Գրքեր

Անհամաձայնության հաղթահարման ճանապարհները

Բոլոր ժամանակներում էլ մարդկային կյանքում առկա են եղել անհամաձայնություններ, որոնք առաջ են գալիս տարբեր պատճառներով՝ կարևոր և ոչ կարևոր, սկզբունքային և ոչ սկզբունքային հարցերի շուրջ: Անհամաձայնություն կարող է ծագել բոլորի մոտ՝ անկախ նրանից ընկեր են, թե՝ թշնամի, հարազատ են, թե՝ անծանոթ, հավատացյալ են, թե՝ անհավատ: Դա բացատրվում է նրանով, որ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, աշխարհայացքն ու սովորությունները: Այդ պատճառով է ժողովրդի մեջ տարածում գտել «Ճաշակին ընկեր չկա» ասացվածքը:

Աշխարհը շատ հաճախ տառապում է մարդկանց եսասիրական ձգտումերից առաջ եկած անհամաձայնություններից, բաժանումներից և երկպառակություններից: Սուրբ Գիրքը բացահայտում է, որ անհամաձայնությունն առաջին հերթին աշխարհիկ մտածողության արդյունք է. «Նախանձն ու հակառակությունը, որ տակավին ձեր մեջ են, մի՞թե ցույց չեն տալիս, որ դեռ մարմնավոր եք և աշխարհիկ չափանիշներով մարդկանց պես ենք վարվում: Երբ ձեզնից մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», իսկ մեկ ուրիշը, թե՝ «Ես Ապողոսին եմ հետևում», պարզ չէ՞, որ աշխարհիկ մարդկանց պես եք մտածում: Վերջին հաշվով՝ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ Ապողոսը, պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և որոնցից յուրաքանչյուրը պարզապես կատարեց այն պաշտոնը, որը Տերը տվեց նրան» (Ա Կորնթ. 3:3-6):

Ս. Պողոս առաքյալը, ի թիվս Ս. Հոգու պտուղների, նշում է մարդկային գործերի շարքը. «Մարդկային գործերը հայտնի են, ինչպես՝ շնություն, պոռնկություն, անբարոյություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանումներ, չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն ու սրանց նման ուրիշ բաներ» (Գաղատ. 5:19-22): Եթե անհամաձայնության մեջ առկա են վերը նշվածները, ապա այն մարմնավոր և աշխարհիկ մտածողության արդյունք է: Նման օրինակ է փարիսեցիների և սադուկեցիների միջև եղած անհամաձայնությունը: Սադուկեցիները, ի տարբերություն փարիսեցիների, չէին հավատում հարությանը, հրեշտակներին և հոգիներին: Նրանց միջև շարունակական բնույթ կրող անհամաձայնությունը վերածվում էր կռվի և թշնամության, ինչից էլ ժամանակին իմաստուն կերպով օգտվեց Ս. Պողոս առաքյալը (Գործք Առաքելոց 23:6-10): Չորս Ավետարանները լի են նաև փարիսեցիների, օրենսգետների և մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջև եղած անհամաձայնություններով, դժվար չէ նկատել այն ատելության ոգին, որ ունեին փարիսեցիներն ու օրենսգետները Տիրոջ հանդեպ, նրանք ամեն կերպ փորձում էին Քրիստոսին ծուղակը գցել, դատել և մահվան դատապարտել: Նրանց ատելությունը հատեց Տիրոջը ձերբակալելու ժամանակ:

Բոլոր մարտիրոսներից անդրանիկը, Քրիստոսի համար նահատակված առաջին նախասարկավագը՝ Ս. Ստեփանոսը, Աստծո շնորհով  և զորությամբ լցված մի մարդ էր: Նա ժողովրդի մեջ մեծամեծ հրաշքներ և նշաններ էր գործում, այդ պատճառով տարբեր ժողովարաններից մի շարք հրեաներ Ստեփանոսի հետ վիճում էին՝ չկարողանալով դեմ կանգնել Ս. Հոգուց ներշնչված նրա խոսքերին: Վիճաբանելիս նրանք լի էին ատելությամբ, որը հասավ իր գագաթնակետին, երբ նրանք կեղծ դատավարությունից հետո քարկոծեցին Ստեփանոսին, ով մինչ հոգին հանձնելը խնդրում էր Տիրոջից, որ ներում շնորհի նրանց (Գործք Առաքելոց 6-8): 

Կարևոր է նաև ադրադառնալ սուրբգրային այն օրինակներին, երբ անհամաձայնությունները խաղաղ լուծում են ստացել: Ճշմարիտ հավատն իրենց սրտում ունեցողները, հոգևոր ձգտումներից ելնելով, ջանում են հասնել միության և խաղաղության: Եկեղեցու պատմության մեջ քիչ չեն այն օրինակները, երբ հավատավորների համախոհ և աստվածահաճո ընթացքն անհավատների համար դեպի Աստված դառնալու պատճառ է հանդիսացել:

Մի օր Քրիստոսի առաքյալների միջև վեճ ծագեց, թե ո՞վ է իրենցից մեծը, բայց Քրիստոս կանխեց անհամաձայնությունը՝ ասելով. «Ազգերի թագավորները տիրում են ժողովուրդներին, և իշխողները բարերար են կոչվում իրենց հպատակների կողմից: Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի: Ընդհակառակը, ձեր միջից ամենամեծը թող լինի ամենափոքրի պես, և առաջնորդը՝ սպասավորի նման» (Ղուկաս 22:24-27): Մեր Տերը ցույց տվեց անհամաձայնությունը հաղթահարելու ճանապարհը, որը սկսվում է խոնարհության ճանապարհից՝ իր մեջ ներառելով համբերության, սիրո, աղոթքի և պահքի ճանապարհները: «Մեծ է խոնարհության բարձունքը, խորն է մեծամտության անդունդը, և սրա համար էլ խորհուրդ եմ տալիս ձեզ. սիրեք առաջինը, որպեսզի չընկնեք երկրորդի մեջ» (Հայր Իսիդոր):

Օրինակ՝ Գործք Առաքելոցի 15-րդ գլխում կարդում ենք այն անհամաձայնության մասին, որ ծագեց Հրեաստանից Անտիոք եկած մարդկանց և այնտեղի հավատացյալ եղբայրների միջև: Հրեաստանից եկածներն ուսուցանում էին՝ ասելով, որ եթե Մովսեսի Օրենքի համաձայն չթլփատվեք, չեք կարող փրկվել: Արդյունքում Պողոսի և Բառնաբասի միջև ծագած հակառակությունը խաղաղ լուծում է գտնում Երուսաղեմում գումարված ժողովով:

Սուրբ Գրքի կենդանարար խոսքը կոչում է բոլորին փոխըմբռնմամբ համերաշխ և համախոհ ապրել՝ համաձայնության գալով նախ Տիրոջ և Նրա ուսուցման, ապա նաև միմյանց հանդեպ: «Բոլորդ էլ համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ» (Ա Պետրոս 3:8), «Համերաշխ և խաղաղությամբ ապրեցեք միմյանց հետ, և այն ժամանակ խաղաղության և սիրո Աստվածը պիտի լինի ձեզ հետ» (Կորնթ. 13:11):     

Փոխադարձ միությունը Քրիստոսի հետևորդների մոտ կարող է կայանալ միայն Աստծո մոտ միավորմամբ: Եվ հանուն այդ միաբանության աղոթեց մեր Տերը՝ ասելով. «Չեմ աղոթում միայն նրանց համար, որոնք քարոզչությամբ հավատալու են Ինձ: Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ դու, ո՛վ Հայր, Իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն Մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ: Այն փառքը, որ Դու Ինձ տվեցիր, Ես տվեցի նրանց, որպեսզի մի լինեն, ինչպես որ Ես և Դու մի ենք» (Հովհ. 17:20-23):   

 

 

Կարինե Սուգիկյան

02.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․