Գրքեր

Անհայտ սրբերը «գաղտնաբար» են օգնում

- Հա՛յր, անհայտ սրբերը մեզ օգնո՞ւմ են, չէ՞ որ նրանց օգնությունը չենք հայցում մեր աղոթքներում:

- Անհայտ շատ սրբեր են մեզ օգնում, չնայած որ նույնիսկ չենք ճանաչում նրանց: Ինձ համար նրանք ամենամեծ սրբերն են: Նրանք ոչ մի փառքի չեն արժանանում մարդկանց կողմից, այլ միայն Աստծու: Միտքն ինձ հուշում է, որ նրանք մեծ խոնարհությամբ ջերմեռանդորեն խնդրել են Աստծուն, որպեսզի անհայտության մեջ մնան, չմեծարվեն մարդկանցից, այլ շարունակեն «գաղտնաբար»(1) օգնել նրանց: Նման անհայտ սրբերին մենք հատկապես պետք է մեծարենք, հատուկ երախտագիտություն հայտնենք, որովհետև նրանք լռության մեջ մեզ օգնում են իրենց աղոթքներով ու լուռ օրինակով, իրենց անհայտությամբ:

Մի անգամ ուզում էի մի արդեն ննջեցյալ աթոսացի հոր մասին գրել, նրա կյանքի բոլոր հանգամանքները, որ հայտնի էին ինձ, և մի անգամ երեկոյան նստեցի՝ գրի առնելու: Մոմ վառեցի, տետրն ու մատիտը վերցրի, բայց հասկացա, որ ոչինչ չեմ հիշում, նույնիսկ նրա անունը, չնայած այդ բոլոր օրերին անընդհատ հիշում էի նրան: Սկսեցի հերթականությամբ հիշել աթոսի բոլոր մենաստանները, անապատներն ու խցերը, որոնցում եղել էի: Սկսեցի արևելյան հատվածից. միգուցե ինչ-որ բան հիշեմ, սակայն ոչինչ: Հետո անցա արևմուտք. կրկին ոչինչ: Փորձեցի տարեթվերով հիշել, այն ժամանակվանից, երբ Աթոս եկա՝ հերթով մտաբերելով հայրերին, որոնց հետ հանդիպել էի, սակայն այդպես էլ ոչինչ չկարողացա հիշել: Երևում է՝ այդ վանականը չցանկացավ հայտնի լինել, և Աստված Իր հրաշքը գործեց: Միակ բանը, որ հիշում եմ, այն է, որ նրա կյանքն ինձ վրա ավելի մեծ տպավորություն էր թողել, քան աթոսացի մյուս բոլոր հայրերինը, որոնց մասին գրել եմ(2): Այդտեղից նաև այն հասկացա, որ եթե Աստված կամենա, ապա մարդը ոչ մի բան անել չի կարող: Եվ հակառակը. բավական է միայն Աստված փչի, և մարդը փիլիսոփա կդառնա:

 

1. Մտթ. 6:4; 6:6; 6:18

2. Старец Паисий Святогорец. Отцы-святогорцы и святогорские истории.

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

19.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․