Գրքեր

Աղոթք նրանց համար, ովքեր մեր աղոթքներն են խնդրում

- Հա՛յր, երբ մեզ խնդրում են օրինակ՝ աղոթեցեք զավակիս համար, որը քննություն պիտի հանձնի, կամ՝ աղոթեցեք այսինիչի համար, քանի որ պիտի վիրահատվի, հետագայում պե՞տք է հարցնել, թե ամեն ինչ ինչպես անցավ:

- Ինչո՞ւ հարցնել, որպեսզի ասես. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ իմ աղոթքն ազդե՞ց»: Աղոթեցի՞ր: Գործդ արեցի՞ր: Ուրիշ ոչինչ այլևս չի պահանջվում քեզանից:

- Հա՛յր, իսկ Դուք ինչպե՞ս եք աղոթում այն մարդկանց համար, որոնց համար Ձեզ խնդրում են:

- Նախքան վիրահատությունը(1) ինձ տրված թերթիկները կանգնած էի կարդում՝ ժամանակ առ ժամանակ ծնրադրություններ կատարելով: Իսկ հիվանդանոցից վերադառնալուց հետո սկսեցի կողքի պառկած կարդալ: Բայց հենց ուշքի եկա, կրկին սկսեցի կանգնած կարդալ:

- Իսկ երբ ուխտավորներից ոմանք մեզ թերթիկներ են թողնում, բայց մենք նրանց կարիքները չգիտենք, այդ դեպքում ինչպե՞ս է պետք աղոթել նրանց համար:

- Ասացե՛ք. «Տե՛ր, ողորմի՜ր Քո ծառաներին, որոնց կարիքները Դու գիտես»:

- Իսկ երբ մարդկանց համար աղոթում ենք, սակայն չգիտենք՝ նրանք ո՞ղջ են, թե՞ մեռած:

- Այդ ժամանակ ասացե՛ք. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր Քո ծառաներին»:

- Հա՛յր, երբեմն մոռանում եմ աղոթել այն մարդկանց համար, որ ինձ խնդրել էին որոշակի օր ու ժամի աղոթել կոնկրետ գործի համար:

- Աղոթքդ նրանցո՛վ սկսիր և ասա՛. «Հիշի՛ր, Տեր, Քո ծառաներին, որ պատգամեցին մեզ՝ անարժաններիս, աղոթել իրենց համար»(2): Երկու-երեք անգամ հիշատակիր նրանց անունը, ապա աղոթիր ողջ աշխարհի համար՝ ասելով. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր Քո ծառաներին»:

- Երբեմն էլ չեմ հիշում այն մարդկանց անունները, որոնք խնդրել էին աղոթել:

- Եթե անունները չես հիշում, ապա ընդհանուր աղոթիր՝ հիվանդների, երիտասարդների, ճանապարհից շեղվածների և այլոց համար: Այսպե՛ս սկսիր. «Տե՛ր Աստված, նախ օգնիր այն մարդկանց, որոնք ամենաշատն են օգնության կարիք զգում», իսկ հետո շարունակիր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր Քո ծառաներին»:

- Աղոթք խնդրող մարդկանց անունները գրում եմ ըստ իրենց կարիքների՝ առողջության, միտքը լուսավորելու համար և այլն: Բայց անուններն օրեցօր ավելանում են: Այդ անունները որքա՞ն ժամանակ է պետք պահել ու աղոթել այդ մարդկանց համար:

- Նախ նոր անունները հիշատակիր, հետո արդեն ասա. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր Քո ծառաներին և ողջ աշխարհը», դա էլ, որպեսզի գնացքդ կիսադատարկ չգնա:

- Իսկ որքա՞ն ժամանակ պիտի աղոթեմ որևէ կարիքի համար, երբ ինձ խնդրում են:

- Կախված է մարդու կարիքից և այն բանից, թե որքան ես նրան կարեկցում: Նա կարող է և լուրջ կարիքի մեջ չլինել, բայց դու նրան կարեկցելով՝ տարիներ աղոթես: Իսկ կարող է և ընդամենը մի տերողորմյա աղոթես:

- Հա՛յր, իսկ ցուցիչը ո՞րն է, որ ես բավականաչափ եմ աղոթել:

- Այնքան ժամանակ աղոթիր, քանի դեռ չես լարվում դրանից: Իսկ քանակը կախված է ժամանակիցդ: Սակայն գլխավորն այն չէ, թե ինչքան կաղոթես, այլ՝ ինչպես: Կարելի է երկար աղոթել ու կարծել, թե աղոթում ես, բայց իրականում չես աղոթում, որովհետև կարեկցանք չկա աղոթքիդ մեջ: Իսկ մեկ ուրիշը կարող է կարճ աղոթել, սակայն նրա աղոթքն իսկական լինի, որովհետև արվում է խոնարհությամբ ու փշրված սրտով: Իսկ երբ և՛ քանակ կա, և՛ որակ, այնժամ նախանձախնդիր հոգին կրկնակի շնորհ է ստանում Աստծուց:

- Հա՛յր, երբ մարդիկ իրենց վշտով գալիս են մեր մենաստան ու անունները թողնում, որպեսզի աղոթեմ, ես նրանց կարեկցում եմ, բայց երբեմն բավարար ժամանակ չունեմ ինչպես հարկն է աղոթելու համար, և միտքս խռովվում է:

- Մարդն իր ցավը կիսում է քեզ հետ, դու նրան լսում ես և խորապես ցավակցում: Այդժամ, եթե անգամ չհասցնես նրա համար աղոթել, այդ կարեկցանքդ ժամեր տևած աղոթք արժե. դա սրտի աղոթք է և շատ արդյունավետ: Կամ քեզ փոխանցված անունները կարդալիս՝ սրտնեղում ես, որ ավելին անելու ժամանակ չունես: Անունները կարդալու ժամանակ սրտից դուրս եկած հոգոցը գրանցվում է Երկնքում ու միանգամից բարձանում Աստծու գահի առջև:

 

1. 1994 թ.-ի փետրվարին հեռացվել է հաստ աղիքի չարորակ ուռուցքը:

2. Բյուզանդական ծիսակարգի մաս կազմող երեկոյան ժամերգության և կեսգիշերվա հսկման արարողության աղոթքներից:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

16.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․