Աղոթքից այն կողմ | Aghotqic Ayn Koghm



Գրքեր

Աղոթքից այն կողմ

Սուրբ Գրիգոր Սինայեցին (1260-1340 թթ.), մի անգամ հանդիպելով մեծ ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսին, հարցնում է՝ աղոթելիս նրա հետ որևէ աստվածային փոփոխություն կամ զմայլանք, կամ Սուրբ Հոգու որևէ այլ դրսևորում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Սուրբ Մաքսիմոսը պատասխանում է, որ հանուն Սուրբ Հոգու պարգևների հաճախակի գնացել է ամայի վայրեր և միշտ սիրել լիակատար լռությունը, որովհետև այդպես կարողացել է առավել լիարժեք վայելել աղոթքի պտուղները, այսինքն՝ Աստծու նկատմամբ գերառատ սերը և միտքն առ Աստված հափշտակվելը: Այնուհետև Գրիգոր Սինայեցին հարցնում է, թե երբ միտքը հափշտակվում է առ Աստված, նա ի՞նչ է տեսնում իմանալի աչքերով, և արդյո՞ք այդ ժամանակ միտքը սրտի հետ կարող է աղոթել:

Եվ ահա թե ինչ է պատասխանում ճգնավորը. «Ո՛չ, չի՛ կարող, քանզի երբ Սուրբ Հոգու շնորհը աղոթքի միջոցով այցելում է մարդուն, այնժամ աղոթքը դադարում է, քանի որ այդ դեպքում մտքին ամբողջովին տիրում է Սուրբ Հոգու շնորհը, և այն այլևս չի կարողանում գործել իր սեփական զորություններով ու ենթարկվում է Սուրբ Հոգուն: Եվ Սուրբ Հոգին միտքն առաջնորդում է այնտեղ, ուր ցանկանում է՝ կա՛մ աստվածային աննյութական լույսի մեջ, կա՛մ այլ անճառելի հայեցողության, կա՛մ, որ հաճախ է տեղի ունենում, աստվածային զրույցի, և կարճ ասած, ինչպես կամենում է Մխիթարողը, այնպես էլ մխիթարում է Իր ծառաներին: Ում ինչ անհրաժեշտ է, այն էլ Սուրբ Հոգին տալիս է իր շնորհով: Յուրաքանչյուրը դա կարող է ակնհայտորեն տեսնել մարգարեների և առաքյալների օրինակով, որոնք արժանացել են ամեն տեսակի տեսիլքների, թեպետ մարդիկ ծիծաղում էին նրանց վրա, համարում էին նրանց խաբկանքի մեջ գտնվողներ կամ հարբածներ: Այսպես, Եսայի մարգարեն տեսել է Տիրոջը՝ բարձր գահի վրա նստած և սերովբեներով շրջապատված: Ստեփանոս Նախավկան տեսել է բացված երկինքը և Տեր Հիսուսին՝ Հոր աջ կողմում նստած և այլն: Այդ նույն կերպ այժմ էլ Քրիստոսի ծառաներն արժանանում են տարբեր տեսիլքների, որոնց ոմանք չեն հավատում և ոչ մի կերպ ճշմարիտ չեն համարում, այլ խաբկանք, և տեսնողներին անվանում են խաբկանքի մեջ գտնվողներ: Շատ եմ զարմանում այդպիսի մարդկանց վրա և չեմ հասկանում՝ ի՞նչ մարդիկ են դրանք և ինչպե՞ս են կուրացել, որ կույրերի նման չեն տեսնում և չեն հավատում այն բանին, ինչը ճշմարիտ Աստված ուխտել է Հովելի բերանով. «Եվ այդ շնորհը Տերն իջեցրեց Իր աշակերտների վրա և այժմ էլ այն ուղարկում է և ուղարկելու է Իր հավատարիմ ծառաներին՝ մինչև ժամանակների վախճանը՝ համաձայն Իր ուխտի»:

Եվ այսպես, երբ Սուրբ Հոգու այս շնորհն իջնում է որևէ մեկի վրա, ոչ թե զգայական աշխարհի սովորական իրերից սովորական որևէ բան է ցույց տալիս, այլ ցույց է տալիս այն, ինչ շնորհի արժանացածը երբևէ չի տեսել և չի երևակայել: Այդ դեպքում նման մարդու միտքը Սուրբ Հոգուց սովորում է բարձրագույն և խորհրդավոր գաղտնիքներ, որոնք, ըստ աստվածային Պողոսի, ինքն իրեն ո՛չ մարդկային աչքը կարող է տեսնել, ո՛չ միտքը՝ հասկանալ: Եվ որպեսզի հասկանաս, թե մեր միտքը ինչպես է տեսնում դրանք, ուշադիր լսիր, ինչ եմ ասում: Երբ մեղրամոմը կրակից հեռու է, պինդ է, կարելի է վերցնել և ձեռքում պահել: Բայց հենց գցում ես կրակի մեջ, իսկույն հալվում է և կրակի մեջ բռնկվում է, այրվում և ամբողջովին լույսի է վերածվում և այդպիսով կրակի մեջ լիովին ոչնչանում է: Այդպես է և մարդկային միտքը: Երբ ինքն իր հետ է, Աստծու հետ չմիավորված, այդ դեպքում իր զորությամբ, սովորականի պես գիտակցում է շրջապատը: Իսկ երբ մոտենում է աստվածության կրակին և Սուրբ Հոգուն, այնժամ լիովին ընդգրկվում է աստվածային կրակով և ամբողջապես լույս է դառնում և այնտեղ՝ Սուրբ Հոգու բոցերում այրվում է և ողողվում է աստվածային խորհուրդներով և Աստվածության կրակի մեջ ոչ մի կերպ չի կարող մտածել իր կամ այն բանի մասին, ինչ ցանկանում է» (Հովել 2:29): Իսկ Իսահակ Ասորին ասում է այդ մասին. «Խիստ անարատության և մաքրության պատճառով հոգևոր շարժումները հաղորդակցվում են Սուրբ Հոգու զորությանը: Այդ վիճակին արժանանում է հազար մարդուց մեկը, քանի որ այն ապագա կյանքի և ապագայում մարդու հոգեվիճակի գաղտնիք է: Քանզի մարդը համբարձվում է, իսկ նրա բնությունը անգործության է մատնվում, առանց որևէ շարժումի և երկրայինի մասին մտածելու: Հոգին ոչ թե աղոթում, այլ զգայարանով զգում է ապագայի հոգևոր իրերը, որոնք վեր են մարդկային հասկացողություններից, և որոնք կարելի է հասկանալ միայն Սուրբ Հոգու զորությամբ: Իսկ դա իմանալի հայեցողություն է, բայց ո՛չ շարժում է, և ո՛չ աղոթք, թեպետ սկիզբ է առել աղոթքից: Քանզի հայեցողության միջոցով նման մարդկանցից ոմանք արժանացել են մաքրության կատարելության: Եվ չկա այնպիսի ժամանակ, երբ նրանց ներքին շարժումները աղոթքի մեջ չլինեին, ինչպես վերը ասացինք: Եվ երբ Սուրբ Հոգին թափանցում է նրանց մեջ, այդպիսի մարդկանց միշտ գտնում է աղոթքի մեջ: Եվ այդ աղոթքից նրանց բարձրացնում է հայեցողության, որը անվանվում է հոգևոր տեսողություն, քանզի նրանք երկարատև աղոթելու կարիք չունեն, ոչ էլ երկարատև ծեսերի մասնակցելու կարիք: Նրանց համար բավական է մտածել Աստծու մասին, և իսկույն գերվում են Նրա սիրով: Չնայած, նրանք չեն անտեսում նաև աղոթքը, երբ արժանին են մատուցում աղոթքին և, բացի անդադար աղոթքից, նշանակված ժամերին աղոթքի են կանգնում»:


Արդ, կարդալով ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսի և սբ. Իսահակ Ասորու հոգևոր ապրումների փորձառությունը աստվածային լույսի հետ հաղորդակցության վերաբերյալ, տեսնում ենք, որ մարդն այդ հարթության մեջ լիովին այլ իրավիճակում է հայտնվում, ուր Սբ. Հոգու զորությամբ զգեստավորվում է լուսասփյուռ շնորհներով և վեր բարձրանում սովորական աղոթական կյանքի սահմաններից դեպի երկնային հաղորդակցության անսահմանությունը:

 


Պատրաստեց` Հովհաննես սրկ. Մանուկյանը

 

Աղբյուրը՝ irates.am

 

 

01.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․