Գրքեր

Անխելքը

Խարտյաշ տղան ցատկոտելով վազում էր երիտասարդ կնոջ կողքով, անընդհատ փորձելով բռնել նրա ձեռքը: Կինը մի կողմ էր քաշում այն՝ քրթմնջալով.

- Որտեղի՞ց ընկար գլխիս: Ծնվել ես, որ խանգարես ինձ ապրել:

- Մա՛մ, երբ վերադառնանք, մորեխի մասին հեքիաթը կկարդա՞ս ինձ համար:

- Խեղճ երեխա,- վշտանում էին շրջապատի մարդիկ,- հիմարիկը չգիտի, որ մայրն իրեն մանկատուն է տանում:

Երբ տղան մեծացավ ու արդեն կարող էր մորն այցելության գնալ, աշխատում էր հնարավորինս հաճախ ժամանակ անցկացնել նրա հետ: Դեռահաս տղան հաճախ էր մորը գտնում սաստիկ հարբած վիճակում, շտապ օգնություն էր կանչում և մինչ բժիշների գալը քնքշորեն շոյում էր նրա ձեռքն ու համբուրում կեղտոտ այտը.

- Դիմացիր, մայրի՛կ, ամեն ինչ լավ կլինի:

- Աննորմալ երեխա, ուղղակի հիմարի մեկն է: Ինքն իրեն չի հարգում: Մայրը բավականաչափ սեր չուներ նրա համար, իսկ նա վազում է, փրկում նրան,- տարակուսում էին ծանոթները:

Դպրոցական և ուսանողական տարիներն արագ անցան: Երիտասարդը գերազանցության դիպլոմ ստացավ և բոլորը նրա համար փայլուն կարիերա էին կանխագուշակում, իսկ նա, ի զարմանս բոլորի, գնաց դպրոցում աշխատելու:

- Նա իր կարմիր դիպլոմից էլ խելք չհավաքեց: Անխելքը սեփական կարիերան կործանեց, գնաց ուրիշների անբաններին դաստիարակելու,- վրդովվում էին ծանոթները:

Մայրը մահացավ: Հոգատար որդին չմոռացավ դեպի նրա գերեզմանը տանող ճանապարհը, բայց այժմ արդեն կնոջ հետ էր գնում, ով հարևան մուտքից էր:

- Անխե՜լք,- բամբասում էին բակի տատիկները,- ի՜նչ գեղեցիկ տղամարդ է, որքա՜ն աղջիկներ էին պատրաստ ամուսնանալ նրա հետ, իսկ նա տգեղ ու կաղ մեկին ընտրեց:

Նրանք ի վիճակի չէին հասկանալու, որ գլխավորն աչքերով չես տեսնի: Իսկ երիտասարդ զույգը շատ համերաշխ էր ապրում, միայն թե երեխաներ չունեին: Բայց շուտով հարևանները նրանց մի փոքրիկ աղջկա ու տղայի հետ այգում զբոսնելիս տեսան: Ինչ-որ մեկի կողմից լքված երեխաները հարազատ դարձան նրանց համար:

- Անխե՜լք,- եզրակացրեցին շրջապատողները,- կինն անպտուղ է, իսկ նա նրանից ձեռք չի քաշում, ուրեմն թող ուրիշների երեխաներին պահի:

Շատ տարիներ անց, մի անգամ ձմռանը նա զբոսնում էր լճափին և տեսավ, որ մի խումբ մարդիկ հետաքրքրությամբ հետևում են սառցե կտորին հայտնված շանը: Կենդանին սրտաճմլիկ վնգստում էր՝ բանական էակներից օգնություն աղերսելով, սակայն նրանց սրտերը խուլ էին մնում: Միայն տարեց տղամարդն առանց երկմտելու սառցե ջուրը նետվեց…

Հարևանները շարունակ նրա արարքն էին քննարկում.

- Ի՜նչ հիմարն էր, ախր վերջերս էր սրտի կաթված ունեցել: Ինչպես չուներ խելք, այդպես էլ չավելացավ: Հիմար ծնվել էր, հիմար էլ մեռավ:

Իսկ նա դրախտի դարպասների մոտ կանգնած իր հերթին էր սպասում:

- Անունդ ի՞նչ է,- մուտքի մոտ հարցրեց հրեշտակը:

- Շրջապատի մարդիկ ինձ Անխելք էին կոչում:

- Ներս մտիր, անունդ գրված է Կյանքի Գրքում, միայն թե այն այլ հնչողություն ունի՝ Սեր:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

08.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․