23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր

Աղոթքը խաղաղություն է պարգևում

Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում հոգու և մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի ստացվում: Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ, թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ և լինել Աստծո ներկայության մեջ` հաղորդակցվելով Երկնավոր Հոր հետ: Հենց դա արդեն աղոթք է` հաղորդակցություն առ Աստված` շրջանցելով մտքերդ և խնդիրներդ ու թափանցել անտեղ, որտեղ Աստծո ներկայությունն է, հոգու խորքում գտնվող աղոթքի տարածությունը, այսինքն` այն վայրում, որտեղ դադարում ես մտածել, թե ինչ հասակ ունես, արդյոք գեղեցիկ ես, ամուսնացած ես, գումար ունես, թե չունես և այլն: Թափանցում ես այնտեղ, որտեղ մտքերն այլևս պատնեշ չեն ստեղծում քո և Աստծո միջև, որովհետև մուտք ես գործում հոգուդ խորքը: Եթե մենք կարողանանք աղոթել այդպես, այդժամ մեզ որևէ խնդիր չի անհանգստացնի և տագնապ, տառապանք պատճառի: Նույնիսկ ամենածանր հիվանդություն ունեցող անձը կկարողանա հոգու խաղաղություն, ինչպես նաև բժշկություն և առողջություն ունենալ, եթե Տերն այլ ծրագիր չունի տվյալ մարդու հավիտենական փրկագործության համար հիվանդության միջոցով իրագործելու: Այդպիսի աղոթքի ժամանակ մարդը զբաղված չի լինում մտքերով ու մտահոգությամբ, թե հիվանդ է, թե գումար չունի, թե խնդիրներ կան, այլ զգում է Աստծո ներկայությունը` Ով կյանք է, լույս, առողջություն, սեր, զորություն: Սակայն մենք այլ կերպ ենք աղոթում: Աղոթում ենք, բայց աղոթքից հետո մեր անհանգստությունը չի վերանում: Աղոթում ենք, բայց մեծ մասամբ շարունակում ենք մտահոգ, անտրամադիր, վհատ ու նյարդային մնալ: Վիճում ենք, բողոքում, և այս բոլորը՝ աղոթքից հետո: Ինչպե՞ս հասկանալ: Ինչ-որ տեղ տարօրինակ է. մտնել եկեղեցի, աղոթել, որպեսզի խաղաղություն ունենալ, բայց հետո շարունակում ենք լարված վիճակում մնալ: Անշուշտ, այս ամենում կարող ենք մեղադրել չար ոգիներին, որոնք մտքերի հարձակում են տեղում մարդու վրա` շեղելու և անարդյունավետ դարձնելու համար աղոթքը, և դա իրականություն է, սակայն նախքան որևէ մեկին մեղադրելը, պիտի նայենք մեր հուգուց ներս և տեսնենք, թե ինչու է այդպես: Եթե մենք առիթ չտանք, որևէ մեկը չի կարող խաթարել մեր հոգու անդորրը: Երբեմն մարդ մտածում է, թե Տերը չի լսում իր աղոթքները: Սակայն իրականում լսում է և եթե հարկ է՝ իրականացնում է խնդրանքը այլ կերպով, որը մենք չենք նկատում: Երբ անհատը աղոթքից հետո շարունակում է մնալ անհանգստության և մտահոգությունների մեջ, նշանակում է նրա հոգին չի հաղորդակցվել Աստծո հետ, նրա աղոթքը չի ստացվել, որովհետև մնացել է արտաքին երևույթների հարթության մեջ` իր մտքերի, մտածումների, հոգսերի մեջ, և դա հոգնեցնում է մարդուն, ու նա նույնիսկ չի ցանկանում աղոթել, թեպետ գիտի, թե ինչ կարևոր արժեք է քրիստոնյայի համար աղոթական կյանքը: Բայց պետք է հասկանանք, որ մենք մեր մտքերը չենք. հոգեբանորեն ակամայից մեզ չպետք է նույնացնենք մեր մտքերի հետ: Աղոթքը կամենում է վերջ դնել այդ ամենին, իսկ երևակայությունը ստիպում է տառապել:  Աղոթքը երևակայություն չէ, այլ մեր սրտում բնակվող Աստծո հետ հաղորդակցություն, քանի որ Տիրոջով ապրում ենք, շարժվում ենք և կանք (Գործ. 17.28): Եվ որտեղ էլ լինենք, կարող ենք զգալ Աստծո ներկայությունը: Երբ մարդ Աստծո հետ հաղորդակցության մեջ լինի, նա ամենքի հանդեպ սեր կզգա: Երբ մարդ աղոթում է՝ մարմնավորը նվազում է, հոգեղենը՝ բազմապատկվում: Երբեմն աղոթքին մոտենալու միջոցներից մեկը ինչ-որ մեկի համար աղոթելն է: Եվ աղոթքի ապացույցն այն է, որ աղոթքի ժամանակ և հետո խաղաղությամբ ես զգեստավորվել: Եթե խաղաղ ես աղոթքից հետո, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ես: Բայց փոխանակ հանդարտվենք, խաղաղություն ունենանք, փորձում ենք մեր անհանգստությունը փոխանցել Աստծուն: Երբ ծովի վրա փոթորիկ բարձրացավ, նավակի մեջ Հիսուս քնած էր, իսկ առաքյալները տագնապած էին: Այդ փոթորկի ժամանակ Հիսուս քնած էր, որովհետև իրեն ամբողջովին Երկնավոր Հորն էր հանձնել: Իսկ աշակերտները փոխանակ վստահեին Աստծուն, արթնացրեցին Հիսուսին և փորձեցին նրան նույնպես փոխանցել իրենց տագնապն ու վախը: Սակայն Հիսուս չընդունեց այդ ամենը, այլ իր հանդարտությամբ խաղաղեցրեց ծովը (Մատթ. 8.23-27): Հավատքը կատարյալ վստահություն է առ Աստված, ինչպիսի  խնդիրներ էլ լինեն: Այդ վստահությունը բերում է ներքին հանդարտություն և զորություն: Հակառակ դեպքում մեր աղոթքի արդյունքից ոչինչ չենք հասկանում և ինքներս մեզ հոգեպես ու ֆիզիկապես վնաս ենք հասցնում: Այդ ապրումները ցույց են տալիս, որ չենք հաղորդակցվել Աստծո հետ, այլ մնացել ենք մեր խնդիրների շրջապտույտի մեջ: Այնպես որ իրական աղոթքի ապացույցը հոգու հանդարտությունն է: Մեծագույն հավատքի մեկ այլ դրսևորում կարող ենք տեսնել, երբ Հիսուս բժշկեց տասը բորոտներին: Նախքան բժշկելն ասաց՝ գնացեք ձեզ ցույց տվեք քահանաներին: Եվ նրանք գնացին առանց հարցադրում անելու, թե ինչու մեզ չես բժշկում, այնուհետև ուղարկում (Ղուկ. 17.14): Եվ նրանք հավատացին, գնացին ու բժշկվեցին ճանապարհին: Բայց մենք, երբ մեր խնդիրը ներկայացնում ենք, ուզում ենք, որ այն իրականանա, որպեսզի ասենք՝ այո՛, հավատում ենք և դրանից հետո մեր գոհաբանությունը հայտնենք: Իսկ ի՞նչ արեցին այս բորոտները: Նրանք հավատացին և գնացին, թեև տրամաբանորեն պիտի ասեին, թե մեզ բժշկիր, որ գնանք և ցույց տանք քահանաներին, որ բժշկվել ենք: Սակայն նրանք վստահեցին Հիսուսի խոսքին և բժշկվեցին: Իսկ մենք, երբ որևէ բան ենք խնդրում, հավատո՞ւմ ենք, որ Տերը կիրագործի, վստահո՞ւմ ենք, թողնո՞ւմ ենք Իր կամքին: Ահա, թե ինչ մեծ խորհուրդ է հավատքը՝ վստահել, անվերապահորեն Աստծուն հավատալ, անպես, ինչպես  խաչված ավազակը մեծ հավատք ցուցաբերեց` իր կողքին տեսնելով խաչյալ Քրիստոսին: Նա կարող էր մտածել, թե խաչի վրա տառապողն ի՞նչ կարող է անել: Արդյո՞ք ունենք այդ ավազակի պես հավատք, որ տանջվում էր խաչի վրա, բայց միևնույն ժամանակ հավատում խաչված Քրիստոսին: Դրա համար բժիշկները վկայում են, որ այն հիվանդը, որն իսկապես հավատում է Աստծուն, շատ ավելի արագ է կազդուրվում, որովհետև նրա հոգին ծաղկում է հավատքի միջոցով և ունակ է լինում պայքարելու հիվանդության դեմ ու Աստծո միջոցով բժշկվում: Աղոթքի մեջ կարևոր է փառաբանությունը, գոհաբանությունը և մեղքերի համար թողություն հայցելը: Աղոթելիս անհրաժեշտ է հեռացնել բոլոր բողոքները, տրտունջները: Եվ երկնային խաղաղությունը կիջնի մեզ վրա և դրան հաղորդակից կդարձնենք մեր շրջապատին: Ով իսկապես աղոթում է Աստծուն՝ գոհ է ամեն ինչից: Եթե մարդ անշահախնդիր հավատում է Աստծուն, նա արդեն երջանիկ է: Եթե երջանիկ է՝ սեր, խնդություն և խաղաղություն է ճառագում նրանից: Եթե այդ խնդությունն ունես, ուրեմն Աստծո հետ հաղորդակցության մեջ ես: Իսկ եթե հոգևոր այդ ուրախությունը չես գտել, բնականաբար կշարունակես տրտնջալ, բողոքել, վհատվել, մռայլվել՝ այդպիսով չընկալելով աղոթքի էությունը և հոգևոր կյանքը:

 

 Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

03.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․