Գրքեր

Անտարբերության հետևանքները

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհը լի է անտարբերությամբ, մի մեղքով, որ երջանկահիշատակ Գարեգին Ա հայրապետն անվանել է ութերորդ մահացու մեղք, մի մեղքով, որ, ըստ գերմանացի փիլիսոփա Ալբերտ Շվեյցերի, բարոյականության մեծագույն թշնամին է: Մարդկային անտարբերության խնդիրը նորություն չէ, բոլոր ժամանակներում մարդիկ ենթարկվել են այս երևույթի կործանարար ազդեցությանը: Ավետարանական «Բարի սամարացու» առակի օրինակով (Ղուկ. 10:30-37) տեսնում ենք Քրիստոսի բացասական վերաբերմունքը անտարբերության նկատմամբ: Առակի միջոցով Քրիստոս ուսուցանում է վարվել այնպես, ինչպես վարվեց բարի սամարացին: Ղուկասի ավետարանում՝ Քրիստոսի խաչելության մասին պատմող հատվածում, տեսնում ենք, թե ինչպես էին մարդիկ վերաբերվում Քրիստոսի խաչելությանը. «Իսկ ժողովուրդը դիտում էր» (Ղուկ. 23:35): Ամբոխը համակված էր մարդկության սարսափելի արատներից մեկով՝ համընդհանուր անտարբերությամբ:  

Անտարբեր մարդուն հատուկ արտահայտություններ են՝ ինձ չի վերաբերում, ես գործ չունեմ, ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Ամերիկացի գրող, հասարակական գործիչ, ուսուցչուհի Հելեն Քելլերը, ով կույր և խուլ է եղել, ասել է. «Գիտությունը բազմաթիվ հիվանդությունների դեմ բազմաթիվ դեղորայք է հայտնագործել, բայց չի գտել միջոց հիվանդություններից ամենասարսափելիի՝ անտարբերության դեմ»: 

Որքա՞ն հաճախ են մարդիկ միմյանց հետևյալ հարցերը ուղղում՝ ինչի՞ կարիք ունես, ինչո՞վ կարող եմ օգնել: Հակոբոս Տեառնեղբայրն ասել է. «Ով որ գիտի, թե ինչ է բարին և չի անում, նրա համար այդ մեղք է» (Հակոբ. 4:17): Այն մարդը, ով ասում է, թե հավատում է Աստծո գոյությանը, բայց չի ապրում Նրա պատվիրանների համաձայն, այդպիսինն անտարբեր է Աստծո հանդեպ, նույնն է, թե ասի՝ չկա Աստված: Աստծո խոսքի հանդեպ անտարբեր մարդն անտարբեր է նաև իր մեղքերի և հոգու փրկության հանդեպ. «Պատվիրաններ պահողը պահպանում է իր անձը, բայց նա, ով արհամարհում է իր ճանապարհը, պիտի կործանվի»,- ասում է առակագիրը (Առակ. 9:16): Անտարբեր մարդը չի կարող փրկվել, քանի որ անտարբեր է իր փրկության հանդեպ: Անտարբեր մարդն ի վիճակի չէ ճշմարտապես հավատալ, սիրել, կարեկցել և զոհողության գնալ, քանի որ այդ հատկանիշները հակադիր են նրան:

Աստվածաշնչյան նահապետներից Նոյը, անսալով Աստծո խոսքին, երկար տարիներ տապան էր կառուցում՝ վկայելով մարդկանց Աստծո դատաստանի մասին, որ գալու էր երկրի վրա ջրհեղեղի կերպով: Այնինչ, մարդիկ անտարբեր էին Նոյի ու նրա խոսքի հանդեպ, այսինքն՝ անտարբեր էին Աստծո խոսքի հանդեպ: Այդ անտարբերությունն էլ նրանց կործանման տարավ: Այսօրվա աշխարհը հիշեցնում է մինչջրհեղեղյան աշխարհը, Հիսուս Քրիստոս աշխարհի վախճանը համեմատել է համաշխարհային ջրհեղեղի հետ. «Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես պիտի լինեն Մարդու Որդու գալստյան ժամանակ: Այդ օրերին, երբ տակավին ջրհեղեղը չէր պատահել, մարդիկ ուտում էին և խմում, կին էին առնում կամ մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ: Բայց ժողովուրդը չիմացավ այդ, մինչև որ ջրհեղեղն սկսվեց և բնաջնջեց բոլորին: Ահա այդպես կլինի նաև Մարդու Որդու գալստյանը» (Մատթ. 24:37-40):

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցին «Զանազանութիւն հինգ դարուց» գրքում ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն կարևոր հանգամանքի վրա, որ Նոյը ջրի վրա անվնաս մնաց տապանում, մինչդեռ մեղավորները ցամաքի վրա խեղդվեցին: Աստծո զորությունն այսպես անդիմադրելի է, իսկ նրա խորհուրդները և իմաստությունը անքննելի են, Նա Իր հավատարիմ ծառային պահպանում է, որտեղ էլ որ նա լինի, իսկ նենգավորին չարաչար պատժում է:

Մի օր առաքյալները աշխարհի վախճանի նշանի հետ կապված Քրիստոսին հարցրին. «Ասա՛ մեզ, ե՞րբ կպատահի այդ. ի՞նչ նշանով կիմանանք, թե երբ կլինի Քո գալուստը և այս աշխարհի վախճանը»: Նեղություններն ու հալածանքները թվարկելուց հետո Տերն ասաց, որ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի (Մատթ. 24:3; 12): Սիրո ցամաքումն անտարբերության հետևանք է, քանի որ անտարբերության արմատներն են հպարտությունը, եսասիրությունը և արծաթասիրությունը:

Պողոս պատրիարքը մեղքի մեջ ընկած անտարբեր մարդուն հորդորում է և ասում. «Մտքումդ ինքդ քեզ մի լեռան վրա պատկերացրու, այնտեղ այն ժամանակ գործածդ մեղքերը, որոնք չցանկացար խոստովանել, ջրհեղեղի նման քեզ պիտի շրջապատեն, որպեսզի ընկղմեն (Սաղմ. 48:5), քանի որ Քրիստոս դատաստանի օրը ջրհեղեղի է նմանեցնում (Մատթ. 24:37): Մարմնի թշնամին ինչքան էլ որ անգութ լինի, նրա իշխանությունը մինչև մահ է հասնում, իսկ մահացու մեղքը այս աշխարհում մարդու կորստյան պատճառ լինելուց բացի, հանդերձյալ կյանքում ևս հավիտենական դատապարտության է առաջնորդում: Մահացու և մեծ մեղքի մեջ ընկնող մարդը Աստծո սիրո կապը խզած, որպես թե Աստծուց փախչել ցանկացող մեկին է նմանվում, միայն թե Աստված ողորմած լինելով, հովվի կողմից կորած ոչխարին փնտրելու նման, շատ անգամներ մեղավորին դարձի է հրավիրում (Մաղաք. 3:7): Սակայն նա, ով չի դառնում և օր օրի չարության և մոլորության մեջ առաջադիմում է, ահա այն ժամանակ Աստված նրա վրայից վերցնում է Իր շնորհը: Մարդու համար Աստծո շնորհից զրկվելուց մեծ պատիժ չի կարող լինել, եթե պատժից ազատվել ես ցանկանում, մեղք մի՛ գործիր, և եթե սխալվելով մեղքի մեջ ընկար՝ ուղիղ սրտով զղջա, այս է և այս պիտի լինի ողջամիտ մարդու ընթացքը»:

 

Կարինե Սուգիկյան

30.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․