26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր

Ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի նվերը գնդերեց Դավիթ սարկավագին

Հայոց պատմության դարավոր էջերը փաստում են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ազգի կենաց-մահու օրհասական պահերին խոսքով և գործով ոգեշնչել է հայրենյաց պաշտպան զինվորին ու զորավարին և հաճախ ազգային-ազատագրական պայքարի գլուխ կանգնել: Հայոց զորքը ճակատամարտի է մեկնել՝ հոգևորականի օրհնությունն ստանալով: Այսօր էլ Հայոց բանակում հոգևոր սպասավորություն են իրականացնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները: Կարևոր առաքելության կոչված հոգևոր սպասավորներն իրենց հավատքով, հոգեշունչ քարոզներով և աղոթքներով քաջալերում ու խրախուսում են հայրենյաց պաշտպան զինվորներին՝ բարձր պահելով նրանց մարտական և հայրենասիրական ոգին: Հոգևորականի ներկայությունը բանակում քաջալերում է հայ զինվորին, ում կողքին հոգևոր սպասավորը ոչ միայն աղոթակից է, այլև, հարկ եղած դեպքում նաև՝ զինակից: Հոգևորականի ներկայությունը բանակում հիշեցնում է նաև Բարձրյալի օգնությունը, որն ուղեկցում է Բարձրյալին ապավինած մեր քաջարի զինվորներին ծանրագույն փորձության այս օրերին:

Օրեր առաջ Արցախում սպասավորող Ագարակի զորամասի գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն իր ծառայության ընթացքում աստվածային հրաշքով փրկվել էր թշնամու ԱԹՍ-ի հարվածից, որն ընկելնելով նրա մեքենայի վրա՝ չէր պայթել: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը, որ պատերազմական այս օրերին տարբեր ծրագրերով իր մշտական աջակցությունն է բերում Հայոց բանակին, հերթական աջակցությունը ցուցաբերեց: Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գնդերեց Դավիթ սարկավագին հանձնեց Կարեն Վարդանյանի նվերը՝ ավտոմեքենա, որպեսզի սպասավորող գնդերեցը Հայոց բանակում կարողանա լիարժեք իրագործել իր հոգևոր սպասավորությունը: Թիկունքում իրականացվող յուրաքանչյուր աջակցություն նպատակ ունի անկոտրուն և բարձր պահելու Հայոց բանակի մարտական ու բարոյական ոգին, որ բոլոր ժամանակներում ճակատամարտերի և պատերազմների ելքի վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել և համարվել է բանակի գաղտնի զենքը:

Աստծուն սիրող և ծառայող անձը չի կարող չսիրել իր մերձավորին: Աստվածային սերն իր սրտում ունեցողը մոտ է ճշմարիտ սիրո աղբյուրին: Այդ դեպքում սերը ձեռք է բերում հավիտենություն, իսկ առանց այդ սիրո սերը կեղծ է, ժամանակավոր և կործանարար: Միայն Աստծու հանդեպ սեր ունեցողն է, որ պատրաստ է հանուն Աստծու փառքի զոհողության գնալ: «Հիշենք, որ սերն ապրում է զոհաբերության միջոցով և աճում է տալով: Առանց զոհաբերության սեր չկա»,- ասել է Ս. Մաքսիմիլյան Կոլբեն:

 

 

Կարինե Սուգիկյան

 

02.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․