1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Անառակի կիրակիի քարոզ

«Լուարուք ինձ և կերիջիք զբարութիւնս, և վայելեսցեն ի բարութեան անձինք ձեր։

«Լսեցե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեցեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան» (Եսայի 55։2)։

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Մեծ պահքի երրորդ կիրակին է, որն անվանում են «Անառակի կիրակի»՝ համաձայն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած անառակ որդու առակի։ Այն ամենաավետաբեր, ամենահուսադրող և մխիթարական առակն է ողջ Ավետարանում։ Արտաքսման կիրակին՝ դրախտից Ադամի և Եվայի արտաքսման իր խորհուրդով, տրտմության և հուսալքության մեջ կթողներ մեր հոգիները, եթե չլիներ Անառակ որդու առակը, որն ազդարարում է մարդկության նկատմամբ Աստծո գթասրտությունը։ Անառակ որդու առակը ներկայացնում է թե՛ մեր՝ մեղավորներիս վարմունքն ու պահվածքը դեպի Աստված և թե՛ Նրա անսահման սերն ու հոգածությունը մեր հանդեպ։ Այն պատկերում է Աստված-մարդ հարաբերությունը թե՛ անհատի կյանքի օրինակով և թե՛ ողջ մարդկության։ Այդ առակը ցույց է տալիս, թե ինչ է տվել մեզ Աստված, ինչ ենք նախընտրում մենք, ինչ համբերատարություն է ցուցաբերում Նա մեր հանդեպ, և ինչպես է Նա կրկին պատրաստ մեզ ընդունել Իր գիրկը։

Անառակ որդու առակը բազում շերտեր ունի։ Նրա ամեն մի նախադասությունը մի միտք է բացահայտում մեզ։ Այն Աստծո ծրագրի լուսաբանումն է։ Նրա ամենահուսալից և գեղեցիկ դրվագը հոր մոտեցումն է դեպի իր զավակը, Նրա ներողամտությունը, մեծահոգությունը, անհիշաչարությունը, հոգատարությունն ու խնամքը դեպի իր ապերախտ, անշնորհակալ, անառակ, վատնող, մեղսասեր որդին։

Մարդիկ անառակ որդիներ են, որովհետև յուրաքանչյուրն իր ձևով մեղանչում է Աստծո հանդեպ։ Մեկը լիովին մերժում է Աստծուն, մեկը ընդունում է, բայց շարունակում է գիտակցաբար մեղքեր գործել, մեկ ուրիշը անգիտակցաբար է մեղքեր գործում, չորրորդը տկարությունից է մեղանչում։ Այս առակը սովորեցնում է, որ մեղքի տեսակը կապ չունի։ Կարևորվում է և մեծ արժեք է ստանում միմիայն զղջացող սիրտը, որը հույսի մեծ հորիզոններ է բացում մեղավոր մարդու առաջ։   

Հիմնվելով այս առակի վրա՝ Գևորգ Սկևռացին այսպես է աղոթում Աստծուն․«Բարերարությունդ հիշելով՝ վերստին կկանգնեմ, մարդասիրությունդ հիշելով՝ կհաստատվեմ, ողորմությունդ հիշելով՝ կարիանամ, անհիշաչարությամբդ կքաջալերվեմ, ներողամտությամբդ կպաշտպանվեմ, երկայնամտությամբդ կկազդուրվեմ, հայրական խնամքիցդ կրկին կնորոգվեմ։

Որ անառակ որդուն՝ հայրական ունեցվածքդ վատնողին, որ սովամահ չքավորությունից և խոզերի կերակուրն ուտելուց հետո դիմեց բարի Հորդ, չհամբերեցիր, թե երբ կմոտենա քեզ, այլ հայրական գթառատությամբդ նրան ընդառաջ գնացիր և գրկելով համբույրիդ արժանացրիր, լուսապայծառ զգեստներ հագցրիր, թագավորական մատանիով արդարացրիր, ավետարանական կոշիկներով զորացրիր։ Չհանդիմանեցիր, թե ո՞ւր էիր այսքան ժամանակ, և ոչ էլ կշտամբեցիր, թե ինչո՞ւ վատնեցիր հայրական ունեցվածքդ, ո՛չ էլ սաստեցիր, թե ինչո՞ւ իմ ունեցվածքը վատնեցիր անառակների վրա։ Այլ շտապ հրամայեցիր ծառաներիդ, թե՝ «Մորթե՛ք պարարտ եզը, ուտենք և ուրախանանք, քանզի իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Գևորգ Սկևռացի, Աղոթագիրք, 2018, էջ 27-28)։

Եթե մարդը ունկն դնի այս առակին, ապա հուսալքում երբեք չի ունենա, նրան օտար կլինի «անհուսություն» կոչվող հոգեվիճակը, որովհետև այս և մյուս առակները, որ պատմում է Քրիստոս, մարդու հոգուց ջնջում են անհուսության ամեն մի հետք, որովհետև այդ առակը ավետարան է Ավետարանի մեջ, որովհետև Հիսուս Քրիստոսի ծնունդը, խաչելությունն ու հարությունը արարչագործության պատմության մեծագույն ավետիսն են, որ ազդարարում են մարդկության փրկության Աստծո ծրագիրը։

Սիրելինե՛ր, ուշադրությո՛ւն դարձրեք, որ Մեծ պահքի շրջանը ևս տխրության շրջան չէ, որովհետև ապաշխարությունը որքան էլ վշտակրություն լինի, հուսահատության չի առաջնորդում։ Տիրոջ խաչելության, մարդկության մեղքերի ներման և հարության գիտակցումը անհուսության մեջ չի թողնում ապաշխարության շրջան անցնող մարդկանց սրտերը, այլ ուրախություն է պատճառում նրանց։ Չկա ավելի քաղցր զգացողություն, քան այն, որ Տիրոջ բարեգթությունը մեզ ներում է պարգևում։ Չկա ավելի հաճելի զգացում, քան Արարչի կողմից ներված լինելը։   

Կյանքի ամենագեղեցիկ բանը մաքրության, խղճի հանգստության զգացողությունն է, որ մեզ պարգևում են Աստծո Միածին Որդու պատարագվելը, եկեղեցու հայրերի սահմանած Մեծ պահքի շրջանը, ապաշխարությունը, խոստովանությունը, մեղքերի թողությունն ու Սուրբ Հաղորդությունը։ Անտարբեր լինել Աստծո հետ հաշտվելու հենց իսկ Աստծո ընձեռած հնարավորություններին՝ նշանակում է անտարբեր լինել սեփական կյանքի և հոգու փրկության գործին։ Ապաշխարությունը մեզ պարգևում է հոգու, սրտի, մտքի մաքրություն և բժշկություն։

Ցավոք սրտի, այսօր այս առակը ընթերցելիս անառակ որդուն նմանեցնելու ցանկություն է առաջանում այն բոլոր մարդկանց հետ, ովքեր քսանմեկերորդ դարում լիովին մերժում են Աստծուն, հավատում են, որ քաղաքակիրթ հասարակություն՝ ազատության, հավասարության և արդարության օրենքներով, կարելի է կառուցել առանց Աստծո, առանց Աստվածաշնչի։ Նրանք հավատում են, որ երջանիկ լինել կարելի է առանց քրիստոնեական հավատքի։ Մինչդեռ նրանք չարաչար սխալվում են։ 

Ապրել առանց ինքնաքննության, ապրել անհատի կամ համայնքի պատկերացումների ավանդույթների համաձայն կամ աշխարհի հին կամ նոր օրենքներով և չքննել սեփական անձը ըստ Աստծո պատվիրանների, վատնել կյանքը աշխարհի վայելքներում, բոլոր հաճույքներից օգտվել, կամ, հակառակը, լինել թշվառության և աղքատության մեջ կամ հիվանդության ժամանակ օգնության չկանչել Աստծուն, բոլոր դեպքերն էլ նշանակում են մսխել կյանքի օրերը։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը, ինչպես անցկացնել սեփական կյանքը, ապրել Աստծո տան տիրույթում թե՞ Աստծո տան տիրույթից դուրս։

Սիրելինե՛ր, Աստված՝ մեր Հայրը, մեզ վատը չի կարող ցանկանալ, որովհետև Նա համակ սեր է, և սիրելով մեզ՝ Իր Որդուն զոհաբերեց՝ հանուն մեր փրկության։ Եվ ինչ է ցանկանում մեր մեջ տեսնել Աստված՝ զղջացող սիրտ, ապաշխարող հոգի։ Եսայու մարգարեության մեջ ասվում է, որ Աստված մարդուն չի հաստատել կործանման համար, ուստի մարդն Ինքը պետք է ընտրի Կյանքը, ուղղակի պետք է վստահել և հավատալ Աստծուն, որովհետև Տերն ասում է․«Ես եկա, որ կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհաննես 10։10)։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

08.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․