հոգևոր հարսանիքի, մինչդեռ մենք եզների լուծն ու նոր գնված ագարակն ենք պատճառ բերում՝ մերժելու այդ հրավերը։ Մեր Տերը մեզ կանչում է Արքայության սեղանի մոտ, իսկ մենք շտապում ենք դեպի կերակուրն ու ըմպելիքը, որոնք զեխություն են առաջ բերում։ Տերը հրամայում է գանձեր դիզել երկնքում, որտեղ գողերը մոտենալ չեն կարող, իսկ մենք մեր ունեցվածքը հողի տակ ենք թաղում՝ մեր գլխին գողեր ու ավազակներ հավաքելով։

Եվ արդ, մեծագո՛ւյնն ասեմ. մեր Տերը մեզ համար մարդացավ և խոնարհ մարմին առավ, մեր Տերը մեզ համար չարչարվեց, խաչվեց ու խոցվեց, մեր Տերն Իր արյունը հեղեց մեր պարտքերի վճարման համար ու մինչև իսկ մեռավ և ստորին դժոխքն իջավ՝ հանուն մեզ բարձրացնելու։ Իսկ մենք հանուն Փրկչի ո՛չ ուզում ենք մեր ինչքերը ծախել կամ բաժանել կարիքավորներին, ո՛չ համբերում ենք նախատինքների կամ թշնամանքի, հանուն Քրիստոսի սիրո ո՛չ արտասվում ենք, ո՛չ հեծեծում, և ո՛չ դառնապես հոգոց հանում։

Հանուն Աստծու մենք ո՛չ հրաժարվում ենք մեր հայրենի ժառանգությունից, ո՛չ մեր ունեցվածքից, ո՛չ հանձն ենք առնում բանտի ու կապանքների մատնվել, ո՛չ հարված ու մահ ենք ընդունում հանուն Տիրոջ, ո՛չ կատարում ենք Նրա կենսատու պատվիրանները։ Ուրեմն ինչպե՞ս Նրանից ողորմություն ստանանք, կամ ինչպե՞ս վայելենք Նրա փառքը։ Ինչպե՞ս մուտք գործենք Աստծու Արքայություն այն դեպքում, որ Նրա հետքերով չենք ընթացել։ Կամ ինչպե՞ս Նրա հարսանյաց առագաստ մտնենք, եթե տմարդությամբ մարել ենք մեր լապտերները։ Ինչպե՞ս արժանանանք արդարների կայանում հանգրվանելուն, եթե այդ արդարների վաստակը մենք չենք «վաստակել»։

Սթափվե՛նք այս խելագարությունից, աղաչո՜ւմ եմ, դե՛ն նետենք ծուլությունը, քունն ու հեղգությունը, որոնք բոլոր չարիքների պատճառն են։ Լուսավորվե՛նք գիտության լույսով, հնազանդվե՛նք Քրիստոսին իբրև Գլխի, Տիրոջ և Արարչի, պատկառե՛նք Նրա նմանությունն ունենալու փաստից, ակնածե՛նք մեր առջև բերվող օրինակներից։

Հրեշտակները սարսափած հնազանդվում են, հրեշտակապետերը՝ սարսռում, պետությունները՝ դողում, իսկ դու չե՞ս ամաչում։ Իշխանությունները հիացմունքով փառավորում են, տերությունները՝ օրհնում, աթոռները՝ դողահար վերօրհնում, իսկ դու չե՞ս զարհուրում։ Բոլոր երկնային զորությունները երկրպագում են, իսկ դու երկյուղածությամբ չե՞ս խոնարհվում, չե՞ս հնազանդվում ու հիացումով չե՞ս օրհնաբանում, չե՞ս զարմանում և սարսափելով չե՞ս փառավորում, այլ անշարժ կանգնում-մնում ես քո բարօրության և պատիվների մե՞ջ։

Մինչդեռ քեզ համար են հրեշտակների ու գերաշխարհիկ ողջ զինվորության օրհնաբանություններն ու փառաբանությունները, Քրիստոսին հնազանդվելն ու երկրպագելը, քանի որ նրանք, քո Գլխին երկրպագելով, քո՛ Գլուխն են փառավորում և օրհնում։

Ուրեմն դու խնդա՛ և ուրա՛խ եղիր, ո՜վ մարդ, քանի որ քո՛նն են օրհնությունն ու փառավորությունը, որովհետև «երբ փառավորվում է մի անդամը, մնացյալ բոլոր անդամներն էլ ուրախանում են նրա հետ»,- ասում էր քրիստոսաբարբառ Պողոսը։ Նա թերևս սրանք բոլորը գիտենալով էր, որ իր այս խոսքն ասաց։

Իսկ դու այժմ նայի՛ր երկինքն ի վեր, ո՜վ մարդ, ապա խոնարհի՛ր հայացքդ ցած, տե՛ս, թե երևելի կամ աներևույթ արարածներից ո՞ր մեկին Աստված այնպես պատվեց, ինչպես քեզ։ Այն առաջին արարաչագործության ժամանակ էլ քեզ էր տրված ամենամեծ ու սքանչելի պատիվը, քանի որ մյուս արարածները Աստծու հրամանով ստեղծվեցին, իսկ դու՝ Աստծու ձեռքով, մյուս արարարծները՝ նվաստ պատկերով, իսկ դու՝ Արարչի՛ պատկերով։ Մյուս արարածները քո պատվի համար արարվեցին, իսկ դու՝ Աստծու փառքի «պատվին»։

Մյուս արարածները բնությամբ «շղթայված» են, իսկ դու անձնիշխանությամբ նման ես քո Արարչին։ Մյուս արարածները խոսքից զուրկ լինելու պատճառով «անզարդ» և հետին դիրքում մնացին, իսկ դու խոսքով ու իմաստությամբ զարդարվեցիր, սակայն քո այդ պատիվը «չճանաչեցիր», այլ նմանվեցիր անբան անասուններին՝ կորցնելով աստվածապարգև պատիվդ և վեհ իմաստությունդ։ «Հնացար» մեղքով, ծերացար անօրենությամբ, քայքայվեցիր ու դարձյալ հող դարձար։

Բայց այդժամ ևս Արարիչը քեզ չանտեսեց ու թշնամանքով քո դեմ դուրս չեկավ, այլ ողորմեց թշվառականիդ, գթաց, և Իր ձեռքը մեկնեց ո՛չ թե հրեշտակներին կամ հրեշտակապետերին, այլ քո լքված ու հյուծված բնությանը՝ վերստին արարչագործելով ավելի մեծ շքեղությամբ, քան այն առաջին արարչագործության ժամանակ էր։

Ոչ թե հողի վրա Աստծու պատկերը «նկարեց», այլ Ինքը՝ Հայր Աստծու պատկե՛րը հողեղեն մարմինն առավ, այն մաքրեց մեղքերից, սրբեց թարախից, նորոգեց հնությունից, «վերացրեց» ծերությունը, նորոգեց մանկությունն իբրև արծվի, աստվածացրեց բնությունը՝ Աստվածությանը միավորելով, և քերովբեների վրա նստեցրեց՝ նրանցից հավերժորեն երկրպագություն ընդունելու։

Տեսա՞ր քո իրական պատիվը, տեսա՞ր քո բնության երանությունը։ Արդ, ստացածիդ համար անշնորհակալ մի՛ եղիր, ապերախտ մի՛ եղիր Քրիստոսի մեծ տնօրենության առջև և անշարժ մի՛ մնա քեզ ընձեռված գերագույն բարիքների մեջ, այլ ամեն հնար գործի՛ դիր, որպեսզի զգուշությամբ պահես քո Երախտավորի և Տիրոջ պատվիրանները։

Մի՛ վախեցիր, Իր շնորհած այսքան պարգևների փոխարեն քո Տերը մեծ-մեծ բաներ չի պահանջում քեզնից, և թեպետ Նրա շնորհածները մեծամեծ ու հույժ արժեքավոր են, սակայն Նա անարգամեծար Տեր է և էլ առավել է առատացնում պարգևները Իր սիրելիների ու Իր պատվիրանները հնազանդությամբ կատարողների համար։

Իսկ Տիրոջ պատվիրաններն էլ ծանր չեն, այլ Նրա լուծը քաղցր է հույսի շնորհիվ, և Նրա բեռը թեթև է աստվածատուր շնորհների միջոցով։ Մեղավո՞ր ես. Աստված հանգստություն է պարգևում մեղքով ծանրաբեռնվածներին։ Միայն կամեցի՛ր, ո՜վ մարդ Աստծու, միայն սիրի՛ր, միայն փափագի՛ր, միայն փութա՛ հետ դառնալ մեղավոր ուղուց, և այդուհետ ամեն բան Նրա տնօրինության տակ կանցնի ու Նրա միջոցով կկատարվի։

Քաղցրահամ են Քրիստոսի պատվիրանները նրանց համար, ովքեր հոժարակամությամբ, հույսով և սիրով են մերձենում՝ դրանք կատարելու։ Դա «օրենք» է և՛ այստեղի, և՛ հանդերձյալ կյանքի համար, քանի որ այստեղ բարեբարո և հեզ մարդուն Տերը ամենքի աչքին սիրելի է դարձնում, իսկ այնտեղ՝ անթառամ պսակներով պսակում։

Նմանապես էլ դառն ու դժվարին են բանսարկուի պատրանքները և՛ այստեղ, և՛ այնտեղ, քանի որ բանսարկուն այստեղ մարդուն ամենքին թշնամի ու հակառակորդ է դարձնում, իսկ այնտեղ՝ տանջանքների մատնում։

Արդ մենք, որ վայելեցինք Քրիստոսի բարիքները, իմաստո՛ւն ու բանակա՛ն լինենք, անբավ հեռավորությամբ փախչե՛նք բանսարկուի մեքենայական պատրանքներից, որպեսզի նրա որոգայթը չընկնենք ու նրա հետ տանջանքների չմատնվենք։ Իսկ Քրիստոսի՝ մեր հույսի պատվիրանները պահենք ամենայն զգուշությամբ, որպեսզի կարողանանք հասնել Նրա խոստացած բարիքներին և արժանանանք Երկնքի արքայությանը շնորհներով, մարդասիրությամբ ու ողորմությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, Որի միջոցով և Որի հետ Հորը և Սուրբ Հոգուն վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ.

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

21.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․