26 Փետրվար, Դշ, Մեծ Պահքի Գ օր

Գրքեր

Աղոթքի կարիք զգանք

- Հա՛յր, ես ամուր հավատ չունեմ և ինձ տկար եմ զգում:

- Գիտե՞ս ինչ արա: Փարվի՛ր Աստծուն ինչպես երեխան է հոր վզին փաթաթվում, գրկի՛ր Նրան և բաց մի՛ թող, որպեսզի Նա չկարողանա քեզ Իրենից հեռացնել: Այնժամ հուսալիություն և զորություն կզգաս:

- Ես Աստծուն ապավինելու կարիքը զգում եմ, հա՛յր, սակայն դժվարանում եմ անել:

- Ձեռքերդ վե՛ր պարզիր, այդպիսով դրանք աստիճանաբար կաճեն և կբռնվես Աստծուց:

- Երբ քիչ ժամանակ ունեմ և շտապողաբար եմ աղոթում, արդյո՞ք գողանում եմ ժամանակը, որ պարտավոր եմ Քրիստոսին նվիրել:

- Որքան էլ գողանաս, Քրիստոս ամեն ինչ լիուլի ունի: Նա ոչ մի բանի կարիք չունի, իսկ այ դո՛ւ օգուտ չես քաղում: Ոչ թե Քրիստոսին է պետք մեր աղոթքը, այլ մեզ է հարկավոր Նրա օգնությունը: Մենք աղոթում ենք, որովհետև այդ կերպ հաղորդակցվում ենք Աստծու հետ, Որն արարել է մեզ: Եթե դա չանենք, ապա բանսարկուի ձեռքը կընկնենք և այնժամ վա՜յ մեզ: Տեսնո՞ւմ ես աբբա Իսահակն ինչ է ասում. «Աստված մեզ չի հարցնի, թե ինչու չէինք աղոթում, այլ ինչու Իր հետ շփման մեջ չէինք և այդ կերպ իրավունք ենք տվել սատանային՝ մեզ տանջելու»:

- Հա՛յր, իսկ ինչպե՞ս սիրեմ աղոթքը:

- Աղոթքի կարի՛ք զգա: Ինչպես մարմնին է սնունդ անհրաժեշտ ապրելու համար, այնպես էլ հոգին պետք է սնունդ ստանա, որպեսզի ապրի: Եթե այն չսնվի, ապա կտկարանա, ինչին կհաջորդի հոգևոր մահը:

- Մեզ ի՞նչն է խանգարում աղոթքում, հա՛յր:

- Մենք դժվարանում ենք աղոթել միայն այն ժամանակ, երբ աղոթքի կարիք չենք զգում: Ով աղոթքի իմաստը չի հասկանում, դրա կարիքը չի զգում, այն պարտավորություն է համարում և նմանվում է անմիտ երեխայի, որը հրաժարվում է մոր կրծքից, մայրական քնքշանքից, ուստի և թույլ ու հիվանդոտ է մեծանում:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

22.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․