«Տեսէ՛ք եւ զգո՛յշ լերուք յամենայն ագահութենէ, զի ո՛չ եթէ ի մթերից ընչից ուրուք իցեն կեանք նորա»:
«Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից» (Ղուկ․12։15):
Սիրելի´ հավատացյալներ,
Բնաբանիս այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատգամն է՝ ուղղված ողջ մարդկությանը: Քրիստոսի աշխարհ գալը միայն մեկ նպատակ ուներ. այն է՝ մարդկության փրկությունը: Աստվածորդու այս կոչը դարձյալ նրա սիրո արտահայտությունն է: Մարդը հոգևոր և մարմնավոր արարած է, կրում է Աստծո պատկերն ու նմանությունը և աստվածային տնօրինությամբ կոչված է փրկության՝ հավիտենական կյանքի: Աստվածատուր մեր կյանքը կախված չէ հարստությունից, նյութից, այլ՝ Աստծուց:
Այսօրվա ավետարանական ընթերցումը «Անմիտ հարուստի առակն» է ։
«Մի հարուստ մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին: Նա մտածում էր և ասում. «Ին՞չ պետք է անեմ, որովհետև հունձս ամբարելու համար շտեմարաններիս մեջ տեղ չմնաց: Այո՛, գիտեմ, թե ինչ պետք է անեմ. կքանդեմ շտեմարաններս, ավելի ընդարձակները կշինեմ և այնտեղ կհավաքեմ ցորենս և իմ բոլոր բերքերը»: Ապա ինքս ինձ կասեմ.«Ո՛վ մարդ, քանի երկար տարիների համար կուտակած հարստություն ունես, հանգի՛ստ եղիր, կե՛ր, խմի՛ր և վայելի՛ր»: Բայց Աստված ասաց նրան. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ վերցնելու են քեզնից, ո՞ւմ է մնալու քո պատրաստածը» (Ղուկ.12:16-20):
Այս մարդը ուրախացել է իր շատ բերքով և ասում է. «Երկար տարիների համար կուտակած հարստություն ունեմ»: Կուտակած հարստությամբ չէ, որ որոշվում է մարդու կյանքի տևողությունը, առավել ևս նյութական ունեցվածքով չէ, որ պայմանավորվում է մարդու փրկությունը:
Այսօրվա իրականության մեջ առկա է այն իրողությունը, որ մարդը ձգտում է հարստություն ունենալ և կուտակել ինչ-որ անհայտ, անորոշ նպատակով և ամենացավալին այն է, որ այդ ձգտումի, ճիգի ճանապարհին ոտնահարում, ոչնչացնում, անտեսում ու արհամարհում է հոգևոր և բարոյական արժեքները: Գրպանները կամ պահոցները լցնում են փողով ու թանկարժեք իրերով, բայց նրանց հոգիները դատարկվում են այն բոլոր շնորհներից, որ պարգևել է Տեր Աստված: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է «Ին՞չ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի կամ ինքն իրեն վնասի» (Ղուկ.9:25): Եթե ուշադիր էիք՝ Քրիստոս այն հարուստ մարդուն անմիտ անվանեց, քանի որ այդ մարդը ուրախացել էր նյութի համար, իսկ նյութը, նյութականը՝ ժամանակավոր են և չեն կարող մեր հավիտենական կյանքի երաշխիքը լինել: Ի տարբերություն այդ մարդու Քրիստոս մի ուրիշ մարդու իմաստուն անվանեց (Մատթ.7:24), որն իր տունը շինեց ամուր ժայռի վրա և ո՛չ տեղատարփ անձրևը, ո՛չ սրընթաց գետերը, ո՛չ սաստկությամբ փչող կատաղի քամիները չկարողացան սասանել տունը, այն մնաց կանգուն և անսասան: Աստվածաշնչյան այս ճշմարտությունները լավագույն օրինակը կամ դասն են մեր համար, որպեսզի մեր հոգևոր կյանքը կառուցենք ամուր հիմքերի վրա և ամեն մի ժամանակավոր ու անցողիկ երևույթ մեր ուրախության (սին-դատարկ ուրախություն) պատճառ չլինի, այլ աստվածային պատգամները՝ իբրև մեր կյանքի սկզբունք ունենալով՝ ջանանք հեռու մնալ մեղքերից, ագահությունից, որի նպատակները նյութն է: Ագահությունը դրամի և ունեցվածքի անհագ ցանկություն է:Ագահությունը մեղք է, որովհետև այդ հոգեվիճակը կրող մարդը կորցնում է իր ներքին խաղաղությունը և ողջ կյանքն ապրում հարստություն կուտակելու բաղձանքով, բայց երբեք չի հասնում իր ուզածին, երբևէ չի գոհանում իր ունեցվածքից՝ մտածելով, որ քիչ է ու ապրում է անհուսության ու տառապանքի մեջ:
Քրիստոնեական առաքինություններին խորթ են նմանօրինակ դրսևորումները։ Քրիստոնյան ապրում է մեղք չգործելու վճռականությամբ և հարության հույսով, գանձն ու հարստությունը կապ չունեն հոգևորի, ներկա երջանիկ կյանքի և նրա հավիտենական կյանքի հետ: Մեր Տերը պատգամում է՝ ասելով. «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր գանձը (հարստություն) երկնքում դիզեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ, որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթ. 6:19-21):
Սիրելինե՛ր, մենք պետք է գանձեր դիզենք երկնքում, հոգևոր գանձեր՝ Աստծուն հաճելի կյանք ապրելով, խաղաղ, բարի, գեղեցիկ ընթացքով, և հոգևոր գանձերն են մեր հավիտենական կյանքի հույսը: Քրիստոսի փրկագործ առաքելությունը ուժ է տալիս մեզ պայքարելու չարիքի դեմ՝ մեղքից զգուշանալով: Մեր մեջ՝ մտքի, գիտակցության ու սրտի մեջ ունենալով Աստծո ներկայությունը՝ կհարստանանք աստվածային շնորհներով, կբարեզարդվենք առաքինություններով և հաղորդակից կլինենք աստվածային ճշմարիտ լույսին: Ահա մեր գանձը:
Դժվարություններ միշտ էլ կլինեն, բայց պետք չէ վախենալ դժվարություններից, չէ՞ որ մեր Տերը մեզ պատգամել է «չվախենալ, այլ՝ հավատալ» (Ղուկ. 8:50): Հավատն առ Աստված մեզ ապրեցնում է և հույս ներշնչում. Պատկերացրե՛ք, նավաբեկությունից փրկված մի մարդու, որ մի տախտակից կառչած տարուբերվում է ծովի ալիքների վրա, մեկ բարձրանում է ալիքի կատարին, մեկ իջնում է ջրի խորքը, շուրջբոլորը խավար է ու ջրի շառաչ: Նա իր մտքում ունի մահվան երկյուղը, գուցե և համակերպվել է մահվան հետ, բայց փրկվելու հույսը չի կորցրել, ապրելու ցանկությունը նրան ուժ է տալիս դիմակայելու ահավոր փոթորկին՝ կառչած մնալով մի փայտից, և որքան մեծ կլինի նրա ուրախությունը, երբ տեսնի իրեն մոտեցող փրկարար նավի լույսը:
Մեր փրկության լույսը Աստվածն է, որ լուսավորում է մեր կյանքի ուղին, որ չմնանք փոթորկի ու խավարի մեջ, այլ, ապրելու ցանկություն ունենալով, հաստատակամորեն առաջ ընթանանք դեպի մեր Տերը, դեպի մեր փրկությունը՝ մեր ճամփի պաշար ունենալով հոգևոր սնունդը:
Թող ամենաբարի Աստված առաջնորդի ձեզ, որ գայթակղությունների ու մեղքերի մեջ չընկնենք և Աստծո հայրական հոգածությամբ ամբարենք հոգևոր արժեքներ, «քաջալերվե՛ք և ձեր հավատը ձեզ կփրկի» (Ղուկ.8:48):
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան