Գրքեր

Աղոթքի զորությունը

«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոյ յօգնականութիւն» (Հակ. 5:16):

Ստույգ իրողություն է, որ աղոթելու փափագն ու ձգտումը առավել կամ նվազ չափով ի հայտ է գալիս ամեն մի անհատի մոտ: Սա երևում է, թե՛ հազիվ մարդկային կանոնավոր լեզու ունեցող վայրենիների մոտ, որոնք վշտի կամ տագնապի ժամանակ իրենց պաշտած զորություններին են ապավինում, և թե՛ քաղաքակիրթ և լուսավորյալ ազգերի և նույնիսկ սկեպտիկների մոտ:

Երբ այս ձգտումը զորեղ թելադրությամբ խոսում է մարդու մեջ, գիտե՞ք թե որքա՜ն է ազնվանում և վսեմանում նա: Տկար և մեղկ մարդը, որը զորանալու և բարձրանալու, սրբության և վեհության կարիքն ունի, որը նաև զգացել է, որ եթե երբևէ հոգով չմերձենա գերագույն զորությանը, ապա կկործանվի, սրտաբուխ աղոթքի ամբողջ զորությամբ կապվում է Նրա հետ, Ով բարիքների և շնորհների բաշխողն է, Ով կյանքի և իմաստության արարիչն է: Եսականությամբ և մեղքերով ապականված մարդն էլ, երբ զգում է, որ մարմնի և հոգու վտանգների է ենթարկված, երբ զգում է, որ զրկվել է երկնային շնորհից և բազմապիսի բարիքներից, աղոթքով դառնում է դեպի իր Ստեղծողը, դեպի Նա՝ Ով բարձրագույն Սիրո և Սրբության աղբյուրն է: Եվ այսպես աղոթքի միջոցով իր հոգու և իր գործերի մեջ անդրադարձնում է Աստծո զորությունը, սրբությունը, արդարությունը և այն սրբազնագույն կյանքը, որը երբևէ ստացել է Աստծուց և ապա մերժել այն:

Արդարև աղոթքի զորությունը հիացմունքի է արժանի: Մենք սքանչանում ենք ձգողականության լուռ և հզոր օրենքի զորությամբ, որը մեծամեծ աշխարհնեը և աննշան հյուլեներ է միմյանց միացնում: Հիանում ենք այն խորհրդավոր ուժով, որը ձեռքի մի շարժումով, կամ ամենաաննշան հպումով մի ակնթարթում լարի միջով հազարավոր մղոններ հեռավորություն է անցնում: Ուրեմն որչափ առավել հավատացյալներս պիտի հիանայինք այն վսեմ և աստվածային զորությամբ, որն աղոթքով ենք ստանում. մի զորություն, որով հոգին հրեշտականման ազատորեն բարձրանում և սավառնում է դեպի Կենաց Աղբյուրը:

Թեև ոմանք ասեն, թե. «Գիտությունն է զորությունը», սա կարող է ճշմարիտ լինել այն սահմանի մեջ, որտեղ գիտությունը կարևոր և էական տարր է, որտեղ ամեն ինչ շոշափելի է և հոգևոր որևէ բան չկա: Աշխարհում կան բաներ, որոնք հոգևոր են, որոնք գիտությունից վեր են, և որոնց մեր միտքն ընդհանրապես չի կարող վերահասու լինել: Հոգևոր սահմանների մեջ ոչ թե գիտությունն է, որ իր զորությունով ապրում է, այլ աղոթքների և ցանկությունների շարժիչ ուժը, որոնցով մարդը բարձրանում, ազնվանում և աստվածանում է: Երբ չկա այս փափագը՝ հոգին ոչ միայն չի բարձրանում, այլ գետնաքարշ որդի նման սողում է, կամ ինչպես ասվում է, բանտարկված թռչուն է դառնում, որը լիովին դատապարտված է վանդակի ձողերը հաշվելու և ուսումնասիրելու գործին:

Սրանից բացի՝ աղոթքը ոչ միայն հոգու մի ձգտում է, որը մարդուն միացնում է Աստծո հետ, այլ նաև որպես ներգործական մի զորություն՝ ազդում է իր, կամ այլոց վրա, ինչ որ միջոցով փոխում է իրերի բնական վիճակը, պատուհասների դեմ պատնեշներ է կանգնեցնում, և մեզ ազատում է անբուժելի ախտերից: Դարձյալ, [այն] ներգործում է, հենց Աստծո ողորմության վրա իսկ և դեպքերի ընթացքը նույնպես կարող է կասեցնել: Սրա համար անպայման հավատք և միայն հավատք է պահանջվում: Թերահավատներն անշուշտ պետք է ծաղրեին մեր խոսքերը, ասես, դրանք մանկական թերամտության, կամ միամտության արդյունք են, ասես [մենք էլ] սուտ պատրանքների զոհն ենք դարձել, այո՛, պիտի ծաղրեին մեզ: Սակայն մեր Փրկիչն այս գաղափարն է, որ մինչև վերջ ներշնչեց իր աշակերտներին: Աղոթքի նշանակությունն ու զորությունը ոչ մի տեղ այնքան ուղիղ և այնքան պարզ կերպով արտահայտված չէ, որքան Ավետարանում: Եվ ինչ որ Հիսուսը Ավետարաններում ուսուցանում է, նույնը նաև հաստատում է ամբողջ Ս. Գիրքը և այնքան բացահայտ կերպով, որ անհնար է խեղաթյուրել: Այսպիսով, Ս. Գրքում ընթերցում ենք, որ աղոթքի զորությամբ էր, որ Մովսեսը Ամաղեկին հաղթեց և Սամսոնը ջուր հանեց Լեքեում եղած փոսից: Աղոթքի զորությամբ էր, որ Աննան Սամուելի մայրը եղավ և Սավուղը հաղթեց փղշտացիներին: Աղոթքի զորությամբ էր, որ Եղիսեն ասորիների աչքերը կուրացրեց և բացեց իր ծառայի աչքերը, որը կարողացավ տեսնել հրեղեն կառքերն ու ձիերը: Աղոթքի զորությամբ էր, որ Եզեկիան իր կյանքի վրա տասնհինգ տարի ավելացրեց և Մովսեսը Իսրայելի դեմ և նինվեացիները իրենց դեմ եղած թշնամությունները ի դերև հանեցին:

Սուրբ Գրքի այս դեպքերն ու պարագաներն ապացուցում են, որ հավատացյալների աղոթքն Աստծո ողորմության վրա ներգործել է և իրերի ընթացքը ևս փոխել է. սրանով պետք է իմանանք, որ այժմ ևս ջերմեռանդ սրտով արված բարի աղոթքը կարող է ներգործել աշխարհի և Աստծո ողորմության վրա (Մատթ. 7:7, Հովհ. 14:13):

Անհավատ գիտնականները հերքում են Ավետարանի սույն վարդապետությունը և ասում. «Աղոթքը չի կարող փոխել բնության օրենքները, չի կարող ամենագետ Արարչի ի սկզբանե սահմանած որևէ կարգադրություն փոխել: Օրենքների անփոփոխելիությունը գիտության կողմից արդեն ապացուցված է, հետևաբար միամտություն, կամ ավելի ճիշտ անմտություն է երևակայել, թե աղոթելով կարելի է, օրինակի համար, երաշտի շրջանում անձրև տեղացնել, քանզի օթերևութաբանությունը հաստատում է, որ անձրևի տեղալը և քամու ընթացքը կանոնավոր օրենքներից են կախված. կամ մահամերձ հիվանդին բժշկելը, քանի որ բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծնվածների և մահացածների թիվն ամեն տարի որոշակի և անփոփոխ թիվ է կազմում: Արդ, այս փաստերի մասին ի՞նչ կարող եք ասել, կամ անել»,- հարցնում են մեզ մեծ վստահությամբ, կարծես իրենց ասածները մեծ ճշմարտություն են:

Իրենց ուղեղի թաղանթից ծնված այս հերքումի պատասխանը հենց հերքումի մեջ ենք գտնում: Եթե ստույգ է, որ աղոթելով հնարավոր չէ ո՛չ փոխել և ո՛չ էլ կասեցնել իրերի ընթացքը, ապա այսպես մտածողներն ինչո՞ւ են իրենց ուսմունքի ամբողջովին հակառակը գործում, ինչո՞ւ օրինակ՝ քարը, որը ձգողականության օրենքի համաձայն երկրի վրա գամված պիտի մնար, գետնից այդքան վեր են բարձրացնում: Ինչո՞ւ են հիվանդին, կամ մարմնի որևէ տկար անդամի նոր կյանք պարգևում, որով հիվանդը, կամ հիվանդ անդամն ամբողջովին կերպարանափոխվում է: Ինչո՞ւ են պատվաստում ծառը, որ, եթե բնությանը թողնեին, երբեք չէր պտղաբերի իրենց փափագածի համաձայն: Ինչո՞ւ են կանոնավոր աշխատանքի վերածում բնության այն կոպիտ ուժերը, որոնք, եթե ինքնահոսի մնային, ամեն տեղ պիտի ավեր և կործանում առաջացնեին:

Եվ քանի որ ձեռքս կարող է բնությունը փոխել, քանի որ միտքս կարող է բնության կոպիտ և կույր ուժերն իմ օգտին ծառայեցնել, հոգիս ինչո՞ւ պետք է անզոր և զինաթափ լինի բնության առջև: Ուրեմն անհավատների այս ստորացուցիչ ուսմունքից ազատ, այս պահից սկսած պետք է հաճախակի աղոթենք՝ միանգամայն վստահ լինելով, որ «ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկ. 9:23):

Անհավատներ էլ կան, որոնք ճշմարիտ հավատացյալների ջերմեռանդ աղոթքները մատնացույց անելով՝ հարցնում են. «Ինչո՞ւ չի երևում իրենց աղոթքների արդյունքն ու ներգործությունը»:

Պետք է իմանալ, որ աղոթքի ներգործությունը գրեթե հաճախ սքողված, թաքնված է: Նրա ներգործությունը ամեն պահի մեր աչքով չենք կարող տեսնել: Արդարև հավատացյալի վիճակն արտաքնապես չենք կարող տարբերել անհավատի, կամ թերահավատի վիճակից: Տեսնում ենք, որ բոլորն էլ միևնույն «բախտին» են արժանանում (Հայտ. 2:14), միևնույն դժբախտ դեպքը, միևնույն կարծեցյալ ճակատագիրը խորտակում է աղոթողին էլ, հայհոյողին էլ: Սա է, որ մեզ շվարեցնում և թերահավատության է մղում: Բայց հարցնում եմ ձեզ, միթե՞ այլ կերպ կարող է լինել:

Մարդիկ ցանկանում են, որ աղոթքը տեսանելի կերպով ներգործի և իր ակնհայտությամբ փարատի ամեն կասկած ու տարակուսանք: Բայց այդ ժամանակ, ի՞նչ արժեք կունենար աղոթքը. մարդ միայն այն ժամանակ պիտի աղոթեր, երբ կյանքի ընթացքում վշտի կամ տառապանքի հանդիպեր, և իր երջանկության և ուրախության պահերին չպիտի ցանկանար աչքերը վեր բարձրացնել: Այսպիսի քրիստոնյա լինելն ու աղոթելը միթե՞ աստվածապաշտությունից է, որ առաջ է գալիս, իհարկե ո՛չ, այլ օգուտից և շահասիրությունից: Պետք է իմանալ, որ Աստված իր հավատացյալներին երբեք տեսանելի փրկություն չխոստացավ, այլ նախապես ասաց, որ իրեն հետևող ճշմարիտ հավատացյալները երկրի վրա պիտի հալածվեն թե՛ որպես մարդ և թե՛ որպես քրիստոնյա (Բ Տիմ 3:13): Արդարև, ըստ երևույթին Աստված Իր հավատացյալներին այնպիսի հանգամանքների մեջ է դնում, որ անհնար է տարբերել մյուս մահկանացուներից:

Ո՜վ հավատացյալներ, շատ անգամ Տերը մեր աղոթքների փոխարեն տեսանելի հոգևոր փրկություն չի տալիս, քանզի լավ գիտե, որ այն տևական չէ: Տերն Իր լռության մեջ հայրական և սրբազան կամք և նպատակ ունի. Նա մեզ նախապատրաստում է երկնքի համար: Մի ասեք, թե մեր աղոթքն անհետևանք և առանց ներգործության մնաց, ո՛չ, ընդհակառակը, այն ներգործում է, սակայն ոչ ձեր ցանկության համեմատ, այլ Իր կամքի համեմատ, որը բարի է. Նա ձեզ և ձեր սիրելիներին օրհնություն և ողորմություն է բաշխում՝ ձեր կարծածից և ձեր խնդրածից էլ ավելի: Իբրև ձեր աղոթքի արդյունք դուք երկրային երջանկություն էիք երազում, սակայն Նա ձեզ ուրիշ պսակ է տալիս, որը հավիտենական է և անթառամ: Երանի՜ թե յուրաքանչյուրս ճշմարտապես ջերմեռանդ աղոթել իմանայինք, երանի՜ թե չթերանայինք մեր աղոթքների մեջ, հայցեինք և խնդրեինք Տիրոջից մեր հոգևոր փրկությունը:

Աղոթք

Ո՜վ Հիսուս, Դու որ Քո աշակերտներին սովորեցրիր, թե ինչպես է պետք աղոթել, սովորեցրու և մեզ Քեզ պես աղոթել: Աղոթքիդ հուրը մեր մեջ էլ բորբոքիր, որ այրվի մեր հոգու աղտը, որ սրբվի մեր աղտոտ խիղճը, որ մաքրվի մեր մարմնի մեղքը, որ համակ հոգիացած՝ կարողանանք արքայությանդ հաղթական դռան առջը մեր խնկաբույր աղոթքները մատուցել և արժանանալ Քո օրհնությանը և արքայությանը. Ամեն

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

10.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․