Գրքեր

Ամենակարևոր, ամենաառաջին ու ամենավերջին հարցը

Արդյո՞ք կա մեկը, որ աշխարհիս երեսին գոնե մի փոքր ապրելով, չգիտի, թե ինչ է նշանակում հայտնվել փակուղում։ Այդ ո՞ւմ է, որ իրադրությունը, մարդիկ, առողջական վիճակը կամ երկրում ու աշխարհում կատարվող գործընթացները, իսկ ամենակարևորը՝ սեփական սխալները ոչ մի անգամ չեն հանգեցրել փակուղու։ Միգուցե և կան այդպիսիք, իհարկե, սակայն մեր մեծամասնությունը, վստահ եմ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է նման հանգամանքներում։ Եվ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ դա միշտ փորձություն է դառնում մարդու համար։ Ի՞նչ անել։ Այսպես վարվես՝ կհանգեցնի ա՜յ այնպիսի բացասական արդյունքի, այնպես վարվես՝ կրկին միայն կխորացնես խնդիրներդ, հնարավոր է նաև էլի ինչ-որ մեկինը նույնպես։ Իսկ ահա լավ կլիներ, որ այսկերպ գործեիր, սակայն զրո միջոց ունես դրա համար։ Եվ ոչինչ չանել էլ չի կարելի, քանի որ ժամանակը սուղ է։ Իսկ ինչ անել՝ անհասկանալի է։ Նյարդային համակարգը ծայր աստիճան լարված է, խիղճն էլ չի լռում, տանջում է։ Ահա այս ամենն էլ կոչվում է փակուղի։ Առաջ գնալու տեղ չկա, բոլոր կողմերից սեղմված ես, հետ գնալ նույնպես չես կարող։

Ի՞նչ անել։ Սպասե՞լ, մինչև ԱԻՆ-ի խումբը տեղ կհասնի ու դուրս կբերի քեզ այդ ծուղակից։ Ոչ, ԱԻՆ-ի խումբը չի օգնի։ Ուղղակի ծալե՞լ ձեռքերն ու դադարեցնել պայքարը։ Աղոթե՞լ։ Բայց չէ որ դու, հավանաբար, աղոթել ես, սակայն թվում է, թե երկինքը փակվել է, ու Տերը չի լսում քեզ։ Եվ դա ասես ամենատանջող ցավը լինի, ամենագլխավոր դժբախտությունը։

Սակայն ոչ, գլխավորը չէ։ Գլխավորն այն է, որ այդ դո՛ւ չես լսում Նրան։ Եթե լսեիր՝ փակուղում չէիր հայտնվի։ Նրան լսողը ընթանում է լույսի ներքո և չի մոլորվում։ Իսկ կորչում և փակուղում ենք հայտնվում միայն այն ժամանակ, երբ դադարում ենք լսելուց։ Ուստի փորձեմ կիսվել ըստ իս՝ անելանելի դրությունից դուրս գալու միակ միջոցով, որը գործուն է, փրկարար, բազմիցս փորձված։ Փակուղում հայտնվելով, բավականին ժամանակ ջանալով, տառապելով ու հուսահատվելով սեփական ուժերով խնդիրը լուծելուց, կա՛նգ առ, դադարեցրո՛ւ ամեն ինչ ու մեն-միակ հարցը տուր քեզ՝ իսկ ի՞նչ է ուզում քեզնից Աստված։ Ոչ թե դու ինչ ես ՈՒԶՈՒՄ, ոչ թե ինչ է քեզ ՊԵՏՔ, ոչ թե ինչպես քեզ ՀԱՐՄԱՐ կլինի, ոչ թե ինչ են ԱԿՆԿԱԼՈՒՄ քեզնից ուրիշները, այլ հենց՝ ինչ է ԱՍՏՎԱԾ ՈՒԶՈՒՄ քեզնից։ Եվ ավելի լավ է հարցնես Նրան․ «Տե՛ր, ի՞նչ է Քեզ հաճո։ Դա հասկանալու կարողություն և կատարելու զորություն տուր ինձ։ Իսկ մնացածը կարևոր չէ»։

Եթե ի սրտե և անկեղծորեն հարցնես, եթե կատարելու պատրաստակամություն ունենաս, ապա պատասխանն անպայման կգա։ Այն կբացահայտվի մարդկանց կամ հանգամանքների միջոցով, կամ կհայտնվի շատ պարզ, ներքին հստակություն տվող և ուղին մատնանշող մտքի տեսքով։ Ինչպես էլ որ լինի՝ դու անպայման կհասկանաս, որ հենց դա է պատասխանը։ Եվ ամեն ինչ իր տեղը կընկնի, և այլևս այն զգացումը չի լինի, որ ևս մի փոքր ու շնչահեղձ կլինես, և խավարի փոխարեն հանկարծ լույս կտեսնես։

Ինչո՞ւ է այդպես։ Ինչպե՞ս է գործում այդ «մեխանիզմը», ինչո՞ւ է այն համապարփակ և երբեք չի խախտվում։ Արդյո՞ք այն պատճառով, որ իրականում ծայր աստիճան քիչ են այնպիսիք, որոնց համար կարևոր է իմանալ Աստծու կամքը, և ովքեր պատրաստ են ընդունել ու կատարել այն, և Տերը չի թողնում նմաններին։ Այդ պատճառով ևս։ Սակայն առաջին հերթին այն պատճառով, որ Աստված թույլ է տալիս մեզ հայտնվել փակուղում, որպեսզի գոնե այդկերպ հրաժարվենք, հեռանանք այդ խելահեղ ու կործանարար մտքից՝ կյանքը կառուցել մեր սեփական կամքի համաձայն՝ մոռանալով Նրան, քամահրելով այն, որ մեր ողջ գոյության մեջ ոչ մի հուսալի ու անխախտ հիմք չկա Նրանից բացի։

Աստվածաշնչյան ողջ պատմությունը լի է օրինակներով, որ հաստատում են այդ ճշմարտությունն ու կանոնը։ Հովնան մարգարեն, համաձայն չլինելով Նինվե գնալու և այնտեղի բնակիչներին ապաշխարություն քարոզելու Աստծու կարգադրությանը, ելնում է, ինչպես Սուրբ Գրքում է ասվում․ «Տիրոջ ներկայությունից փախչելու Թարսիս» (Հովնան 1։3) և բազմաթիվ դառնությունների է հանդիպում, ընդհուպ մինչև կետի փորում հայտնվելը։ Եվ միայն այնտեղ է գիտակցում իր մտադրության անմտությունը, և ապաշխարության հետ մեկտեղ ծնվում է պատրաստակամությունը կատարելու այն, ինչ հանձնարարել է իրեն Արարիչը։ Եվ բոլորովին աներևակայելի, հրաշալի կերպով իսկույն ևեթ ազատագրվում է իր ահարկու բանտից․ «Եվ Տերը հրամայեց վիշապ ձկանը, և ձուկը նրան ցամաք նետեց» (Հովնան 2։11)։

Ինչպիսի՞ն է փակուղու կառուցվածքը, ինչի՞ց է այն կազմվում, ի՞նչ կազմություն ունի։ Մենք չափազանց շատ բաներ համարում ենք անվերապահորեն կարևոր՝ հիմնվելով մեր և մեզ շրջապատող մարդկանց ցանկությունների, կարծիքների, համոզմունքների վրա։ Եվ երբ պարզվում է, որ այդ կարևոր բանն անհանար է, երբ չենք կարողանում մեր կարիքներն ու պատկերացումները համաձայնեցնել իրականության հետ, երբ այն խոչընդոտում է մեր առաջընթացին, ապա հենց այդ ենք ընդունում որպես անելանելիություն, հենց այդ է, որ ստեղծված իրավիճակի անհուսության զգացում է առաջացնում։

Ահա՛ սխալը։ Շատ բան կարող է կարևոր լինել, սակայն ԱՆԿԱՍԿԱԾ ԿԱՐԵՎՈՐ Է միայն մեկ բան, որ հարյուր անգամ ընթերցվել է, լսվել, կրկնվել ու երևում է՝ լավ մոռացվել․ «Նախ խնդրեցե՛ք Աստծու Արքայությունը և Նրա արդարությունը․․․» (Մտթ․ 6։33)։ Եվ չէ որ դա միայն պատվիրան չէ, ոչ էլ անառարկելի հրաման ու խիստ կարգադրություն։ Այլ ցուցում է, թե որ ուղղությամբ ընթանալ ճանապարհից չշեղվելու համար։ Դա կյանքդ կառուցելու միջոց է այնպես, որ ոչ ոք չկարողանա այն կործանել։ Դա այն կոչման հիշեցումն է, որի իրականացմանը չի կարող խանգարել ոչինչ, մարդու որոշումից բացի։

Ամեն ինչ կարելի է խլել մեզնից՝ միջոցները, առողջությունը, դիրքը, տեղը հասարակության մեջ, աշխատանքը, հարազատներին, ֆիզիկական ազատությունը, սակայն անկարելի է խլել ամենագլխավորը՝ Աստծուն ծառայելու հնարավորությունը։ Այն միշտ մնում է, անկախ ամեն տեսակի արտաքին պայմաններից՝ և՛ բարենպաստ, և՛ ամենախիստ ճնշման ներքո։

Ծառայությունն այնքան բազմակողմ է ու այնքան համապարփակ, որ չկան այնպիսի հանգամանքներ, որոնք այս կամ այն կերպ կխոչընդոտեին դրա իրականացմանը՝ քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում, որոնք կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ (հմմտ․ Հովհ․ 4։23), իսկ հոգու և ճշմարտության համար արգելքներ ու խոչընդոտներ չկան։ Անգամ այն ժամանակ, երբ զրկված ես ոչ միայն տեղաշարժվելու ազատությունից, այլ նույնիսկ հիվանդության մահճից վեր կենալու հնարավորությունից, Քրիստոսին ծառայելու հնարավորություն կա՝ համբերելով փորձությանն ու գոհանալով Նրանից։ Բարձրաձայն, եթե կարող ես խոսել և սրտում, եթե խոսելու ունակությունը կորցրել ես։ Հոգով և ճշմարտությամբ․․․

Ես միշտ անկեղծորեն խղճում են այն մարդկանց, որոնք որոշակի երկրային նպատակներ են դնում իրենց առջև և միայն դրանք նվաճելու մեջ են տեսնում իրենց երջանկությունն ու կյանքի իմաստը։ Եվ որքան նշանակալից են ամբիցիաները և վիթխարի՝ նպատակները, այնքան, կրկնում եմ, շատ եմ խղճում նրանց, եթե նպատակներն ու ամբիցիաները ամեն ինչ են նրանց համար։

Այդ ժամանակ չափազանց շատ բան կարող է դառնալ անհաղթահարելի խոչընդոտ, որքա՜ն քարեր կան նրանց ճանապարհին, որոնց բախվելով՝ խորտակվում են հույսերն ու մեծ գործերի, բացառիկ արդյունքների ակնկալիքները։ Հետո ինչպե՞ս հաղթահարել հիասթափությունը, եթե այդ հույսերից ու սպասումներից զատ ոչինչ չկա, եթե հենց դրանք են ամենակարևորն ու ամենաթանկը։

Այո, իսկապես որ, հենց մենք են ստեղծում մեր փակուղիները։ Ինքներս ենք փակում դրանցից դուրս գալու ճանապարհը։ Սակայն ինչպիսի՜ն է Աստծու ողորմությունը, որ անգամ այն ամենից հետո, երբ փակել ենք ճանապարհներն ու այրել կամուրջները, Տեր Աստված Իր մոտ տանող նոր ճանապարհ է հարթում և Իրեն միացնող նոր կամուրջ կառուցում։ Եվ չնայած ոչ մի բանի, ամեն պարագայում մենք այդ զարմանալի հնարավորությունից օգտվելու շանս ունենք։ Ամեն ինչ կորցնելով, ամեն ինչից զրկվելով ոչ առաջին, այլ հերթական, միգուցե նույնիսկ վերջին անգամ, մյուս բոլոր հարցերի փոխարեն ուղղել այն միակ, ամենաանհրաժեշտ հարցը․ «Տե՛ր, ի՞նչ ես Դու ակնկալում ինձանից։ Ի՞նչ անեմ, որպեսզի գոհացնեմ Քեզ»։

Հարց, որից հարկավոր էր սկսել ամեն ինչ։ Եվ որը, ամեն դեպքում, երբեք ուշ չէ ուղղել։

 

Վանահայր Նեկտարիոս (Մորոզով)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

31.01.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․