Գրքեր

Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը

Ահաւասիկ՝ կամ աղախին Տեառն, եղիցի ինձ ըստ բանի քում։

Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ (Ղուկաս 1։38)։

 

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս անառակ որդու առակից առաջ պատմում է կորած ոչխարի ու կորած դրամի առակները (Ղուկաս 15։3-10)։ Նա նկարագրում է 100 ոչխարից մեկին կորցրած և գտած և 10 դրամից մի դրամը կորցրած և գտած մարդկանց ուրախությունը, որոնք իրենց հարազատների հետ միասին նշում են իրենց կորցրածն ու գտածը. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը»։ Ճիշտ է, այս առակները Քրիստոս պատմում է համեմատելու համար մեղավոր ու կորուսյալ մարդու փրկության արժեքը, բայց մեզ համար կարևոր է նաև մարդկանց ուրախության ու խնջույքի փաստը։ Մարդիկ ցնծում են և իրենց հարևան-բարեկամների հետ տոնախմբում են իրենց գտածը։ Այդպես էլ, սիրելինե՛ր, մեզ համար ակնառու է մեր եկեղեցու հայրերի ուրախությունը՝ կապված Աստվածամոր տուփի գյուտի հետ։ Որքան սիրված է Սուրբ Կույսը մեզանում, որ նրան առնչվող իրերի գյուտը նրա անձն ու անունը հիշատակելու հերթական տոնի է վերածվել։ Այդ տուփը Նազարեթ քաղաքի մի կնոջ տանը հայտնաբերում են երկու հույն ազնվական եղբայրներ, որոնք ուխտի էին գնացել տերունական սրբավայրերը։ Այդ տուփի մեջ պահվող Աստվածամոր զգեստի զորությամբ հիվանդներ էին բժշկվում։ Երուսաղեմում նրանք պատվիրում են այդ տուփի կրկնօրինակը, փոխանակում են հրեա տանտիրուհու բնօրինակի հետ և բերում են Կոստանդնուպոլիս։ Այստեղ ևս սկսում են տուփի զորությամբ հրաշքներ կատարվել։ Տեղի եպիսկոպոսը տուփը զետեղում է Սուրբ Մարիամ Աստվածածնի անվան եկեղեցում։

Սիրելինե՛ր, Սուրբ Մարիամ Աստվածածնի էությունը պիտի արտացոլվի մեր բոլորի էության մեջ, մեր փոխհարաբերություններում, վարքում, գործերում ու քայլերում՝ ի հակադրություն այսօրվա արագընթաց, նպատակասլաց, մրցավազքային, շտապողական և գերզբաղված կյանքի։ Անշուշտ, նպատակասլացությունը բարի հատկություն է և խրախուսելի, սակայն դեպի նպատակը ընթանալիս հարկավոր է նաև նկատել մեր շրջապատի ամենատարբեր հոգսերով մարդկանց ու նրանց ընկերակցել։ Կանայի հարսանիքում Սուրբ Մարիամը Հիսուսին հայտնեց գինու պակասության մասին, որպեսզի հարսանքավորների կարիքը հոգա ու պակասը լրացնի։ Դրանով նա իր սերն ու հոգածությունը ցուցաբերեց թե՛ հարսանքավորների և թե՛ նորապսակների նկատմամբ։ Իր ուշադրությամբ Տիրոջ ուշադրությանն արժանացրեց նորաստեղծ ընտանիքի կարիքը։ Մենք էլ պետք է ուշադիր լինենք, որ մշտական զբաղվածությունը պատճառ չդարձնենք անտեսելու համար այլոց հոգսերն ու կարիքները, այլ փորձենք հնարավորության սահմաններում օգնել, ձեռք մեկնել մարդկանց, առաջին հերթին մեր ներկայությամբ և ընկերակցությամբ օժանդակենք, հետո միայն՝ արդեն նյութական օգնությամբ։

Աստվածամոր էությունը քրիստոնյայի էությունն է։ Երբ որ մեր կյանքում քրիստոնեական պատվիրանները ի կատար ածվեն, մեր կյանքի որակը էականապես կփոխվի ու կբարելավվի։ Մեր մարդկային տկար էությանը հարկավոր են Սուրբ Կույսի հանդարտությունն ու խաղաղությունը՝ հղկելու համար մեր վարվելակերպը առօրյայում։

Սուրբ Մարիամ Աստվածածնի խոնարհությունն ու հնազանդությունն են մարդկանց անհրաժեշտ Աստծո կամքը ընդունելու և հպարտության պատճառով ծագող բազում միջանձնային մեղքերից խուսափելու համար։ Եկեղեցիների խորաններին պատկերվող Սուրբ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ նշանավորում է նոր դարաշրջանը։ Նրա խոնարհությամբ ու հնազանդությամբ փոխվեց ամեն ինչ։ Մենք էլ՝ սովորական մահկանացուներս, խոնարհությամբ ու հնազանդությամբ կարող ենք փոխել կյանքի որակը, մարդկային հարաբերություններին գեղեցկություն ու քաղցրություն հաղորդել։ Քրիստոս ցանկանում է սիրո սահմանները ընդլայնված տեսնել մարդկանց մեջ։

Մաքրությամբ ու անարատությամբ փայլող Աստվածամոր էությունը պիտի արտացոլվի մեր հոգիներում, որ մենք էլ աստիճանաբար սկսենք փոխվել, մեր հոգիներում, սրտերում, խորհուրդներում բույն դրած մեղքերից մաքրվենք, որպեսզի մեղավոր վիճակը մեզ բնական չթվա, մեղքը մեզ համար ոչ թե քաղցր լինի, այլ գարշելի, որպեսզի մեղավորությունը չբթացնի Աստվածապարգև մաքուր ու անարատ մեր միտքը, և որպեսզի Սուրբ Կույսի լուսավոր էությունը ճրագ դառնա մեր հոգիների համար։

Սուրբ Մարիամին բնորոշ չէին հուսահատությունն ու հուսալքությունը։ Ավետարանում չենք տեսնում նրա կողմից նման տկարություն նույնիսկ Տիրոջ խաչելության ժամանակ։ Նա վստահում ու հավատում էր Աստվածային Նախախնամությանը։ Հիշում ե՞ք, երբ Մովսեսը Սինա լեռան վրա էր, հրեա ժողովուրդը չհամբերեց, կասկածեց և Ահարոնից պահանջեց իրենց համար «առաջնորդող աստվածներ ստեղծել»։ Ահարոնն էլ ոսկե հորթը պատրաստելով տվեց նրանց երկրպագելու։ Հրեա ժողովուրդը անընդհատ տեսնում էր Տիրոջ առաջնորդությունը անապատում, սակայն շարունակ տրտնջում էր, երանի էր տալիս եգիպտական գերության մեջ իրենց ապրած ստրկական կյանքին։ Անհամբերությունը, կռապաշտությունը, անվերջ տրտունջները, դժգոհությունները, անհնազանդությունը, խոնարհության ու հեզության պակասը, թերահավատությունը, վախն ու կասկածամտությունը հրեա ժողովրդին դարձրել էին ամբարտավան և ապստամբ Աստծո հանդեպ։ Եվ Աստված բարկացավ ու Ավետյաց երկիրը տեսնել թույլ տվեց միայն նրանց, ովքեր հնազանդ էին եղել Իրեն։ Ուստի, սիրելինե՛ր, հրեա ժողովրդի պատմությունը խորհրանշորեն ցույց է տալիս մարդու ճանապարհը դեպի Երկնային Արքայություն, որի ընթացքում մարդը չպիտի ուրանա Տիրոջ առաջնորդությունը, չսարսափի փորձություններից, հավատը չկորցնի, չերկմտի, խոնարհ ու հնազանդ լինի Աստծո կամքին և կարժանանա Աստծո Արքայությունը տեսնելուն։

Մաղթում եմ, որ Սուրբ Կույսի խոնարհ ու հեզ էությունը մեզ օտար չհամարենք, չամաչենք քրիստոնեական արժեքների կրողը լինելուց և նրան նմանվենք որպես Աստծո հնազանդ ու խոնարհ զավակներ։ Նրա էությունը թող ուղենիշ լինի յուրաքանչյուր քրիստոնյայի համար։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

27.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․