Գրքեր

Աղոթեցե՛ք

Աշխարհի տարբեր կրոններում հավատացյալը դիմում  է տիեզերական ամենազոր ուժին, կամ ուժերին՝փառաբանելով, գոհանալով, երկյուղելով և խնդրելով, որը մենք սովորաբար աղոթք ենք անվանում: Բայց այլ կրոնական համակարգերում դիմումի այս ձևը միակողմանի է, կամ կարելի է ասել մենախոսություն է, քանզի չունենալով Աստծո ուղղափառ պատկերացում, նրանք դիմում են ենթադրյալ մեկին, որը իր հատկանիշներով երբեմն շատ հեռու է Աստված լինելուց: Քրիստոնեության մեջ,  ուր Աստված Ինքը մարմնացավ և սովորեցրեց աղոթել, մարդկային դիմումն առ Աստված դարձավ երկխոսություն, և սա կարող է վկայել ցանկացած քրիստոնյա, ում հաջողվել է մաքուր սրտով և կատարյալ հավատով հաղորդվել այս զրույցի քաղցրությանը: Քրիստոնյայի կյանքում աղոթքը զբաղեցնում է առանցքային տեղ,  քանզի աղոթքով է, որ երկինքը միանում է երկրին, երկիրը երկինք է դառնում՝ մարդս Աստծուն է մոտենում, կամ լավ է ասել, թե դրախտային մարդ –Աստված հաղորդակցության սկզբնական վիճակն է վերստեղծվում:  Առանց աղոթքի չկա Արարիչ և արարած կապը, ուրեմն և չկա իրական հոգևոր կյանք: Մարդուս փրկության ճանապարհը լուսավորվում է աղոթքով և գործերով:

Կարծես թե սովորական մի բան, որ ամեն օր լցնում է մեր առօրյան, բայց արդյո՞ք մենք աղոթում ենք, երբ ներկա ենք աղոթքին՝ ժամերգությանը, արդյո՞ք աղոթում ենք, երբ բառերը մեր շուրթերից տաղաչափված, ախորժալուր և համահունչ հոսում են առ...։

Առանց աղոթքի, չկա հարաբերություն Աստծո և մարդու միջև, չկա քրիստոնեավայել կյանք, ուրեմն պետք է աղոթենք հարաժամ, աղոթենք խոսքով և գործով՝ ապրված կյանքով՝ մեր ուշադրությունը պահելով ամեն մի մտքի, բառի և ամեն մի նշանախեցի վրա, ոչ թե կարդանք աղոթքները մեխանիկորեն և ճոխաբանելով, նույն աղոթքը բազմիցս անպտուղ կրկնելով, ախորժալուր տաղաչափելով և մի վայրկյան իսկ չխորանալով իմաստի մեջ, այլ մեր աղոթքի ամեն մի բառը, ամեն մի կետադրական նշանը թող որ դառնա իրոք մերը՝ ծնված մեր հոգուց, սրտից և մտքից՝ այս եռյակ զորությունից: Ապրենք աղոթքով, որ երբեք աղոթքը չդառնա սովորություն, այլ ամեն օր աղոթենք նորովի, այն դարձնելով կենսական պահանջ, քանզի այն հոգու կերակուրը և օդն ու ջուրն է:

Ինչո՞ւ մենք, որ հոգևոր կյանքի մեջ կատարելության ենք ձգտում, մեծ պատրաստակամությամբ սովորում, հետազոտում ենք այս կամ այն գիտությունները, լեզուները, բայց աղոթքի՝ Աստծո հետ զրույցի խորքերը թափանցել և զրուցել սովորել, այլ ոչ թե բարբառել, զլանում ենք, ինչո՞ւ:

Այս ընթացքն ամբողջությամբ նման է լեզու սովորելուն. նախ սովորում ենք՝ ըստ մեր կարողության, Աստվածային հայտնությամբ, և աղոթելով, սովորում ենք, թե ինչ է նշանակում «ես եմ», ապա՝ «Դու ես», հետո՝ «նա է» և այսպես շարունակ:  Բայց մտածել, թե զուտ գիտությամբ կարող ենք հասնել աղոթական վիճակների, կամ իրական հոգևոր կյանքի՝ պարզապես կլինի մի այլ, մոլորյալ ծայրահեղություն, քանզի, վստահաբար, գիտությունների մեջ ոչ մի թերացում չունի սատանան և ավելին. ինչը մեզ համար հավատքով է միայն հասանելի, նրա համար, իր ստեղծագործության սկզբից իսկ, վստահ գիտություն է, բայց ծիծաղելի է խոսել սատանայի ճշմարիտ աղոթական վիճակի, կամ հոգևոր կյանքի մասին: Ահա այս պարզագույն ճշմարտությունն ապացուցում է, թե ինչքան անզոր է զուտ գիտությունը՝ որևէ բան մեր մեջ դեպի բարին ձևափոխելու համար, մանավանդ, եթե չունենք կենդանի հավատք, որն իր մեջ նաև ընդգրկում է կենդանի աղոթքը:

Սրբակենցաղ այրերն իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում ձգտել են տիրապետել աղոթքի արվեստին, քանզի առողջ աղոթքով մարդ միանում է Աստծուն, իսկ ի՞նչ է քրիստոնյայի ճանապարհը և նպատակը, եթե ոչ ճանապարհ դեպի Աստծո հետ միացում:

Միմիայն ինքնաճանաչման ուղին մտած մարդը կարող է ասել, որ ինքը ոտք է դրել աղոթել սովորելու ճանապարհին, իսկ ինքնաճանաչումը հնարավոր է դառնում ինքնադատումով, բայց ոչ երբեք ինքնադատապարտումով, կամ ինքնաթշնամանքով: Ճանաչելով ինքներս մեզ, մենք հասկանում և գիտակցում ենք մեր հիվանդ, և մանավանդ, հոգևոր հիվանդ լինելը։ Խաչակից ավազակի նման հասկանում ենք, որ արժանաբար ենք կրում Աստծուց հեռու լինելու հանդիմանության տառապանքը և այդ ժամանակ, այդ ինքնագիտակցման լուռ րոպեին, երբ սիրտդ ու միտքդ միանում են, ահա այդ գիտակցված րոպեին մարդ զգում և հասկանում է, որ այո, Աստված մոտ է, ուրեմն նաև աղոթում է, և հենց այդ րոպեին է, որ մարդ իրապես գտնվում է Աստծո հետ երկխոսության մեջ, ուրեմն այդ պահին դու դրախտում ես, քանզի ի՞նչ է դրախտը, եթե ոչ Աստծո ներկայությունը:

Աղոթքի ժամանակ մեր միտքը հաճախակի շեղվում է՝ տարվելով այս կամ այն երկրային պլաններով, դեպքերով և այլն, բայց ինչքան էլ մեր մտքերն այդ պահին Աստվածահաճո պլաններ կառուցելիս լինեն, դա չէ աղոթքի էությունը և ընթացքը, այլ Աստծուն դիմելը և Նրա հետ զրուցելն է:

Ինչպես որ մենք հարաժամ պայքարում ենք մեղքի դեմ, կամ մեր անկյալ բնության գայթումների դեմ, միշտ սատար և օգնական ունենալով մեր Տեր և Փրկիչ ամենակալ Աստծուն, այդպես էլ պիտի պայքարենք աղոթքային անուշադրության սայթաքումների դեմ: «Տե՛ր ողորմյա՜». ահա ամեն ինչ իր մեջ ընդգրկող մի տիեզերական աղոթք, մյուսն էլ հար և նման սրան. «Փա՜ռք Քեզ, Տեր Աստված», որոնք զերծ լինելով երկար շարադրությունից, հնարավորություն են տալիս գոնե այդ մի քանի երկվայրկյանը չգայթել, անուշադիր չլինել, բայց սա էլ միշտ չէ, որ հաջողվում է: Սրանք այն աստիճաններն են, այն այբուբենը, որոնցով մենք սովորում ենք իրոք աղոթել: Այս բնավ չի նշանակում, թե եկեղեցական Աստվածաշունչ, երկարաշունչ աղոթքները մեզ համար չեն, կամ Նարեկը երկարաբանություն է, քավ լիցի, բայց սա նշանակում է, որ պիտի աղոթենք՝ հարաժամ սովորելով աղոթել: Սա, ինչպես ասացի, ճիշտ և ճիշտ նման է մեղքի դեմ պայքրին: Աստվածաշունչ-երկարաշունչ աղոթքներն էլ, իրենց երկար բովանդակությամբ, մեզ համակողմանի սատարում են աղոթքի մեջ, արտահայտում այն, ինչը իրականում մեզ պետք է, բայց մեր կողմից անարտահայտելի և հաճախ էլ անըմբռնելի է: Այն երբեմն բացահայտում է մեզ համար, թե ում ենք դիմում և ապա կարճ շարադրում խնդրվածքը: Երբեմն փառաբանելով՝ մեզ սովորեցնում է գոհունակությամբ խնդրել, փառաբանել...: Նարեկացու մոտ նույն մեղքի տարբեր դեմքերը ցույց տվող բառերը, արտահայտությունները կոչված են կենտրոնացնելու մեր միտքն այդ մեղքի տարբեր դրսևորումների վրա և հասկանալ չխոստովանածը ու գտնել մեր բաժինը… և ոչ միայն այսքանը։

Մենք այո՛, կարդում ենք աղոթքներ, երգում ենք աղոթքներ, առաջնորդում ենք աղոթելուն, բայց արդյո՞ք աղոթում ենք: «Մենք իհարկե միշտ աղոթում ենք, բայց ա՛յ ընկերս, ա՛յ նրան այս խորհուրդներն իրոք պետք են...», ահա թե ինչով կավարտվեն այս մտորումները մեր սրտերում, բայց աղոթեցեք՝ խնդրելով աղոթքի շնորհը և... աղոթեցե՛ք նաև բազմամեղներիս համար, և թող որ Սուրբ Հոգի Աստվածը զորացնի մեզ:

 

Վաչագան սրկ. Դոխոլյան

20.04.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․