Գրքեր

Անթիվ են ճշմարիտ սիրո արտահայտությունները

Ճշմարիտ սեր ունեցողը մերձավորին համարում է Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մեկը, որը նաև Աստծու տաճար է համարվում: Նա, ով սիրում է իր մերձավորին, դրախտային երանելի վիճակ է ապրում՝ ի տարբերություն նրա, ում սրտից բացակայում է այդ սերը: Ճշմարիտ սեր ունեցողը մշտապես ուրախ է, իսկ եթե մերձավորի կողմից որևէ անախորժության է հանդիպում, ապա մեծահոգաբար և համբերությամբ տանում է այն, քանի որ սերն, ըստ Պողոս առաքյալի, համբերատար է (Ա Կորնթ. 13:6): Սերը մերձավորի հանդեպ մարդկության սփոփանքն է ու զարդարանքը, այն պատրաստակամորեն և մեծահոգաբար կրում է մերձավորի թերությունները, օգնության ձեռք է մեկնում կարիքավորին, մխիթարում վշտացածներին, այցելում հիվանդներին, բանտարկյալներին, ներում է վիրավորանքները: Անթիվ են ճշմարիտ սիրո արտահայտությունները և հնարավոր չէ մեկ առ մեկ թվարկել դրանք: Ահա, թե ինչ երանելի խոսքերի են արժանանալու ճշմարիտ սեր ունեցողները Տիրոջ կողմից, երբ Նա Իր փառքով գա հրեշտակների հետ և նստի Իր թագավորական գահին. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր, որովհետև Ես քաղցած էի, և Ինձ կերակրեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվիք, օտարական էի, և Ինձ ընդունեցիք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի և Ինձ խնամեցիք, բանտում էի, և այցելեցիք Ինձ» (Մատթ. 25:34-37):

Ճշմարիտ սիրո արտահայտություններից են Հայ եկեղեցու գործունեության կարևոր մաս համարվող սոցիալական ծրագրերը: Սեպտեմբերի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, այցելեց Վարդանյան ընտանիքին, որ բնակվում է ք. էջմիածին, Պետ-Տնկարանում: Տունը, որտեղ բնակվում է հինգ հոգուց բաղկացած ընտանիքը, ժամանակավոր կացարան է, որ տրամադրել է հարևանը: Ընտանիքի մայրը՝ Մելոյան Անահիտը (48 տ.), նշեց, որ ամուսինն արդեն երկար ժամանակ մշտական աշխատանք չունի, հակառակ դեպքում իրենք կկարողանային մաս առ մաս վճարել վաճառքի հանված տան գումարը և փողոցում հայտնվելու մտավախություն չէին ունենա: Տեր Գրիգորն Անահիտին փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ընտանիքի մայրը շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

04.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․