Գրքեր

Աղոթենք ըստ պատվախնդրության

- Հա՛յր, Դուք այնքա՜ն եք հոգնում, ինչպե՞ս եք կարողանում աղոթել:

- Ինձ համար աղոթքը հանգիստ է: Գիտեմ, որ մարդն իսկապես հանգստանում է միայն աղոթքի մեջ: Երբ աղոթքը սրտից է բխում՝ ցրում է և՛ հոգնածությունը, և՛ քունը, և՛ քաղցը, որովհետև հոգին այնպես է ջերմանում, որ արդեն ոչ քնել ես ուզում, ոչ՝ ուտել: Գերբնական վիճակում ես գտնվում և այլ կերպ սնվում. հոգևորն է քեզ կերակրում:

- Հա՛յր, աղոթքի հանդեպ սեր չեմ զգում:

- Սիրտդ դեռևս չի ջերմացել, աղոթքը հոգուցդ չի բխում. Ամեն ինչ հարկադրաբար ես անում, չոր, առանց զգացմունքի: Աղոթքն ինչպե՞ս ես սկսում:

- Սկսում եմ այն մտքից, որ պետք է աղոթել քո և այլոց համար:

- Այս ի՜նչ տարօրինակ մարդ ես: Քեզ մոտ ամենուր «պետք է» է. «Պետք է աղոթել», «պետք է հոգևոր վարժանքով զբաղվել», ամեն ինչ «պետք է», «պետք է»… դրա համար էլ դժվարանում ես: Լավ է, որ այդպիսի ուժ ունես, բայց սկսիր խոնարհ մտքից, կարեկցանքից: Թո՛ղ սիրտն աշխատի, թո՛ղ կարեկցի, այդժամ ինքդ քեզ հարկադրելու կարիք չես ունենա. ուրախություն կզգաս, և հոգումդ ներքին խնդություն կլինի:

- Մի տեսակ քարացած վիճակում եմ, Հա՛յր. հոգևոր խնդություն չունեմ:

- Աղոթելիս ուրախանո՞ւմ ես: Կարծում եմ մի քիչ հարկադրում ես քեզ: Պատվախնդրորեն սկսում ես ինչ-որ բան անել, իսկ հետո, ինքդ էլ չես նկատում, թե ինչպես, եսասիրությունն է խառնվում՝ «Ավելի շատ խոնարհումներ անեմ, տերողորմյայով ավելի շատ աղոթեմ»,- ասում ես քեզ: Եվ դա ոչ թե Քրիստոսի կամ օգնության կարիք ունեցող մարդկանց հանդեպ սիրուց է, այլ որպեսզի հնարավորինս շատ անես, ավելի սրբանաս: Դու խոնարհաբար չես ասում. «Չէ՞ որ Տերն ասաց. «Սո՛ւրբ եղեք» (Ա Պետ. 1:16), ուրեմն դրա համար կանեմ այն, ինչ ուժերս ներում են»: Այլ ամեն ինչ անում ես՝ հիմնվելով տրամաբանական անհրաժեշտության վրա. «Ես պետք է սուրբ լինեմ»:

- Հա՛յր, ինձ ինչպե՞ս ստիպեմ աղոթել:

- Ստիպելու ի՞նչ կարիք կա, ինչո՞ւ պատվախնդրորեն չաղոթել:

- Դա ինչպե՞ս անեմ, Հա՛յր:

- Պատկերացրո՛ւ Աստծու հոգատարությունը, խորհի՛ր Աստծու՝ քո Բարերարի մասին, զգա՛ սեփական անպիտանությունդ ու մեղավորությունդ և Նրա ողորմածությունը հայցիր: Երբ մարդը զգում է Աստծու մեծամեծ օրհնությունները՝ ամրապնդվում է, սիրտը ջերմանում է և նա հարատև աղոթք է ձեռք բերում:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

05.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․