Գրքեր

Անդաստան

Արեւելեան կողմն աշխարհի խաղաղութի՜ւն թող ըլլայ…

Արեւմտեան կողմն աշխարհի բերրիութի՜ւն թող ըլլայ...

Հարաւային կողմն աշխարհի պըտղաբերում թող ըլլայ...

Հիւսիսային կողն աշխարհի առատութի՜ւն թող ըլլայ...

 

0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւելեան կողմն աշխարհիս եւ Հայրապեութիւն Հայոց.

0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւմտեան կողմն աշխարհիս եւ թագաւորութիւնք քրիստոնէից.

0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի հարաւային կողմն աշխարհիս երկիրս անդաստանս եւ պտղաբերութիւն տարւոյս.

0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի հիւսիսային կողմն աշխարհիս վանքս, անապատս, քաղաքս եւ գիւղս եւ բնակեալ ժողովուրդս ի նոսա.:

Զուգահեռ անցկացնելով այս երկու հատվածների միջև՝ անմիջապես նկատում ենք, որ աշխարհի չորս՝ արևելյան, արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերի օրհնության, պահպանության, նախախնամության, բերրիության, առատության լինելու մասին է աղերսվում:

Երկուսն էլ անդաստանին են վերաբերում. առաջինը Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության մի հատվածն է, երկրորդը՝ եկեղեցում կատարվող հոգևոր բարեպաշտական արարողություններից մեկի՝ անդաստանի մի հատվածը:

Անդաստանի կատարման կարգը

Բացատրական բառարանում անդաստան բառը բացատրվում է որպես դաշտերի օրհնություն: Անդաստանի կարգը Հայ եկեղեցու ծիսակարգ է մտել Կիլիկյան շրջանում 12-13-րդ դարերում: Դարեր շարունակ մեր հայրերն աղոթել են Աստծուն վերահաս պատուհասների ժամանակ: Ողջ ժողովուրդը, մասնակցելով եկեղեցում կատարվող անդաստանի արարողությանը, խնդրել են Աստծո օրհնությունը և ողորմածությունը և Խաչով ու Ավետարանով օրհնվել են աշխարհի չորս կողմերը: Նախկինում այս արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ քսանչորս անգամ է անդաստանի կարգ կատարում. տասնմեկ անգամ հետևյալ մեծահանդես տոների՝ Ծաղկազարդ, Սբ. Զատիկ, Աշխարհամատրան կիրակի, Երևումն Սբ. Խաչի, Համբարձում, Երկրորդ Ծաղկազարդ, Հոգեգալուստ, Սբ. Էջմիածնի տոն, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի, Խաչվերաց օրերին առավոտյան ժամերգության ժամանակ: Այս տոները մենք նշում ենք գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում և անդաստանով էլ օրհնվում են բույսերն ու պտուղները:

Տարվա ընթացքում տասներեք անգամ էլ անդաստան է կատարվում երեկոյան ժամերգությանը:

Անդաստանին հանդիսավոր կերպով օրհնվում են աշխարհի չորս ծագերը, երկիրը, տարվա պտղաբերությունը, վանքերը, բնակավայրերը և նրանց բնակիչները: Մաշտոց ծիսամատյանում կա նույնիսկ արտի օրհնության կարգ: Տոնացույցի համաձայն՝ «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերը օրհնել: Անդաստանը սովորաբար կատարվում է եկեղեցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում:

Արարողության ընթացքն է. Ավետարանի ընթերցումից հետո հոգևորականները զգեստավորվում են շուրջառներով: Արարողությունը սկսվում է երկու տներից բաղկացած քարոզով՝ «Վասն ի վերուստ խաղաղութեան և փրկութեան» և «Ի չորիս կողմանս» տյառնագրության կարգով: Հանդիսապետը՝ արարողությունը վարող հոգևորականը՝ ձեռքին խաչ ու գավազան, կանգնում է ատյանում` դեմքով արևելք: Մյուս հոգևորականները, ձեռքներին խաչ կամ Ավետարան (հանդիսավոր տոներին նաև մասունքներ), կանգնում են նրա երկու կողմերում: Սարկավագաց և դպրաց դասերը, բուրվառով, խաչվառով, մոմերով ու քշոցներով, կանգնում են նրանց դիմաց` դեմքով արևմուտք: Արարողությունն սկսվում է սարկավագի` հատուկ եղանակով երգվող քարոզով, որի ամեն մի տանը հանդիսապետը պատասխանում է «Տեր ողորմյա»-ով: Քարոզից հետո սկսվում է աշխարհի չորս կողմերի տյառնագրությամբ օրհնության կարգը: Արարողությունը ավարտվում է «Օրհնութիւն և փառք»-ով, «Սուրբ խաչիւս» քարոզով և «Պահպանեա» աղոթքով: Որոշ տոների ժամանակ հավարտ երգվում է շարական, ընթերցվում Ավետարան:

Ծաղկազարդի, Սբ. Զատկի, Հոգեգալստյան, Սբ Էջմիածնի և Վերափոխման տոների օրը, ըստ տոնացույցի, ննջեցյալների համար աղոթք է ասվում:

Տարվա վերջին անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Այն մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություններից մեկն է և լավագույն կերպով ներկայացնում է տոնի խորհուրդը՝ Խաչափայտի գերության վերադարձը և նրա միջոցով աշխարհի օրհության սրբազան իրողությունը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

21.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․