Գրքեր

Ամանոր. հնի և նորի հանդիպումը

Տարին հասնում է իր լրումին: Նոր թվականը հուշում է, որ Նոր տարվա սեմին ենք արդեն և մեկ տարի ևս անցավ ժամանակի գիրկը: Ակամայից մարդ մտածում է ժամանակի մասին, ժամանակի, որ բաժանված է դարերի ու տարիների, ամիսների և շաբաթների, օրերի ու րոպեների, ժամանակի, որ իր սահող ընթացքի մեջ մշտապես նորոգվում է: Այս նորոգումը մարդուն խորհելու առիթ է ընձեռում կյանքի և արժեքի, ժամանակի և անցողիկի մասին: Հայտնի ճշմարտություն և փորձված իսկություն է, թե ոչ ոք չի կարող խուսափել աշխարհի բնական ընթացքից, և կյանքի անիվը հետադարձ ճանապարհ չունի: Ժամանակը հարաբերական չգո գոյություն է և այդ հարաբերական չգո գոյության մեջ պարտավոր ենք ապրել: Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց կյանքն է: Աստված մեզ կյանք պարգևեց ապրելու համար, իսկ ինչպե՞ս ապրել այդ կյանքը: Հստակ է այն, որ աստվածապարգև կյանքը պետք է լավագույնս ապրենք: Արարչագործության պսակն ու Աստծո պատկերը կրող անձը պետք է գիտակցի իր մեծ արժանիքը, և դրան համապատասխան կյանք ու ընթացք ունենա: Որքան գեղեցիկ է, որ գիտակցում ենք այդ հնարավորությունը: Կյանքն ապրել իմաստությամբ, նշանակում է կյանքի նկատմամբ անտարբեր չլինել, իսկ կյանքն ապրելու չափանիշը Քրիստոս Ինքն ուսուցանեց. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն» (Հովհ. 10:10): Առավել լեցուն կյանքին արժանանալու համար՝ Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Մոռացե՛ք ձեր հին ինքնությունը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականված էր խաբուսիկ ցանկություններով, վերանորոգվեցե՛ք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղե՛ք նոր մարդ՝ ստեղծված Աստծո պատկերի համաձայն, և ճշմարիտ կյանքն ապրեցե՛ք արդարությամբ և սրբությամբ» (Եփես. 4:22-25): Ըստ եկեղեցու հայրերի՝ յուրաքանչյուր անձ իր ծննդյան օրից իր մեջ կրում է հին մարդուն: Հին մարդուն, ում հատուկ է հպարտանալը, ծաղրելը, ստելը, տրտնջալը, բարկանալը, չարին չարով պատասխանելը և այս ամենով մխիթարվելը, ով սիրում է մարդկային փառքը, ով տեսնում է այն, ինչ ժամանակավոր է և ինչը կարող է իրեն հարստություն, մարմնական և ժամանակավոր փառք ու պատիվ բերել: Նա չի սիրում, երբ իրեն խրատում են, հանդիմանում, բայց և միևնույն ժամանակ չի ամաչում մերձավորին վիրավորելուց, դատելուց և զրպարտելուց: Նա սիրում է իր մեջ այն, ինչն ատում է ուրիշի մեջ: Այսինքն՝ հին մարդու մեջ թաքնված է ամեն անօրինություն, մեղք, կուրություն: Քանի որ «Մարդու ներսից, այսինքն՝ սրտից են ելնում չար մտածումները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չար բաներն են, որ մարդու ներսից ելնելով՝ պղծում են նրան» (Մարկ. 7:21-22): Հին և նոր մարդու էությունը երկու միմյանց հակադիր վիճակներն է մարդու մեջ, առաջինը գտնվում է մեղքի իշխանության տակ, երկրորդը, հոգեպես նորոգվելով, նոր կյանք է ապրում ճշմարտության և արդարության մեջ: Նոր մարդ լինել, նշանակում է՝ Քրիստոսի նկարագիրն ունենալ (Հռոմ. 13:14) և առաքյալի հետ միասին ասել՝ ես չէ, որ ապրում եմ, այլ Քրիստոսն է, որ ապրում է իմ մեջ (Գաղ. 2:20):

Հին մարդուց հրաժարվելով՝ ձգտենք դեպի նոր մարդը, որ ունի աստվածային, երկնային և սուրբ պատկեր: Որքանով, որ մահանում է հին մարդը, այնքանով կենդանանում է նոր մարդը: Մարդու հոգին նման է հայելու: Ինչպես հայելու մեջ արևն ավելի պարզ է երևում, երբ այն մաքուր է, այնպես էլ մարդու հոգում հավիտենական Արևն է պարզ երևում, երբ հոգին մաքուր է մեղքերից: Նոր տարին իր խորհրդով ու նշանակությամբ Աստծո կողմից տրված մի նոր հնարավորություն է. որպես հոգով նորոգված մարդ՝ կրկին մուտք գործենք Տիրոջ այգին, որտեղ կրկին հնարավորություն ունենք՝ ժամանակն իմաստավորելու, աճելու և հավատքի պտուղներ տալու: Երկնավոր Հայրը ևս մեկ հնարավորություն, ևս մեկ առիթ է ընձեռում բոլորիս:

 

Գայանե Սուգիկյան

30.12.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․