Գրքեր

Աջակցություն սիրիահայ ընտանիքին

2012 թ.-ից Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով Հայաստան ներգաղթեցին բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ: Սույն թվականին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սիրիահայերից ձևավորված համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Այսօր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքում ընդգրկված սիրիահայերը՝ որպես գործուն համայնք, իրենց ակտիվ մասնակցությունն են բերում թե՛ եկեղեցական արարողություններին և թե՛ համայնքային կյանքից ներս իրականացվող միջոցառումներին ու ծրագրերին: Տեր Գրիգորը ժամանակ առ ժամանակ այցելում է սիրիահայ ընտանիքներին, տնօրհնեք կատարում և սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ աջակցում կարիքի մեջ հայտնված ընտանիքներին:

Հոկտեմբերի 3-ին Տեր Հայրը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում սիրիահայ համայնքի անդամ Լուսի Բոյաջյանին (53 տ.) հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Քառանդամ այս ընտանիքը Սիրիայում բնակվել է Նոր Գյուղ հայաբնակ թաղամասում, որ սիրիական հակամարտության ընթացքում բազմիցս է հրթիռակոծվել, ինչի արդյունքում տիկին Լուսիի ամուսինը՝ Հովհաննես Վարդանյանը (54 տ.), ողնաշարային վնասվածք է ստացել և երրորդ կարգի հաշմանդամ է: Երկու տարի է, ինչ Վարդանյան ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, բնակվում է վարձակալությամբ՝ Կոմիտաս 1/ 201 հասցեում գտնվող մեկ սենյականոց բնակարանում: Ընտանիքի հայրն ի վիճակի չէ աշխատելու և միայն վերջին շրջանում իրեն հաշմանդության թոշակ է հատկացվել: Սիրիահայ ընտանիքում երկու զավակներից միայն 23-ամյա Մհերն է աշխատում՝ որպես առաքիչ, իսկ մյուս որդին՝ Աշոտը (19 տ.), ուսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջի ատամնատեխնիկական բաժնում: Տիկին Լուսին նշեց, որ ինչպես բոլոր սիրիահայերին, այդ թվում և իրենց ընտանիքին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից տարին մի քանի անգամ օգնություն է հատկացվում: Տիկին Լուսին իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին, աջակից անձին այն ուշադրության և հոգածության համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ իրենց մեծ ընտանիքի՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից:

Արմատներով հողին ամրացած ծառը աճում է և պտղաբերում: Մարդկային հոգին էլ իր հոգևոր արմատներն է ունենում, երբ Տիրոջ մեջ ամրանում է հավատով և սիրով, այդպես հոգին աճում է, զորանում՝ բերելով աստվածահաճո և առաքինի պտուղներ, որոնցով հոգին ապրում է և պիտի ապրի հավիտյան: Ամեն անգամ Քրիստոսի Մարմինը համարվող եկեղեցին հոգևոր բերկրություն է ապրում, երբ առատանում է Տիրոջ համար սպասելի այս պտուղներով:

 

 

Կարինե Սուգիկյան

03.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․