1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Շառլ Ազնավուրի ընտանիքին

Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքին:

«Ցավ էր Մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շարլ Ազնավուրի մահվան լուրը:

Վշտալի է կորուստը արժանավոր հայորդու, ով հարազատ ժողովրդի փառքն ու պատիվը հավելեց ու պայծառացրեց իր հռչակով, շնորհներով, բարձր արվեստով և աշխարհի տարբեր երկրների հայտնի բեմերում հնչեցրած իր անզուգական կատարումներով:

Այսօր մխիթարությամբ ենք անդրադառնում, որ բարեհիշատակ Շարլ Ազնավուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնությամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղետալի երկրաշարժի օրերին Ազնավուրը երգեց ժողովրդի ցավը շատ հայտնի երգիչների հետ, իր բոլորանվեր ջանքերը բերեց Հայաստանի օգնության համար: Նրա հանրահայտ երգերի շարքում են նաև Հայաստանին, Ցեղասպանության սուրբ նահատակերին նվիրված ստեղծագործությունները, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին:

Շարլ Ազնավուրի մահը կորուստ է ողջ աշխարհի համար, քանզի նա իր համաշխարհային ճանաչումով ու արժեքով նաև ողջ մարդկության զավակն է, որին գիտեն, սիրում են և ում համար այսօր աղոթում են ամենուր: Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված մեծանուն հայորդու հոգու հանգստության համար:

Հոգելույս Շարլ Ազնավուրը մեզ թողեց իր վառ կերպարը, հիասքանչ երգերը, սերն ու բարությունը և երկրավոր ճանապարհը ավարտելով՝ շարունակում է իր ընթացքը դեպի հավերժություն և հավիտենական կյանք», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

01.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․