Գրքեր

Աղքատասիրություն

«Յորժամ առնիցես ճաշ կամ ընթրիս, մի՛ կոչեր զբարեկամս քո եւ մի՛ զեղբարս քո, եւ մի՛ զազգականս քո եւ մի՛ զդրացիս քո, եւ մի՛ զմեծամեծս: …Այլ յորժամ առնիցես ընդունելութիւն, կոչեա՛ զաղքատս եւ զխեղս, զկաղս եւ զկոյրս, եւ երանելի լինիցիս» (Ղուկ. 14:12, 13)

Ընդհանրապես քարոզիչները Քրիստոսին ներկայացնում են կամ Խաչի վրա, կամ այն լեռան վրա, որի վրայից Աստծո թագավորության գալուստը հայտարարեց, կամ աշակերտների հետ Թաբոր լեռան վրա, որտեղ իր փառքը ճառագեց: Ավետարանի մեջ այլ դրվագներ էլ կան. Սեղաններ՝ որոնց առջև ներկայանում է Հիսուսը, օրինակ՝ Հիսուսին տեսնում ենք մի հյուրասիրության սեղանի առջև, որի ժամանակ մի կնոջից պատիվ և հարգանք ընդունեց, և այս առթիվ գայթակղված փարիսեցիներին ողորմության դաս տվեց: Հիսուսին տեսնում ենք նաև Ղևի մաքսավորի սեղանի առջև, որի ժամանակ ուսուցանեց, որ Ինքը որպես հիվանդների բժիշկ է եկել և ոչ առողջների:

Այն սեղանը, որն այսօր ձեզ պիտի ներկայացնեմ և որին նախապատվություն է տալիս Հիսուս, թերևս շատերիդ հաճելի չթվա, սակայն խորքում, այդ սեղանի շուրջ սիրո և գերագույն սիրո հանգամանքներ են պարզվում:

Այո՛, Հիսուսը նախապատվությունը տալիս է այն սեղանին, որի շուրջ կան աղքատներ, կաղեր, կույրեր, խեղանդամներ, և մեզ էլ հանձնարարում է. «մի՛ կանչիր բարեկամներիդ, և ոչ էլ ազգականներիդ, և ոչ էլ հարևաններիդ, այլ երբ սեղան պիտի գցես [նստես], խեղճ, թշվառ, հացի կարոտ, միայնակ և անօգնական խեղանդամներին, կույրերին և կաղերին հրավիրիր»: Միթե՞ սա մեղադրանք չէ ընտանեկան միջոցառումների համար, միթե՞ այս պատվիրանով չե՞ն դատապարտվում ընտանեկան հավաքույթները: Եվ ինչո՞ւ, միթե չար բան կարող է լինել, երբ մեր պատրաստած ճաշկերույթին հրավիրում ենք մեր հորը, եղբորը կամ զավակներին, որին կանչվում են նաև մեր հարևանները և բարեկամները: Եթե մեր բնաբանի իմաստին տառացիորեն նայենք, ապա այնպես է թվում, որ բացարձակապես արգելվում է, կամ չի պատվիրվում մեզ հաճելի մարդկանց հրավիրել, այլ ավելի [խրախուսվում է հրավիրել] նրանց, ովքեր խեղանդամ, աղքատ, կույր և կաղ են:

Բայց այս առթիվ ձեզնից ո՞վ չի տեսնում այն հակասությունը, որ կա Քրիստոսի վարդապետության և վարմունքի միջև: Ինքը չէ՞ր, որ Կանայում հարսանիքի սեղանի շուրջ ներկա էր, որտեղ, անշուշտ, չկար ո՛չ կույր, ո՛չ կաղ, ո՛չ խեղանդամ, ո՛չ աղքատ, այլ բարեկամներ, ծանոթներ և ընկերներ. ինչո՞ւ չարգելեց, կամ ինչո՞ւ Իր սկզբունքին հակառակ՝ ներկա եղավ հարսանեկան ուրախությանը: Սակայն առաջ չանցնենք. Հիսուսը ոչ ոքի երբեք չի արգելում ուրախության միջոցառումը կամ խնջույքը, ոչ էլ կտրում է ազգակցական կամ բարեկամական սերտ կապերը, ո՛չ, մեր բնաբանի իմաստն այլ է, մեր բնաբանի ոճը հատուկ ձև ունի, որի իմաստը հասկանալու համար, հատուկ ուշադրություն պետք է դարձնել. շատերն են իրենց գլուխներն օրորել Ավետարանական այս հատվածի ընթերցման ժամանակ և ուրիշներն էլ ասել են. «Հիվանդանոց պիտի բացե՞նք մեր տան մեջ»:

Բայց որքա՜ն են նրանք սխալվում. Հիսուսը չի արգելում ուրախությունն ու ընտանեկան հավաքույթները: Հիսուսը բնավ չի ցանկացել ջնջել ընտանեկան սերը, Նա հետևյալը նկատի ունի. «Ընկերներիցդ, բարեկամներիցդ, սիրելիներիցդ ավելի աղքատներին, կույրերին, կաղերին հրավիրիր: Չլինի թե ընկերներիդ և բարեկամներիդ հրավիրելով, այն դատարկ փափագն ու ակնկալությունն ունենաս, որ նրանք էլ իրենց հերթին քեզ պիտի հրավիրեն»:

Ընտանեկան սիրո և միության խնջույքները, ինչպես որ բոլոր գեղեցիկ բաները, կարող են զանազանվել: Այն ճաշը, որի մասին Հիսուսը խոսում է, սրա ապացույցն է: Այսպիսի ընտանեկան հավաքույթը կամ խնջույքը հիմնովին կեղծավորություն է: Ազգականներին, ընկերներին, սիրելիներին [շահադիտորեն] հրավիրելու մեջ քրիստոնեական ոգի չկա, Աստվածային սեր չկա, այլ կան հաշվարկներ և սին եսասիրական նկատառումներ, մինչդեռ տանդ դռները, առանց փոխադարձ պատվի և մեծարանքի ակնկալիքի, հասարակության անկյալների, նեղյալների առջև բացելով հրավիրելու մեջ իսկապես փայլում է քրիստոնեական սերը, քանզի այդպիսով բացահայտ հայտնի է դառնում եղբայրասիրությունդ: Մինչդեռ ընտանեկան կերուխումների ժամանակ նա, ով իր ծանոթներին և ազգականներին է հրավիրում, հրավիրում է այն ակնկալությամբ, որ ինքն էլ նրանց կողմից պիտի հրավիրված և մեծարված լինի:

Իմացեք և համոզվեք, ո՛վ հավատացյալներ, որ Քրիստոսը երբեք չի արգելում ընտանեկան տոները, այլ արգելում է այն գծուծ հաշիվներն ու եսասիրական ցանկությունները, որ հյուրասիրության անվան տակ ընտանեկան հարկից ներս են թափանցում: Դա առևտրի մի ձև է և ուրիշ ոչինչ: Նա երբեք չի արգելում, չի մերժում բարեկամների, ընկերների այն ընկերակցությունը, կամ միությունը որտեղ մոլական [աղտեղի] շահեր, կամ տգեղ նկատառումներ գոյություն չունեն:

Արդ, երբ ճշմարիտ ոգին թագավորում է ընտանեկան հավաքույթներում, ուրախության պահերին անգամ մի ծածուկ վիշտ է ի հայտ գալիս: Քրիստոնյա չէ նա, ով իր ուրախության պահերին մոռանում է անժառանգներին, լքյալներին, անտեր և անօգնական մարդկանց: Անհնար է, որ քրիստոնյան, ճշմարիտ հավատացյալը վառարանի մոտ նստած պահին չմտածի նրանց մասին, ովքեր ցրտից տառապում են և ուրախանա՝  չհիշելով թշվառ և սրտաբեկ եղբայրներին: Նա, ով տխրությունն ու ցավը ցանկանում է իր մտքից վանել, երբեք չի ըմբռնել Ավետարանը: Քրիստոնեությունը նախ խաչելություն է, սակայն ազատագրում և փրկագործություն էլ է, այն գթության և մարդասիրության դասեր է տալիս և [մարդուն] գործելու է մղում:

Եթե դու ճշմարիտ քրիստոնյա ես, ապա բարեկամներիդ, սիրելիներիդ հրավիրելու պահին իսկ, [ակամա] խորհում ես, որ սեղանիդ շուրջ պակասում են տնանկները, որոնք հրավիրվելու ավելի մեծ կարիք ունեն: Մեկը կա, կարծես մի աներևույթ հրեշտակ, որ այդպիսի պահերին ճշմարիտ քրիստոնյայի ականջին պիտի շշնջար այնպիսի մի շեշտով, որն անհնար է մոռանալ. «Հրավիրի՛ր աղքատներին, խեղանդամներին, կույրերին…»: Ո՜հ, գիտեմ, թե որքան մարդ կա, որ այսպիսի ձայնին փորձում են պատասխանել. «Դա ժամանակակից պահանջներին հակառակ է. դրանց բոլորին հրավիրելն անպատշաճ է և անհնարին, քանզի շատ են. նրանց այստեղ հրավիրելը շա՜տ տխուր, շա՜տ տհաճ և ծիծաղելի կլինի: Տանս շուքն ու վեհությունը կպակասի, տանս սենյակները մի՞թե Բեթհզեդայի սրահներն են»: Բայց հրեշտակի ձայնը պիտի շարունակեր. «Հրավիրի՛ր թշվառ և կարոտյալ անօգնականներին, հիվանդներին, կաղերին, խեղանդամներին, կույրերին հրավիրիր…»:

Երբ հրավիրում ենք թշվառներին և մեր նվիրական պարտականությունն ենք կատարում, չպետք է զգացնել տանք նրանց դժբախտ և խեղճ վիճակը: Շատ անգամ մեր կատարած բարիքները նրանց ցավ են պատճառում, քանզի հիշում են իրենց անցյալ երջանիկ կյանքը և այն վայրկյանները, երբ առողջ և կայտառ էին, իսկ հիմա իրենց ձեռքն առաջ պարզած պահին դողում են ամբողջ մարմնով. նրանք էլ են ունեցել և ունեն ինքնասիրություն: Քանի՜ քանիսներ կան նրանց մեջ, որ մեծ սիրտ ունեն և որքա՜ն են ամաչում իրենց ցավալի վիճակի համար: Արդ, սովորենք այդպիսիների հետ զգուշությամբ վարվել:

Հրավիրեցե՛ք աղքատներին: Դարձյալ, աղքատ են նրանք, ովքեր ընտանեկան օջախից զուրկ են ապրում, անտեր և անօգնական են: Չգիտեք, թե ինչ սրտաճմլիկ և աղեկտուր վիճակ ունի նա, ով զուրկ է ընտանեկան սիրո օջախից [ջերմությունից]: Այդպիսին չունի մեկն, ով իրեն կայցելի և մի ողջույն կտա, չունի մեկը, որ երբ երեկոյան ուշացած տուն մտնի, հարցնի. «Ինչո՞ւ ուշացար», կամ հյուրասիրի և եթե հոգնած է՝ հանգստացնի: Ամենախոնարհ և խղճուկ ընտանեկան օջախն իսկ հանգստություն է, այնտեղ հրաշալի ջերությամբ տաքանում են սրտերը: Հրավիրեցեք այնպիսիներին, որոնք անտեր, անպաշտպան և կարոտյալ են, և ձեր հյուրասիրությամբ պիտի ուրախանան:

Հրավիրեցե՛ք աղքատներին: Դարձյալ. աղքատ են նրանք, ովքեր խորհրդի կարիք ունեն, որոնք մտային իմացականության դյուրությունը չունեն [որոնք խորագիտություն չունեն և դժվարությամբ են կողմնորոշվում], որքա՜ն դժվար է ուսում ստանալը, տեսակետ մշակելը, խավար ճակատներ լուսավորելը: Սնել միտքն ու հոգին, սատար լինել ուրիշների մտավոր զարգացմանը և առաջադիմությանը, սա ևս հրավեր է հյուրասիրության սեղանիդ: Քանի՜ քանիսներ կան, որ մտավոր անհրաժեշտ սնունդի կարիքն ունեն և չեն կարողանում հեշտությամբ գտնել:

Այս հանձնարարականները ինձ մոտեցնում են Հիսուսիս, ո՞ւմ կարող եմ ձեզ համար աղքատասիրության օրինակ բերել բացի իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսից, Որի կյանքը բնաբանիս պերճախոս բացատրությունն է, Ինքն ո՞ւմ վարդապետեց, ո՞ւմ հետ ավելի շատ խոսեց, եթե ոչ նրանց, ովքեր կորստյան ճանապարհին էին, մոլորված էին, թշվառ էին, մանուկ էին: Ինքն էր, որ տառապյալներին և վշտացածներին Իր մոտ հրավիրեց, Ինքն էր, որ Իր լուսափայլ ճակատը խոնարհեցրեց մինչև փոքրիկների գլուխները, որպեսզի նրանց բարձրացնի:

Եվ որպեսզի Իր նվիրական գործն ու փրկագործությունն ամբողջությամբ լրման հասցնի և տարածի Իր սիրո պես ընդարձակ տարածության մեջ, և ավելի հեռուները, Աստծո այս սեղանը դրեց, որը երկնքի թագավորության պատկերն է: Նա բացում է Իր բազուկները և հրավիրում սառած սրտերին, աղքատ մեղավորներին, կյանքից պարտվածներին, վշտաբեկներին, տառապող հոգիներին, ցավատանջ կարոտյալներին՝ ասելով. «Եկայք առ Իս, ամենայն աշխատեալք և ծանրաբեռինք, և Ես հանգուցից զձեզ»:

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

 

 

03.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․