Գրքեր

Աղոթքի մասին

1. Անփութորեն ու ծուլությամբ կատարված աղոթքը դատարկախոսություն է (Անտոն Անապատական):

2. Դռների ետևում են մնում այն աղոթքները (չեն հասնում Աստծուն), որոնք իրենց մեջ սեր չեն պարունակում, որովհետև միայն սերն է բացում աղոթքի դռները (Եփրեմ Ասորի):

3. Թող քո շուրթերը միշտ սաղմոսեն, որովհետև Աստծո անվան արտաբերումը փախուստի է մատնում դևերին: Եթե ձեռքերդ աշխատում են, թող լեզուդ սաղմոսի, իսկ միտքդ աղոթի (Եփրեմ Ասորի):

4. Երբ միտքը սկսում է կենտրոնացած կերպով, առանց ցրվածության աղոթել, այն ժամ պատերազմի ուղղությունը փոխվում է, և այն գիշեր ու զօր սկսվում է մղվել անձի ջղագրգիռ կողմի վրա (Եվագր Պոնտացի):

5. Երբ միտքը աղոթքի պահին չի պատկերացնում ոչ մի աշխարհային բան, ուրեմն նա ամրապնդվել է (Եվագր Պոնտացի):

6. Մեծ բան է, երբ աղոթում ես անզբաղ, բայց առավել մեծ բան է, երբ երգում կամ սաղմոսում ես անզբաղ (Եվագր Պոնտացի):

7. Սաղմոսների բառերը ոչ միայն լեզվով արտաբերիր, այլև երգիր սրտիդ մեջ (Եվագր Պոնտացի):

8. Անցկացրու գիշերը աղոթական ջանքերով, և հոգիդ ձեռք կբերի մխիթարություն (Եվագր Պոնտացի):

9. Հարկադրիր քեզ գիշերվա մեջ բազում աղոթքների, քանզի աղոթքը լույս է քո անձին: Հանապազ խորհի՛ր, թե որտեղ ես սայթաքել, և եթե աղոթես դրանց համար, Աստված քեզ թողություն կշնորհի (Հայր Սրապիոն):

10. Եթե քեզ մոտենա մտքիդ հետ պատերազմող խորհուրդ, զգո՛ւյշ եղիր, որպեսզի աղոթքի մեջ անհրաժեշտի փոխարեն այլ բան չխնդրես, այլ աղոթքիդ սուրը սրի՛ր ընդդեմ թշնամու՝ նրա հետ ընդդիմամարտելու համար (Եպիփան Կիպրացի):

11. Աղոթքով փնտրե՛ք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը, որ մեր ներսում է (Մարկոս Ճգնավոր):

12. Երբ աղոթում ես, ասա սրտումդ թշնամական մտքերի և ներգործությունների դեմ. «Տերը ամեն ինչ է ինձ համար», և այսպես, ամբողջ կյանքում, երբ կրքերը գլուխ կբարձրացնեն, և երբ բոլոր թշնամական ներգործությունները քո վրա ելնեն, այսինքն՝ հիվանդություն, հուսալքություն, դժբախտություններ և այլ հարձակումների ժամանակ միշտ ասա. «Ամեն ինչ է ինձ համար Տերը, ես ինքս ոչինչ անելու կարողություն չունեմ, ոչնչի չեմ կարող համբերել, դիմակայել և հաղթահարել: Նա է իմ զորությունը» (Մակար Մեծ):

13. Սակայն ինչպե՞ս ես ասում դու, որ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդը չի կարող օրը երեք ժամ աղոթել և եկեղեցի այցելել: Հնարավոր է, և շատ հեշտությամբ: Նույնիսկ եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք: Ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Սամվելի մորը՝ Աննային, Աստված լսեց ոչ թե բարձր ձայնով աղերսելու, այլ սրտում ունեցած աղաղակի շնորհիվ (Ա թագ. 1-13): Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը: Դու էլ այդպես արա: Հառաչիր դառնորեն, հիշիր մեղքերդ և մտքումդ ասա. «Ողորմիր ինձ, Աստված»: Ահա և աղոթեցիր:

Նույնիսկ, եթե ծունկի չես եկել, եթե կուրծքդ չես ծեծում, եթե ձեռքերդ չես պարզել դեպի երկինք, բայց սրտումդ ջերմեռանդ ես, աղոթքդ կարող է լսելի դառնալ: Կինը խոհանոցում կամ կար անելիս, տղամարդը արհեստանոցում կամ ճանապարհին, շուկայում թե ծառայության մեջ կարող է ջերմեռանդ աղոթել: Հիշիր, ինչպես բանտախցի հատակին պառկած աղոթեց Պողոսը, և սասանվեց բանտը, սարսափեց բանտապետը և ի վերջո մկրտվեց: Հիշիր Եզեկիային, որ պառկած էր հիվանդ և այդ վիճակում ջերմորեն աղոթեց, ու Աստված փոխեց իր վճիռը և առողջացրեց նրան: Նույնիսկ մեծ մեղավորներն աղոթքով Աստծո ողորմությունն ստացան: Ավազակը եկեղեցում ծունկի եկած չէր, այլ գամված էր խաչին և Երկնքի արքայությանն արժանացավ: Մեկը՝ հոտի, մյուսը՝ գազանների մեջ, մյուսը՝ ձկան որովայնում Աստծուն կանչելով՝ ազատվեցին և Աստծո հաճությանն արժանացան:

Հաճախեցեք եկեղեցի, ծունկի եկեք և ձեռքերը պարզած աղոթեցեք: Նաև տանը աղոթեցեք՝ առանձնության մեջ: Սակայն, երբ անհնար է այդպիսի աղոթքը, մի՛ թողեք այն, և ինչպես ասացի, ջերմեռանդ կերպով աղոթեցեք և օգուտ կստանաք: Եթե այսպես տրամադրվեք, թե՛ այս կյանքում խաղաղություն կունենաք, թե՛ Երկնքի արքայությանը կարժանանաք (Հովհան Ոսկեբերան):

14. Ո՛չ թե մարմնի կեցվածքով և մեծաձայն խոսքերով, այլ կամավոր հոժարությա՛մբ աղոթք մատուցենք: Ո՛չ թե հանդուգն աղաղակով և ի ցույց մարդկանց, այլ հեզությամբ ու հանդարտությամբ, մտքերի ստըրջանքով ու մեղմ արտասուքով պետք է սիրտն արթնացնել (Հովհան Ոսկեբերան):

15. Առանց աղոթքի մեր հոգևոր կյանքը թոշնում, ծարավում ու մեռնում է (Հովհան Ոսկեբերան):

16. Ոմանց շրթունքներին մաքսավորի խոսքն է, բայց սիրտն ու մտքերը՝ փարիսեցունը (Գրիգոր Երկխոս):

17. Ով սրտում մի բան ունի, իսկ լեզվին՝ մի ուրիշ, նրա ջանքերն ու աղոթքներն իզուր են (Հայր Եսայի):

18. Նա է կարողանում լավ ապրել, ով կարողանում է լավ աղոթել (Օգոստինոս Երանելի):

19. Ինչպես տեսողությունը պատվական է բոլոր զգայարանների մեջ, այնպես էլ աղոթքը ամենաբարձրն է առաքինությունների մեջ (Նեղոս Սինայեցի):

20. Նախ աղոթի՛ր, արտասուքներ ստանալու համար, որպեսզի սգի միջոցով կակղեցնես անձիդ վրա ներգործած խստությունները և խոստովանելով անձիդ անօրենությունը Քո Տիրոջը՝ Նրանից մեղքերի թողություն ստանաս (Նեղոս Սինայեցի):

21. Ջանա աղոթքի ժամանակ միտքդ խուլ ու համր պահել, անսայթաք մնալ ամեն տեսակ արկածներից, որպեսզի աղոթքն ընդունելի լինի (Նեղոս Սինայեցի):

22. Աղոթքը հեզության, անբարկության, անհիշաչարության և սիրո բխումն է (Նեղոս Սինայեցի):

23. Աղոթքը տրտմության, տարակուսանքների և վշտերի հրաժարադեղ ու սփոփանք է (Նեղոս Սինայեցի):

24. Ցանկանո՞ւմ ես աղոթել ինչպես պետք է, մի՛ տրտմեցրու որևէ մեկի անձը, ապա թե ոչ՝ ունայն կլինի քո վաստակը և այդ ընթացքը (Նեղոս Սինայեցի):

25. Զգո՛ւյշ եղիր, միգուցե, փորձելով բժշկել ուրիշներին, քեզ անբժշկելի դարձնես Տիրոջ առաջ և խափանես քո աղոթքը (Նեղոս Սինայեցի):

26. Եթե ցանկանում ես աղոթել, հրաժարվի՛ր ամեն ինչից, որպեսզի շահես այն (Նեղոս Սինայեցի):

27. Աղոթիր նախ՝ ախտերից սրբվելու, երկրորդ՝ անգիտությունից և մոռացումից, երրորդ՝ բոլոր փորձություններից և ծուլությունից ազատվելու համար (Նեղոս Սինայեցի):

28. Ով սիրում է Աստծուն, Նրա՝ որպես Հոր հետ միշտ զրուցում է՝ հեռանալով բոլոր ախտավոր խորհուրդներից դեպի հոգևորը (Նեղոս Սինայեցի):

29. Չես կարող մաքուր աղոթել՝ պաղատելով մարմնավոր իրեր, քանզի աղոթքը հեռացնում է այս աշխարհի նյութական ակնկալությունից (Նեղոս Սինայեցի):

30. Ոչ թե փարիսեցու պես, այլ մաքսավորի պես աղոթի՛ր  տաճարում, որպեսզի դու էլ արդարանաս Աստծուց (Նեղոս Սինայեցի):

31. Մի՛ ցանկացիր որևէ կերպարանք, կամ ձև, կամ գույն աղոթքի ժամանակ (Նեղոս Սինայեցի):

32. Երջանիկ է այն միտքը, որ աղոթքի ժամին աննյութական և անստացիկ է լինում՝ սրբվելով ամեն ինչից (Նեղոս Սինայեցի):

33. Ամբողջովին հեռու մնա ստությունից, երդումից և բարկությունից և աղոթել փափագիր (Նեղոս Սինայեցի):

34. Եթե կամենում ես հոգով աղոթել, ոչ մեկին մի՛ ատիր և չես ունենա մառախուղ, որ դիմադրում է քեզ աղոթքի լուսավորության ժամին (Նեղոս Սինայեցի):

35. Եթե կանգնել ես աղոթելու ամենակալ Աստծո և Արարչի առջև, ինչո՞ւ ես այդպես անասնաբար կանգնել. մի կողմ ես թողել Նրա երկյուղը և ճանճից ու մժեղից ես երկնչում: Կամ չե՞ս լսել՝ «Քո Տիրոջից երկյուղիր» (Բ Օր. 10:20) (ՆԵղոս Սինայեցի):

36. Թեպետև կարծես թե Աստծո հետ ես, զգո՛ւյշ եղիր պոռնկության դևից, քանզի հույժ պատրող և նախանձ է և կամենում է ավելի սրընթաց լինել, քան քո մտքերի շարժումն ու սթափությունը, որպեսզի նրան Աստծուց անջատի, երբ Աստծո առջև ահով ու երկյուղով կանգնած ես (Նեղոս Սինայեցի):

37. Ով հոգ է տանում մաքուր աղոթքի համար, նա կլսի դևերի ճայթյուններ, թնդյուններ, սոսափյուններ և խշխշոցներ և  դիվային հեծեծանքներ, սակայն չպետք է վարանի և մատնվի այդ խորհուրդներին, այլ ասի Տիրոջը. «Չերկյուղեցի չարից, քանզի Դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22:4):  Ինչպես նաև սրանց նման աղոթքի խոսքեր (Նեղոս Սինայեցի):

38. Եթե դևերը հանկարծակի երևալով, սպառնան և զարհուրեցնեն քեզ և հափշտակեն միտքդ կամ գազանների պես վնասեն մարմինդ, մի՛ սարսափիր ՝նրանցից և ուշադրություն մի՛ դարձրու նրանց սպառնալիքներին, քանզի փորձելով վախեցնում են. արդյոք  ուշադրության կարժանացնե՞ս նրանց, թե՞ արհամարհում ես  (Նեղոս Սինայեցի):

39. Երբ աղոթելիս զգում ես ուրախություն, որ վեր է այս աշխարհի ուրախություններից, այնժամ իսկապես ձեռք ես բերում սուրբ աղոթքը, որ կատարվում է ի փառս Ամենասուրբ Երրորդության այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն (Նեղոս Սինայեցի):

40. Հարց. -Երբ ինչ-որ բանի համար ողբում եմ, աղոթում եմ և Աստծու անսպառ ողորմությունն եմ ստանում, ապա սկսում եմ ամբարտավանորեն մտածել՝ աղոթքս լսվեց: Ինչպե՞ս վարվել:

Պատ. -Երբ աղոթես, ստանաս խնդրածդ և գոռոզանաս, ապա ակընհայտ է դառնում, որ աղոթքդ Աստծուն չէր հղված, և Աստծուց չէր, որ օգնություն ստացար, այլ դևերը հապճեպորեն օգնեցին քեզ, որպեսզի սիրտդ ամբարտավանությամբ լցվեր: Քանզի եթե օգնությունն Աստծուց է, հոգին չի գոռոզանում, այլ ավելի է հաստատվում հեզության մեջ և սքանչանում է Աստծու անսահման ողորմությամբ:

Ինչպե՞ս է Նա ողորմում մեղավորներին, անտարակույս անարժան և Իրեն միշտ զայրացնողներին, և սրանք էլ անսահման գոհություն են հայտնում Նրան՝ փառավոր և անճառելի օգնության համար, որ ոչ թե ըստ մեր մեղքերի է մեզ տալիս, այլ համբերում և ողորմում է համաձայն Իր անսահման ներողամտության: Այդ իսկ պատճառով, հոգին չի գոռոզանում, այլ թրթռում և փառաբանում է (Բարսիլիսկոս Մեծ):

41. Հարց. -Բազմաթիվ անգամ սաղմոսերգելիս համակվում եմ բարձրախոհությամբ, ի՞նչ պետք է ասեմ ես այդ ժամանակ այս ծածուկ մտքերիս:

Պատ. -Երբ սիրտդ գոռոզանում է սաղմոսերգելիս, հիշիր գրվածը. «Թող նրանք չպարծենան իրենց հոգում» (Սաղմ. 65:7): Նաև ստուգիր, թե սաղմոսերգելիս արդյոք  միտքդ չի՞ զբաղված այլ մտածումներով, և անպայման կտեսնես, որ միտքդ հափշտակվում է, հետևաբար վշտացնում ես Աստծուն (Բարսիլիսկոս Մեծ):

42. Հարց. -Եթե սաղմոսերգելիս, աղոթելիս կամ էլ ընթերցելիս մեղսալից խոհեր են առաջանում, հա՞րկ է, արդյոք, միառժամանակ ընդհատել սաղմոսերգությունը, աղոթքը կամ ընթերցանությունը՝ դրանց անաղարտ մտքերով ընդդիմանալու համար:

Պատ. -Խուսափիր այդ խոհերից, ավելի խորացիր սաղմոսերգության, աղոթքի և ընթերցանության մեջ, որպեսզի զորանաս աղոթքիդ արտաբերած խոսքերից: Իսկ եթե սկսենք մարզվել հակառակորդի թշնամական մտադրությունները քննելու մեջ, միշտ խորամուխ լինելով, թե ինչ է թշնամին ներշնչում, ապա երբեք ի վիճակի չենք լինի որևէ բարի բան անելու: Երբ տեսնում ես, որ նրա որոգայթները խանգարում են սաղմոսերգությանը, աղոթքին, ընթերցանությանը, ապա նրա հետ բանավեճի մի բռնըվիր: Որովհետև դա քո ուժերից վեր է: Սակայն աշխատիր Աստծու անունը կանչել, և Աստված կօգնի քեզ՝ քանդելու թշնամու որոգայթները, քանի որ Նրանն է զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից, ամեն (Բարսիլիսկոս Մեծ):

43. Հարց. -Երբ ես փորձում եմ ամենայն մանրակրկիտությամբ թափանցել սաղմոսի խոսքերի մեջ, այդ ժամանակ պատահում է, որ սաղմոսի խոսքերի համեմատ մտքովս չար խորհուրդներ են անցնում:

Պատ. -Եթե կտեսնես, որ թշնամին նենգորեն, սաղմոսի բառերով քո գլխին լուտանք է թափում, ապա հարկ չկա առանձնահատուկ ջանադրությամբ խորամուխ լինելու սաղմոսների խորհուրդների մեջ, այլ պետք է կարդալ ուշադիր և միտքն այլ բաներով չզբաղեցնել: Քանզի եթե միայն արտաբերես սաղմոսի բառերը, ապա թշնամիները գիտենալով դրանց զորությունը, չեն կարող դիմակայել քեզ: Եվ նման սաղմոսերգությունը կծառայի քեզ որպես աղոթք և թշնամիներին հաղթելու միջոց (Բարսլիսկոս Մեծ):

44. Հարց. -Երբ սաղմոսերգության ժամանակ կամ մարդկանց հետ զրուցելիս ինձ անհանգստացնում են չար մտքեր, և ես հնարավորություն չունենալով շուրթերով առ Աստված աղաղակելու, կարելի՞ է օգնություն հայցեմ մտքիս մեջ, կամ միայն հիշեմ Տիրոջ մասին, և սա արդյո՞ք բավական չէ օգնություն ստանալու համար:

Պատ. -Եթե սաղմոսերգության ժամանակ կամ մարդկանց հետ հանդիպելիս ստիպված լինես Աստծուն աղաղակելու, մի կարծիր, թե առանց բանավոր արտաբերման չես կարող կանչել նրան:

Սակայն հիշիր, որ նա սրտեր քննող է, և սիրտն է քննում, ուստի և սրտիդ մեջ Նրան դիմիր: Հենց սա է Սուրբ Գրքի վկայակոչումը. «Փակիր քո դռները և ծածուկ աղոթիր քո Հորը» (Մատթ. 6:6) (Բարսիլիսկոս Մեծ):

45. Հարց. -Լա՞վ է արդյոք, միշտ Աստծու մասին խորհել, կամ սրտանց աղոթել Նրան՝ առանց լեզվի մասնակցության: Երբ պատահում է, որ ես այս վարժանքների մեջ եմ լինում, միտքս ցրվում է, ծանրություն եմ զգում և աչքիս կարծես առարկաներ և տեսիլքներ են երևում: Եվ ընկնում եմ երազային անուրջների գիրկը:

Պատ. -Մտացրվածությունից զերծ մնալ և չթաղվել երազային անուրջների մեջ, կարող են միայն կատարելության հասածները, որոնք կարողանում են ղեկավարել իրենց մտքերը և միշտ Աստծու վախի ներքո մնալ: Իսկ նա, ով Աստծու հանդեպ հարատև սթափ վիճակում չէ, և մտքում աղոթելիս մտքերը ցրվում են, այդժամ թող սկսի բարձրաձայն աղոթել և քիչ անց նորից թող անցնի մտքով աղոթելուն, մինչև որ կամաց-կամաց ամրապնդվի մտքով անզբաղ աղոթելու մեջ: Այս նույնը կարելի է տեսնել ծովում լող տվողների օրինակով: Նրանք, ովքեր ավելի փորձառու են, համարձակորեն առաջ են մղվում՝ իմանալով, որ վարժված լողորդը ծովում չի կարող խեղդվել: Իսկ սկսնակները, որոնք լողալ են սովորում, համակվում են խեղդվելու վախով, ուստիև խոր տեղերից շտապում են ափ դուրս գալ: Փոքր-ինչ հանգստանալով, նորից նետվում են խոր տեղերը, և այսպես մարզվելով, տիրապետում են լողի արվեստին (Բարսիլիսկոս Մեծ):

46. Հարց. -Երբ աղոթում եմ տարբեր հարցերի շուրջ, կարիք կա՞ աղոթքի մեջ առանձին-առանձին հիշատակելու բոլորը:

Պատ. -Եթե ցանկանում ես տարբեր հարցերի շուրջ աղոթել, հիշիր որ Աստված գիտի ինչի կարիք ունենք և այսպես աղոթիր. «Տեր մեր Հիսուս Քրիստոս, առաջնորդիր ինձ ըստ քո կամքի»: Եթե կրքերին է խոսքը վերաբերվում, ապա. «Բժշկիր ինձ՝ համաձայն քո կամքի»: Իսկ երբ գայթակղության մասին, ապա ասա. «Դու գիտես, թե որն է բարի: Օգնիր իմ տկարությանը և, համաձայն քո կամքի, շնորհիր ինձ ազատվել գայթակղությունից» (Բարսիլիսկոս Մեծ):

47. Հարց. -Երբ ընթերցանությամբ եմ զբաղված կամ որևէ գործ եմ անում, և այդ պահին ուզում եմ աղոթել, միտքս հուշում է դեպի արևելք դառնալ, ինչպե՞ս վարվեմ, հայր իմ:

Պատ. -Նստած ես, թե քայլում ես, կամ թե զբաղված ես որևէ բանով, ուտում ես կամ մարմնական պետքերդ հոգալու համար որևէ այլ բանով ես տարված, արևելք ես նայում, թե՝ արևմուտք, մի երկմտիր աղոթել, քանզի մեզ պատվիրված է անդադար և ցանկացած տեղում աղոթել: Սուրբ Գիրքն ասում է. «Ճանապարհ տվեք Նրան, Ով նստում է արևմուտքում, և Տեր է անունը Նրա» (Սաղմ.67:5): Իսկ դա վկայում է, որ Աստված ամենուր է: Եթե անգամ գլուխդ ծածկված է, մի թող աղոթելը, այլ միայն հետևիր, որ այս բանն առանց քամահրանքի արվի (Բարսիլիսկոս Մեծ):

48. Հարց. -Եթե աղոթքի ժամանակ միտքս շեղվի՝ ի՞նչ անեմ:

Պատ. -Երբ աղոթում ես, և միտքդ շեղվում է, ապա ջանա նույն աղոթքը կրկնել այնքան ժամանակ, քանի դեռ առանց մտացրիվության չես աղոթել: Եվ աշխատիր միտքդ արթուն պահել, որպեսզի չշեղվես: Եթե այս մտացրիվ վիճակը երկար տևի, ապա գոնե աղոթքի վերջում հանդիմանիր ինքդ քեզ և թախանձագին խնդրիր, ասելով. «Տեր Աստված, ողորմիր ինձ և ներիր իմ բոլոր մեղքերը»: Եվ աղոթքի ժամանակ գործած բոլոր մեղքերիդ և մտացրիվությանդ համար թողություն կստանաս (Բարսիլիսկոս Մեծ):

49. Հարց. -Աղոթիր ինձ համար, հայր իմ, և ասա ինձ, թե ինչ է սա նշանակում, երբ ուզում եմ սաղմոսերգել, ծուլություն եմ զգում, և առավել ևս այն ժամանակ, երբ ցուրտ է: Այդ իսկ պատճառով, արդեն քանի գիշեր նստած եմ սաղմոսերգում և աղոթում: Վախենամ, ծուլության արդյունք լինի: Այսպես, հայր իմ, արժանի արա քո խրատին և աղոթիր, որպեսզի անեմ այն ամենը, ինչ որ կպատվիրես ինձ:

Պատ. -Բոլորին պատվիրված է միմյանց համար աղոթել (Հակ. 5:16): Իսկ ի՞նչ է տեղի ունենում: Իմացիր, հաճախ դիվային հարձակման արդյունք է դա, կամ էլ մարմնական տկարության և թուլության արգասիք է: Եվ այսպես, եթե դու պետք է նստած սաղմոսերգես կամ նստած աղոթես, սրտաբուխ արա, և դա չի խանգարի, որ ծառայությունդ Աստծուն հաճելի լինի: Քանզի նա, ով կանգնած է աղոթում, սակայն մտացրիվ, ապարդյուն է աշխատում: Թող Աստված օգնական լինի քեզ, եղբայր (Բարսիլիսկոս Մեծ):

50. Հարց. -Ո՞րն է ինձ ավելի օգտակար. «Հիսուս Քրիստոս, Աստծու Որդի, ողորմիր ինձ» աղոթքի մեջ մարզվե՞լ, թե՞ սերտել Սուրբ Գիրքն ու սաղմոսերգել:

Պատ. -Հարկ է երկուսն էլ հերթագայելով անել՝ գրվածքին հետևելով. «Որ հարկ էր այս անել և այն չթողնել» (Մատթ. 23:23) (Բարսիլիսկոս Մեծ):

51. Հարց. -Երբ ես ծառայության ժամանակ աչքերս փակում եմ, մտքերս ժողովվում են: Բայց արդյո՞ք սա լավ է: Միգուցե, կողքիս կանգնած իմ եղբայրներին տարօրինակ թվա, և նրանք գայթակղվեն:

Պատ. -Եթե դու իսկապես կենտրոնանում ես, երբ ծառայության ժամանակ հանուն Աստծու փակում ես աչքերդ, ապա ոչ մեկի վրա ուշադրություն մի դարձրու, անգամ եթե դա տարօրինակ թվա որոշ եղբայրների (Բարսիլիսկոս Մեծ):

52. Հարց. -Երբ աշխատանքի ժամանակ նիրհի մեջ ենք ընկնում, որը խոչընդոտում է մեր կատարելիք գործին, պե՞տք է արդյոք վեր կենալ, թե շարունակել նստած մնալ և գործն անել: Պատ. -Պետք է ոտքի կանգնել և Տիրոջն աղոթել, և Տերը նիրհն աղոթքով կփոխարինի (Բարսիլիսկոս Մեծ):

53. Հարց. -Ինչպե՞ս կարող է մարդը հարատև աղոթել:

Պատ. -Երբ որևէ մեկը մենության մեջ է, ապա պետք է վարժանքներ անի՝ սաղմոսերգելով, բարձրաձայն ու սրտաբուխ աղոթելով: Իսկ եթե որևէ մեկը առևտրի է գնացել, կամ առհասարակ ուրիշ մարդու հետ է, ապա կարիք չկա բարձրաձայն աղոթելու, այլ միայն մտքով: Եվ այս պարագայում պետք է ուշադրությունը չբևեռել շրջապատի վրա, որպեսզի միտքը չշեղվի և չընկնի թշնամու որոգայթը (Բարսիլիսկոս Մեծ):

54. Պետք է խուսափել թշնամու այն խորամանկությունից, երբ նա աղոթողից աննկատ՝ աշխատում է հափշտակել աղոթքը` ոչ ճիշտ տրամադրվածության մեջ գցելով նրան: Շատ նրբորեն է սրտի մեջ մղում այն միտքը, թե մեր աղոթելով Աստծո համար մի կարևոր և հաճելի բան ենք անում: Աստված մեր աղոթքների կարիքը չունի, մենք ենք, որ աղոթքի կարիք ունենք, նման այն բանին, որ աղքատը կարիք ունի հարուստից ողորմություն հայցելու, և ոչ թե հարուստը աղքատից (Բարսիլիսկոս Մեծ):

55. Հարց. -Հայր, արդյոք օգուտ կա՞ այն բանից, երբ ես աղոթում եմ կամ սաղմոսերգության վարժանքներ անում և չեմ զգում իմ արտասանած բառերի զորությունը սրտիս անզգայության պատճառով:

Պատ. -Թեպետև չես զգում (քո արտասանածի ուժը), բայց դևերն զգում են, լսում և դողում են: Եվ այսպես, մի դադարիր սաղմոսերգության վարժանքներ կատարել, աղոթել: Եվ քիչ-քիչ, Աստծո օգնությամբ, քո անզգայությունը կփոխարկվի փափկության (Բարսիլիսկոս Մեծ):

56. Հարց. -Իսկ եթե ընթրիքի սեղանի շուրջն աշխարհիկ մարդիկ լինեն, ինչպե՞ս վարվենք, երբ ընթրիքի սեղանն օրհնող չլինի:

Պատ. -Աշխարհիկ մարդկանց էլ չէր խանգարի ուտելուց առաջ գոհանալ Աստծուց, քանզի ուղղակի Աստծուն հիշելով էլ կերակուրը սրբվում է:

Սակայն այս օրհնությունը նույնը չէ, ինչ քահանայի օրհնությունն է: Առաջինը միայն փառաբանում և հիշատակում է Աստծուն, որովհետև հարկ է բոլորը հիշեն ու փառք տան Նրան: Հետևաբար, լավ է աշխարհիկ մարդիկ էլ նույնն անեն, եթե իրենց մեջ չկա մեկը, որ օրհնի սեղանը (Բարսիլիսկոս Մեծ):

57. Հարց. -Արդյո՞ք լավ է եկեղեցի գնալ գիշերը (հսկում անելու), թե տանը կարեցածի չափով հսկում անել:

Պատ. -Լավ է տանը հսկում անել, քանի որ եկեղեցում հաճախ զրույցի են բռնվում (Բարսիլիսկոս Մեծ):

58. Թեպետև բարձրանաս առաքինության բոլոր աստիճաններով, աղոթի՛ր մեղքերիդ թողության համար, ինչպես լսեցիր Պողոսից, որն աղաղակում էր մեղավորների մասին, որոնց առաջինը ես եմ (Ա Տիմ. 1:15) (Հովհաննես Սանդուղք):

59. Ա՛յլ է աղոթքի աղտեղությունը, ա՛յլ՝ խանգարումը, ա՛յլ՝ գողացումը և ա՛յլ՝ բիծը: Աղոթքի աղտեղությունը Աստծո առջև կանգնելն ու չար խորհուրդներ խորհելն է: Խանգարումն աղոթքի ժամին սնոտի հոգսերից գերված մտքերն են: Գողացումը՝ միտքն անզգայացնելն (անուշադիր դարձնել, թմրեցնել, բթացնել) ու ցրելն է: Եվ բիծն այն ժամին մեզ մերձեցած ունայն խորհուրդներն են (Հովհաննես Սանդուղք):

60. Սրտում վառվող սիրո հուրը հարություն է տալիս աղոթքին, իսկ երբ հարուցյալ աղոթքը երկինք է ելնում, աստվածային լույսն իջնում է հոգու տաղավարը (Հովհաննես Սանդուղք):

61. Երբ գնաս կանգնելու Տիրոջ առջև, թող քո հոգու հարսանյաց հանդերձն անհիշաչարությամբ հյուսված լինի, ապա թե ոչ՝ նման աղոթքից ոչ մի օգուտ չկա (Հովհաննես Սանդուղք):

62. Մեր մաղթանքների գործվածքներում ամենից առաջ հոժարությամբ գրենք գոհությունը, երկրորդ տողում՝ խոստովանությունը, երրորդում՝ հոգու և զգայարանների զղջումը, ապա միայն խնդրվածքները ծանուցենք ամենքի Տիրոջն ու Աստծուն, քանի որ աղոթքի ընտրված կարգն այս է՝ ինչպես ոմն եղբոր ծանուցվեց Աստծո հրեշտակից (Հովհաննես Սանդուղք):

63. Եթե քաղցրանում է աղոթքը և կամ զղջում ես ապրում այդ պահին աղոթքի խոսքերում, մի դադարեցրու և շա՛տ կրկնիր խոսքը, քանզի այդ պահին մեր պահապանը (պահապան հրեշտակը) մեր աղոթակիցն է (Հովհաննես Սանդուղք):

64. Աղոթքի սկիզբն ընդդիմակաց խորհուրդների արտաքսումն է, միջինը՝  միտքն ու ուշադրությունը սևեռելը, իսկ աղոթքի կատարելությունը՝ առ Աստված հափշտակությունն է (Հովհաննես Սանդուղք):

65. Ինչպես երկրավոր թագավորին գարշելի է նա, ով իր առջև կանգնած, երեսը շուռ տված, խորհրդակցում է թագավորի թշնամիների հետ, այնպես էլ Տիրոջը գարշելի է նա, ով կանգնած է  աղոթելու և սրտում պիղծ խորհուրդներ է գործում ու խորհում (Հովհաննես Սանդուղք):

66. Երբ թշնամիներդ մոտենում են, ընդդիմացի՛ր նրանց և անդադար աղաչի՛ր Տիրոջը և վստա՛հ եղիր, որ բնավ չես չարչարվի, քանի որ իրենք իրենց անձերով կհեռանան քեզանից, քանզի չար հոգիները չեն կամենում քեզ աղոթքների շնորհի պսակազգեաց տեսնել, որոնք կատարում ես նրանց պատերազմների պատճառով, այլ քո աղոթքների հրից սաստկապես գանահարված, փախստական կլինեն (Հովհաննես Սանդուղք):

67. Սթափությամբ քննիր քեզ աղոթքից հետո, և կտեսնես, որ աղոթքի ժամանակ մեր կողմից պարտված դևերի ոհմակները ջանում են աղոթքից հետո պղծել մեզ անմաքուր անուրջներով  (Հովհաննես Սանդուղք):

68. Ես տեսել եմ, որ շատերը սրտանց աղոթել են իրենց սիրելիների համար՝ առաջնորդվելով վավաշոտության դևից, և կարծել են, թե կատարում են հիշատակի և սիրո օրենքը (Հովհաննես Սանդուղք):

69. Երբ աղոթքի ժամանակ թեթևություն, ջերմություն և քաղցրություն ես զգում, դա ցույց է տալիս, որ Աստված մխիթարում և պարգևատրում է այդ ջանքի համար, իսկ եթե ծանրություն, մռայլություն և չորություն, ապա դա նշանակում է, որ Աստված մաքրում և զորացնում է հոգին և այդ օգտակար համբերությամբ փրկում նրան, պատրաստելով խոնարհությամբ հաղորդ լինելու գալիք փորձություններին (Աբբա Դիադոխ):

70. Քեզ համար որպես քաղցր աղոթքի պահ ընտրիր մշտական գիշերային հսկումը, որով բոլոր հայրերը ձերբազատվեցին հին մարդուց և հասան մտքի նորոգման: Այդ գիշերային ժամերին անձը զգում է անմահ կյանքը, թոթափում է իր վրայից խավարային հանդերձը և ընդունում Սուրբ Հոգուն (Հարանց վարք):

71. Ուշադիր եղիր քո հանդեպ և կտեսնես հետևյալը:

Երբ Աստված ողորմություն է անում անձիդ և ուղարկում աղոթքի շնորհ, այնժամ սատանան հիշեցնում է որոշ առօրեական գործեր, ասելով, որ սրանք կարևոր գործեր են, դրանք հիմա արա կամ գնա այցելության եղբորդ, որովհետև նա հիվանդ է:

Եվ նմանօրինակ բաներ է մտցնում մեր միտքը: Չարը այս ամենը անում է, որպեսզի արգելք հանդիսանա աղոթքով և քաղցր լացով հագենալուդ:

Եթե մարդ գլխի է ընկնում, որ դրանք լոկ սատանայական խարդավանքներ են, և մերժում է այդ մտքերը, և է՛լ ավելի ամրապնդվում աղոթքի մեջ, այդ դեպքում անմիջապես կհետևի փորձություն մարդկանց կամ դևերի կողմից, որոնք աղոթքից հետո կաշխատեն նրան գցել բարկության և խռովության մեղքի մեջ, քանի որ բարկությունը և ցասումը դուրս են մղում լացն ու խանդաղատանքը և արմատահան են անում հեզությունը մարդու հոգուց:

Երբ նստած ես լինում սենյակումդ, պատահում է, որ չար մտքերը գազանի պես հարձակվում են վրադ, դու մի՛ երկնչիր նրանցից, այլ արիաբար կանգնիր և ջանադիր աղոթի՛ր Աստծուն, կամ աղոթելով զբոսնիր բակում, քանի որ նրանք չեն դիմանում աղոթքին և իսկույն չքվում են (Հարանց Վարք):

72. Անդադար աղոթել չի նշանակում ամբողջ օրը կանգնել սրբապատկերի առջև և աղոթել, թեև դա անհրաժեշտ է որոշակի ժամերի: Այլ անհրաժեշտ է բոլոր գործերի ընթացքում աղոթել: Այսպես, զբաղվելով կենցաղային գործերով, կարելի է աղոթել տեսանելի առարկաների միջոցով՝ միտքը տեղափոխելով անտեսանելիներին: Այսպես օրինակ, նայում ես կրակին, ասա. «Փրկեա զիս, Տէր, ի հրույն հաւիտենից», լվանում կամ մաքրում ես որևէ առարկա, ասա մտովի. «Առաւել լուա զիս ի յանօրէնութիւնէ իմմէ, եւ ի մեղաց իմոց սուրբ արա զիս»: Ճաշակում ես ուտելիք կամ խմում ես որևէ բան, հիշիր Տիրոջը և ասա. «Ետուր ըմպել Քեզ զլեղին եւ զքացախ ի ծարաւին»: Պառկում ես քնելու՝ հիշիր, որ Տերը գլուխ դնելու տեղ չուներ:

Արթնանալիս, երբ տեսնում ես լույսը՝ ասա. «Առաւոտ լուսոյ, Արեգակն արդար առ իս լոյս ծագեա»: Հագնվելիս՝ «Զգեցո զիս զպատմուճանն զառաջին, զոր մերկացայ մեղօք»: Մազերդ սանրելիս, հիշիր Փրկչի չարչարանքները, երբ հռովմեացի զինվորները Նրա մաքրամաքուր մազերն էին քաշում, երբ տանում էին խաչելության և ասա. «Փառք Սուրբ Խաչիդ, Ալելուիա, Սուրբ չարչարանացդ, Ալելուիա»: Լվացվելիս խաչակնքիր՝ վռնդելու համար ջրից չարի ներգործությունները, նաև ասա. «Ցողեա յիս մշտկաւ, եւ սուրբ եղեց, լուա, եւ քան զձիւն սպիտակ եղեց»: Դուռը բացելիս. «Դուռն ողորմութեան, դաւանողիս բաց, դասեցոյ վերնոցն»: Երբ լուսավորում ես տունդ՝ ասա. «Լոյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորե՛ա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց Քոց ի կոչման աւուրն», երբ կհանդիպես ավազաթմբի՝ ասա. «Այլ եդեր ապաշխարութիւն վասն իմ՝ մեղավորիս, զի մեղայ ավելի, քան զաւազ ծովու, եւ բազմացան անօրէնութիւնք իմ»: Երբ կտեսնես մի որևէ փոս տեղ, ասա մտովի. «Մի յաւիտեան բարկանար ինձ, Տէր, եւ մի՛ յիշեր զչարիսն իմ եւ մի պարտաւորեր զիս ընդ իջեալսն ի ներքոյ երկրի չարեօք»: Քնից առաջ հիշիր հավիտենական մահվան մասին:

Եվ այսպես, սովորեցրու ինքդ քեզ նյութեղենից անցնել հոգեղենին և կամաց-կամաց կսովորես հարատև աղոթքի մեջ մնալ:

73. Սաղմոսներ կարդալիս, երբ խոսվում է թշնամիների մասին, պետք է նկատի ունենալ աներևույթ թշնամիներին, խորամանկ, չար ոգիներին, որոնք անհանգստացնում են մեզ մեղսալից խորհուրդներով և դրդում են մեզ դեպի մեղքը:

74. Աղոթքը և Աստծո մասին հիշողությունը միմյանց համազոր են: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել և մտածել Աստծո մասին. սա նույնպես աղոթք է (Հովհաննես Միայնակյաց):

75. Մի անտեսեք սաղմոսերգությունը, որովհետև սաղմոսները վանում են հոգուց նենգ ոգիներին և ներբնակեցնում Սուրբ Հոգուն («Հարց և պատասխան» գրքից):

76. Հրեշտակները, ննջեցյալ արդարները աղոթում են ողջերի համար և այդ իսկ հիմքն է սրբոց բարեխոսության: Այս մտքով կարելի է մեկնել նաև Հայտնության այն խոսքը, ուր նկարագրված են քսանչորս երեցները, որոնք իրենց ձեռքերում ունեն «խնկով լի ոսկե բուրվառ, որ սրբերի աղոթքներն են» (Հայտ. 5:8) (Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան):

77. Պետք է առաջ գնալ աղոթքի մեջ և տեղում չդոփել, եթե ոտքի վրա կանգնած էիր աղոթում, հիմա ծունկի վրա աղոթիր: Եթե առաջ պահեցողությամբ էիր աղոթում, հիմա ծոմապահությամբ էլ աղոթք արա: Առաջ եթե ցերեկներն էիր աղոթում, հիմա գիշերներն էլ աղոթիր, մինչև որ Քրիստոսի ասած փոփոխություններն ընդունես սրտիդ մեջ: Քանի որ այս բանից կախված է հանդերձյալ աշխարհի մեջ ունենալիք վիճակդ: Ահա այս սրտով ու եռանդով սկսիր աղոթել և քիչ ժամանակ անց պետք է զգաս այդ երանելի փոփոխությունները քո սրտի մեջ (Տեր Գաբրիել քահանա):

78. Ըստ սուրբ վարդապետների՝ ինչպես որ երկիրը երկնքի կարիքն է զգում, որ ընդունի նրանից ցող, անձրև, ջերմություն և այլն, որովհետև առանց դրանց գոյատևել չի կարող, այնպե՛ս էլ մարդը կարոտ է աստվածային պես-պես շնորհների և օգնությունների, առանց որոնց ասես մեռած է հոգով, թեպետ և մարմնով կենդանի լինի: Ուրեմն՝ ինչպես որ դիմում են աղքատները հարուստներին, հիվանդները՝ բժիշկներին, թույլերն՝ ուժով կարողներին և ծարավներն՝ աղբյուրին, այնպես էլ մարդն ամեն ինչի կարոտ լինելով, ըստ հոգու և մարմնի անզոր, պարտավոր է միշտ դիմել Աստծուն ու մնալ աղոթքի մեջ և Նրանից օգնություն խնդրել (Սիմոն Երևանցի կաթողիկոս):

79. Աղոթքների մեջ Տերունական աղոթքից ավելի մեծը չկա, այսինքն՝ «Հայր մերից», որ նույն Ինքը Քրիստոս՝ մեր Տերն ուսուցանեց, որից հետո՝ սաղմոսները, որ Դավիթ մարգարեն գրեց Սուրբ Հոգու ազդմամբ, ապա՝ եկեղեցական աղոթքներն ու երգերը, որ սուրբ հայրերը սուրբ Հոգու շնորհով խորհրդաբար կարգեցին:

Եվ թեպետ աղոթքները հույժ բազում են, բայց նրանց մեջ արեգակի պես փայլում է մեր սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական մատյանը: Ազդու է և պարզ սուրբ Շնորհալու «Հավատով խոստովանիմը», որը թե՛ տղամարդ և թե՛ կին պարտավոր են ուսանել և նրանով առ Աստված աղոթել ամեն օր, ուր էլ գտնվեն (Պողոս Պատրիարք):

80. Մարմնական տրտմություններն ու կենցաղի հոգսերը խափանում են աղոթքի զորությունը և անպտուղ դարձնում այն: Իսկ մեղքերի համար զղջացող սրտից ելնող տրտմությունն՝ ապաշխարության կանոնի հետ օգնում է աղոթքի զորությանը և արդյունավորում շնորհների պարգևները (Պողոս Պատրիարք):

81. Առանձնական աղոթքը հույժ օգտակար է, բայց անհրաժեշտ է նախ հրապարակայինը կատարել եկեղեցում և ապա՝ առանձնականը: Իսկ եթե որևէ մեկը ծուլության պատճառով չգնա եկեղեցի և համարի, որ առանձնական աղոթքով ազատվում է պարտքերից, մեծապես խաբվում է, քանզի եթե կա եկեղեցին, և ինքը կարող է գնալ այնտեղ, ապա զանց առնելով՝ մեղանչում է (Պողոս Պատրիարք):

82. Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից՝ մինչև մեծամեծ մեղքերի մեջ ընկնելը, որ հոգու մահն է (Պողոս Պատրիարք):

83. Ով չի աղոթում Աստծուն, անբաններից էլ անբան է, անարժան՝ Աստծո խնամքին, ապերախտ և ապաշնորհ՝ իր Բարերարի հանդեպ, քանզի ստանում է բարիքներն ու վայելում և չի ճանաչում բարիքները Տվողին ու չի փառավորում (Պողոս Պատրիարք):

84. Աղոթքն անպարտելի զենք է դևերի դեմ պատերազմում, և քանզի դևերը գիտեն, թե աղոթքով պարտվում են մարդկանցից, այդ իսկ պատճառով առավելապես ջանում են խափանել կամ անպտուղ դարձնել մարդկանց աղոթքը:

Ուստի, ով աղոթելիս ինչ-ինչ ձանձրույթ և նեղություն է զգում, թող գիտենա, այն դևերի որոգայթն, է  և ոչ մի դեպքում չթուլանա աղոթելուց, այլ առավել ջանք անելով զորանա՝ օգնություն հայցելով Տիրոջից: Եվ Աստված, որ մերձ է նրանց, ովքեր փշրված սրտով են աղոթում Իրեն, անմիջապես օգնության կհասնի, իսկ դևերն իսկույն կհալածվեն ու կչքվեն (Պողոս Պատրիարք):

85. Աղոթքի մեջ կարևոր է և օգտակար դիմել Աստծո սուրբերին՝ բարեխոսելու առ Աստված, մանավանդ,  սուրբ Աստվածածնին: Ուստի և Եկեղեցին իր բոլոր պաշտամունքներում կարգել է արժանավոր մաղթանքներ սուրբ Աստվածածնին՝ ապավինելով նրա անդառնալի բարեխոսությանը (Պողոս Պատրիարք):

86. Աղոթելիս պետք է խնդրել, որ  Աստված մեզ ջերմեռանդության շնորհ տա, քանզի ինչպես խունկն առանց հրի չի բուրում իր հոտը, նույնպես էլ աղոթքն առանց ջերմեռանդության արդյունք չի տալիս (Պողոս Պատրիարք):

87. Երբ աղոթում ես, նպատակդ որոշի՛ր, ապա սաղմոսիր (Եզնիկ Կողբացի):

88. Եթե մեկից որևէ բան ես ստանում, հիշի՛ր սովորական աղոթքի մեջ (Եզնիկ Կողբացի):

89. Աղոթականին պետք չեն շատ խոսքերի հյուսվածքներ. մաքսավորը մի բարբառ արձակեց, և նրա աղոթքն ընդունելի եղավ, և մեղքերի բազմաքանքար բեռները թեթևացրեց (Հովհան Մանդակունի):

90. Շատերը բազում բարիքներ ստացան աղոթքի միջոցով և հաճելի եղան Աստծուն, որով մեղքերի թողություն և հոգիների փրկություն գտան: Եվ մանավանդ նրանք, ովքեր արտասուքներով և տնանկներին գթալով են աղոթում, ոչ միայն մեղքերի թողություն են գտնում, այլև ստանում են մարմնի խնդրանքները և երկնքի բարիքները (Հովհան Մանդակունի):

91. Ահա Եղիայի աղոթքը երկինքը փակեց ու բացեց, Դավթի աղոթքը հրեշտակի սուրը կանգնեցրեց, Հովնանի աղոթքն իրեն կենդանի հանեց կետի փորից, քանանացու աղոթքը հալածեց դևին իր դստեր միջից, աղոթքը սրբեց պոռնիկներին, բժշկեց հիվանդներին, մաքրեց բորոտներին, լուսավորեց կույրերին և արդարացրեց մեղավորներին (Հովհան Մանդակունի):

92. Ով քեն ունենա ընկերոջ նկատմամբ, անհնար է, որ նրա աղոթքները ելնեն առ Աստված (Հովհան Մանդակունի):

93. Եկեղեցու ներսում ծունկի ենք եկել աղոթելու համար, իսկ մեր միտքը շրջում է՝ բազում ցնորքներով թափառելով դրսում: Քանզի աղոթելիս խորհում ենք տան և անդաստանների հոգսերի մասին. աղոթելիս հաշվում ենք դաշտերի արդյունքները և այգիների պտուղները, թե քանի աման կլինի իմ հացը կամ քանի սափոր՝ գինին. նաև աղոթելիս մտաբերում ենք հոտերն ու նախիրները, թե քանի արջառ կամ քանի ոչխար կա. այնտեղ նաև հիշում ենք վարձկանների գործն ու վարձը, թե՝ ափսոս, որ այս կամ այն ելնում է իմ տանից: Այլև աղոթելիս հիշում ենք նույնիսկ ընկերոջ դատաստանները և իսկույն դատում Աստծո առաջ. և մինչդեռ աղոթքի ենք կանգնած, տակավին նաև ամբաստանություններ ենք խորհում եղբոր մասին և եկեղեցուց դեռ չարձակված, սկսում ենք ոսոխին ամբաստանել՝ ասես լեղիով դառնացնելով աղոթքի քաղցրությունը: Եվ այնպես է սատանան մեր միտքը հափշտակում, որ աղոթելիս մինչև իսկ աղտեղի խորհուրդներն է հիշեցնում: Աղոթելիս հաշվում ենք փողերի վաշխերը և տոկոսները, աղոթելիս հիշում ենք ընկերոջ նկատմամբ թշնամանքը և նախանձը: Այս ամենն արժանի չէ՞ արդյոք Աստծո ահեղ բարկությանը և գեհենի բորբոքված բոցին, բազում տանջանքների և աննշույլ խավարի, որովհետև այսչափ անօրենություններ ենք գործում Աստծո առաջ և, դատապարտությամբ պատուհասված դուրս ելնում աղոթքից և ո՛չ թե որպես աղոթականներ պատվում, այլ որպես հայհոյիչներ և արհամարհողներ՝ պարտավորվում և պատժվում (Հովհան Մանդակունի):

94. Այսպես պետք է հուսալ և հավատալ սուրբերի ժողովին և բարեխոսություններին՝ որպես քահանաների, որոնք կանգնած են Նրա առջև, ով նստած է Հոր աջ կողմում, և թող յուրաքանչյուրին աղոթքով պատարագ ընծայեն՝ կենդանի և վախճանված հավատացյալ ժողովրդի կամա և ակամա սխալների հաշտության համար (Գրիգոր Լուսավորիչ):

95. Ամենուր հոգևորապես, անխափան կատարի՛ր աղոթքի ծառայությունդ՝  թե՝ տանը նստած, թե՛ ճանապարհ գնալիս, թե՛ աշխատելիս, թե՛ ննջելիս և թե՛ արթնանալիս (Գրիգոր Լուսավորիչ):

96. Դու աղոթում ես, որ թողնվի քեզ և խոստովանում, որ դու ևս թողնում ես: Խորհի՛ր քո մտքում նախ՝ թողնո՞ւմ ես դու, և սուտ մի՛ լինիր Աստծո առաջ՝ ասելով՝ թողնում եմ, բայց չես թողնում: Մի՞թե մարդ է քեզ համար Աստված, որ ստում ես Նրան: Եթե մարդ իր ընկերոջ դեմ մեղք է գործում, Տիրոջից է խնդրում քավություն, ապա եթե Աստծո դեմ մեղք գործի, ումի՞ց խնդրի քավություն: Մի՛ դատապարտիր անձդ քո աղոթքներով (Հակոբ Մծբնա Հայրապետ):

97. Աղոթքի ժամանակ հեռու չես հրեշտակներից, այլ նրանց հետ ես, որպեսզի նրանց հետ փառավորես Աստծուն. ինչպես որ դու նրանց հետ ես միաբանվում, նույնպես էլ նրանք քեզ հետ երգակից են լինում աղոթքների և օրհնությունների ժամանակ (Եղիշե):

98. Մի՛ շտապեք (աղոթքի ժամանակ) մարմնավոր աչքով տեսնել Աստծուն, որպեսզի տարաժամ չկործանվեք (Եղիշե):

99. Եթե Պողոսն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել ևս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու: Ուրիշների համար աղոթելով, ուրիշների աղոթքները կշահենք մեզ համար (Խոսրով Անձևացի):

100. Աղոթքն առավել հարազատ և մերձավոր է Աստծուն, քան ամեն մի առաքինություն, քանզի բոլոր մյուսները որպես հանդերձանք և պատրաստություն են Աստծո մոտ մուտք գործելու համար, իսկ սա դեմ-հանդիման խոսակցություն է Աստծո հետ (Գրիգոր Նարեկացի):

101. Ուսուցանելիս ասաց. «Մի՛ եղեք շատախոս հեթանոսների պես» (Մատթ. 6:7), և որպեսզի չկարծեն, թե երկար աղոթելն անշնորհ բան է, նույնիսկ Ինքը, որ աղոթքի կարիք չուներ, ողջ գիշեր աղոթում էր Աստծուն, որպեսզի սովորենք, թե շատախոսություն է ոչ թե բազում աղերսները, այլ՝ դատարկ և անհաճ բարբառելը (Իգնատիոս վարդապետ):

102. Աղոթենք անդադար, քանզի սա է անուշահոտ խունկը, որ ծխվում է Աստծո առաջ ոսկե բուրվառով, որն էլ հաճելի է Աստծուն: Աղոթքով միշտ բախենք Արարչի գթառատության դուռը: Աղոթքը սանդուղք է երկրից մինչև երկինք, լույս է խավար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենավոր կյանքի համար: Ուստի ջանանք սուրբ մտքով արիաբար աղոթել այս կյանքում, որպեսզի սրանից հետո արժանանանք անպատում բարիքներին ու հավիտենական կյանքին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրությամբ (Վարդան Այգեկցի):

103. Աստված կամենում և ուրախանում է, երբ մենք աղոթում ենք ողջ աշխարհի համար՝ արդարների ու մեղավորների, կենդանիների, ննջեցյալների, հեռավորների ու մերձավորների, առավել ևս՝ նրանց համար, ովքեր չարիք են կամենում կամ գործում մեր նկատմամբ (Վարդան Այգեկցի):

104. Աղոթքով մարդ զրուցում է Աստծո հետ և հավասարվում հրեշտակներին: Առավել ևս այն ժամանակ, երբ ջերմ արծաթափայլ արտասուքը բխելով իջնում և լվանում է աչքն ու մորուքը և միևնույն ժամանակ ջնջում մարդու ներսում եղած մեղքերի շարավը: Եվ սիրտն սկսում է փղձկալ և ճմլվել և բորբոքվել Աստծո սիրո կրակով: Ապա միտքը, համբառնալով առ Աստված, տեսնում է հանդերձյալ աշխարհն ու արդարների հանգիստը (Վարդան Այգեկցի):

105. Մեծ զորություն ունի աղոթքը, մանավանդ՝ գիշերային աղոթքը: Պետք է միշտ հիշել Աստծուն, մանավանդ՝ գիշերը, երբ միտքը բաժանվում է զգայարաններից: Թեև ցերեկն էլ ենք հիշում, սակայն այլ հոգսեր մեր մեջ մտնելով, ջնջում են Նրա հիշատակը: Իսկ գիշերը դյուրին է Նրա մասին մտածելը, ինչպես ասում է Դավիթ մարգարեն. «Ինչ որ ասեք ձեր սրտերում, գիշերն անկողնում զղջացեք» (Բարսեղ Մաշկևորցի):

106. Ինչպես խունկը հրին չհպվելով  անուշ հոտ չի բուրում, այնպես էլ աղոթքի խունկը` սրտի սիրո ջերմությանը չհըպվելով, հաճելի չէ Աստծուն: Եվ ինչպես խնկի ծուխը դրսից երևում է, իսկ անուշ հոտը՝ ո՛չ, այնպես էլ աղոթքի խոսքերը, առանց սրտի բաղձանքի, ծխի բարդում են միայն և ընդունելի չեն (Գրիգոր Տաթևացի):

107. Աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին (Գրիգոր Տաթևացի):

108. Մեր բոլոր գործերն աղոթքներով հաջողվում են և կատարվում, քանի որ ամեն գործում մարդ օգնականի կարիք է զգում, և երբ աղոթում ենք, Աստված օգնական է լինում՝ լինի վաստակ, թե՛ ձեռագործ, թե՛ ճանապարհ և այլն: Իսկ եթե չենք աղոթում, սատանան ամեն գործում հակառակում և խանգարում է (Գրիգոր Տաթևացի):

109. Չպետք է ննջել աղոթքի տեղում, այլ՝ արթուն մնալ, ըստ այնմ՝ «Արթուն կացեք, քանի որ չգիտեք...»: Եվ եթե այնտեղ ննջում ես, ի՞նչ տարբերություն տանը ննջելուց, եթե քնի համար ես գալիս՝ ավելի լավ է չգաս (Գրիգոր Տաթևացի):

110. Չպետք է առանձնական աղոթքն աղաղակելով ասել, այլ՝ սրտում գոչել, ինչպես Մովսեսը ծնկեց երեսն ի վայր և սրտում աղոթեց. և այս մասի՛ն է ասում. «Ինչո՞ւ ես աղաղակում ինձ» (Ելից.  4: 5)  (Գրիգոր Տաթևացի):

111. Եթե միայն մեր անձերի համար խնդրենք, անձնասեր և անողորմ կլինենք, ուստի անհրաժեշտ է նաև այլոց համար աղոթել: Իսկ վերջինիս օգտակար լինելը ցույց է տալիս առաքյալի խոսքը. «Արդարի խոսքը հույժ զորավոր է օգնելու համար»: Առաջին հերթին պետք է խնդրել թագավորների և աստվածասեր իշխանների համար: Որպեսզի խաղաղությամբ կատարենք մեր աստվածպաշտությունը: Պետք է աղոթել նաև հոգևոր առաջնորդների համար: Պետք է հայցել նաև խաղաղություն և միաբանություն՝ համայն աշխարհի և Եկեղեցու համար, օդի բարեխառնության, անձրևի ու բերքի առատության, ինչպես նաև պատուհասների և ամեն տեսակ խռովությունների վերացում մարդկանց միջից (Գրիգոր Տաթևացի):

112. Պետք է խնդրել հավատացյալ ննջեցյալների համար, քանզի եթե աղքատներն ու չքավորները կարոտ են ողորմության, առավել ևս՝ նրանք, որոնք զրկվել են բոլոր բարիքներից ու հայտնվել անճարության մեջ: Եվ եթե հաշմանդամներին ենք ողորմություն անում, որքա՜ն առավել պետք է նրանց ողորմել, որոնց ողջ մարմինն է ապականվել ու տարածվել հողի մեջ: Եվ եթե մարդկանց ձեռքը գերի ընկածներին ենք ողորմում, որքա՜ն առավել պետք է նրանց ողորմել, ովքեր մեղքերի պատճառով մատնվել են սատանային: Եվ քանի որ իրենք չեն կարող ապաշխարել մեղքերի համար, և մեռյալներն էլ չեն կարող օգնել մեռյալներին ու տալ խնդրածը (ինչպես որ Աբրահամը հարուստին մի կաթիլ ջուր իսկ չտվեց), ուստի միայն մարդասեր և գթած Աստծո ողորմությունն են ակնկալում և կարոտում ողջերի աղոթքներին, ինչպես երանելի Հոբն էր ասում նրանց անունից. «Ողորմե՜ք, ողորմե՜ք ինձ, բարեկամնե՛ր, քանզի Տիրոջ ձեռքը դիպավ ինձ»: Հետևաբար, մենք պետք է ողորմենք և աղոթենք նրանց համար, ովքեր հույսով և հավատով ննջեցին ի Քրիստոս և աշխարհի սխալներից ինչ-ինչ բաներ մնացին նրանց մոտ (Գրիգոր Տաթևացի):

113. Նաև նրանց համար պետք է մեղքերի թողություն խնդրել, ովքեր հանկարծակի մեռնելով, չկարողացան խոստովանել իրենց մեղքերը և սուրբ պսակի արժանանան: Եվ այսպես, պետք է հիշել սուրբերին ու արդարներին որպես բարեխոսների, իսկ մեղավորներին՝ նրանց համար ներում խնդրելով: Եվ առհասարակ, պետք է հիշել բոլորին՝ թե՛ ծանոթներին, թե՛ անծանոթներին, թե՛ մեր խնամքին հանձնված երախտավորներին՝ թե՛ սուրբ պատարագի ընթացքում, թե՛ ամենօրյա աղոթքներում (Գրիգոր Տաթևացի):

114. Պետք է խնդրել թշնամիների համար՝ ըստ Տիրոջ հրամանի. «Սիրել ատելիներին և աղոթել թշնամիների համար»: Եվ պետք է գիտենալ, որ թշնամիները երեքն են. նախ՝ սատանան, որ ատելի է թե՛ Աստծո, թե՛ մեզ համար. երկրորդ՝ անհավատներն ու մեղավորները. և երրորդ՝ մեր վնասարարներն ու թշնամիները: Արդ, սատանային, որ ատելի է Աստծուն, պետք է մենք ևս ատենք ու անիծենք, ինչպես մարգարեն է ասում. «Քեզ ատելիներին, Տե՛ր, ատեցի և Քո թշնամիներից գարշեցի» (Սաղմ. 138:21): Պետք է տրտմել մեղավորների և անհավատների համար, որ դեպի կորուստ են ընթանում: Իսկ վերջիններին ո՛չ օրհնել է պետք, ո՛չ էլ անիծել (Գրիգոր Տաթևացի):

115. Մեր թշնամիները երկուսն են: Եթե մեր անձնական թշնամին է՝ մարմնի կամ ունեցվածքի պակասություն է պատճառել, մի՛շտ պետք է օրհնել և ոչ թե անիծել, ինչպես գրված է. «Օրհնեցե՛ք ձեզ անիծողներին և մի՛ անիծեք, բարի՛ արեք ձեզ ատողներին»: Եվ պետք է մերժենք մեր սրտերից քենն ու ոխը՝ ըստ այսմ. «Եթե թողնենք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ կթողնի ձեր հանցանքները»: Իսկ եթե թշնամի են ու վնասակար ընդհանուր Եկեղեցու և հավատի նկատմամբ, պետք է աղոթել նրանց համար, որպեսզի ետ դառնան չարիքից: Սակայն եթե անզեղջ մնան, ինչպես չար ու մեղավոր մարդիկ և հերձվածողները, պետք է նախատել և ոչ օրհնել, քանզի նրանք ևս Աստծո հավատի ու կրոնի թշնամիներն են (Գրիգոր Տաթևացի):

116. Խոսքերի տեղեկությամբ աշխատում ենք մեր անձերում ճանապարհ բացել իղձերի ու փափագման, հառաչման ու արտասուքների համար. որպեսզի չլինի թե միայն լեզվով լինենք աղոթքի մեջ և մտքով անպտուղ մնանք նրանից, այլ, մտքի տեսության առջև քննելով աղոթքի վայելչությունը, թերևս, ցանկանք ձեռք բերել այն մտքի մաքրությամբ, հառաչմամբ և արտասուքով  (Ներսես Լամբրոնացի):

117. Աղոթքներում չճառենք ունայն խոսքերով, ինչպես արձագանքների սոսկ հնչումը, կամ կապիկների պես՝ ըստ սովորության, միշտ բերանով պաղատելով, այլ հոգով և մտքով Աստծո կամքի համաձա՛յն պատրաստենք մեզ աղոթքի ժամին: Քանզի նա, ով աղոթքի վայրում մարմնով լինի, իսկ մտքով՝ անկապ, անասունների պես դրսում թափառի, ոչ միայն աղոթքից վարձք չի ստանա, այլև կդատապարտվի անզգույշ աղոթքի համար (Խոսրով Անձևացի):

118. Ուր պետք էր մեղքերը քավել և հաճոյական աղոթքով Աստծուն հաշտեցնել, այնտեղ շատախոսությամբ և ծաղրածությամբ բարկացնում են Աստծուն և դատապարտված դուրս գալիս աղոթարանից՝ վարձք ստանալու և հոգևոր շնորհներ շահելու փոխարեն: Էլ չեմ ասում աղոթքի ժամին հակառակությամբ և նախանձով, նաև կեղծավորությամբ ու փառասիրությամբ միմյանց հանդեպ վարվելու մասին կամ չարությամբ լռելու, կամ երգերը նախանձով եղանակելու: Աստված աղոթքների այդպիսի պտուղները չի ընդունում, այլ առավել զայրանում է և դատապարտում (Խոսրով Անձևացի):

119. Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում (Խոսրով Անձևացի):

120. Աղոթքը սանդարամետական դևերի հալածիչ է, Բելիարին, ջախջախող, բանսարկուին, կործանող, նրա բոլոր արկածները խափանող: Եվ քանի որ սատանան գիտի, որ մարդն աղոթելիս շնորհ է ստանում Աստծուց, ուստի ջանում է աղոթքի ժամին ցնորել մարդկանց մտքերը, որպեսզի զրկի շնորհներից, որոնք մարդ ստանում է մաքուր աղոթելիս (Խոսրով Անձևացի):

121. Քրիստոնյան պարտավոր է օրեկան երեք առիթով աղոթել, առավոտյան՝ երբ քնից արթնանա, ճաշի ժամին, և գիշերը՝ քնելու պահին: Յուրաքանչյուր աղոթքի ժամանակ այր մարդիկ պետք է 12 անգամ ծնրադրեն, որն անում է օրեկան 36 անգամ. իսկ կանայք և աղջիկները պետք է 20 անգամ ծնրադրեն, որն անում է օրեկան 60 անգամ (Հովհաննես Երզնկացի):

122. Այսպես պետք է ընտրողաբար խնդրել և աղոթել: Եվ Ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ առատաձեռն է յուրաքանչյուրիս բարիքներ շնորհելու մեջ, որ փոքր խնդրանքի դիմաց մեծամեծ պարգևներ է տալիս, որ գիտե նախքան մեր խնդրելը և պարգևում է նախքան աղերսելը, մեր բոլոր խնդրվածքները թող ի բարին կատարի: Քանզի տեսնում է անհոգներիս և մեր միտքն ու կամքը դեպի բարին շարժում: Եվ թող Իր արարչական խնամքով թողնի մեր հանցանքները և բոլորիս առատապես լցնի հոգևոր ու մարմնավոր բարիքներով. և Նրան Փա՜ռք և գոհությո՜ւն և երկրպագություն Իր Հոր և Ամենասուրբ Հոգու հետ: Ամեն (Գրիգոր Տաթևացի):

 

Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից:

03.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․